Jump to content

Մարջանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՐՋԱՆԸ

Ես հիշում եմ այդ զարմանալի կնոջը, ինչպես այսօրվա օրը։

Մանուկ էի, ճշմարիտ է հազիվ տասնևերեք տարեկան, բայց չէ՞ որ որքան մանուկ է մեր հիշողությունը, այնքան խորն են տպավորվում նրա մեջ խոշոր անցքերը։ Մանավանդ այնպիսի մի բացառիկ, գրեթե եզակի մի եղելություն, որպիսին է այն, ինչ որ պիտի պատմեմ։

Իսկն ասած՝ Մարջանը մի հասարակ կին էր, անկիրթ, անգրագետ և աղքատ ծնողների անկիրթ և անգրագետ զավակ։ Մեկը գռեհիկ ժողովրդի այն թշվառ էակներից, որոնք ծնվելով խավարի, կարիքի և ասիական բռնակալության գրկում մինչև մահ մնում են խավար, որպես մութ անտառների խորքերում աճող խոնավ բույսեր, որ երբեք չեն տեսնում արևի լույս։

Բայց քմահաճ ճակատագիրը, որ սիրում է երբեմն տարօրինակ խաղեր խաղալ, այնպես էր սահմանել, որ անհայտ ծնողների այդ անհայտ զավակը դառնա մի ամբողջ քաղաքի և նրա ընդարձակ շրջակայքի սարսափի և համակրանքի, անեծքի և հիացմունքի, ատելության և սիրո առարկան։

Եթե կամենաք՝ մի հերոսուհի, որի շուրջը կարճ միջոցում ստեղծվել էին կատարյալ առասպելներ։ Որի անունով մայրերը սարսափեցնում էին իրենց անհնազանդ երեխաներին, կանայք սպառնում էին իրենց ամուսիններին և աղջիկները վախեցնում իրենց ծնողներին։ Մի կին, որի կարճատև կյանքը առեղծված էր ինձ համար այն ժամանակ և առեղծված է այժմ, քառասուն տարի անցնելուց հետո։

Արդարև, ինչո՞ւ այդ երիտասարդ կինը, որի գեղեցկությունը հիացնում էր ամենքին, ցերեկները կին էր, ինչպես իր շրջանի և իր դիրքի բոլոր կանայք. համեստ, ամոթխած, տնարար, աշխատասեր, իսկ գիշերները՝ տղամարդ։ Եվ ի՜նչ տղամարդ։ Կատարյալ մի ավազակապետ, զինված մինչև կոկորդը, սև յափունջին ուսերին, սպիտակ երկայնամազ շուլլահին գլխին և հրացանը ձեռքին։ Շրջապատված իր նման զինված մի քանի մարդերով, որոնք միշտ խոնարհվում էին նրա առջև երկյուղով, պատկառանքով և ակնածությամբ։

Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա անցյալի մասին։ Իբրև թե Մարջանն իրոք հայուհի չէ և ոչ քրիստոնյա, իբր թե նրա մայրը, որ շատ գեղեցիկ կին է եղել երիտասարդ հասակում, մի օր ընկել է լեզգիների ձեռքը։ Նրան տարել են Դաղստան և նվիրել Իմամ Շամիլին, և ահա Մարջանն այդ արկածի պտուղն է։ Ասում էին նաև, որ Մարջանն իսկապես կանացի արգանդի բերք չէ, այլ, ով գիտե մի չար դևի և մի կատաղած բորենու խառնության արդյունք, որին մի գիշեր մի աներևույթ ձեռք գցել է նրա հիվանդ մոր անկողինը։

Պատմում էին նաև... Բայց ո՜ր մեկն ասեմ։ Սակայն այս բոլոր առասպելների մեջ կա մեկը, որ այսօր ինձ հավանական է թվում։


Ահա ինչ։ Տասնևյոթ տարեկան հասակում Մարջանը լուսամուտից, կտուրից թե դռների արանքից տեսնում է տեղական տաքարյուն, կռվասեր երիտասարդներից մեկին ու շատ հավանում։ Այնուհետև գիշեր-ցերեկ այդ երիտասարդի կերպարանքը հալածում է դեռահաս աղջկան, օր-օրի վրա ավելի ու ավելի գրգռելով նրա վառվռուն երևակայությունը։ Վերջապես նա որոշում է երիտասարդի ուշադրությունը գրավել և հաջողվում է իր բարեհամբույր ժպիտներով ոչ միայն գրավել, այլև հափշտակել:

Տեղի են ունենում գաղտնի տեսակցություններ՝ գիշերները հարևան կտուրների վրա: Ծնողներն այդ բանին անտեղյակ Մարջանին նշանում են Մարտիրոս անունով մի շրջիկ առևտրականի հետ, որ հաճախ բացակայում էր քաղաքից։ Մարջանը շատ է հակառակում, շատ է դիմադրում, ծնողները համառում են։ Վերջապես նա համարձակվում է հայտնել, թե սիրում է մի ուրիշին և արդեն նրան է պատկանում։ Ոչինչ չի օգնում:

Մարջանին տալիս են Մարտիրոսին։ Բառի բուն նշանակությամբ «տալիս են», վասնզի հարսնացուն առաջին անգամ եկեղեցու սեղանի առջև երեսքողի տակից տեսնելով Մարտիրոսի շեկ մազերը, ցցված դեմքը, ճաղատ գլուխը, զգալով նրա կոշտ ու կոպիտ ձեռքի խոնավությունը՝ փորձում է փախչել։ Նրան բռնում են ու ուժով հանձնում փեսային: Պսակադրությունը կատարվում է, և մյուս օրն իսկ Մարջանն ասում է իր մորը.

— Շատ լավ, դուք ինձ անբախտացրիք, շուտով կուտեք ձեր եփած փլավը։

Մայրը վախեցած հարցնում է.

— Ի՞նչ պիտի անես։

Մարջանը պատասխանում է.

— Ես պիտի բոլոր ինձ նման անբախտների վրեժը առնեմ ձեզ նման ծնողներից։ Ես պիտի ցույց տամ, որ աղջիկը ձի չէ, ոչխար չէ, այծ չէ, որ ում ուզենաք ծախեք և ով ուզենա առնի։ Ամենից առաջ այդ քաչալ Մարտիրոսը կզգա իմ ուժը։

Սակայն մի ամբողջ տրի, թե ավելի, Մարջանը ոչինչ չի ձեռնարկում։ Ծնողները հանգստանում են, կարծելով, որ նա արդեն հաշտվել է իր վիճակի հետ: Բայց մի երեկո, երբ Մարտիրոսն առևտրական գործերով գնացած է լինում Դերբենտ, Մարջանը հագնում է տղամարդու հագուստ, զինվում է վաղուց արդեն ձեռք բերված զենքով և դուրս է գալիս փողոց: Նա գնում է իր սիրածին փնտրելու և գտնում է քաղաքի գինետներից մեկում:

— Դավիթ, եթե ինձ սիրում ես առաջվա պես, այսուհետև ես քոնն եմ։

Երիտասարդն ուրախանում է, զարմանում և հարցնում.

— Ուրեմն ինչպե՞ս։

— Էլ մի՛ հարցնի․ քոնն եմ, պրծավ գնաց։

— Մա՞րդդ։

— Կորել է ինձ համար։

— Ծնողնե՞րդ:

— Ով ինձ արգելե քոնը լինել, գլուխը սխտորի պես կթռցնեմ, այ սրանով, կամ փորը ծխով կլցնեմ, այ սրանով։

Եվ այդ ասելիս Մարջանը ետ է քաշում յափունջիի փեշերը ու ձեռով զարկում նախ փոքրիկ դաշույնին, ապա ատրճանակին։

— Ո՞վ է տվել քեզ այդ զենքը։

— Ես ինքս եմ առել։

— Ուրեմն մենք այսուհետև ավազակներ ենք,— գոչում է Դավիթը, հիանալով Մարջանի հանդգնությունից։

— Հասկացիր՝ ինչպես ուզում ես։

— Շատ լավ, քանի որ դու կնիկ տեղովդ այդքան քաջ ես, ես էլ գդակս ցեխի մեջ չեմ գցի։ Դու իմն ես, ես էլ քոնը։

— Մինչ ե՞րբ։

— Մինչև գերեզման։

— Երդվի՛ր։

— Երդվում եմ քո արևով։

— Տես, իմ արևը հիմա թանկ արժե։ Եթե մի օր ինձ մոռանաս, կտոր-կտոր կանեմ քեզ և շներին կշպրտեմ։

— Արա, եթե մոռանամ։

— Մի բան էլ ասեմ։

— Ասա։

— Ինչ որ անեմ, չպիտի հակառակես։

— Լավ։

— Ոչ էլ քո ընկերները։

— Ոչ էլ ընկերները։

— Ամենքդ պիտի օգնեք ինձ:

— Ամենքս։

Շատ լավ։ Հիմա կարող ես ինձ մի պինդ գրկել ու մի լավ համբուրել։ Գիտեմ, որ կարոտել ես: Այդպես։ Մեկ էլ: Այդպես։ Հողս քաչալ Մարտիրոսի գլխին։ Գինի բերել տուր։


Ահա այդ խորհրդավոր գիշերից սկսվում են Մարջանի արկածները։

Նախ և առաջ նա մի գիշեր, Դավթի օգնությամբ, հարձակվում է այն միջնորդ կնոջ տան վրա, որ առաջին խնամախոսն էր եղել Մարջանին Մարտիրոսի հետ նշանելու համար: Բռնում է կնոջն իր մարդու հետ, քաշում, տանում է հավաբուն։ Այնտեղ մարդու ոտքերն ու ձեռքերը կապում է, հետո միջնորդ կնոջ մազերը մի քանի անգամ քաշքշելուց հետո փաթաթում է մարդու ոտքերին ու ասում.

— Դե, եթե լավ բան է, որ կնիկը մարդու եսիրը լինի, մինչև լույս լզիր մարդուդ ոտների տակը։

Այնուհետև նա մի գիշեր գողանում է անկողնուց իր հորը, աչքերը կապում է թաշկինակով, տանում է գինետուն և իր ընկերներին հրամայում, որ նրան մի լավ արբեցնեն։ Խեղճ մարդը շուրջը նայելով՝ սարսափում է այդ զինված երիտասարդներից։ Բայց շուտով նրան մինչև անզգայություն արբեցնում են ու լուսաբացին տանում-հանձնում իր կնոջը։

Մյուս օրը Մարջանը հետևյալ լուրն է ուղարկում իր մորը.

— Ասա մարդուդ, եթե իմ սիրելի քրոջը՝ Մարթային տա չսիրած մարդու, ավելի վատ օյին կբերեմ նրա գլխին։

Մի ուրիշ անգամ իր խմբի հետ մտնում է մի այրի ու ծեր խանութպանի տուն ու գոռում․

— Անիրավ, դու աստված չունե՞ս, որ ուզում ես պսակվել մի աղջկա հետ, որ քեզանից քառասուն տարով ջահել է։

Եվ բռնելով խանութպանին՝ քաշ է տալիս առաստաղից գլուխն ի վեր։ Ամբողջ գիշեր և ամբողջ օր մարդը մնում է այդ դրության մեջ, մինչև որ հարևանները գալիս են ու ազատում նրան։ Նույն օրն իսկ նա հրաժարվում է իր հարսնացուից։ Եվ նույն օրը հարսնացուն վազում է Մարջանի մոտ և ուրախության ու շնորհակալության արցունքն աչքերին՝ համբուրում է նրա ձեռքերը։

Ասում էին, որ Մարջանը կողոպուտով չի պարապում։ Եվ ոչ ոք չէր վիճում այդ մասին։ Պատմում էին, որ մի օր նրա ընկերներից մեկը ակնարկում է. թե վատ չէր լինի մի քիչ «կթել» հարուստներին, Մարջանը կատաղում է ու գոռում.

— Գողություն անողները վախկոտներն են։ Մեր սուրը չպիտի ապականենք փողի համար։

Ասում էին նաև, որ Մարջանը միայն Դավթի համար է դավաճանում իր օրինական մարդուն։ Այդ մասին էլ ոչ ոք չէր վիճում։ Ամբողջ քաղաքն էր խոսում, որ մի անգամ մի հարուստ և երիտասարդ կալվածատեր, հույսը դնելով իր բազմաթիվ ծառաների վրա, հանդգնում է Մարջանին մի ստոր առաջարկություն անել։ Մարջանը չի կատաղում, չի վրդովվում անգամ։ Նա միայն ասում է.

— Խոսքդ միտդ պահիր։

Երեք օր անցած՝ նա մի երեկո, նախքան ընկերներին հայտնելը, մեն-մենակ դիմում է դեպի կալվածատիրոջ տունը և դռները ծեծում։ Դուրս է գալիս ծառաներից մեկը։ Մարջանը հրամայում է նրան դուրս կանչել իր տիրոջը, ասելով, որ ինքը անհամբեր սպասում է նրան։ Կալվածատերն ուրախ-ուրախ դուրս է գալիս փողոց, կարծելով, որ Մարջանը եկել է նրան իր մոտ հրավիրելու։

Մարջանը առանց մի խոսք ասելու դուրս է բերում յափունջիի տակից մի մտրակ և սկսում է նրանով ծեծել կալվածատիրոջը, զարկելով երեսին, գլխին ու ուսերին։ Անմիջապես վազում են ծառաները իրենց տիրոջ գոռոցների վրա։ Մարջանը մտրակը դնելով արծաթյա քամարի տակ, մերկացանում է դաշույնը, երկուսին վիրավորում։ Մնացյալները իմանալով նրա ով լինելը, փախչում են սարսափահար։

Այդ դեպքից հետո խայտառակված կալվածատերը տնից դուրս չի գալիս։


Բնական է հետաքրքրվել, թե ինչպես էր վերաբերվում Մարտիրոսը իր օրինական կողակցի այդ արարքներին, որ հիմնիվեր քանդում էին տեղական ավանդությունները և մի տեսակ անիշխանություն ձգում կանանց շրջանը:

Մեր տունն այցելող կանայք, որոնց թվում կային և Մարջանի ազգականներից, ասում էին, որ Մարտիրոսի կյանքը կյանք չէ, այլ դժոխք, որ խեղճ մարդը «տապակվում է իր եղի մեջ»։

— Աննամուս է, աննամուս է,— գոռաց մի անգամ հայրս, որ չէր կարող երևակայել, թե ինչպես մի տղամարդ դիմանում է այդքան խայտառակությունների և դաշույնը չի խրում «անառակ» կնոջ սրտի մեջ։

— Էէ՜,— ասաց մի պառավ կին, հինգ անգամ իրարու վրա իր լայն պնչերով ներս քաշելով քթախոտի փոշին,— մեջտեղ որ վախ կա, նամուսն ի՞նչ անի:

Այսպես թե այնպես քաղաքը Մարտիրոսին և ծաղրում էր, և արհամարհում, և մասամբ կարեկցում։

Ես մերթ ընդ մերթ տեսնում էի նրան, երբ քաղաքումս էր։ Նրա հողային տափարակ կտուրով տնակը, որ բաղկացած էր երկու անշուք սենյակներից, կիսախարխուլ խոհանոց-թոնրատնից և հավաբնից, գտնվում էր մեր ուսումնարանի դեմուդեմ, երկայն, նեղ և հազար ու մի աղտեղություններով լի ձորի մյուս կողմը, որ չգիտեմ, ինչ անունով փողոց անունն էր կթում։

Դա միջահասակ մի մարդ էր մոտ քառասունհինգ տարեկան, բավական ճերմակ քունքերով և շեկ, գրեթե կարմիր բեղերով: Նրա պարզ գույնի աչքերը, կլոր փափախի տակից, նայում էին շուրջը մի տեսակ կասկածով, նախանձով և չկամությամբ։ Անձամբ նրա դեմքն ինձ թվում էր այնքան անախորժ, որ հանդիպելիս անգիտակցարար երեսս դարձնում էի նրանից։ Նա ինքն էլ խուսափում էր մարդկանցից։ Նույնիսկ մեր՝ մանուկներիս հայացքներից։ Եվ ես կարծում էի, որ մենք նրան պակաս ամոթ չենք ներշնչում, քան մեր մեծերը։ Կարող եմ ասել նույնիսկ, որ նա մեզանից վախենում էր անգամ։ Թե ինչու, այժմ եմ հասկանում։ Ոչինչ այնքան սարսափելի չէ ընդհանուրի ծաղրին ու ծիծաղին արժանացած մարդու համար, որքան մանուկների հալածանքը փողոցներում։ Եվ վայ նրան, ով այդ հալածանքի առարկան է դարձել մի անգամ։ Նրա ճակատագիրն արդեն որոշված է. նա կամ պիտի փախչի ուրիշ երկիր, կամ փակվի իր տանն առմիշտ: Ես գիտեմ դեպքեր, երբ մարդիկ մանուկների փողոցային հալածանքից գրգռված՝ սպանություններ են գործել կամ խելագարվել։

Այնքան իսկապես չար են և անգութ այդ փոքրիկ արարածները, որոնց մենք սովոր ենք անմեղ համարել։

Մենք Մարտիրոսին չէինք հալածում, ոչ այն պատճառով, որ մենք իբր թե ուրիշ մանուկներից բարի էինք կամ խելոք։ Ոչ, մեր մեջ կային սրիկաներ, որ քարերով ձիավորների էին ստիպում փախչել, քիթ ու պռունկը ջարդոտելուց հետո։ Բանն այն է, որ մեզ համար Մարտիրոսի դրությունը միանգամայն հասկանալի էր, անօրինակ։ Մենք չգիտեինք՝ պետք է ծաղրե՞լ նրան, որ այնպիսի «անպատկառ» կին ունի, ինչպես ասում էին մեր մայրերը, թե պետք է համարել նրան մի վերին աստիճանի հեզահամբույր և խեղճ քրիստոնյա։ Չգիտեինք նույնիսկ՝ հարկավոր է Մարջանին ատե՞լ, թե՞ սիրել: Ճշմարիտ է մեր մայրերը նրան անվանում էին «անպատկառ», «աննամուս», մինչև անգամ «անառակ» և այլն, և այլն, բայց զգում էինք, որ նրանք իրոք նախանձում էին նրան, որ ինքն իր ուժով իր համար ազատություն է ձեռք բերել։ Ես ինքս շատ անգամ եմ լսել մեր հարևան կանանցից իրարու մեջ խոսելիս.

— Ապրի Մարջանը, ինչպես որ ապրում է։ Նա կյանք է վայելում, աշխարհի բերանը պատռում։ Մենք ի՞նչ ենք: Տան հավեր, կատուներ ու շներ, որ մի փոր հացի համար օրը մինչև երեկո կնծկնծում ենք։

Ես տեսնում էի Մարջանին գրեթե ամեն օր մեր ուսումնարանի պատշգամբից։ Տեսնում էի նրան մերթ հավերին կուտ տալիս, մերթ բակն ավլելիս, մերթ տնակի կտուրը ձյունից մաքրելիս, նա ծառա կամ աղախին չուներ, ուստի տան բոլոր աշխատանքները կատարում էր ինքը, ինչպես իր շրջանի բոլոր կանայք։

Ցերեկվա այդ սովորական կինը մութն ընկնելուց հետո դառնում էր քաղաքի ահն ու սարսափը։

Տեսել եմ նրան երեկոները մի քանի անգամ։ Բավական բարձրահասակ էր նա, ուռած կրծքով, թղթի պես ճերմակ կոկորդով, սաթի պես սև, խոշոր աչքերով, որոնց մի քիչ ուռած կոպերը նրա կանացի գեղեցկությանը տալիս էին առնական հպարտություն։ Ինչպե՜ս էր սազում սպիտակ շուլլահին նրա սևաթույր թանձր ու գանգուր մազերին, որոնց անհնազանդ գիսակները արձակվում էին նրա լիք-լիք վարդագույն այտերի վրա։ Ինչպե՜ս էր սազում նրա հաստլիկ, հեշտասեր շրթունքներին ու գեղեցիկ փղոսկրյա ատամներին։

Հիշում եմ, մի երեկո ես հորաքրոջս մեր տնից իր տունն ուղեկցելուց հետո՝ լապտերը ձեռքիս վերադառնում էի վախվախելով։ Մարջանը կանգնած էր մեր փողոցի անկյունում, շրջապատված իր ընկերներով: Գլուխը բարձր պահած, մի ոտն ուղիղ, մյուսը թեք դրած, ձախ ձեռը հենած հրացանի խողովակին, աջը դաշույնի դաստակին, նա լսում էր իր ընկերներից մեկի ինչ-որ պատմությունը։

Մանկական հետաքրքրությունը, որ համեստությունն ու երկյուղը մոռացնելու չափ զորեղ է, դրդեց ինձ մոտենալ Մարջանին, նրա կերպարանքն ավելի լավ տեսնելու համար։ Ես համարձակվեցի մինչև անգամ լապտերս բարձրացնել գլխիցս վեր և նրա լույսը ձգել Մարջանի երեսի վրա։ Սկզբում ես ոչ ոքի ուշադրությունը չգրավեցի: Երբ լապտերիս լույսը խտղտեց Մարջանի աչքերը, նա ծիծաղելով ասաց.

— Տղա, այդ ի՞նչ ես անում։

Նրա ձայնը կրծքային էր, կես-առնական, խրոխտ, բայց ոչ կոպիտ և ոչ երկյուղալի։

Այնուամենայնիվ ես վախեցա և, հայդա, փախա։

— Բռնեցեք ավազակին,— գոչեց Մարջանն ավելի բարձր ծիծաղելով։

Ոտքերս երկյուղից թուլացան, և, ինձ բռնելով, տարեցին Մարջանի մոտ։

— Ադա, դու ո՞ւմ տղեն ես,— հարցրեց նա, մի քիչ թեքվելով դեպի ինձ։

Ես կակազելով ասացի հորս անունը։

— Հաա՜, ճանաչում եմ հորդ։ Նա լավ մարդ է։ Բայց ասա նրան, որ մորդ լավ պահե։ Գնա։

Ես մի շնչով վազեցի մինչև տուն և դողալով ու հևալով՝ անցքը պատմեցի տատիս։ Նա կատաղեց և իր ճերմակ գիսակները երկու ձեռքերով երեսից ետ քաշելով, ինչպես սովոր էր անել կատաղության պահին, գոչեց.

— Շուն ջան աղջիկ, ինչպե՞ս է համարձակվել քեզ այդպիսի բան ասել։ Ես կգնամ այդ լրբի մազերը կքանդեմ։

Եվ, իրավ, տատս կգնար, եթե մայրս նրան չհանգստացներ։ Պետք է ասել, որ տատս ամբողջ քաղաքում միակն էր, որ բանի տեղ չէր դնում Մարջանի քաջությունները և միշտ արհամարհանքով էր խոսում նրա մասին։ Նա էլ հայտնի էր իր եզակի բնույթով և անօրինակ քաջությամբ. նա էլ ուներ իր պատմությունը, որ ես մի օր կպատմեմ։

Մյուս օրը ես հպարտությամբ ասացի իմ դասընկերներին.

— Գիտե՞ք, երեկ երեկո ես Մարջանի հետ խոսեցի։

Ամենքն ինձ նա խանձեցին, երբ պատմեցի եղելությունը, մի քիչ ուռցնելով նրան...


Ա՜հ, այն ինչ տեսարան էր, երբ վերջին անգամ տեսա Մարջանին։

Չեմ հիշում գարուն էր, թե աշուն, բայց մեկն էր ախորժելի արեգակնային պայծառ առավոտներից, երբ կյանքը մի առանձին հրապույր էր ներշնչում։

Չգիտեմ ինչ պատճառով ես ուշացել էի տանը և շնչասպառ վազում էի ուսումնարան, որ պատժից խուսափեմ։ Կարծում էի, որ առաջին դասը վաղուց է սկսվել, և մեր դաժան ուսուցիչ Մամուլովը արդեն մի քանի անգամ փորձել է իր սոսկալի քանոնի սուր կողմը ընկերներիս մեջքի վրա։ Բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ դպրոց մտնելով, նստարանները դատարկ տեսա։ Ոչ միայն մեր, այլ բոլոր դասարաններում։ Ես վազեցի փողոց և Մարջանի տան առջև տեսա մի բավական մեծ բազմություն՝ բաղկացած մեծ մասամբ մեր դպրոցի աշակերտներից։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեցի ես առաջին պատահողին։

— Գնա ներս, կիմանաս։

Ես, ամբոխը աջ ու ձախ արմունկներովս հրելով և ինքս էլ մի քանի բռունցքի հարվածներ ստանալով, մտա ներս և ի՞նչ տեսնեմ։

Մարջանը պառկած էր ուղիղ գետնի վրա, պատի տակ և ծանր հառաչում էր ու տնքտնքում։ Նրա երեսը ծածկված էր արյունով։ Նրա պսպղուն աչքերը պտտում էին իրենց շրջանակների մեջ ինչպես ածուխի երկու շիկացած կտորներ։

Նրա գլխի վերև, պատին քաշ էր արած մի լայն և երկայն դաշույն, որից թարմ արյուն էր կաթում։ Սենյակի անպաստառ պատերը, հատակի վրա սփռած դեղնագույն խսիրները, շեմքը, պատշգամբը, նույնիսկ բակը ծածկված էին արյան խոշոր կաթիլներով։

— Նա չի ապրի,— շշնջաց մեկը իմ ետևում մյուսի ականջին,— անաստվածը կտոր-կտոր է արել նրան։

— Շատ լավ է արել։

Վերջապես ներկա եղողների կցկտուր պատմածներից իմացա ինչ է պատահել։

Ահա եղելությունը, որ հետո պարզվեց բոլոր մանրամասներով։ Նախընթաց երեկո Մարտիրոսը չգիտեմ որ քաղաքից թե գյուղից ձիով վերադառնում է և Մարջանին տանը չի տեսնում։ Իհարկե նա գուշակում է, թե որտեղ է կինը և ում հետ։ Գալիս են նրա քույրերը, որ վաղուց արդեն կատաղած էին Մարջանի դեմ և մի անգամ ևս նախատում իրենց եղբորը, որ վերջ չի տալիս իր խայտառակությանը։ Մեկը մինչև անգամ «աննամուս» է անվանում Մարտիրոսին: Առևտրական ինչ-որ անհաջողությունից հուսահատված, ճանապարհից ձանձրացած, իր անարգ վիճակից ուժասպառ մարդը՝ վերջապես վճռում է մի կերպ վերջ տալ իր խայտառակությանը, և իր տանջանքներին, և մարդկանց ծաղրին, արհամարհանքին ու զզվանքներին։

Քույրերը հեռանում են մարդուն մինչև ծայր լարելուց հետո։ Մարտիրոսը սպասում է Մարջանին ամբողջ գիշերը, անքուն, անհանգիստ և ետ ու առաջ քայլելով։ Մարջանը վերադառնում է լուսաբացին։ Մարտիրոսը չի նախատում նրան, մի խոսք անգամ չի ասում։ Սպասում է այնքան, մինչև որ Մարջանը վերցնում է իր վրայից բոլոր զենքերը և մերկանում է տղամարդու զգեստից։ Այն ժամանակ մարդու և կնոջ միջև տեղի է ունենում մի կարճատև վեճ, որի միջոցին Մարջանը թքում է Մարտիրոսի երեսին։ Մարտիրոսը դաշույնը մերկացնելով հարձակվում է նրա վրա։ Հարկավ Մարջանը անզեն չի կարողանում դիմադրել, փախչում է բակ և այնտեղից փողոց և այնտեղ մի քանի տասնյակ հարվածներից հետո արյունաքամ ընկնում է ձորը։ Մարտիրոսը վերադառնում է տուն, դաշույնը կախում պատի վրա և անձամբ գնում է ոստիկանատուն և իրեն հանձնում նրան։

Երբ ես բորորովին մոտեցա Մարջանին, նա դեռ կենդանի էր։ Հիշում եմ նրա վերջին խոսքը.

— Ախ, Մարտիրոս, եթե աստված կազատե կյանքս, կտեսնես ինչ կանեմ քեզ։

Բայց աստված չազատեց Մարջանի կյանքը։ Նույն օրը ևեթ նա ավանդեց իր հոգին, թողնելով իր ետևից մի առասպելական պատմություն, որ անցնում է սերնդից-սերունդ նրա ծննդավայրում։