Jump to content

Մարդիս ճակատի գրածը չի ջնջվի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարդիս ճակատի գրածը չի ջնջվի

24. ՄԱՐԴԻՍ ՃԱԿԱՏԻ ԳՐԱԾԸ ՉԻ ՋՆՋՎԻ

Կըլնի չիլնի մի թագավոր: Էս թագավորը ունենում ա հենց մի մինուճար տղա։ Էդ տղեն մի օր վեր ա կենում էթում ավղուշ։ Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, տենում ա մի ծեր, գզըզված մարդ հրեն ճամփի վրեն նստել ա, դաֆթարը բաց արե ու[1] մի բան[2] ա գրում։

Մոտանում ա նրան, հարցնում.— Ա՛յ բարի, էդ ի՞նչ ես գրում:

— Ի՞նչ քու բան ա,— ասում ա,— հարցնում ես, թագավո՛րի ցեղ. ավի ես էկե՝ գնա ավըգ արա:

Թագավորի տղեն որ շատ աղաչանք, պաղատանք ա անում[3], էդ ծեր մարդը ասում ա.— Ես մարդկերանց մեղքն եմ գրում. թե ամեն մարդ ի՞նչ մեղքի տեր ա, յա ամեն մարդի ճակատի ի՞նչ ա գրած, նրա վերջը ի՞նչ պտի ըլնի։

— Ի՞նչ կըլնի բա՛բի, ասես տենանք իմ ճակատի՞ն ինչ ա գրած, իմ վերջը ի՞նչ պտի ըլնի,— հարցրեց թագավորի տղեն։

— Կասեմ, խի՞ չեմ ասի, թագավորի ցեղ. համա տե՞ս կփոշմանես։

Դաֆթարը բաց արեց կարդաց։— Ֆլան քաղաքում,— ասեց, մի նախրչի կա։ Էդ նախրչին մի աղջիկ ունի. էս թամա՛մ օխտը տարի ուռեցվորել ա, քոսոտե, բորոտն, յաման֊յարա ընկե, որ սաղանալու էլ ճար, իլլաճ չիլնում։ Էդ նախրչու աղջիկը եդի վերջը պտի քու ղսմաթն ըլնի. աստոծ քու ճակատին էս ա գրե, ըսենց էլ կըլնի։

Թագավորի տղեն էս որ լսում ա՝ թողում ա, դառը-տխուր վե կենում գալի տուն:

Հերն ու մերը հարցնում են.— Ա՛յ որդի, խի՞ ես ըտենց ռանգ-մռանդդ քցե. չըլնի՞ գլխովդ բան ա անց կացե:

Նո՛ր տղեն մին-մին նաղլ ա անում, թե չեք ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Ի՞նչ անենք,— ասում են հերն ու մերը,— փառք իրա ողորմությունին. մարդիս ճակատին ինչ գրել ա՝ գրե. ի՞նչ կարանք անի։

Մի քանի օրեն եդը թագավորի տղեն խուրջնի ջուխտ աչքը լիքը ոսկի ա լցնում, քցում ձիու վրեն, նիլնում, էթում էն քաղաքը, որդե՝ էն ծեր մարդը ասել էր, թե մի նախրչի կա, նրա աղջիկը պտի իրան ղսմաթ ըլնի։ Որ հասնում ա քաղաքը, հարց ու փորձ ա անում, նախրչու տունը գտնում։ Դուռը ծեծում ա, նախրչու կնիկը դուս ա գալի:

— Ա՛յ մերա, ղոնաղ չե՞ք ուզի,— հարցնում ա թագավորի տղեն:

— Խի՞ չենք ուզի, թագավորի ցեղ, ղոնաղն ասսանն ա, համա քու լայաղի տուն ու տեղ չունենք. նախրչին ի՛նչ ա, որ իրա տունն ինչ ըլնի։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորի տղեն,— ինձ ձեռք կտա. տարով հո չպտի մնամ, էնքամ ըլնի, որ էս գշեր սթար անեմ՝ էգուց վե կենամ, էթամ իմ բանին:

Նախրչու կնկա հմար դհա ուրախություն էր, որ թագավորի տղեն լայաղ ա անում, իրանց տունը գալի։ Տարավ տուն, դոշակ քցեց տակը, հացից֊մացից, ինչ որ տանը գտնվում էր՝ բերեց աղաքը: Իրիկունը նախրչին էկավ տուն, թագավորի տղին որ տեհավ՝ մնաց զարմացած: Ախար ինքը մի քյասիբ նախրչի, թագավորի տղի նման մենծ մարդը ո՛նց ա լայաղ արե՝ էկե իրա տունը։

— Բարո՛վ, հազար բարին ես էկե, թագավորի ցեղ,– ասեց նախրչին,– ո՞նց եք, լա՞վ եք: Էս խե՜ր ըլնի ըստերանք:

— Խեր չէլած՝ ի՞նչ պտի ըլնի. ուրիշ տեղ եմ էթում, շատ վռազ բան ունեմ,– ասեց թագավորի տղեն:

Իրիկնահացի վախտը թագավորի տղեն նախրչուն հարցրեց.— Ամոթ չըլնի հարցնիլը, քանի՞ տղա ունես:

— Է՛րկու տղա, է՛րկու աղջիկ,— ասեց նախրչին։

Մի քիչ կացան՝ մեկել օթախիցը մի ծանր տնքոցի ձեն էկավ:

— Բա է՞ն ինչ տնքոցի ձեն ա,— հարցրեց թագավորի տղեն:

— Քեզանից պահեմ, ասսանի՞ց ինչ պահեմ,— ասեց նախրչին,— մի հիվանդ աղջիկ ունեմ, էս օխտը տարի փորը ուռել ա, ինքը յարոտե-փարոտե, ո՛նչ մեռած ա, ո՛նչ սաղ: Էն օթախն ենք դրե, տենանք աստոծ նրա ֆոգին ե՞բ պտի առնի, որ դինջանա, սաքի մընք ենք մեղք, նա էլ՝ զուր մնում ա ի՛նչ։

Թագավորի տղեն լիզուն կծեց. «Բալի՜,— ասեց,— հենց էս էն աղջիկն ա, որ կա»: Հաց կերան պրծան՝ պառկեցին քնեցին։

Գշերվա մի վախտը թագավորի տղեն վե կացավ, խուրջին ոսկին վե կալավ, ուսալով մտավ էն հիվանդ աղջկա օթախը: Ձեռին մի մենծ դանակ կար, կոխեց հիվանդի փորը թե չէ՝ հիվանդը էն սհաթը դինջացավ։

— Դե՛ տենանք,— ասեց,— հմի ո՞նց իմ ղսմաթը կըլնես։

Թագավորի տղեն հենց իմացավ՝ է՛ն ա հիվանդը ֆոգին տվեց, պրծավ։ Խուրջին ոսկին, մըկ էլ արնոտ դանակը դրեց հիվանդի գլխատակը, սաքի թե արնքի գինն ա տալի, ու ինքը նի էլավ ձին՝, էկավ էլ եդ իրանց երկիրը։ Համա հիվանդի աղըքներին, որ ասես, զիան չէր դիպե, մենակ փորի ուռուցքն էր կտրվե, էլ զադ չէ։

Առավոտը մարդ ու կնիկ վե կացան, տեհան թագավորի տղեն չկա։ Դե՛ս թագավորի տղա, դե՛ն թագավորի տղա՝ չգտան ու չգտան։ Տեհան իրանց աղջկա սաս ու սամուրն էլ կտրվել ա: Ուրախացան. ասեցին՝ հալբաթ մեռել ա, էթան տերտեր կանչեն՝ գա տանի ժամը։ Գնացին, ի՜նչ տենան՝ փորի ուռուցքը նստել ա, ինքն էլ խըռըմփալեն քնած ա: Գլխատակը բանձրացրին, տեհան մի խուրջին՝ էրկու թայը լիքը ոսկի, կշտին էլ մի արնոտ դանակ: Էլ նոր ա՜ղջիկ կգար աչքները, ուրախ, ուրախ ոսկին վե կալան տարան, նրան թողին ընենց քնած:

Աղջիկը քնեց, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր՝ անջախ որ քնատեղիցը վե կացավ. ըն էլ ո՜նց վե կացավ՝ լափ սաղ-սալամաթ, հենց իմանաս ըսկի ցավ չէր քաշե։ Մի քանի ամսեն վրա հո՝ լավ-լավացավ, դառավ ընենց մի սիրուն աղջիկ, որ արար աշխարք ման գայիր՝ սրա հատը աղջիկ չէիր գտնի․ հենց իմանաս մի հուրի֊ փարի ըլներ. տենողի խելքը գլխիցը թռնում էր. ասում էր՝ չուտեմ, չխմեմ, չհագնեմ, չմաշեմ, հենց նրա նաշխուն, սի՛րուն էրեսին, չինարի բոյ ու բուսաթին թամաշ անեմ։

Էս նախրչին թագավորի տղի՛ մի խուրջին ոսկով հարստացավ, լավ փողի տեր դառավ, լավ֊լավ այվան֊օթախներ, լավ֊լավ շենքսեր շինիլ տվեց, որ խալխը մնացել ին մաթ էլած, թե էս խեղճ, քյասիբ, օրեն հացի մուրացկան նախրչին ո՞րդիան հավաքեց էսքամ փողը:

Մի օր էլ էն թագավորի տղեն վե կացավ, գնաց ավղուշ՝ իրանց երկրիցը մի քանի օրվա ճամփա դենը։

Դու մի ասի ինքը բեխաբար գա՛լոն, գա՛լոն՝ էկել ա հասե էն քաղաքը, որդե նախրչու աղջկանը ուզեցել էր սըպանի։ Քուչեքանց միջովը անց էր կենում, մի ղաֆիլ աչքը ընկավ մի բալկոնի վրա՝ տեհավ մի սիրուն, նաշխուն, շենքով, շնորքով աղջիկ ընդե պոլթի ա տալի։

Թագավորի տղի խելք ու միտքը գնաց, խելքամաղ էլավ էս աղջկա վրեն. գաոր-տխուր, գլուխը կախ քցած ավից էկավ տուն։

Հերը տեհավ ռանգ֊մռանգը քցած՝ հարցրեց․– Ա՛յ որդի, խի՞ ես ըտենց ռանգ-մռանգդ քցե, հալ ու մաշ էլե. չըլնի՞ սրտումդ մի դարդ կա, ասա՛, մի՛ ամանչի. ո՞ր թագավորի, ո՞ր բեզրգյանի աղջիկն ես սիրե՝ էս սհաթը ուզեմ։

Տղեն մին֊մին նաղլ արեց, ինչ որ գլխովը անց էր կացե.— Կա՝ նա՛ ա, չկա՝ նա՛ ա,— ասեց,— նրանից սավայի ուրիշ աղջիկ չեմ առնի, թեկուզ բեզրգյանի աղջիկ ըլնի, թեկուզ թագավորի. մի հետ էն աղջիկը մի կաթ արին ա էլե, կաթացե սիրտս։

— Լա՛վ, ա՛յ որդի,— ասեց թագավորը,— դրանում ի՞նչ կա, որ էդքամ միտք ես անում. էլի մի դժար բան ըլնի, որ գլուխ գալու չըլնի՝ ասեմ հա։ Ուզում ես հենց էս սհաթը մարդ ղրկեմ, էն աղջիկն ուզեմ քեզ։

— Դե ղրկա՛, ա՛յ հեր,— ասեց տղեն,— իմ դարդն էլ զաթի էդ ա:

Թագավորն էն սհաթը մարդ ղրկեց էն հարստի կուշտը, ասեց. «Քու աղջիկը չե՞ս տա իմ տղին»։ Նա էլ ի՛նչ պտի ասեր. թագավորի տղից լա՞վի պտի տար։ Ասեց. «Կտամ, խի՛ չեմ տա»: Բերին նշան դրին, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արին:

Հարսանքից եդը, մարդ ու կնիկ մի օր գնացին համամ: Մարդը տեհավ կնկա փորի վրեն յարի տեղ ա էրևում:

— Ա՛յ կնիկ,— հարցրեց,— էդ ի՞նչ յարի տեղ ա։

Կնիկը նո՛ր մին-մին նաղլ արեց, ո՛նց որ ես ձեզ նաղլ արի: Թագավորի տղեն էն սհաթը մատը կծեց. «Փառք քեզ, աստոծ, փառքդ շատ ըլնի,— ասեց ինքն իրան,— ընդո՞ւր էր էն ծեր մարդը ասում, թե իմ ճակատին գրած ա, որ եդի վերջը էս աղջիկը պտի ինձ ղսմաթ ըլնի»։ Ինքն էլ նո՛ր կնկանը նաղլ արեց իրա գլխով անցկացածը: Մարդ ու կնիկ մնացելին իրար էրեսի մտիկ անելոն:

Աստոծ մարդիս ճակատի ի՞նչ գրել ա՝ ըն էլ պտի ըլնի, ճա՛ր չկա:

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ ինչ-որ, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ զազ. ուղղումը բանահավաքինն Է (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում՝ գցում. ուղղում բանահավաքինն է (Ծ. Կ.):