Մարդիկ իմ մասին ասում-խոսում են...
Ես ի՞նչ եմ անում նրանց խոսքերում-
Արտասվո՞ւմ եմ ես, գուցե, ո՞վ գիտե,
Գուցե երգո՞ւմ եմ...
Միաժամանակ
Գուցե եւ երգում, եւ արտասվո՞ւմ եմ:
Ես ի՞նչ իմանամ,
Թե ինչ եմ անում նրանց խոսքերում:
Մարդիկ իմ մասին ասում-խոսում են:
Ինձ ճանաչում են:
Ինձ չեն ճանաչում:
Վատաբանում են՝
Դեհ, ճանաչո՜ւմ ենք,
Տանում են, մեկ էլ երկինք են հանում,
Ահա նա՝ ոնց կա-թե ճանաչում եք...
Թող լա՛վը ասեն,
Թող վա՛տը ասեն,
Միայն թե... ասվեմ:
Մարդիկ իմ մասին ասում-խոսում են:
Նրանց խոսքերը,
Նրանց ասքերը,
Նրանց աչքերը
Ինձ շատ են օգնում,
Որ գոնե ինքս ինձ լավ ճանաչեմ
Ու օրվա համար լինեմ մատչելի.
Ծանր է կյանքում
Ապրել օտարված
Եվ մնալ չասված, անճանաչելի...