Jump to content

Մարիամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


1884



Մ Ա Ր Ի Ա Մ
Հեքիաթ



Հեքիաթ֊հեքիաթ պապըս,

Խաշխա քուռակ տակըս,
Էլլիմ էրթամ Էրևան

Չաքա-չուքա կերևան...


Տարեգիրք ասում են, որ «ի հնում»
Հեռու մեկ աշխարհք իշխան էր կենում,
Որ ուներ որդի և երկու աղջիկ։
Երկար վայելեց նա կյանք երջանիկ.
Ու երբ ծերութքը նորա մոտեցավ
Իր գանձն ու թագը բաժնել ցանկացավ,
Նա զավակներուն իր մոտ ժողովեց,
Եվ վերջին կամքը նա այսպես հայտնեց.
«Ուզում եմ, ասաց, իմ հարստությունն
Ու թագը թողնել ձեզ ժառանգություն.
Բայց կըղձամ, ուխտիս չի տըված վախճան,
Գիտնալ ձեր սիրույն դեպ ինձ աստիճան»։
Մեծ աղջիկն ասաց` «Հայր իմ պատվական,
Քեզ սիրում, պաշտում եմ ցայն աստիճան,
Որ պատրաստ եմ քեզ համար չամաչել,
Ու երկրորդ անգամ Քրիստոսին խաչել»։
«Շեն կենաս, դստրիկ», ասաց ծերունին,
Ու սիրով սեղմեց նորան իր սրտին։
Եվ որդին ասաց՝ «Հայր իմ պատվական,
Ես էլ սիրում եմ քեզ ցայն աստիճան,
Որ սիրույդ հանդեպ թագ, իշխանություն
Աչքիս մի չնչին բան են երևում.

Թե քեզ պետք լինի, և ինձ հրամայես,
Անտրտունջ կրակի մեջ ինձ կը տեսնես»։
«Դու էլ շեն կենաս», ասաց ծերունին,
Նորան էլ սիրով սեղմեց իր սրտին։
Կրտսեր աղջիկը անունը Մարիամ
Հեզ դեմքով եկավ հորը հանդիման,
Ասաց՝ «Հա՛յր, անչափ սիրում եմ ես քեզ,
Որչափ արժանի է մի հայր քեզ պես»։
Այս խոսքերը որ իշխանը լսավ,
Բարկությունիցը սաստիկ կատղեցավ,
Նորան այնպես էր դուստրը երևում,
Եբր թե նորան բնավ չէ սիրում
Ու կատաղաբար ասաց նա նորան.
«Հեռացի՛ր աչքես, անսի՜րտ, անըզգա՜մ»,
Եվ պատրաստ էր նա խղճուկին սպանել,
Թե աչքեն իսկույն չի շտապեր փախչել։
Տակավին Մարիամ տունը չի թողած,
Մըտավ իր խուցը, սև օրը սգաց,
Եվ ապա հալավ, զարդք ու ակնեղեն
Փաթթեց կապոցքում ու փախավ տընեն։
Շատ գնաց, գնաց, իրիկվա պահուն
Տեսավ դաստակերտ մի նա հեռուում.
Ուզաց ներս մըտնել, սակայն կանգ առավ,
Կոշտ մըշակների վարմունքեն վախցավ,
Ու փոխեց ճամփան. մըտավ մեկ անտառ,
Ու մոլորվեցավ նորա մեջ իսպառ։
Այնտեղ շատ օրեր նորա սընունդն էր
Ջուրը աղբյուրի, վայրի պըտուղներ։
Երեք-չորս շաբաթ նա այդ անտառում
Օր ու գիշեր էր լալով թափառում.
Եվ երբ անտառի սահմանին հասավ,
Ճանապարհի վրա սատկած էշ տեսավ,
Հանեց դանակը ու քերթեց էշին,
Ու վրան հագավ նորա կոշտ կաշին.
Որ մարդիկ նորան դըշխո չի ճանչնան,
Այլ մեկ հասարակ աղախին գիտնան.
Բայց իր զարդերը, զգեստը թանկագին
Միշտ ծալած, փաթթած` պահած էր մոտին.

Եվ եկավ այսպես աղքատիկ հագված
Մեկ գեղեցկաշեն դարբասի դիմաց.
Խնդրեց, պաղատեց նա կողկողագին,
Որ առնուն նորան տան մեջ աղախին։
«Այժմ աղախին, ասին, մեզ պետք չէ՛,
Կուզես` գնա՛ դաշտ, այծեր արածե»։
Եվ դըշխոն մոռցավ ծնունդն յուր ազնիվ,
Ծըռեց վիզն, եղավ այծերու հովիվ։
Եվ ամենայն օր ցրտին կամ տոթին
Արածացնում էր այծերն արոտին։
Դրսանց այնպես էր տգեղ, անվայել,
Որ ոչ մի գեղջուկ չուզեր վրան նայեր
Ամբողջ օրերը դաշտերն էր շրջում
Ու տրտմութենեն լալիս, հառաչում.
Կարոտ էր քաշում իր քրոջ, եղբոր
Եվ իր սիրական, թեև անգութ հոր։
Մի օր էլ կարոտն այնպես սաստկացավ,
Որ համբերելու է՛լ չկարացավ.
Եվ յուր մանկության օրերու նըման
Ուզաց զարդարվել գեթ է՛լ մի անգամ։
Այդ դիտմամբ տարավ այծերուն հոտը
Ձորի մեջ հոսող աղբյուրի մոտը.
Սառնորակ ջրի մեջ լվացվեցավ,
Արուսյակ աստղին նա նմանեցավ.
Գռուզ ծամերը ու գեսը ծածան՝
Ժեռնիվայր թափվող ջրի էին նման,
Մատներուն մատնիք ու վըզին մանյակ
Շողշողում էին ինչպես արեգակ։
Երբ վճիտ ջրի մեջը նայեցավ,
Իր գեղեցկության շատ ըզմայլեցավ,
Եվ հայրենավանդ անուշ տաղերով
Այնօր մեղմացուց յուր սրտին գորով.
Դադրեցան այծեր, ուլեր արածել,
Ըսկըսան նորա մեղեդին լսել...
Մինչ այս մինչ այն` մութն եկավ, կոխեց,
Ու Մարիամը իրա զգեստը փոխեց.
Բայց այդ միջոցին երևցավ նորան
Մի մատաղահաս գեղեցիկ իշխան,

Որ թափառելով՝ սար ու ձորերում.
Այդ օրվա որսի էրե էր պտրում։
Եվ մի թավ թըփի ետևը պահված՝
Մարիամի վըրա նայում էր զմայլած.
Բայց երբ աղջիկը իշխանին տեսավ,
Վախից, ամոթից խիստ շառագնեցավ.
Ժողովեց շտապով զգեստն ու զարդերը,
Թողեց ձորի մեջ ուլերն, այծերը,
Հապճեպով դեպի դարբասը գընաց,
Բայց մուճակներեն մին այնտեղ մնաց.
Եվ այդ մուճակը այնպես նազուք էր,
Որ նորա նըման ոչ ոք տեսած չէր.
Իշխանը կռացավ ոլ գետնեն առավ,
Ու համբուրելով հետը տուն տարավ։
Եվ այդ իսկ օրից սիրահարվեցավ,
Սևամաղձ կոչված չար ցավը ստացավ.
Թե՛ յուր արթնության և թե՛ երազո՛ւմ
Միշտ այդ հովվուհու պատկերն էր տեսնում
Եվ գիշեր ցորեկ նորա ականջին
Ձայներ էր լսվում աղջըկա երգին։
Հազար մունետիկ չորս-կողմ ցրվեցան,
Ամեն ծակուծուկ շատ քրքրեցան,
Բայց դատարկ ձեռքով դարձան մարդիկը
Ավաղ, լույս չեկավ սիրուն աղջիկը։
Երբ այս հնարներն զուր, ունայն կորան,
Իշխանը տվեց այսպիսի հրաման,
Թե ո՛ր կին մուճակն այս իր ոտին հագնի,
Իսկույն իշխանի կինը կըլինի։
Կանայք աղջըկունք շատ ուրախացան,
Ամենքը մեծ-մեծ հուսով լըցվեցան,
(Ո՞ր կին չի կարծում իրեն արժանի
Կինը լինելու հըզոր իշխանի).
Ամեն կողմերեն շտապով վազեցին,
Ոտները մուճակ խըրել փորձեցին.
Բայց ավա՜ղ, ավա՜ղ, ոչ թե ոտները,
Մուճակ չի մտան նաև մատնեքը,
Տուն վերադարձան ամենքը ցաված,
Ասելով` «մուճակն շատ վատ է ձևած»:

Բայց սևամաղձը մատաղ իշխանին
Արագ մոտեցնում էր գերեզմանին,
Եվ բացի հրաշքեն՝ ո՛չ ճար, ո՛չ հընար
Կար աշխարհքիս մեջ այդ խեղճի համար։
Հանկարծ ծառաներն եկան պատմեցին,
Թե մեկ հովվուհի ունի դըրացին,
Որ դեռ մուճակը ուտին չափած չէ,
Ու չափելու էլ սաստիկ կամաչե։
Իշխանն հրամայեց. հովվուհին եկավ
Ու իսկույն մուճակն իր ոտին հագավ։
Պալատականքը զարմացած մնացին,
Ու կըծու ծաղրով շնորհավորեցին,
Բայց երբ իշխանի ծնողքը իմացան
Այդ բոլոր անցքը՝ սաստիկ բարկացան,
Եվ լսել անգամ չէին կամենում,
Որ հարս տուն բերեն կեղտոտ հովվուհուն։
Մարիամի հոգին խիստ վըրդովեցավ.
Ազնիվ արյունը մեջը խոսեցավ,
Իշխանի ծնողքին ասաց նա հեզիկ.
«Չըգիտնաք դուք ինձ հասարակ աղջիկդ
Այծեր արածել իմ արվեստը չէր,
Ինչպես կարծում եք, ծննդես ի վեր.
Միայն կույր բախտը այնպես կամեցավ,
Եվ դշխո Մարիամ հովվուհի դարձավ.
Զգեստս փոխելու թե տաք ժամանակ,
Իմ ով լինելը դուք շուտ կիմանաք»։
Պալատականքը լիրբ ու բարձրաձայն
Դարձյալ Մարիամի վրա ծիծաղեցան։
Բայց Մարիամը գնաց հեռավոր սենյակ
Ու մնաց այնտեղ մի կարճ ժամանակ։
Եվ երբ այնտեղից նա վերադարձավ,
Բոլոր ժողովուրդն սաստիկ զարմացավ,
Կեղտոտ հովվուհին էլ չիկար այնտեղ,
Բազմականների առջև նորա տեղ
Կանգնած էր չքնաղ դեմքով մի աղջիկ,
Վրայի հալավը ճոխ ու գեղեցիկ,
Ոտից մինչ գլուխ ոսկի ու գոհար
Ցոլում ու փայլում էին վառ ու վառ։

Այս հիանալի պատկերն որ տեսան,
Այնտեղ գըտնըվողք ամենք զարմացան.
«Ահա իսկական դրշխո, ասացին,
Եվ արժանավոր հարս մեր իշխանին»։
Իշխանը շտապեց իր կամքը հայտնել,
Որ դորան ուզում է իրեն կին անել։
Բայց Մարիամ նորան տրվեց պատասխան,
«Քու կինը կը լինիմ, իմ հըզոր իշխան,
Ես այն ժամանակ, երբ իմ ծընողը
Իր սրտեն հանե դեպի ինձ ոխը.
Իմ հարսանիքին գըտնըվի ներկա,
Եվ իր հայրական օրհնենքը ինձ տա»։
Իսկույն դեսպաններ հորը գընացին,
Դըշխոյի պսակին գալ հրավիրեցին.
Բայց, ավա՜ղ, ավա՜ղ, շատ օրեր չանցան.
Դեսպանք գըլխա՛կոր, տրտում ետ դարձան։
-Ինչո՞ւ եք տըխուր, հարցուց աղջիկը,
-Շատ տարաբախտ է քու խեղճ հայրիկը.
Ասացին դեսպանք՝ գետնին նայելով,
Աչքերից առատ արցունք թափելով՝
Քու խեղճ ծնողը խելագարված է,
Ցուրտ գիճին բանտի մեջ արգելված է.
Հարազատներըդ նորան խաբել են,
Ձեռքից ամեն բան հափշտակել են,
Եվ երբ քու հայրը գանգատ է արել,
Առել են նորան ու բանտ են դըրել.
Բանտի դըռները ամուր են փակած,
Պահապաններով բանտը շուրջ պատած։
Մարիամը լսելով այս պատմությունը,
Դառըն ողբաց հոր թըշվառությունը,
Փեսա ու պսակ նա մտքեն հանեց,
Ծընկները կոծեց, հող գլխուն ցանեց.
Եվ չըդադրեցուց իր արցունքն ու լաց.
Այսպես նա յուր հոր սև բախտը սըգաց։
Փեսան ուզում էր Մարիամին սփոփել,
Հոր անբախտության վըրեժը հանել.
Մարիամը լոկ խոսքով սփոփվիլ չէր ուզում,
Միշտ ու հանապազ այսպես էր ասում.

«Մինչև իմ հայրը բանտեն չազատի,
Ու նորից փառքով գահը չի նստի,
Եվ հոգով մարմնով չի առողջանա,
Հարսանիքիս օրըն ներկա չլինի նա,
Թեկուզ իրարով գան երկինք գետին,
Բնավ լինելու չեմ ես քո կին»:
Տեղից վեր թռավ քաջ իշխանորդին,
Բազմաթիվ զորքեր ժողովեց չորսդին,
Զենք ու զըրահով սպառազինեցավ,
Դավաճանների վրա սլացավ,
Նենգությամբ տիրած աշխարհքեն փախցուց,
Ու հարսի հորը գահը նստեցուց։
Թեև խելագար էր խեղճ ծերունին,
Բայց չէր տակավին անցել մեկ տարին,
Մարիամը այնքան ջանաց, աշխատեց,
Որ այդ ցավեն էլ հորը ազատեց։
Էլ ոչինչ խափան չիկար պայմանին,
Քաջ իշխանորդու ու հեզ Մարիամին.
Հարսանիքն եղավ ճոխ ու մեծածախ,
Բոլոր հյուրերը էին շատ ուրախ,
Ջութակ ածեցին, փողեր փըչեցին,
Զանգերը քառասուն օր հընչեցուցին։


Եվ իմ հեքիաթը ահա վերջացավ.
Երկնքեն երկու խնձոև վար ընկավ,
Մեկը լըսողին,
Մեկը պատմողին,
Չոփն էլ հեքիաթիս ականջ չի դնողին։