Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ
Որքան կուզես հառաջ գնա՛,
Մարդկայի՛ն ցեղ դու խոհուն,
Եվ ինչպիսի էլ կամքդ տա
Այս աշխարհում թո՛ղ անուն.
Որքան կուզես փշրի՛ր փականք,
Խորտակի՛ր դու շղթաներ,
Եվ բաց արա՛ մտքիդ կապանք,
Գտի՛ր բնության գաղտնիքներ.
Որքան կուզես դու անդադրում
Գործի՛ր հրաշք չըլսված,
Որից ապշի վերն — երկնքում
Մինչև անգամ ինքն աստված.—
Բայց և այնպես ես քեզ կ'ասեմ
Եվ բյուր անգամ կըկրկնեմ,
Որ դու կույր ես, դու կամք չունես,
Դու կրքիդ հեք ստրուկն ես։
21 մարտի 1886.
|
|