Jump to content

Մարկոս աղբոր սերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարկոս աղբոր սերը

ՄԱՐԿՈՍ ԱՂԲՈՐ ՍԵՐԸ

Մարկոս աղբարը խեղճ մարդ մըն էր. վաթսուն տարու ըլլալու էր. իրեն ըսածին նայելով՝ բախտավոր մեկն եղած էր անցյալումն, բայց ձախողություններ այդ վիճակին մեջ ձգած էին զինքը։ Ո՞ւսկից կուգար, ո՛չ ոք գիտեր. օրին մեկը երևան ելած էր հանկարծ և անոր ասոր աղաչած էր որ մանր մունր ծառայություններ ընել տան իրեն տուներու մեջ, անօթի չի մեռնելու համար։ Քիչ մը խենդուկ էր և ծայրահեղապես դյուրահավան։ Եվ սկսած էր տուները մտնել ելնել, ջուր կրելով տախտակ սրբելով ու ավլելով, բեռ կրելով։ Թաղին կիներն ու աղջիկները հետը կիյնային կատակներ ընելով անոր ու ծաղրելով զայն կերևա թե Մարկոս աղբար, չդժկամելե զատ, հաճույք կը զգար գողտրիկ սեռին այդ մտերմությունեն. շատ անգամ ինք գրգիռ կուտար, խոսք կը նետեր, շեղակի խոլ ակնարկ մը սևեռելով աղջկան մը կամ կնոջ մը դեմքին. ընդհանուր ծիծաղ մը առաջ կուգար այն ատեն՝ որուն ինքն ալ կը մասնակցեր դիվային քըրքիջով մը։ Առտուներն այդ փողոցը երևալուն պես, տանց պատուհաններեն տղայք, աղջկունք, կանայք «բարի լույս, Մարկոս աղբար» կը պոռային, որոց կը պատասխաներ գլխի շարժումներով, այլանդակ ծամածռություններով, ծիծաղաշարժ ծեքծեքումներով. վայրկյան մը ետքը նորեն կերևար, այս անգամ ձեռքը դույլեր բռնած, զորս լեցնելու կը տաներ. չարաճճի տղաքներ երբեմն կից մը զարնելով կը թափեին ջուրը, որով խեղճ մարդը կը պարտավորեր ետ դառնալ և նորեն լեցունել, քանի մը հիշոցներ մրմռալով։ Իրիկունները, օրվան մեջ չարաչար աշխատելե ետք, կը հանգստանար տան մը դրան առջև նստելով․ և այն տեն կը շրջապատվեր փողոցի փոքրիկ աղջիկներեն, որք կը ճլվլային անոր բոլորտիքը, կը քրքջեին, կր կատակեին, ֆեսեն կը քաշէին, քիթին կը զարնեին, պեխը կը փրցնէին, իրենց այդ չարիքին մեջ իսկ չարաճճի պչրանք մը ցույց տալով այդ ողորմուկ մարդուն։

— Ինծի կառնե՞ս, Մարկոս աղբար․— Չէ՛, ինծի պիտի առնե․ — Չըլլար ես կուզեմ․— Ամենեդ ավելի ինծի կը սիրե…

Եվ խեղճ ապուշը շվարած, սա պատասխանը միայն ուներ այդ աչաղկոտ պահանջումներուն․

— Ամենդ ա՛, ամենդ ա՛, կառնեմ։

Այն ատեն տեսնելու բան էր դեմքին արտահայտությունը․ մոլորահայաց աչվըներուն մեջ ըղձատենչ հուր մը կր շողար, դիմագծեր մեղկություն մը կը շնչեին, շուրթերը, զզվելի լորձնոտ շուրթերը կը բացվեին տեսակ մե հեշտախոսություն բուրելով․ և այն աստիճան կը գրգռեին, կը կատղեցնէին զայն, որ ա՛լ համբերությունը հատնելով, մարած զգայնության մը հանկարծական բորբոքման մեջ, կերկնցներ ձեռներն և որուն որ հանդիպեր կը քաշեր իրեն և այն գարշելի շուրթերով տափակ համբույր մը կը փակցուներ վարդերանգ դեմքի մը վրա, և ապա թող կուտար։

Մարկոս աղբար ամենեն ավելի կը հաճախեր Գոհարիկ հանըմին տունը, հինգ հոգիե բաղկացյալ դյուրակյաց ընտանիք մը,— մայր մը, երկու աղջիկներ, մանչ զավակ մը ու պառավ մամիկ մը։

Մեծ տղջիկը, օրիորդ Սուրբիկը, անուշ սև աչվըներով սպիտակ մորթով, թուխ հոնքերով, տասնևութ տարեկան էր, իսկ մյուսը տակավին հազիվ տասը տարու կար։ Մանչը քսան տարու երիտասարդ մըն էր՝ հանգուցյալ հորն հաջորդած անոր վաճառատան մեջ։ Ուրախ զվարթ ընտանիք մըն էր, իր զվարճության գլխավոր առարկան ունենալով Մարկոս աղբարը։

Օրիորդ Սուրբիկ, կնոջական կանխահաս բնազդներով ու պչրանքով տոգորված աղջիկ մը, անսահման ազդեցություն կը բանեցներ Մարկոս աղբոր վրա գրգռիչ ակնարկներ ուղղելով նմա, լեցուն կլորիկ արմունկները ցուցնելով անոր, հեռուե հեռու նշանացի խոսքեր արտասանելով իբր ճշմարիտ սիրուհի, ուրիշներուն ուսին վրայեն աչք քթթելով, վերջապես ի գործ դնելով այն ամեն միջոցները որք կարենային խեղճ ապուշը կաշկանդել, սիրտը թունդ հանել ու թրթռացնել՝ ապարդյուն ու պատիր սիրո մը բոցերուն մատնելով զայն։ Ցորեկները, առտնին գործերն ավարտելե ետք, դրացի կիները կուգային կը ժողվվեին անոնց տունը, կը կանչեին Մարկոս աղբարն ալ որ չորս ոտքով կը վազեր կուգար․ Սուրբիկ միշտ քովը կը նստեր՝ անուշահոտ յուղեր քսած, որք կը գինովցունեին խեղճ ապուշը։ Ձեր երևակայությանը կը թողում գուշակել թե ինչեր կանցնին կը դառնան վեց յոթը չարամիտ կանանց գումարման մը մեջ, ուր էրիկ մարգ մը կը գտնվի միս մինակ, խենդ, ապուշ, աղքատ․ Մարկոս աղբար, ալ շվարած շլմորած, անոնց ամեն մեկուն երեսը կը նայեր կարգ ըստ կարգի, տարտամ, կիսկատար խոսքեր մռչտալով իբր պատասխան այն շիկնեցուցիչ խոսքերուն, որք ամեն կողմեն կը տեղային իր վրա․ միաձայն հավանությամբ որոշած էին Սուրբիկն իրեն տալ, որուն գլխի և աչքի խոլ շարժումներով հոժարած էր Մարկոս աղբար, կասկածոտ, միանգամայն ըղձոտ նայվածք մը սևեռելով գեղանի աղջկան վրա։ Օրիորդ Սուրբիկ զայն առանձին գտած ատեն քովը կերթար, իր զգլխիչ տաք շունչը տալով անոր դեմքին ու հարցունելով շտապ․

— Ինծի պիտի առնե՞ս։

― Ա՛խ խուշիկս, հելպե՛թ, հելպե՛թ։

Անանկ հայրատ ու պագշոտ նայվածքներ կարձակեր մանկամարդ աղջկան մեղույշ աչվըներուն մեջ և անոր մարմնոյն գրգռիչ վետվետմանց ու այտուցներուն վրա որ, օրիորդը անկամս սարսուռ մը կը զգար ոչ թե երկյուղի այլ խորին գար֊ շանքի սարսուռ մը։ Ժպիտ մը, լայն ու մեղկ, մինչև երեսին կեսը կը բանար խոշոր կասկարմիր երախ մը, որուն երկու եզրերը կաղտոտվեին կոտրած թափած երկու շարք ակռաներով՝ թուքի փրփուրով մը միշտ տոգորուն․ ցանցառ սպիտակախառն պեխ մը, աղտոտությունե տարտամ գույներ առած, քիթին մեջեն սկսելով բերնին մեջ կավարտեր. և այն ատեն, իր այդ զզվելի խեղկատակ դիրքին մեջ, սա խոսքը կը թելադրեր աղջիկներուն.

— Կրո՜ղը տանի:

Խեղճ Մարկոս աղբարը իրավ կր ըմբռներ նենգամիտ աղջկան իրեն ըրած շողոմարար քծինքն և տեսակ մը գոռոզանք կուռեցներ կուրծքն, որ սաստիկ կը բաբախեր, այտերը կը դունավորվեին, աչքերը բոցեր կը արձակեին, ուսերը կը տնկվեին և փքոցի մը պես, որ սաստիկ ուռելեն ետք կը մարի, կր կքի, ապուշն ալ երկար հառաչ մը կարձակեր, իր խանդին, իր տռփանքեն, իր գրգռման բովանդակ արտահայտությունը դնելով այդ խեղդուկ հառաչին մեջ, անգութ, կծու քրքիջներ կարձակվեին որք ջրի սառ սրսկումի մը պես կիջնեին ապուշին վրա։ Եվ սակաւն գործն հոն հանգած էր, որ ապուշն համոզված էր թե օրիորդ Սուրբիկը իրեն պիտի տային ապուշի համոզում, զոր աշխարհի մեջ բան մը կարող չէր խլել հանել այդ անբան պատյանին մեջեն։

— Հա՛, հա՛, գիտեմ, կը մրմռար, ինծի պիտի տան Սուրբիկը, ինչ՞ու չիտան, ի՞նչս պակաս էր․ ինե աղեկի՞ն պիտի տան… ամա, ի՞նչ թոմպուլիկ, ի՞նչ աղվոր աղջիկ…

Եվ Մարկոս աղբարին այս քաղցր ու ոսկեզօծ հույսն օր ավուր կամրապնդվեր ու կը տարածվեր անոր էության մեջ՝ հաստ ջիղեր կապելով՝ այն հազարումեկ խաբուսիկ փայփայանքներեն զորս․ խորամանկ աղջիկը կը շռայլեր խեղճ մարդուկին, փայփայանքներ որք կը շեշտվեին մորը հեգնական սա խոսքեն՝ ուղղյալ առ Մարկոս աղբար։

— Հոգդ պիլե մըներ, մա՛րդ, իշտե Սուրբիկ քեղի պիտի տամ․ քյոշես յան եկուր, կե՜բ խմե՝ քեֆ ըրե․ ասկե ըռհաթ տեղ ո՞ւր պիտի կտնաս։

Իր ապագա զոքանչին արտասանած այս մեն մի բառը էլեկտրական սարսուռներ կուտար ապուշին, որ բերանաբաց ու ապշաբեկ մտիկ կըներ, իբր թե պատգամ մը Ըլլային այդ խոսքերն, որոնցմե կախում ունենար իր ճակատագիրը․ այո, մտիե կըներ՝ խորունկ ու թափանցանց ակնարկ մը սևեռելով այդ կնկան վրա, որ չարաչար կը խաբեր զինքն, հաճույք մը, վատթար հաճույք մը զգալու համար ևեթ։

Ալ միմիայն այս բանին վրա կը մտածեր Մարկոս աղբար. իր ունեցած մտավորական դույզն կարողությունը կր սպառեր, կը հատցուներ այս ակնկալության առաջ բերած բազմապիսի և անհատնում հույզերուն մեջ. գիշեր ցերեկ անոր վրա կը մտածեր, և ըստ իր կարյաց, թռիչ կուտար երևակայությանը, որ հիմարական հեշտանքի մը հագեցման զգայնությունեն անգին չէր անցներ, զազիր, ընդոստ արթնցած հեշտախտ մը, որուն վրիպումն՝ ահռելի ըլլալու էր։

Օրին մեկը, Մարկոս աղբարը իր ապագա զոքանչին մոտեցավ երկչոտ ու խպնոտ ձևով մը, օգուտ քաղելով իրենց առանձնությունեն, և քանի մը անհասկնալի թառեր մրթմրթաց ճշմարիտ խպլիկի մը պես. կինը ժպիտ մը զսպելով քովիկը գնաց։

— Ըսե՛, Մարկոս աղբար, պոռալով ըսե, ինչո՞ւ կը խըպնիս...

— Չէ, չեմ խպնիր, մինակ... սա պիտի ըսեի որ... իշտե ան գործը ե՞րբ պիտի ըլլա...

— Ո՞ր գործը, ըսավ կինն ավելի մոտենալով ու միշտ ճիգ մը ընելով՝ խնդուկը բռնելու համար։

— Օֆ, չե՞ս հասկնար... իշտե, ինքը... պանը... նշանը...

— Ի՞նչ նիշանի...

— Ի՞նչ նիշանի մի... նիշանտուք... սաաթ մը առաջ ընեինք լմննար...

Այս ըսելով Մարկոս աղբար ձեռքը տափատին գրպանը խոթեց շտապով և խոշոր կարմիր կծիկ մը դուրս հանեց, և սկսավ քակել այն անհամար կապերը որոնցմով կծիկ մը ըրած էր ահագին թաշկինակ մը. քակե՜ց... քակե՜ց, թուշը կուրծքին կրթնցուցած, ձեռքը դողդողալով` մինչ կինը, հետաքրքրված, ուշադրությամբ կը նայեր անոր, անհուն ժպտի մը մեջ կծկված իր դիմագծերուն վրա արգահատանքի թեթև արտահայտություն մ`ունենալով... Վերջապէս կապերը քակելով, կարմիր թաշկինակին ծայրը մինչև գետին հասած էր, մինչև մյուս ծայրեն, վերջէն կապէն, որ ամենեն ամուրն էր և զոր ստիպվեցավ կողմնակի մեկ ակռայով թուլցնել, բան մը ելավ, կլոր կարմիր փայլուն մատանի մը, զոր ծանր կերպով և անբացատրելի զգուշությամբ հազիվ երկու մատներուն միջև բռնած՝ չաղարտելու համար անշուշտ անոր փայլն ու հղկումը, կարկառեց տիկնոջ, որ մեքենական շարժմամբ մը առավ զայն, ու վրան նայիլ սկսավ ապշությամբ։

— Ի՞նչ է աս, Մարկոս աղբար, հարցուց։

— Ի՞նչ պիտի ըլլա, նշանտուքիս մատնին, ըսավ ապուշը, գլուխն անգին դարձուցած, ու աչվըները քթթելով։

— Շատ աղեկ, անանկ Է նե աս գիշեր էկու տե քիչ մը նստինք, հարեց՝ ճամբելով զայն ու խնդալէն գալարվելով բազմոցին վրա։

Արդարև այն գիշերը քանի մը դրացիներ ու դրացուհիներ ժոդվեցան տիկին Գոհարին տունը, աղջկանը նշանտվության համար. Մարկոս աղբար պարագային հարմար լրջություն մը առած էր, նշանածի լրջություն, որ ավելի ուժ կուտար այդ ծիծաղաշարժ խեղկատակության, այդ անխիղճ ու անողորմ խաղին. անհուն, անսահման հրճվանք կը զգային հոն գտնվողները, որք ամեն ջանք կընեին իրական երևույթ մը տալու այդ հանդեսին, իրենց ծիծաղելու պոռթկումն ետքի պահելով։ Օհ, տեսնելու բան էր Մարկոս աղբարին դեմքն, որ թեթև դեղնություն մ՝առած էր ներքին խռովիչ հուզումներե. սովորականէն քիչ մը մաքուր հագված էր, ածիլված էր, որով լերկ թմթռկած մորթին վրա երեվան ելած էին բազմաթիվ արյունոտ գիծեր, պեխերուն չափազանց եր կար ծալքերը կտրած կոկտծ էր և սպիլոակախառն երկաթ մազերը թբջվելով փակած կերևեին քունքին ու ծոծրակին վրաճ աղտոտ գունատ ֆեսին տակեն։ Արդյոք ի՞նչ խայտանքի մեջ էր իր սիրտը, արդյոք որչա՜փ լուսավոր հորիզոններ կր բացվեին կր գոցվեին մաքին առջև, որոնց ակնախտիղ փալփլու֊ կր կր կուրցներ իր տեսողությունր, արգիլելով իր ղուրջն անցած դարձածը տեսնելու։

— Կենացդ, Մարկոս աղբար։

— Աստված թամամին հասցունե։ - Իշալլա՛հ, կը մրմռար ապուշը՝ ձեռքը կուրծքին դնելով ջերմեռանդորեն։

Ձեռքե ձեռք պտտեցավ Մարկոս աղբարին նշանտվության մատնին. սքանչացման, հիացման բացականչություններ արձակվեցան, գովեցին փեսին ճաշակը, որ ընտրած և իր շնորհալի նշանածին պատշաճ դատած էր այդ... քսան փարանոց մատնին։

Հավարտ երեկույթին, ամեն մարդ ցրվեցավ գնաց` ժամ առաջ տունեն դուրս ելնելու և զսպյալ քրքիչներ արձակելու սաստիկ տենչով համակված։

Եվ սակայն օրիորդ Սուրբիկ իրավ նշանված էր, քսանչորս քսանըհինգ տարեկան շնորհքով երիտասարդ մը, մանկամարդ աղջկան գեղեն հրապուրված, առաջարկած էր ամուսնանալ անոր հետ. Իր առաջարկը սիրահոժար հավանության արժանացած էր, այնպես որ քիչ ատեսվան մեջ խոսք կապ, նշանտուք և այլն կատարված լմնցած էին։

Ո՞վ միտքեն կանցուցեր Մարկոս աղբարը։

Այդ գործողությունները տեղի ունեցած պահուն ինք իր հեշտագին անուրջներով կօրորվեր, կը հափրանար, կը գինովնար, առանց բանե մը տեղյակ ըլլալու, առանց բանե մը կասկածելու։

— Օ՜խ, կը մրմռար, երբ իր սենյակը կը դառնար իրիկունները, նիշանտուքս եղավ լմնցավ. աս մեծ պան է. վրաս կը խենդենան կոր. ամա ինծի պես մարդ ո՞ւր պիտի կտնային. կինե բախտավոր են եղեր... հիմա կը մնա է՛ն մեծ պանը... հարսնիքը, հը՛մ հարսնիքը... թոհա՛ֆ, հիչ միտքես չէր ասներ... էյեր Սուրբիկը առնեմ նե... ո՛հ, ո՛հ, աստված, Սուրբի՜կը...

Եվ Սուրբիկը կերազեր։

Սակայն իր առջի կենցաղը փոխած էր հիմակ, գոռոզանքի պես բան մը եկեր էր վրան, ա՛լ չէր ուզեր նշավակ ըլլալ անոր ասոր հայհուչին, շատ չէր խոսեր, իր առօրյա ծառայությունները կըներ լուռ ու մունջ, մտամփոփ, և ամենեն ետքը նշանածին տունը կերթար հանգիստ առնելու և Սուրբիկին երեսը տեսնելու, որ բնավ գործը չէր ավրեր։

Կիները շատ խղճմտանք չունին։ Հիմակ, երբեմն, կիրակի օրերը, երիտասարդ մը կը տեսներ հոն. շիք երիտասարդ մը և խոռ խոռ անոր երեսը կը նայեր, անբացատրելի նախազգացումե մը տանջված։ Քանի մը անգամ հարցուցած Էր անոր ով ըլլալը. դուրսեն նոր եկած ազգական մըն է ըսած էին. համոզվա՞ծ էր:

— Սա չաբխը՞նը ինչու կուգա կոր աս տունը, կըսեր պառկած ատենը, անոր հիյեթին չեմ հավներ կոր... խըսըմ Է եղեր, հը՜մ...

Եվ կասկածներ կը ծնեին իր սրտին մեջ, որոնց սակայն չէր ուզեր կարևորություն ընծայել, իր հույսին, իր հավատքին պլլված փաթթված ըլլալով ուժգնապիրկ։

— Հարսնիքս ե՞րբ պիտի ընենք, հարցուցած էր Մարկոս աղբարը տիկին Գոհարիկին։

— Առջի պսակին, պատասխանած էր տիկինը։

Եվ արդարև հարսանեկան պատրաստությունները կը տեսնըվեին տան մեջ. օրիորդն իր ճերմակեղենները կը կարեր առանց շունչ առնելու, ուրիշ երկու դերձակուհիներ բերված էին, որք հարսին՝ պսակի շրջազգեստն և ուրիշ չորս շրջազգեստներ կը կարեին անբացատրելի փութկոտությամբ։ Սենյակներու կերպասները կը նորոգվեին, ինչպես նաև վարագուրներն ու գետնի գորերը. գործունեություն մը, եռ ու եփ մը կը տիրեր տան մեջ։ Ցերեկներր երբեմն կուգար Մարկոս աղբար և սքանչացմամբ ու ապշությամբ կը դիտեր այս ամեն հապշտապ պատրաստություններն ու կը մրմռար.

— Այս պաները բյություն ինծի համար է։

Իր նշանածին քով կերթար, որուն այլևս կատակելու եռանդը մարած էր և ամենևին կամք չուներ Մարկոս աղբարին երեսը նայելու. քովը կերթար անոր կտրած դիպակը կամ կերպասը կը բռներ իբր թե տեսակն հասկնալու համար, և իր զննությունն այնքան երկար քշեց օր մը, որ աղջկան համբերությունն հատնելով գոչեց.

— Է՜յ, մա՛րդ, անգին կընա՛ սըկե։

Ապուշը սարսռաց, կարծես թե ուղեղը դարձավ գանկին մեջ, աչերը մթնցան ու ետ ետ երթալով՝ պահ մը աղջկան` նայեցավ պիշ պիշ․ և ապա կակազելով.

— Ինծի՞, Սուրբի՛կ, ինծի՞, հե՛, ըսավ։

Իր ձայնին մեջ զայրույթի վայրագ շեշտ մը կար որ դողացուց մանկամարդ աղջիկը, երկյուղի պես բան մը սպրդեց անոր սրտին մեջ և սա մեղմիչ խոսքը թելադրեց նմա․

— Աֆ կընես, Մարկոս աղբար, սխալվեցա, միտքս ուրիշ տեղ էր։

Եվ երբ մարդուկը կը հեռանար՝ սիրտն հանդարտած քիչ մը, մանկամարդ աղջիկն արհամարհական երկար նայվածք մը նետելով անոր վրա`

— Խե՜նդ։

Վերջապես ամեն բան լմնցած պատրաստված էր։ Առջի պսակի կիրակին հասած էր․ Մարկոս աղբար, ալ հիմակ հողի վրա չէր քալեր, հրեղեն կակուղ լուսափայլ ամպերու վրա կը տատաներ հեշտօրոր, սրտին մեջ զգալով երկնային անհուն անբացատրելի հրճվանք մը․ հեշտանք մը իր զգայարանաց մեջ, գրգռիչ խոլական թրթռում մը իր մտքին թելերուն վրա։

— Կիրակի գիշեր էկու, ըսին իրեն։

— Քի պսա՞կը ըլլա, հարցուր անսահման զեղումով մը։

— Հապա՛, հապա՛։

Եվ գինովի պես երերտկալեն իր սենյակը գնաց։

Ինչպես հայտնի է հարսնիքի տան մը առջև հետաքրքրաց երամ մը միշտ կը շարժի, կեփի, կեռա։ Մութը կոխելու վրա էր հարավային ուժգին հով մը առտվընե մինչև իրիկուն ամպերու բրդոճներն ավլած էր երկնքին կապույտ կոնին վրայեն, ուր պըլպըլուն աստղեր սկսած էին շարվիլ այն չափով որով մութը սև մելանե անսահման հեղեղի պես կը մրոտեր, կաղտոտեր, կողողեր երկիրը։ Տիկին Գոհարիկին տունը լուսեղեն սյունի մը պես կը ցցվեր գիշերային սևության մեջ․ աննկարագրելի ոգևորություն կը տիրեր ներսը, որուն հետ կրնար մրցիլ դուրսն ալ տան երկու կողմերը կրկին շարքերով կեցած էին կիներ, աղջիկներ ու տղայք. հարատև հարոլոր և հարաճուն փըսրտուք մը կը տիրեր այդ շարքերեն մեկ ծայրեն մյուսը։ Հանկարծ աղաղակ մը լսվեցավ.

— Մարկոս աղբա՜ր։

Եվ քանի մը տասնյակ բերաններ կրկնեցին այս բացագանչությունը։

Արդարև Մարկոս աղբարը կուգար, առաջեն ունենալով խեղճ տղա մը որ լապտեր մը բռնած էր, և անոր ետևեն ալ ինք գալով, սև դեղնած զգեստներ հագած։

— Փեսա՛ն, փեսա՛ն, գոչեցին քանի մը չարամիտներ։

Մարկոս աղբար սեգ քալվածքով, աոանց ամենևին կարևորություն տալու այդ սրագոչ աղաղակներուն, ուղղակի հարսանյաց տան դուռն ուղղվելով զարկավ ուռնակը։

Դուռն անմիջապես բացվեցավ և Մարկոս աղբար ներս մտավ. իր ակնկալած ընդունելությունը չգտավ սակայն խեղճ ապուշը. «Մարկոս աղբարն է» ըսին և ամեն մարդ իր գործին, իր զվարճության զբաղեցավ. չորսդին տարտամ նայվածքներ արձակելով, մարդուկն առաջացավ, չգիտնալով ինչի վերագրել իրեն փեսային՝ նկատմամբ ցույց տրված այս զարմանալի անտարբերությունը։ Ինչ և իցե, ապշությունե ապշություն գլորվելով, ցնորածի պես վեր ելավ սանդուխեն և ինքզինքը սրահի մը մեջ գտավ, որուն մեջը դիմացե դիմաց երկու սենյակներ կային հարսնևորներով լեցուն։

— Թոհա՜ֆ պան, կը մրմռար Մարկոս աղբար կրթնելով դրանն այն սենյակին ուր հարսը, սպիտակ շղարշե շրջազգեստի մը փրփուրներուն մեջ թաղված, բազմոցին անկյունը նստած էր՝ արծաթաթել քողն երեսն ի վար ձգած։

Հոն մնաց ապուշը, թմրած, անզգայացած, առանց գիտակցությունն ունենալու շուրջն եղածներուն. ողորմ նայվածքներ կը նետեր հարսին վրա ու լալու անդիմադրելի զգայություն մը կունենար. կանցնեին կը դառնային առջևեն, առանց իր երեսն իսկ նայելու, իբր թե մեկը կայնած չըլլար հոն։ Պահ մը, համբերությունն հատնելով, զայրույթով լեցուն սիրտը, արյունը մոլեգին շրջան մը ըրավ իր թմրած երակներուն մեջ, և ուզեց վճռական բան մը ընել․ բայց շարժում մը ըրած միջոցին՝ մեկն անցավ առջևեն, շքեղ հագված երիտասարդ մը՝ զոր քանիցս տեսած էր հոն, և արհամարհոտ ակնարկ մը նետեց իր վրա․ այդ ակնարկը սարսռեցուց զինքը, նորեն թուլցավ, թմրեցավ, պաղեցավ։ Անգամ մըն ալ, երբ տիկին Գոհարիկ անկից կանցներ, Մարկոս աղբար հանկարծ անոր թևեն բռնեց․

— Խե՞նդ ես, ի՞նչ ես, մա՛րդ, հիմա ժամանա՞կն է, ձգե, խելոք կեցիր, ըսավ կինը սաստելով զայն։

Մարկոս աղբար տկար հառաչ մը արձակեց և թող տվավ իր ապագա զոքանչին ձեռքը, մեկ խոսք մը միայն ունենալով իր լայն շրթանցը վրա։

— Թոհա՜ֆ պան։

Իր բնական ապշությունը՝ գերապշության կը հասներ․ ինչո՞ւ զինքը չէին պատվեր, ինչո՞ւ ներս հարսին քով չէին տաներ, ինչո՞ւ իբր փեսա չէին վարվեր իր հետ, այս ամենը ինչո՞ւ չէին ըլլար․ ինչո՞ւ։

Ժամեր անցան այդպես և կես գիշեր եղած էր։ Պստիկ արարողության կը պատրաստվեին. իրարանցում մը առաջ եկավ, ելան, իջան, խոսեցան, փսրտացին։

Քահանաները ոտքի ելած էին, հարսը վար իջած էր բազմոցին անկյունեն, ամեն մարդ ոտին կանգնած էր․ հանկարծական լռություն մը տիրած էր տան մեջ. քահանաներն արդեն սկսած էին իրենց թույլ, թավ, մեռելական ձայնն հնչեցնել․ հարսին դիմաց կանգնած էր նույն երիտասարդը՝ սև զգեստներ հագած, աչերը վայրահակ․ և անոնց քով կեցած էր ուրիշ երիտասարդ մը, խոշոր զարդարուն կերոն մը ի ձեռին։

Մարկոս աղբար աչերը խոշոր խոշոր բացած, թուքը կըլլելով սրտահուզումեն կը մոլտար.

— Պսա՞կն է աճապ։

Այո, կը տեսներ, հարսին ու փեսին գլուխները իրարու կը մոտենային, և հիմակ քահանան կը կարդար այդ նորատի գլուխներուն վրա պսակի աղոթքը։

Մարկոս աղբոր սիրտը թունդ ելավ, դողդղաց։ Հանկարծ տնկվեցավ, աչվըները բացարձակ, շրթունքը կծկված. կատաղի խռնչյուն մը արձակեց և ներս սլացավ սենյակեն։

― Էս եմ, պոռալով, էս եմ փեսան։

Աղոթքն ընդհատվեցավ, ամենուն վրա ապշություն մը տիրեց, Մարկոս աղբար փեսին կոկորդեն բռնած կը սեղմեր՝ խուլ հեծյուններ արձակելով․բայց երկար չտևեց այս վիճակը․ չորս կողմեն Մարկոս աղբոր վրա խուժեցին, բռնեցին զայն և դուրս նետեցին սենյակեն. ապուշը կոռնար, կը տապլտկեր՝ անսանձ կատաղությունե մը բռնված։

― Է՛ս եմ փեսան, է՛ս եմ փեսան, կը պոռչտար։

Բայց ո՞վ մտիկ կրներ իրեն․ սանդուխեն վայր գլորեցին զայն, բակը քաշկռտեցին տարին և քանի մը հատ ուժգին ապտակներ ու բռունցքի հարվածներ տալե ետք, փողոցին դռնեն դուրս նետեցին թավալգլոր։

Ապուշը սալարկին վրա փռվեցավ ընկավ անշարժ։

Քանի մը սիլուեթներ կը ստվերարկեին տակավին մութին մեջ, անուշ հով մը կը փչեր․աստղերը կարձակեին հանդարտիկ իրենց պլպլուքը։

Ոտքի ելած էր Մարկոս աղբար։

Հիմակ ա՛լ չէր մռնչեր, ո՛չ․ կուլար, դառնապէս կուլար, աչվոներր ձեռներովը գոցած․ աղեխարշ հեծյուններ արձակեր ու գլուխը վայրահակ կը քալեր մութին մեջեն, իր անցած մթնոլորտին խառնելով սրտաճմլիկ ողբ ու կոծն, զոր հովը կը քշեր, կը տաներ իր մեղմերեր ալիքներուն հետ, և կը հառաջեր ղայթ ի ղայթ, ուսերու կանոնավոր ելևէջով, տղու մը պես հեկեկալով, ու երբեմն մրմռալով.

— Խաբեցի՜ն…