Jump to content

Մարդն և ընկույզ և ձմերուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈՒՅԶ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ, տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյուն ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»: