Մելանիա
ՄԵԼԱՆԻԱ
I
— Մելա՛նիա, ուրախացի՛ր. Պետերբուրգից հեռագիր ստացա, սենատը գործը վճռել է մեր օգտին։ Հորեղբորս որդին հույս ուներ մեզանից չորս հարյուր հազար ստանալու, հիմա չո՛րս կոպեկ չի ստանա։ Օ՜հ, վերջապես ազատվեցի գլխացավից։ Այժմ կարող ենք ապրել, ինչպես հարկն է։
Ինքր՝ Սամսոն Ֆրանգուլյանն, այնքան ուրախ էր, այնքան զգացված, որ ամուր գրկեց ամուսնուն և համբուրեց։ Երեսուն տարի աշխատասեր մարդը ոսկոր է կոտրել, դիզել ահագին հարստություն և հանկարծ մի անգործ ազգական ուզում էր խլել այդ հարստության մի երրորդականը։ Հանաք բան չէր բաժանվել մի այդպիսի գումարից։ Եվ բաժանվել այն ժամանակ, երբ նա գործերը թողել էր, տեղափոխվել Կովկասի մայրաքաղաքը «հանգստանալու և ապրելու» համար։
Նա երջանիկ էր։ Թեև ավելի քան կես դար արդեն անցել էր նրա գլխով, բայց կազմվածքը դեռ պահպանել էր կանոնավորությունը, ձայնը դեռ հնչում էր խրոխտ, քայլվածքը դեռ աշխույժ էր, իսկ ստամոքսը բոլորովին անխախտ։ Փույթ չէ, որ մազերը կիսով չափ ճերմակել էին — դա ժամանակի անխուսափելի հետևանքն էր։ Կար միայն մի հոգս, որ երբեմն նրան գցում էր ծանր մտատանջության մեջ։ Սակայն, հուսալով իր հարստության վրա, նա հավատացած էր, որ այս հոգսից էլ կարող է ազատվել․․․
Վեց տարի էր անցել ընդամենը, որ նա ամուսնացել էր։ Ունեցել էր երկու զավակ, որոնցից անդրանիկը մեռել էր դեռ ծծից չկտրած, մնում էր երկրորդը — երկու տարեկան մի տղա։ Այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի սև գիծ չէր անցել ամուսինների միջով։ Մարդն իր բնական տակտով ու խելքով, կինը կրթությամբ և մտքի համեմատական զարգացմամբ — կարողացել էին հարգել իրարու ինքնասիրությունը և կենակցել հաշտ, անխռով։ Կար մի հանգամանք, որ միշտ պիտի երաշխավորեր Մելանիայի հարգանքն ու պատկառանքը դեպի ամուսինը — այսպես էր համոզված Սամսոնը.— Մելանիան աղքատ ծնողների զավակ էր, Սամսոնը՝ հարուստ։ Եթե Մելանիան երիտասարդ է, կրթված, գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, սրա փոխարեն՝ Սամսոնը կերակրում է նրա ծնողներին, ուսում է տալիս եղբայրներին և խոստանում է իր ծախսով ամուսնացնել քույրերին։ Ուրեմն, կշեռքի թաթերը հավասար են: Եվ ոչ մի խոչընդոտ Սամսոնի բախտի առջև, և ոչ մի մռայլ ամպ նրա կյանքի հորիզոնում։ Իսկ այսուհետև նամանավանդ չպիտի լինի, քանի որ Սամսոնը թողել է գործերը և անձնատուր եղել կնոջն ու նրա կամքին։ Քանի որ նա լիակատար իրավունք է տվել Մելանիային ծախսել, որքան կամենում է, ապրել, ինչպես քեֆն է, ծանոթություններ սկսել ում հետ փափագում է։
Նա մի ձեռքով գրկեց Մելանիային և, երջանկության ժպիտն երեսին, անցավ նրա հետ սենյակից սենյակ՝ մի անգամ ևս նոր կացարանն աչքի անցկացնելու։ Ամեն ինչ արդեն կարգին էր. սենյակները կահավորված ու զարդարված, յուրաքանչյուրն առանձին ճաշակով, լուսամուտները վարագուրված թանկագին կտորներով, հատակները ծածկված խայտաբղետ գորգերով։ Ամեն տեղ երևում է տանտիրոջ առատաձեռնությունը և տանտիկնոջ ճաշակը։ Ախոռատանը կապած էին սքանչելի ձիերը, որ Սամսոնը նոր էր ստացել Մոսկվայի մի հայտնի գործարանատերից։ Գավթում կառապանը երգ ասելով, սրբում ու հղկում էր, առանց այն էլ հայելու պես փայլող, կարեթը։ Խոհարար, սպասավոր, նաժիշտ, տնտեսուհի — բոլորը զբաղված էին իրենց գործով, բոլորն ակնածությամբ նայում էին իրենց տիրուհու աչքերին։
Մելանիան ուներ միջոց ծանոթանալու ում հետ ևս կամենար։ Հարուստ էր, երիտասարդ, գեղեցիկ ու կրթված—հանգամանքներ, որոնք կարող էին նրա առջև բաց անել ամենաամուր փակված դռները։ Եվ նա կարողացավ օգտվել իր միջոցներից։ Նրան ընդունում էին ամեն տեղ սիրով և այցելում ավելի սիրով։ Նա երևում էր բոլոր հասարակական երեկույթներում, բալերում ու պարահանդեսներում։ Նա դիտում էր, ուսումնասիրում և ամեն կերպ աշխատում իր հագուստը, ձևերը, ամբողջ կենցաղը հարմարացնել արիստոկրատիկ շրջանի կենցաղին։ Եվ այնքան ընդունակ էր, որ մի քանի ամիս անցած՝ արդեն նրա մեջ կարելի էր նկատել ահագին առաջադիմություն դեպի գեղեցիկը, նուրբը և հաճելին:
Արդեն ամբողջ քաղաքը խոսում էր Ֆրանգուլյանների երեկույթների, ճաշերի, ձիերի, կահ-կարասիքի, մանավանդ Մելանիայի բազմաթիվ տուալետների ու խոշոր ադամանդների մասին։ Երբ նա, Ժորժիկին կողքին նստեցրած՝ բոննայի հետ սեփական կառքով անցնում էր քաղաքի գլխավոր փողոցով, հարյուրավոր աչքեր նախանձով ուղեկցում էին նրան բարևներով։ Իսկ Մելանիան գիտեր այդ բարևներին պատասխանել ըստ արժանվույն։ Յուրաքանչյուրին ցույց էր տալիս այնքան ուշադրություն, որքան միայն արժանի էր համարում։ Նա ընդունակ էր հարգել մարդկանց ոչ միայն դիրքն ու ծագումը, այլև խելքը, ճաշակն ու քաղաքավարությունը։ Նրա ծանոթների շրջանն ընդարձակ էր և բազմատեսակ։ Ձմեռվա կիսին արդեն նրա հյուրասենյակում վաճառականների կանանց հետ կարելի էր տեսնել բանկիրների ու չինովնիկների կանանց, երբեմն նաև այս կամ այն իշխանուհուն։
Սամսոնը դեմ չէր դրան, թեև հոգու խորքում շատ էլ չէր համակրում նոր ծանոթներից ոմանց։ Բանկիրների ու չինովնիկների հետ նա առաջ էլ բարեկամություն ունեցել էր, իսկ իշխանների հետ չգիտեր ինչպես վարվել։ Երբեմն իրեն զգում էր շատ անհարմար վիճակի մեջ։ Մեկմեկու հետևից նրա տնից վռնդվում էին այն սովորույթները, որոնց հետ կապված էր իր սաղմով և մտցվում նորերը։ Բայց նա դարձյալ չէր բողոքում, և լուռ հպատակվում էր Մելանիայի պահանջներին։ Վախենո՞ւմ էր։ Ոչ․ նա երկչոտ չէր։ Կամքի ուժ չունե՞ր։ Ոչ. փալաս մարդ չէր, եթե կամենար, կարող էր ամեն ինչ տակն ու վրա անել և նորից վերադառնալ նախկին կենցաղին։
Նա սիրում էր Մելանիային, սիրում էր վեց տարի նրա հետ կենակցելուց հետո, սիրում էր մանավանդ այժմ, երբ Մելանիան օրեցօր գեղեցկանում էր ու կենդանանում։ Ահա նրա անտրտունջ հլության միակ պատճառը։
Զարմանալի բան. մի քանի ամսվա մեջ այդ կինն այնքան փոխվել էր, որ Սամսոնը ապշում էր, դիտելով նրան։ Դա այլևս առաջվա համեստ, նույնիսկ ամոթխած Մելանիան չէր։ Մի ձմեռվա ընթացքում ցույց տվեց այնչափ համարձակություն, եռանդ, կենսական ուժ, որչափ ցույց չէր տվել գուցե ամբողջ կյանքում։ Տեղափոխվելով մի շրջանից մի ուրիշը, կարծես, նոր մթնոլորտի հետ շնչում էր նոր ոգի, նոր աշխարհայացք, նոր զգացումներ։ Նրա թմրած էությունը արթնացել էր և արտահայտում էր իր բնական ուժը, որ ելք չէր գտել նախկին միջավայրում։ Այնտեղ, ծննդավայրում կային զանազան կաշկանդող պայմաններ — գռեհիների բամբասանքները, ազգականների ծաղրը, ծնողների չքավորությունը։ Այստեղ թե՛ նրա և թե՛ Սամսոնի անցյալի հետ ոչ ոք ծանոթ չէր։ Այստեղ ընդունում էին նրանց այնպես ինչպես կային այժմ — հարուստ և ժամանակի ազդեցությամբ այնչափ տաշված ու հղկված, որ կարող էին ամեն շրջան մտնել և խորթ չթվալ։
Սամսոնը, տեսնելով կնոջ մեջ այս արմատական առաջադիմությունը, ավելի ու ավելի էր սիրահարվում նրա վրա։ Նա՛, այդ հիսունչորս տարեկան մարդը, մինչև հիմա ըստ արժանվույն չէր գնահատել իրենից երեսուն տարով փոքր կողակցին և, կարծես, այժմ զգում էր իր սխալը։ Նա պարծենում էր մտքում Մելանիայի գեղեցկությամբ, սալոնական ձիրքով և վարվելու շնորհքով։ Նա ուրախ էր նրա երիտասարդությանը։ Սակայն, այն հանգամանքը, որ ինքն այդ կնոջից երեսուն տարով մեծ է, նրա մեջ հղացրեց մի նոր, տակավին անծանոթ, մի անտանելի զգացում։
Նա սկսեց խանդել։ Խանդել ավելի ու ավելի ենթարկվելով այն մտքին, որ վաղուց նրան պատճառում էր ծանր հոգս․․․
II
Իբրև զգաստ, խելացի և հեռատես մարդ, Սամսոնն իր կասկածները դեռ թաքցնում էր։ Եվ առիթ էլ չուներ խանդելու։ Գիտեր, որ խիստ անարդար կլինի, եթե բացարձակ հայտնի Մելանիային, թե վախենում է նրա այժմյան կենսասիրությունից։ Կար և մի ուրիշ հանգամանք, որ ստիպում էր նրան լռել, նա չէր ուզում նախանձամիտ ու կասկածոտ ասիացի համարվել ո՛չ կնոջ և ո՛չ մանավանդ օտարների աչքում։ Միևնույն ժամանակ չէր ուզում ցույց տալ, թե վստահ չէ սեփական ուժերին կամ կնոջ հավատարմությանը։
Եվ այսպես, նա լռում էր։ Բայց տանջվում էր, և այս տանջանքը, նոր միայն սկսված, արագ-արագ զարգանում էր։ Տեսնելով Մելանիայի հետզհետե թարմացող ու գեղեցկացող դեմքը՝ երբեմն երկյուղից ցնցվում էր։ Չէ՞ որ մի օր, վերջապես, այդ նորաբաց ծաղիկը կարող է երեսովը տալ նրա տարիքը։ Մի՞թե կարելի է բնությունը բռնաբարել շարունակ և մնալ անպատիժ, բոլորովին անպատիժ։
Երբ նա անխոհեմաբար, կուշտ ճաշից հետո, սեղանատանը կամ ննջարանում (մանավանդ այստեղ) գրկում էր Մելանիային, այնպիսի մի ցնցում էր արտահայտում երիտասարդ կնոջ կրակոտ մարմինը, որ Սամսոնը ուղղակի սարսափում էր։ Այնպես, որպես մարդ կարող էր սարսափել, եթե ձեռը վերցնի մի գեղեցիկ իր և հանկարծ զգա, որ նա լեցուն է դինամիտով։ Այդ սիրուն աչքերի այրող շողերը բորբոքում էին նրա հնացած արյունը, բայց և ասեղների պես ցցվում նրա սրտի մեջ։ Այդ կարմրախայտ հյութալի շրթունքների ու նուրբ պնչերի դողոցը շարժում էր նրա մաշված կիրքը, բայց և ցավ պատճառում նրա ուղեղին։ Այդ կլորիկ ու գեղակազմ կրծքի բաբախումը հրահրում էր նրան, բայց և սարսուռ ազդում նրա մարմնին։ Այո՛, Մելանիան բոլորովին նախկին Մելանիտն չէ, այն, ինչ որ էր ընդամենը կես տարի առաջ։ Նա վառվել է ինքն իր մեջ և այրվում է ինքն իր հրով։
Ա՜խ, եթե Սամսոնը երեսունհինգ տարեկան լիներ: Ի՞նչ օգուտ, որ տակավին առողջ է ու թարմ՝ իր տարիքի համեմատ։ Ի՞նչ օգուտ, որ այսօր էլ դեռ երակների մեջ զգում է երիտասարդական արյուն։ Այնուամենայնիվ նա ծեր է և միայն ինքն է զգում, թե որքան ծեր է... Նա հիսունչորս տարեկան է, և հենց այն միտքը, թե երեսուն տարով մեծ է կնոջից, կարող է թունավորել Մելանիայի կյանքը։
Մի անգամ միջօրեին, նախաճաշից հետո, երբ գինին փոքր-ինչ ներգործել էր Սամսոնի վրա, հանկարծ պատանեկական աշխույժով փաթաթվեց Մելանիայի պարանոցին և սկսեց անվերջ համբուրել նրան։ Մելանիան ճիգն արավ և կարողացավ դուրս սլկվել նրա գրկից։ Սամսոնը աչքերը հառեց նրա երեսին։ Ա՜խ, որքա՜ն գեղեցիկ էր երիտասարդ կինը այդ պահին, ինչպե՞ս սազում էր նրան գարնանային թեթև հագուստը յուր բաց մանիշակի գույնով ու սպիտակ մետաքսյա դանթելներով։ Նրա դեմքի գծերն ավելի էին նրբացել։ Կանացի հրապույրը բուրում էր նրա ամբողջ կերպարանքից, որպես մի քաշող մագնիսական, մի արբեցուցիչ ուժ։
Սամսոնը չկարողացավ իրեն զսպել, նորից հարձակվեց մի քանի քայլ հեռու կանգնած Մելանիայի վրա։ Այս անգամ կինը ձեռները հորիզոնաձև տարածեց առաջ՝ պաշտպանվելու համար։ Նրա լայն թևերը հետ քաշվեցին. բացվեցին նրա փափուկ բազուկները մինչև արմունկները, և թարմ կաշվի նրբիկ սպիտակությունը ավելի գրգռեց Սամսոնին։ Սակայն, այն ի՞նչ անսովոր ժպիտ էր, որ սահեց Մելանիայի շրթունքներով, և ինչո՞ւ նրա աչքերը փակվեցին... կիրք էր արդյոք այդ, սառնություն, մի՛գուցե ատելություն, մի՛գուցե․․․
Սամսոնը մի քայլ հետ կանգնեց և հանկարծ հարցրեց.
— Մելա՛նիա, դու ինձ սիրո՞ւմ ես։
Նրա ձայնը դողաց։ Հարցը նոր էր, անսպասելի։ Վեց տարվա ընթացքում Սամսոնը երբեք մի այդպիսի հարց չէր տվել Մելանիային և այժմ տալիս էր, և այն էլ այնպիսի տարօրինակ եղանակով ու հուզված ձայնով։ Մելանիան ցնցվեց ու գունատվեց։ Նա չիմացավ ինչ պատասխանի, նա միայն անորոշ ժպտաց և հայացքը դարձրեց դեպի բակը։
— Սիրո՞ւմ ես ինձ,— կրկնեց նույն դողդոջուն ձայնը։
Նույն լռությունը։
Սամսոնը մոտեցավ Մելանիային, երկու ձեռով բռնեց նրա ձեռները ու նայելով աչքերին, ասաց.
— Համարձակվիր չսիրել, ատամներս ցույց կտամ։
Ասաց կես լուրջ և կես կատակի եղանակով, բայց ավելի կոշտ, քան մեղմ, ավելի իշխանական, քան բարեկամական տոնով։ Եվ իր խոսքերի մեջ ինքն էլ զգաց ինչ-որ չարագուշակ հնչյուն։
Հուզումը, մանավանդ զղջումը թաքցնելու համար, Սամսոնը դուրս գնաց սենյակից:
Մնալով մենակ՝ Մելանիան նստեց առաջին պատահած աթոռի վրա և ընկղմվեց մտախոհության մեջ։
«Սիրո՞ւմ ես ինձ», հնչում էր նրա ականջին։ Ի՞նչ պատասխաներ։ Միթե նա ինքը գիտե՞, սիրում է, թե չէ։ Նա միայն գիտե, որ Սամսոնը իր օրինական ամուսինն է — nւրիշ ոչինչ: Մի մարդ, որի հետ անխզելի կերպով կապված է մինչև մահ՝ սկսած տասնույոթ տարեկան հասակից։ Ծնողները նրան չստիպեցին գնալ այդ մարդուն, այլ «համոզեցին»։ Նրան բացատրեցին բոլոր հանգամանքները. և նա համաձայնվեց։ Նա հասկացավ, թե դառնալով Սամսոն Ֆրանգուլյանի կինը, պիտի բախտավորեցնի իր ծնողներին—այսքանն արդեն բավական էր։ Ոչինչ հակադրություն չէր զգում սեփական ճակատագրի և ծնողների կամ քույրերի ու եղբայրների բախտի մեջ։ Իր վիճակը ձուլված էր համարում նրանց վիճակի հետ։ Երջանիկ են, ինքն էլ երջանիկ կլինի․ անբախտ են, ինքն էլ կանբախտանա—ահա բոլորը։ Եվ եթե ասում են թե Սամսոն Ֆրանգուլյանի հետ անպատճառ բախտավոր կլինի, կնշանակե ճշմարիտ են ասում։ Ինչո՜ւ չգնար այդ մարդուն։ Կյանքը նրա համար մի անծանոթ աշխարհ էր, ինքը կանգնած նրա տակավին փակ դռների առջև։ Եթե սիրող ծնողները, բռնելով թևից, դպրոցական նստարանից նրան ուղղակի ամուսնական կյանքի մեջ մտցրին, միայն և մի միայն հավատալով և սիրելով նրանց՝ ընդունեց այս վիճակը։ Բայց ի՞նչ է եղել նրա ապրուստը այս վեց տարվա ընթացքում։ Այն, ինչ որ տվել են մի կողմից ամուսնու դիրքն ու հարստությունը, մյուս կողմից՝ մայրական բնազդական սերը դեպի իր զավակները։ Ի՞նչ է այժմ, այս րոպեին, կյանքը նրա համար։ Շքեղ տուալետներ, թանկագին ադամանդներ, ճոխ սեղան, նոր շրջան, պարեր, երգ, զվարճություն։
Այժմ նրան հարցնում են՝ «սիրո՞ւմ ես»։ Սիրո՞ւմ է, արդյոք։ Ո՞ւմ, Սամսոն Ֆրանգուլյանին, այդ... ծերունուն... այդ... Ի՞նչ պատասխաներ այդ մարդուն։ Մի՞թե ասեր, թե մի դառն գաղտնի կսկիծ մորմոքում է նրա սիրտը, երբ գգալով ինչ-որ ներքին անծանոթ հոգեկան պահանջ, մտածում է նաև ամուսնու մասին...
Փոքրիկ պարտիզում դայակի հետ խաղում էր երկու ու կես տարեկան Ժորժիկը։ Մելանիան դուրս եկավ սենյակից, մոտեցավ նրան, գրկեց ու համբուրեց անսովոր ջերմությամբ։ Նա հուզված էր և զգում էր, որ ձմեռվա արեգակի գոլ ճառագայթները իր երակների մեջ տարածում են ինչ-որ անսովոր ջերմություն, իսկ սիրտը ճնշվում է... հորդացող արյունից, հագուրդ չստացող կրքերից...
III
Մի օր, սովորական զբոսանքից տուն վերադառնալով, Մելանիան աղախնից լսեց, թե մի անծանոթ հյուր կա ամուսնու առանձնասենյակում։ Մի քանի րոպե անցած, երբ նա, հագուստը փոխելով, անցավ սեղանատուն նախաճաշ անելու, այնտեղ Սամսոնը շտապեց ներկայացնել հյուրին։ Դա Սամսոնի քրոջ մարդու եղբայրն էր, ազգանունը Փիրուզյան, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ։ Նա ոչ տգեղ էր, ոչ գեղեցիկ, ոչ գեր, ոչ նիհար, բայց առողջ դեմքով, ուրախ աչքերով։ Հագած էր սևագույն, երկայն «վիզիտկա», կլորակ փեշերով մոխրագույն վարտիք, ասեղնագործ շապիկ՝ բարձր օձիքով, որի ձյունային սպիտակությունը խիստ ներդաշնակում էր նրա դեմքի տակավին թարմ գույնին և փոքր-ինչ կարմրագույն ականջներին։
Սամսոնի բացատրությունից երևաց, որ Փիրուզյանը տասը տարի բացակա է եղել հայրենիքից, մեծ մասամբ ժամանակն անց է կացրել Պետերբուրգում։ Այնտեղ նա, «մի քանի հանգամանքների պատճառով» (Փիրուզյանը գլուխը թեքեց կրծքին, արտասանելով. «երեխայություն»), ստիպված թողել է համալսարանը և մտել ծառայության ինչ-որ երկաթուղու վարչության մեջ։ Սամսոնը նրան շատ անգամ է հանդիպել մայրաքաղաքում և հավանել է ու սիրել նրան։ Հույսով է, որ Մելանիան էլ կհավանի, երբ կճանաչի։
Հայտնվեց, որ Փիրուզյանը պաշտոնը թողել է և մտադիր է հաստատվել Կովկասում։
— Ուզում է Բաքու գնալ, ես խորհուրդ չեմ տալիս,— ասաց Սամսոնը,— տասը տարի Պետերբուրգում ապրելուց հետո, մարդ չի կարող այդ քամու ու փոշու մեջ ապրել։
Փիրուզյանն ասաց, թե մայրաքաղաքի կյանքը ձանձրացրել է իրան, թե ժամանակ է հիմա լուրջ գործով զբաղվելու, թե վճռել է հարստանալ և ուզում է նավթային արդյունաբերությունը «ուսումնասիրել»։ Մելանիան հետաքրքրվեց նրա անցյալով իբրև ազգականուհի, և Փիրուզյանը սկսեց հաճույքով պատմել մայրաքաղաքի թատրոնների, ցիրկերի, էլեկտրական կառքերի, ձիարշավների մասին։ Նա առանձին աշխույժով խոսում էր վելոսիպեդիստների մասին, ինքը ճարպիկ վելոսիպեդիստ լինելով։
Երբեմն նրա հայացքը կանգ էր առնում Մելանիայի գեղեցիկ դեմքի վրա։ Դիտող մարդը կարող էր նրա աչքերի մեջ կարդալ ինչ-որ ներքին գոհունակություն։ Թվում էր, որ նա հիացած էր իր ազգականի կնոջ սիրունությամբ և, միևնույն ժամանակ ուրախ է, տեսնելով մարդու ու կնոջ հասակների մեջ ահագին տարբերություն։ Իսկ Մելանիան սեղանի քով ուշադիր էր դեպի հյուրը իբրև բարեբարո տանտիկին. այսքանը միայն։ Բայց այսօր առաջին անգամ լուրջ համեմատում էր Սամսոնին մի nւրիշ տղամարդի հետ և... հազիվ կարողանում զսպել հառաչանքը։ Որքա՜ն Փիրուզյանը նսեմացնում էր իր ներկայությամբ Սամսոնին։ Մեկից բուրում է առնական ուժը իր բոլոր եռանդով, մյուսի մեջ կյանքն արդեն անցել էր իր վառվռուն շրջանը, և անցել վաղո՜ւց։ Գուցե Փիրուզյանը, Սամսոնի տարիքին հասնելով, կրկնակի ծերանա, բայց այժմ նա ունի մի հրապույր, որից առմիշտ զրկվել է Սամսոնը։
«Քսանութ տարի՜, տեր աստված», մտածեց Մելանիան, շրթունքները սեղմելով ատամների տակ։ Այս արդեն չափից դուրս է, այս արդեն դեմ է բնության բոլոր օրենքներին, և միայն Մելանիան է զգում, թե ո՛րքան դեմ է... Գարնան մոտենալով՝ Մելանիան օրեցօր դառնում Էր մտախոհ ու լուրջ։ Այժմ նա այլևս չէր հետաքրքրվում սալոնային կյանքով։ Նա նույնիսկ ձանձրացել էր այդ արիստոկրատիկ համարված շրջաձևի կեղծ ու պատիր կանոններից ու հիասթափվել է ինչպես մի երեխա արդեն ծանոթ խաղալիքի վերաբերմամբ։
Նա նկատելու չափ գունատվել էր, բայց աչքերի հուրը քանի գնում սաստկանում էր։ Նա խոսում էր սակավ, աշխատում էր Սամսոնի հետ երես առ երես չմնալ, փախչում էր, որքան կարող էր, նրա գգվանքներից, մանավանդ հանբույրներից։ Նա ավելի ու ավելի ամփոփվում էր ինքն իր մեջ։
Շաբաթը երկու անգամ նա Փիրուզյանին հյուր է ընդունում և ճաշին՝ պահում — Սամսոնի ցանկությամբ։ Վարվում էր նրա հետ իբրև ազգական, պարզ, համարձակ, բայց առանց որևէ մտերմության, միշտ պահելով իր և նրա մեջ որոշ չափի տարածություն։ Նրա մեջ կատարվում էին զարմանալի փոփոխություններ։ Դեռ մի տարի առաջ մի հասարակ կին էր, գրեթե մեկն իր նախկին՝ շրջանի կիսաթմրած է ակներից։ Տեղափոխվելով ուրիշ քաղաք, հանկարծ փոխվեց նոր կյանքի ասպարիզում, դարձավ սալոնային կին։ Այժմ նա լրջամիտ էր և մտախոհ, որպես թե նրա գլուխը լեցուն էր համամարդկային հոգսերով։
Եվ այսքան փոփոխություններ ընդամենը մի տարվա ընթացքում:
Սամսոնը ուրախ էր նրա այս վերջին տրամադրությանը, ավելի, քան արիստոկրատիկ ձգտումներին։ Բայց նա չգիտեր, որ հանգստությունն արտաքին է, որ Մելանիայի մեջ տեղի ունի ինչ-որ փոթորիկ և նրա արյունը ավելի ու ավելի է բորբոքվում, չնայելով ճակատի մռայլին, երեսի գունատությանը։
Մի անգամ Սամսոնը տուն վերադառնալով, անմիջապես անցավ ննջարանը երբ աղախնից իմացավ, որ Մելանիան այնտեղ է։ Բաց անելով դռները, նա բևեռվեց շեմքի վրա։ Նա հանդիպեց մի անսովոր, չտեսնված տեսարանի։ Քանի մի քայլ հեռու, շքեղ տրյումոյի առջև, կանգնած էր Մելանիան՝ կիսամերկ, ոտաբոբիկ։ Նա դիտում էր իրան ոտից մինչև գլուխ։ Նրա բաց կուրծքը, սպիտակ ուսերը նկարվել էին արեգակի ջերմ շողերով ողողված սենյակի մեջտեղում որպես մի կլասիկական արձան, որպես մեկը Քանովայի ախտաբորբոք ձեռակերտներից։ Միայն կենդանի, շարժական արձան, որ շուրջը տարածում էր հեշտանքի կիզիչ շողեր։ Եվ այս շողերի մեջ նա լողում էր ինչպես մարմնացած կիրք։ Բայց որպիսի քնքուշ, արբեցուցիչ ու կորուսիչ կիրք իր կանացի ամոթխածության մեջ իսկ։
Արյունը խփեց Սամսոնի գլխին, աչքերը մթնեցին։ Նա կամացուկ, ոտների ծայրերի վրա, մոտեցավ հետևից։ Նա ուզում էր զրկել այդ կիսամերկ մարմինը, որ իրան և միմիայն իրան էր պատկանում, և խեղդել իր գրկի մեջ կրքերի բուռն թափով։ Մելանիան երեսը հետ դարձրեց մի քայլ հեռու կանգնեց՝ առանց մազի չափ շփոթվելու։
Ի՞նչ ես անում այդ,— գոչեց Սամսոնը, բարկացած ձևանալով։
— Հանում եմ ինձանով,— պատասխանեց Մելանիան, կարծես մարդուն ավելի գրգռելու համար։
— Մելա՛նիտ, ի՞նչ է պատահել քեզ։ Դու շատ ես փոխվել, դու այդպիսի կին չէիր։
Մելանիան սկսեց լուռ հագնվել։ Հագուստը սփռվել էր հատակի վրա անկարգ, որպես անփույթ դերասանուհու զգեստները թատրոնական հանդերձարանում:
— Մելա՛նիա, այդ քեզ իսկի չի սազում։
— Ինչո՞ւ։
— Դու հայ կին ես։
— Հայ կինը արյուն չունի՞— պատասխանեց Մելանիան, հեգնարար ժպտալով։
— Արյո՞ւն,— կրկնեց Սամսոնը, այս մի հատիկ բառի մեջ զգալով ինչ-որ չար և սոսկալի իմաստ։
— Արյո՛ւն, այո՛, արյո՜ւն։
— Բայց գիտե՞ս ովքեր ունին այդպիսի արյուն։
— Կոկետուհիները,— լրացրեց Մելանիան անփույթ եղանակով, ժողովելով ուսերին սփռված խիտ մազերը։
Սամսոնը կաշկանդվեց նրա համարձակությունից։
Մելանիան, թեքվելով, որ անկողնակալի տակից դուրս բերի հողաթափերը, ավելացրեց․
— Ուրիշներն անում են տղամարդի համար, ես անում եմ ինձ համար: Կարծեմ, մի մեծ մեղք չէ։
— Մելա՛նիա, այդ... անամոթություն է...
Մի բարձր արծաթահնչյուն կծու ծիծաղ տարածվեց փափուկ գարնանային մթնոլորտի մեջ, որպես ծիծեռնակի ծլվլոցը։
— Անամոթությո՜ւն... որ այդպես է, ինչո՞ւ էիր ուզում գրկել ու համբուրել։ Գրավիչ էի, աո՞։ Հասկանում եմ. չէ՞ որ երիտասարդ եմ, գեղեցիկ, թարմ, և դու... ուզում էիր տիրանալ... Ցտեսություն...
Նա հանդարտ քայլերով դուրս գնաց, թեթևակի բարձրացնելով հագուստի փեշը հետևից։
Սամսոնը, ապշած նայեց նրա հետեից։ Այդ կնոջ հողաթափերն անգամ տարածում էին ախտաշարժ ոգի փափուկ գորգի վրա...
«Նա ինձ ատում է»,— ասաց Սամսոնը ինքն իրան վճռաբար։
Նայեց անգիտակցաբար հայելուն և սարսափեց։ Ողորմա՛ծ աստված, այդ կնոջ համեմատ նա ոչ միայն ծեր է, այլև զառամյալ: Նրա ճաղատ գլուխը, արագ-արագ ճերմակող ընթացքը, թուլացած ուսերը, խոր ընկած այտերը, բոլո՜րը, բոլորը արդեն սկսել են արտահայտել կենդանի մահացում։ Զգո՞ւմ է արդյոք յուր երակների մեջ երիտասարդական արյուն, ինչպես կարծում էր։ Ո՛չ, այս սուտ է, ինքնախաբեություն։ Նա չի՛ կարող անողոք ժամանակի առաջն առնել: Ի՞նչ օգուտ կրքից, երբ...
Ա՜խ, խլեցե՛ք նրանից հարստության կեսը, միայն թե պակասեցրեք նրա տարիքն ևս կիսով չափ։ Տվե՛ք նրան կյանք. որովհետև նա սիրում է Մելանիային և ուզում է նրանից սիրված լինել, որովհետև ուզում է ապրել բառի ընդարձակ մտքով։
«Միթե հայ կինը արյուն չուն՞»,— հնչում էին չարագուշակ բառերը Սամսոնի ականջներում։
IV
Ամառվա սկզբին Մելանիան տեղափոխվեց ամառանոց։ Նա չկարողացավ այդ տարի արտասահման գնալ, որովհետև Սամսոնը զբաղված էր։ Քաղաքի մի լավ փողոցում կառուցանել էր տալիս սեփական տուն և ուզում էր մինչև վերջը անձամբ հետևել շինությանը։
Շաբաթը մի անգամ Սամսոնը գնում էր ամառանոց և կիրակի օրերն անցկացնում ընտանիքի մոտ։ Երբեմն իր հետ տանում էր Փիրուզյանին։ Մելանիան այժմ այլևս մի առանձին ուշադրություն չէր ցույց տալիս հյուրին, միայն նուրբ աչքը կարող էր նկատել, որ երբ տեսնում էր նրան, առաջին վայրկյան աչքերը շողշողում էին տարօրինակ։ Բայց միայն մի վայրկյան, այնուհետև դեմքը սքողվում էր այն նուրբ քողով, որ քանի գնում, անթափանցելի էր դառնում։
Սամսոնը չէր նկատում այդ վայրկենական փոփոխությունը, և չէր էլ կարող նկատել։ Ազգակցական կապի մասին նրա գաղափարն այնքան մաքուր էր, որ մտքովն անգամ չէր անցնում, թե Փիրուզյանը կարող է իր կնոջ վրա վատ աչքով նայել։ Վերջապես Մելանիան այնքան քիչ էր հետաքրրքրվում Փիրուզյանով, որ Սամսոնը երբեմն մտքում բարկանում էր նրա վրա։ Ի՛նչպես կարելի է սառն վերաբերվել դեպի մի ազգական, որ ներս է մտնում թե չէ, իսկույն գրկում է Ժորժիկին, ուսերի վբա բարձրացնում և ամբողջ ժամանակ նրան բաց չի թողնում ձեռներից։
— Մելա՛նիա,— դարձավ նա մի օր կնոջը,— դու քանի գնում, վատ ես վարվում Արտյուրի հետ։ Չե՞ս հավանում։
— Ի՛նչ հավանելու կամ չհավանելու բան կա. հարյուր ազգական ունիս, նա էլ նրանցից մեկը։
— Բայց դու իմ ո՛չ մի ազգականի հետ այդպես սառը չես վարվել։
— Չարժե այդ մասին խոսել, լա՜վ։
Մելանիան գրկեց Ժորժիկին և դրեց ծնկների վրա։ Բաց արավ գունազարդ պատկերների մի ժոդովածու (Փիրուզյանն էր նվիրել Ժորժիկին) բռնեց փոքրիկ մատիկը և շրջեցնելով պատկերների տակ, կարդում էր զանազան կենդանիների անուններ:
Սամսոնը զգացվեց ընտանեկան տեսարանից:
— Հանաքը մի կողմ,— ասաց նա,— շուտով Ժորժիկը կարող է այբուբեն սովորել։
— Շուտո՜վ,— կրկնեց Մելանիան, դառը քմծիծաղ տալով,— ո՛չ, դու դեռ շա՜տ պիտի սպասես։
Սամսոնը չըմբռնեց այս խոսքի մեջ թաքնված հեգնանքը։
— Կսպասեմ,— ասաց նա ժպտալով։
Մի օր, երբ նա ամառանոց եկավ մենակ, Մելանիան հարցրեց.
— Ինչո՞ւ ազգականիդ չբերեցիր։
— Չուզեց գալ։
— Ինչո՞ւ։
— Է՜, երևի, հասկացել է, որ դու չես սիրում իրեն։
Մելանիան շրթունքները թեթևակի կծեց։
— Եթե հասկացել է, շատ լավ է արել։
— Մելանիա՜,— արտասանեց Սամսոնը հանդիմանաբար։
— Նա ինձ բոլորովին դուր չի գալիս։ Այո՛, դուր չի գալիս, եթե ուզում ես ճշմարիտն իմանալ։
— Բայց լա՛վ չես անում։ Պետք է նրա հետ քիչ թե շատ քաղաքավարի վարվել, թե չէ քույրս կլսի, կվիրավորվի։
— Մի՞թե,— արտասանեց Մելանիան մտախոհ և անորոշ։
— Ես մյուս անգամ անպատճառ հետս կբերեմ նրան։
Մելանիան իսկույն չպատասխանեց, լռեց մի քանի վայրկյան և հետո ասաց.
— Դո՛ւ գիտես, ազգականը քոնն է...
Այդ օրը նա Սամսոնին թվաց սովորականից ավելի տխուր, գունատ, նույնիսկ նիհար։ Կարելի էր կարծել, թե ամառանոցի օդը լավ չի ներգործում նրա վրա։ Սամսոնը հարցրեց.
— Մելա՛նիա, դու առո՞ղջ ես...
— Ե՞ս,— կրկնեց Մելանիան,— ես բոլորովին առողջ եմ...
Եվ, կարծես, հանկարծակի մի բան հիշելով, նկատելու չափ գրգռված, ավելացրեց.
— Լա՛վ կանես, որ քո մասին մտածես։
— Ինչո՞ւ, ես է՞լ բոլորովին առողջ չեմ:
— Դո՞ւ... այո... առողջ չես...
Սամսոնը զարմացած նայեց կնոջ երեսին։
— Մելա՛նիա, ի՛նչ ես ուզում ասել։ Ես առողջ եմ և միշտ էլ առողջ եմ եղել։
— Է՜հ ավելի լավ, շատ ուրախ եմ։
— Այդ ի՞նչ տեսակ ես խոսում, Մելա՛նիա։ Ասա՛։
— Ասե՞մ,— կրկնեց Մելանիան՝ հանկարծ մի համարձակ հայացք ձգելով ամուսնու աչքերի մեջ։
— Ասա՛։
— Դու պահանջո՞ւմ ես։
Մելանիան, գլուխը թեքելով կրծքին, սկսեց մատներով նյարդային արագությամբ պտտեցնել սեղանի վրա դրած ծխախոտատուփը։
— Բայց ավելի լավ է չխոսել այդ մասին,— ասաց նա վերջապես, տուփը սեղանին զարկելով և ոտքի կանգնեց։
Սամսոնը քանի գնում, ավելի ու ավելի էր հետաքրքրվում։
Կնոջ խոսքերի մեջ զգում էր մի հետին թունալի միտք, մի միտք, որ անշուշտ վաղուց է Մելանիային զբաղեցնում։ Նա ինքն այդ միտքը բացատրեց այլ կերպ։
— Մելա՛նփա, եթե չես ասիլ, կնեղանամ։
— Էհ, շա՛տ լավ, որ ստիպում ես կասեմ։ Դու հիվանդ ես։
Մի վայրկյան Սամսոնը կարծեց, թե կինը կատակ է անում, թեև սպասում էր լսել նրանից հենց այդ պատասխանը։
— Ես հիվա՞նդ եմ, ե՞ս, — գոչեց նա ծիծաղելով։
Եվ նրա ծիծաղը հնչեց այնքան թառամ, այնքան ծերունական, որ Մելանիան ակամա ցնցվեց։
— Ես հիվա՞նդ եմ. ե՞ս,— կրկնեց Սամսոնը այս անգամ լուրջ,— ասա՛, ինչո՞վ։
— Թո՛ղ, ի սեր աստծու...
— Հիմա չեմ թողնիլ, մինչև որ բոլորը չասես։ Տեսնում եմ, դու իմ մասին վատ կասկած ունիս։ Դու ինձ զրպարտում ես. գիտե՞ս, զրպարտում ես... ես կյանքումս հիվանդ չեմ եղել...
— Այո... կարելի է... բայց ես այդ չէի ուզում ասել...
— Ուրեմն ի՞նչ, ասա՛ ի՞նչ է իմ հիվանդությունը...
Մելանիան գլուխը հանդարտ բարձրացրեց, ուղիղ նայեց ամուսնու երեսին և արտասանեց.
— Ծերությունը...
Որրա՜ն վիշտ, որքան կծու հեգնանք կար այս մի հատ բառի մեջ։ Վիշտ՝ Մելանիայի, հեգնանք՝ Սամսոնի համար։ Եվ մի վայրկյանում հիսունչորս տարեկան մարդը ծերացավ ամբողջ տասը տարով։
Ահա՜ այն վայրկյանը, որին վերջին ժամանակ սպասում էր ամեն օր, ամեն ժամ, և սպասում ներքին սարսափով։
— Ես ծե՞ր եմ,— կրկնեց նա անեռանդ ձայնով և մի տեսակ հուսահատությամբ։
— Այո՛, դու ծեր ես, միթե չգիտեի՞ր։
Սամսոնը թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։
Մելանիան կամացուկ դուրս գնաց սենյակից...
V
Անգո՜ւթ կին. նա չկամեցավ գեթ սակավ ինչ մեղմացնել յուր անողոք խոսքերի ուժը:
Մեղմացնե՞լ, բայց ինչո՞ւ. միթե նա սո՞ւտ ասաց կամ զրպարտեց: Նա ասաց ա՛յն, ինչ որ ծանրացել էր իր սրտի վրա, այն, ինչ որ ճնշում էր հոգին, թունավորում կյանքը. ասաց զուտ ճշմարտությունը։ Սակայն ի՞նչ. թեթևացա՞վ նրա հոգին։ Օ՜, ոչ, ընդհակառակը, այժմ նա ավելի է մտածում յուր ճակատագրի մասին, քան մտածել էր մինչև այդ պահ։
Տե՜ր աստված, ինչո՞ւ խաբվեց։ Մի՜թե նրա ծնողները կատարյալ բռնակալներ էին։ Բնա՛վ։ Նրան տրված էր որոշ չափով ազատություն, գոնե պայմանական ազատություն, որպիսին «ժամանակակից» ծնողները տալիս են օրիորդներին։ Նախ նրան ծանոթացրին Սամսոն Ֆրանգուլյանի հետ, թույլ տվեցին մի քանի անգամ հետը խոսել կլուբում, թատրոնում, հետո միայն սկսեցին «համոզել», այո, համոզել և ոչ թե հարկադրել: Եվ որպիսի՜ մեղմ եղանակով համոզեցին։ Նա կարող էր մերժել, եթե կամենար։ Ոչ ոք նրան զոռով չէր ամուսնացնիլ: Շա՜տ-շա՜տ, ծնողները մի փոքր կվշտանային, մի փոքր կնախատեին նրան, հետո... կլռեին։ Բայց նա չմերժեց. թո՛ղ ուրեմն այժմ կրի յուր սխալի հետևանքները։ Թող նա կենակցի մի մարդու հետ, որը երեսուն տարով մեծ է իրենից և որին չի սիրում։ Չի՞ սիրում։ Ոչ, այդ սխալ է, ուզում է սիրել և չի կարողանում։ Նա հարգում է այդ մարդուն, համարում է նրան արժանավոր ամուսին։ Ամուսին, որ սիրում է նրան ինչպես աստվածուհու, կատարում է նրա բոլոր ցանկությունները, բոլոր քմահաճույքները, ինչպես ստրուկ։
Բայց միթե այսքանը բավակա՞ն է։ Իսկ ո՞ւր թաքցնի Մելանիան նոր հղացած կյանքը, նրա բնական պահանջները, երիտասարդ սրտի ավյունը, որ այրում է նրան ամառային արեգակի ջերմության չափ, տարածվելով ամբողջ մարմնի մեջ, որպես հալած մետաղ։ Ինչպե՞ս զսպի սիրելու ջերմ փափագը։ Սիրելու ոչ թե մի ուժասպառ տղամարդի, այլ մի տաքարյուն երիտասարդի, որ կարողանար հագուրդ տալ նրա բոլոր զգացումներին, որ նրա չափ օժտված լիներ կենսասիրական հրով։ Բռնությո՜ւն, կատարյա՛լ բռնություն։ Նա ինքը դեռ քսանուչորս տարեկան չկա, դեռ նոր-նոր է հասկանում, թե կինը նախ և առաջ ինչու համար է ստեղծված։ Եվ ստիպված է գրկել ու համբուրել, կամ գրկվել և համբուրվել մի հնոտիի հետ։ Եվ դեռ Մելանիային նախանձող կանայք կան։
Օգոստոսի վերջին Մելանիան վերադարձավ քաղաք։
Սեփական տունն արդեն պատրաստ էր. Սամսոնն ընտանիքն ուղղակի այնտեղ տեղափոխեց։
Խե՜ղճ մարդ. որքա՜ն էր աշխատել նոր կացարանին կարելույն չափ ճոխություն ու շուք տալու։ Շատ կահ-կարասի նոր էին բերել տրվել արտասահմանից, որովհետև հները չէին համապատասխանել սենյակների շքեղությանը։ Պատերը յուղաներկ ներկված, դռները թանկագին կարմիր փայտից, լուսամուտները շրջափակված ոսկեզօծ սյուների մեջ — ահա գլխավոր դահլիճը։ Հարկավ, մնացյալ սենյակներն էլ համապատասխան շուք ունեին։ Ախոռատանը խրխնջում էին մի զույգ նոր ձիեր, այս անգամ մոխրագույն, պոչերը կտրած։ Գլխավոր մուտքի մոտ կանգնած էր պարթևահասակ շվեյցարը, իսկ մարմարիոնյա սանդուղքը գարգարված էր գեղեցիկ արձաններով ու թանկագին տրոպիկական բույսերով։
Եվ այս բոլորը Մելանիայի, միա՛յն Մելանիայի հաճույքի համար, այնքան էր սիրում նրան Սամսոնը։ Այնինչ ինքը՝ Սամսոնը, որքա՜ն փոխվել էր այս վերջիս։ Երկու շաբաթվա ընթացքում։ Ոչ միայն նիհարել էր, այլև ավելի ծերացել, այլև մեջքից բավական կորացել։ Այժմ նա լուռ էր, որպես անշարժ ջուր։ Մի միտք արճիճի պես ծանրացել էր նրա հոգու վրա։ Այդ նույն միտքն էր, որ վերջին տարիները հալածում էր նրան և որից այժմ ազատվելու հնար չէր գտնում...
Քաղաք բերելով Մելանիային, նա հարցրեց՝ արդյոք առաջիկա սեզոնին ինչպե՞ս է կամենում կարգադրել կյանքը։ Պիտի անցյալ ձմեռվա պես դռներր բա՞ց անի բազմաթիվ ու բազմատեսակ ծանոթների առջև, թե՞ ուզում է ուրիշ կերպ ապրել։
Մելանիան հիացած էր նոր բնակարանով ու նոր կահ-կարասիով, բայց ոչ այնպես, ինչպես մի տարի առաջ էր հիանում ամեն մի շքեղությամբ։
Նա պատասխանեց — վճռել եմ այսուհետև ուրիշ կերպ ապրել։
— Ի՞նչպես։
— Ուզում եմ հասարակական գործերով զբաղվել։ Իրավունք կտա՞ս:
— Արա՛, ինչ որ սիրտդ ուզում է, միայն թե չտխրես։ Ես չեմ սիրում քեզ տխուր տեսնել։
Այս բոլորովին անկեղծ էր. Սամսոնը չէր կամենալ Մելանիային տխուր տեսնել կամ, ավելի ճիշտ, վախենում էր նրա տխրությունից։ Բարվոք կհամարեր նրան տեսնել գործերով զբաղված, քան ինքն յուր մեջ ամփոփված։ Պարապությունը, նրա կարծիքով, կարող էր երիտասարդ կնոջը տանել դեպի ո՛վ գիտե ինչ վտանգավոր մտքեր...
Մելանիան սկսեց զբաղվել հասարակական գործերով: Ոսկի բանալիով բաց արավ յուր առջև բոլոր այն հիմնարկությունների դռները, ուր միայն կարող է մուտք ունենալ կինը։ Սամսոնը զոհեց մի խոշոր գումար, Մելանիան ընդունվեց օրիորդական գիմնազիոնի պատվավոր հոգաբարձու։ Քանի մի ուրիշ նվերներ երիտասարդ կնոջը իրավունք տվեցին այս կամ այն բարեգործական ընկերության խորհրդի անդամ ընտրվել: Այս բոլորը շոյում էր Մելանիայի սնափառությունը և շարժում շատերի նախանձը: Սկսեցին նրան բամբասել, անվանել Parvenue, չարախոսել նրա ո՛չ միայն գործունեությունը, այլև անձը, վերագրելով նրան հազար ու մի վատ ձգտումներ: Իսկ նա ոչ ոքի վրա ուշ չէր դարձնում։ Նա խելոք էր և ոչ զուրկ տաքտից, գիտեր և՛ արհամարհել մարդկանց, և՛ փակել նրանց բերանը յուր սիրալիր վարմունքով։ Մեկին հաղթում էր յուր ճաշակով ու ընթրիքներով, մյուսին զբոսանքի համար առաջարկելով յուր շքեղ կառքը, երրորդին ուղղակի այցելություն անելով և այլն:
Օրը մինչև երեկո զրաղված էր։ Գրում էր նամակներ, ցրում էր այս կամ այն բարեգործական երեկույթի տոմսակները, պատվերներ էր տալիս, պատվերներ կատարում և հոգնում: Մոռանո՞ւմ էր յուր վիճակը. այսինքն ա՛յն, ինչի պատճառով իսկապես զբաղվում էր հասարակական գործերով։— Ո՛չ. նա խաբում էր ինքն իրան։ Բայց ջանք էր անում մոռանալ։ Ավելի, նա անկեղծ ցանկանում էր սիրել Սամսոնին: Այս նպատակով բռնաբարում էր ինքն իրան, խեղդում յուր մեջ շատ ապօրինի, վտանգավոր, բայց հաճելի զգացումներ։ Նա հեռու էր պահում իրան տղամարդկանց շրջանից, որպեսզի չվրդովի ոչ յուր և ոչ Սամսոնի արյունը: Իսկ կանայք առաջվա պես վայելում էին նրա ընդարձակ հյուրասիրությունը:
Սամսոնրը ոչ մի նկատողություն չէր անում նրան այս կամ այն քայլի մասին և միշտ կրկնում էր.
— Արա՛, ինչ որ քեֆդ է։
Բայց այս խոնարհության մեջ Մելանիան ակամա զգում էր ինչ-որ վատ բան. ինչո՞ւ—ինքն էլ չգիտեր։ Մի օր նա հարցրեց ամուսնուն։
— Դու բարկանո՞ւմ ես ինձ վրա։
— Ո՞վ ասաց։
— Ինձ այնպես է թվում։
— Իզուր։ Ես քեզ ոչինչ, ոչինչ չեմ արգելում, արա՛, ինչ որ քեֆդ է։
— Դու ունիս իրավունք արգելելու։
— Ունի՛մ, բայց չեմ արգելում։
— Իսկ ես ուզում եմ, որ դու ինձ շատ էլ ազատություն չտաս։
— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց Սամսոնը,— դու մի՛ կարծիր, թե ես քո ազատությունից վախենում եմ։ Ոչ, ես վախկոտ չեմ։
Նա խոր նայեց կնոջ աչքերին։ Մելանիան գլուխը թեքեց կրծքին, մի քիչ կարմրելով։ Խոսակցությունը սրանով էլ վերջացավ։
VI
Փիրուզյանը հաճախ այցելում էր Սամսոն Ֆրանգուլյանին։ Նկատելով, որ ազգականը անգործ տխրում էր, հանդիմանում էր նրան, որ ահագին դրամագլուխը դրել է բանկ և ձեռները անշարժ նստել։ Ինչո՞ւ չի սկսում մի նոր ձեռնարկություն և իր կյանքի պակասը լրացնում։
— Ծերացել եմ,— պատասխանեց մի օր Սամսոնը կատակով, բայց ակամա հառաչելով,— եռանդ չունիմ նորից գործեր սկսելու։
— Ծերացե՞լ,— կրկնեց Փիրուզյանը,— դուք ձեզ ծե՞ր եք համարում։ Դուք ինձանից երիտասարդ եք։
— Քսաներկու տարով ձեզանից մեծ եմ, գիտե՞ք՝ ինչ ասել է քսան երկու տարին մարդու կյանքում։
— Տարիքը դատարկ բան է, գլխավորը մարդու ուժերն են ու սիրտը։
Նա շատ լավ գիտեր, թե որքան կործանիչ է ժամանակի ուժը, թե որքան մարդիկ խաբում են իրենց, երբ ասում են. «թե ես տարիքով ծեր եմ, բայց սրտովդ հոգով ու ուժով երիտասարդ եմ»։ Սակայն խորամանկ էր, ճանաչել էր ազգականի թույլ երակը և աշխատրում էր շոյել նրան։ Ահա ինչու Սամսոնը իսկապես սիրում էր նրան։ Այդ երիտասարդի մոտ նա էլ չէր զգում յուր ծերությունը։
Ամեն կիրակի, երբեմն նաև շաբաթամիջին, Փիրուզյանը ճաշում էր Ֆրանգուլյանի տանը։ Գալիս էր ճաշից շատ առաջ և հեռանում ճաշից շատ հետո։ Երբեմն Մելանիային հանդիպում էր տանը մենակ, և միշտ ազգականի պարզ հարգանքով էր վերաբերվում դեպի նա։ Այնինչ, Մելանիան շարունակ ցույց էր տալիս անտարբերություն, երբեմն նույնիսկ սառնություն։ Միևնույն ժամանակ, այլևս Սամսոնի հետ չէր խոսում Փիրուզյանի մասին։ Կարծես, նրա համար միևնույն է. կա՞ այդ մարդը, թե՛ չէ։ Բայց և այնպես, այժմ էլ նա երբեմն մտքում համեմատում էր Սամսոնի հետ և միշտ մտածում. ինչո՞ւ Սամսոնը նրա հասակի չէ։ Ա՜խ, այն ժամանակ Մելանիան երջանիկ կլիներ։ Իսկ այժմ նրա արյունը չի հուզվում Սամսոնի մերձավորությունից և այս կատաղեցնում է նրան: Մինդեռ հուզվում է, երբ մի վայրկյան ազատություն է տալիս իրեն և դիտում Փիրուզյանի առնական ուժով տոգորված դեմքը, նրա աչքերի երիտասարդական փայլը։
Մի օր Փիրուզյանը եկավ ա՛յն միջոցին, երբ Սամսոնը տանը չէր և շուտ էլ չպիտի վերադառնար։ Մելանիան ընդունեց նրան ամուսնու կաբինետում և ընդունեց ավելի սառը, քան ամուսնու ներկայությամբ։
— Սամսոնը տանը չէ,— շտապեց ասել նա:
— Ափսո՜ս,— արտասանեց Փիրուզյանը և խոր հայացքով նայեց Մելանիայի աչքերին։
Այդ հայացքը թե՛ բարկացրեց և թե շփոթեցրեց Մելանիային:
— Գո՞րծ ունեիք հետը,— հարցրեց նա։
— Այո՛։
— Այսօր շատ ուշ կգա տուն։ Ճաշի է հրավիրված։
Նա կամենում էր հյուրին ճանապարհ դնել, բայց հյուրը նրա ձեռքի թեթև շարժումից օգտվելով, նստեց Սամսոնի գրասեղանի քով։ Նա միանգամայն կատաղեցնում էր Մելանիային իր երեսի թարմ գույնով, իր աշխույժ ձևերով, այն մարմնավոր ուժով, որ արտահայտվում է երեսունչորս տարեկան տղամարդի յուրաքանչյուր շարժմամբ։
— Դուք ինձ ներեցե՛ք, ես ձեզ կթողնեմ մենակ, հյուրասենյակում ինձ սպասում է որբախնամ ընկերության վարչության նախագահը։
— Խնդրե՛մ, խնդրե՛մ,— չշփոթվեց Փիրուզյանը,— գնացեք, զբաղվեցե՜ք բարի գործերով, իսկ ինձ թույլ տվեք մի փոքրիկ նամակ գրել Սամսոն Պետրովիչին։ Գործը շատ կարևոր է, հետաձգել չի կարելի։
Մելանիան հեռացավ։ Հյուրը մնաց մենակ։ Վերցրեց մի թերթ փոստի թուղթ և գրիչ: Գրեց մի քանի տող, հետո գրիչը ցած դրեց և, թիկն տալով բազկաթոռին, ընկավ մտածմունքի մեջ։
Արդեն մի քանի ամիս էր, նրա միտքը զբաղված էր Մելանիայով։ Նա չափազանց հավանում էր երիտասարդ ազգականուհուն և հավանել էր հենց առաջին տեսնելով։ Նրա հաճախակի այցերի գաղտնի շարժառիթը տիկինն էր։ Նա չէր շփոթվում Մելանիայի սառն վարվողությունից, և չէր շփոթվիլ, եթե Մելանիան մինչև անգամ բոլորովին չխոսեր նրա հետ։ Տասը տարի պտտելով մայրաքաղաքի շրջաններում, բավական ուսումնասիրել էր գեղեցիկ կանանց հոգեբանությունը։ Իսկ այս հոգեբանությունը, նրա համոզմունքով, ամեն տեղ և բոլոր ազգերի կանանց մեջ միևնույնն էր։ Նա գիտեր, որ Մելանիայի անտարբերությունն արտաքին է, ստիպողական, որ մի երիտասարդ ու գեղեցիկ կին չի կարող մի այդպիսի թառամած ամուսնու մոտ ոչինչ չզգալ դեպի մի երիտասարդ տղամարդ, որքան ևս բարոյական ու առաքինի լինի։ Նա այս շատ լավ գիտեր, ուստի Մելանիայի սառնությունը չէր նրա մտատանջության պատճառը և ոչ էլ այն, որ Մելանիան նրա ազգականուհին էր։ Փիրուզյանը պատկանում էր ժամանակակից այն երիտասարդների շարքին, որոնց աշխարհայացքը զերծ է ազգակցական կամ բարեկամական կապերի «նախապաշարումներից»։ Սակայն Սամսոն Ֆրանգուլյանը լավ մարդ է— ահա գլխավորը։ Նա շատ է հավատում Փիրուզյանի ազնվությանը— ահա անտանելին:
Ի՞նչ անել, արհամարհե՞լ այդ մարդու հավատը, ոտնատա՞կ տա՞կ անել նրա պատիվը։ Օ, ո՛չ, այս արդեն ծայրահեղ ապականություն կլինի, անասնություն: Ուրեմն ի՜նչ անել, մոռանա՞լ Մելանիային։ Ո՛չ, արդեն այդ կինը շատ հրապուրիչ է, արդեն նա բավական խոր տեղ է բռնել Փիրուզյանի սրտում։ Մոռանալ անհնարին է։ Եվ ինչո՞ւ մոռանալ. միթե նա հիմա՞ր է, միթե չգիտե՞, որ ի՛նչ որ հաճելի է իրեն, հաճելի է և՛ Մելանիային, որ սիրուն տիկինը ուզում է զգալ ու ապրել, որ նա, իսկապես, ատում է իր կողակցին, թեև գուցե հարգում, որ նա շատ էլ նախապաշարված կին չէ, որ դարավերջի ապականությունը նրա հոգեկան աշխարհի վրա ունեցել է որոշ ներգործություն, որ վերջապես, ոչ մի կին, նույնիսկ հայ կինը, չի կարող տղամարդի մեջ չսիրել հանդգնություն աստված բանը, մանավանդ եթե տղամարդը երիտասարդ է և ոչ այնքան էլ տգեղ...
Վճռված է։ Աշխարհի երեսին ամեն ոք ունի իրավունք ապրելու, իսկ մի երիտասարդ կին ու մի երիտասարդ տղամարդ՝ նամանավանդ։ Եվ չկա օրենք, որ կարողանա խանգարել նրանց ապրելու։ Կյանքը բարձր է բարոյականությունից։ Ինքը, բարոյականություն ասված միտքը առաձգական է, նրա կանոնները փոխվում են ժամանակի ընթացքում։ Այժմ իսկ այդ կանոնները տարբեր են զանազան կլիմաների տակ, զանազան մարդկային համայնքների ու կրոնական համախմբերի մեջ։ Մի բան է միայն անփոփոխ — մարդկային սիրտը։ Անփոփոխ մի ձգտման մեջ — զգալ ու վառվել սեռային կրքով, քանի որ ընդունակ է վառվելու։ Լավ է առաքինի մարդ մնալը, բայց բնության ուժը անհաղթելի է կենդանի մարդու համար, նաև գերադասելի բարոյականությունից։ Հիմա՜ր մարդիկ, տեսե՛ք. դուք խոսում եք թռչունների մաքրության մասին, մի՞թե աղավնիներն այնչափ միամիտ են, ինչպես կարծում էր քրիստոսը։ Ո՞վ է ստեղծել ընկերական կյանքի կանոնները, այդ բարոյականություն կոչված անտեսանելի, անշոշափելի շինության հիմքը։— Մարդի՞կ, Էէ՜, ուրեմն մարդիկ չունի՞ն իրավունք քանդելու այն, ինչ որ ինքնըստինքյան խորտակվում է ժամանակի ավերիչ ուժից:
Մի ուիիշ խնդիր, որ Փիրուզյանին զբաղեցրեց, Սամսոն Ֆրանգուլյանի լավ մարդ լինելն էր։ Արդյոք, այս ճշմարի՞տ է, արդյոք, կարելի՞ է այդ մարդուն լավ համարել։ Ի՞նչ իրավունքով է նա տիրացել մի երիտասարդ կնոջ, եթե, իրավ, լավ մարդ է։ Նա՛, այդ քայքայված, հնամաշ միլիոները: Մի՞թե լավ մարդը փողով կգներ մի անփորձ էակի, մի դեռահաս աղջկա, գրեթե մի երեխայի բախտը, ճակատագիրը, կյանքը։ Օ՜о ոչ, հազար անգամ ոչ։ Բայց որ գնել է — թող կարողանա և պահպանել, ինչպես գիտե պահպանել իր միլիոնները։ Որ չի կարող պահպանել, թող տուժի, Մելանիան խաբված էակ է, այն ժամանակ, երբ որոշվել է նրա ճակատագիրը, կյանքի մասին ոչինչ և ոչինչ գաղափար չի ունեցել։ Այժմ է նրա մեջ զարթնել կյանքը, այժմ է սկսում եռալ նրա արյունը։ Եվ մի՞թե գարնան այս նոր-նոր բացվող ծաղիկը պիտի թողնել աշնան պաղ ձեռներում։ Ինչո՞ւ. ո՞վ է այն բռնակալը որ ժամանակի վրա անգամ տարածում է իր իշխանությունը։ Մի եսամոլ ծերունի իր միլիոններով հանդգնում է ոտնատակ անել բնության օրենքները։ Այդ զզվելի է...
Վճռված է Մելանիան բնական օրենքով այն մարդուն է պատկանում, ով գրգռել կարող է նրա կիրքը: Ով ուզում է, թող լինի այդ մարդը, ինքը Փիրուզյանը, թե մի ուրիշը։ Պետք է այս բանը հասկացնել երիտասարդ էակին և զգալ տալ նրան, թե կա մի մարդ որ գիտե ըմբռնել նրա գաղտնի վիշտը։
— Դուք վերջացրի՞ք ձեր նամակը,— լսվեց հանկարծ Մելանիայի ձայնը։
— Ես չգրեցի։
Մելանիան նստեց։ Նստեց նաև Փիրուզյանն անմիջապես:
VII
Ի՞նչ է նշանակում այս, Մելանիան անկեղծ ուզում է ազատվել այդ մարդուց, և խոսք չի գտնում նրան հեռացնելու։ Նա կաշկանդվեց հյուրի մի երկարատև նայվածքից, և գլուխը թեքեց կրծքին, թեթևակի կարմրելով։
Նա զգում է, որ արյունը երակների մեջ սկսում է հոսել առանձին ուժով և մարմնին պատճառել անսովոր ու ախորժելի դողոց։ Եվ այս է, որ կատաղեցնում է նրան։ Ոչ, ոչ, պիտի այդ մարդուն ուղղակի, թեկուզ անքաղաքավարի կերպով, ճանապարհ դնել։ Մելանիան ատում է նրան հոգու բոլոր ուժերով, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդու։ Այդ մարդու դեմքն արդեն արտահայտում է վատ բան, շա՛տ վատ բան։ Բայց ինչո՞ւ Մելանիան հենց այս րոպեին խղճում է Սամսոնին...
— Ուզում եմ Ժորժիկին կառքով մի քիչ զբոսեցնել, եղանակը լավ է,— փորձեց նա հասկացնել հյուրին, թե չպիտի երկար նստել։
— Ժորժիկը, ձեր որդին, о՜օ, շատ լավ երեխա է, առողջ, գեղեցիկ, և զարմանալի նման է հորը,— նկատեց Փիրուզյանը, անուշադիր թողնելով Մելանիայի բառերի բուն իմաստը։
Չէ՜, այդ մարդը միանգամայն հանդուգն է։ Սակայն նրա հանդգնության մեջ կա ինչ-որ քաշող ուժ։ Երբեք և ոչ ոք Մելանիայի վերաբերմամբ այդքան անքաղաքավարի չի եղել, ճիշտ է, բայց և երբեք և ոչ ոքի ներկայությունը այսքան չի կաշկանդել նրան։ Նա անկեղծ ուզում է փախչել այդ մարդուց և, միևնույն ժամանակ, մի անհաղթելի ուժից մղվում է դեպի նա։ Ի՞նչ ասել է այս։ Մի՞թե ատելի մարդը կարող է այսքան ձգողական ուժ ունենալ։
— Այսօր ուզում էի Սամսոն Պետրովիչի հետ խոսել մի շատ լուրջ գործի մասին,— ասաց Փիրուզյանը, շարունակելով իր խորհրդավոր հայացքի տակ այրել երիտասարդ կնոջը։
— Բանն այն է, որ Սամսոնը անգործ տխրում է, պետք է, որ նա որևէ նոր գործի ձեռնարկի։ Մի այդպիսի գործ կա, հենց այս մասին էի ուզում Սամսոնի անունով նամակ գրել ու թողնել նրա սեղանի վրա։ Կառավարությունը տալիս է մի ահագին անտառ, շահագործելու համար։ Մեծ գումար է հարկավոր, ամբողջ քաղաքում գուցե միայն Սամսոնը կարող է այդ կապալը վերցնել։ Բայց մեծ էլ օգուտ կարելի է ունենալ:
— Չգիտեմ, ես այդ տեսակ գործերից ոչինչ չեմ հասկանում,— արտասանեց Մելանիան, մի անգամ ևս փորձելով զգալ տալ հյուրին, թե չի ուզում երկարացնել։ Բայց հյուրը շտապեց օգտվել հենց այդ խոսքերից։ Նա ասաց.
— Օ՜օ, շա՜տ ուրախ եմ, որ չեք հասկանում։ Այդ պատիվ է բերում ձեր ճաշակին. կյանքը շատ տխուր կլիներ, եթե երիտասարդ ու գեղեցիկ կանայք էլ հետաքրքրվեին նյութականով։ Ապրել ու զվարճանալ — ահա ինչ է վայելում ձեր հասակին դիրքին, գեղեցկությանը։
Այս խոսքերը ներգործեցին Մելանիայի վրա։ Նա մինչև անգամ փափագեց լսել նրանց շարունակությունը։ Փիրուզյանը այս հասկացավ և շտապեց օգտվել հարմար րոպեից։ Կինը կյանքի ժպիտն է, պոեզիան։ Կինը, մանավանդ երիտասարդ ու գեղեցիկ կինը, տղամարդի աստվածուհին է։ Միթե վայե՞լ է աստվածուհուն նյութականով հետաքրքրվել։ Կինը մինչև անգամ չպիտի մտածի լուրջ բաների մասին, որովհետև մտածմունքը խորշեր է առաջացնում դեմքի վրա և ծերացնում է կնոջը։ Կինը միայն պիտի զգա, միայն պիտի սիրի ու սիրվի և միշտ ձգտի լիացում տալ իր զգացումներին...
Զգալ, լիացում տալ զգացումներին։ Մելանիան վախեցավ։ Փիրուզյանը խոսում էր նրա սրտի խորքից, նրա այժմյան տրամադրությունից։ Այլևս նա հաղթահարվեց, գոնե այնչափ, որ դադարեց մտածել հյուրից ազատվելու մասին։ Այժմ նա լսում էր նույնիսկ հետաքրքրությամբ, թեև մերթ ցնցվելով, մերթ անտարբեր ձևանալով, մերթ բարկանալով միմյանց հակասող, միմյանց ջնջող զգացումներից։
— Ես շատ ուրախ եմ,— շարունակեց Փիրուզյանը եռանդով,— որ դուք զբաղվում եք հասարակական գործերով։ Բայց, ներեցեք, ինձ թվում է, դուք այդ անում եք, ը՜ը՜ը՜, անում եք... ձեզ խաբելու համար...
— Ուրեմն դուք չե՞ք հավատում իմ անկեղծությանը—, գոչեց Մելանիան վիրավորված։
— Ո՛չ,— արտասանեց Փիրուզյանը համարձակ, մեղմիկ ժպտալով և նայեց խոսակցի բիբերին։
— Ի՞նչ իրավունքով։
Իրավունքի բան չկա, ճաշակի խնդիր է։ Նախ և առաջ` պիտի ասել, որ ես չեմ հավատում առհասարակ կանանց, մանավանդ երիտասարդ կանանց հասարակական գործունեությանը: Ես այստեղ ճանաչում եմ մի քանիսին, որոնք իրենց երեխաներին հանձնում են ծառաների հսկողությանը, իսկ իրանք օրը մինչև երեկո վազվզում են դեսուդեն մի ինչ-որ ձանձրալի պարահանդես կամ ավելի ձանձրալի ներկայացում սարքելու համար։ Նրանք երևակայում են, թե իրենք կազմում են հասարակական կյանքի առանցքը։ Օ՜օ, անկարելի է նրանց հետ վիճաբանել: Խոսում են հեղինակավոր եղանակով, քննադատում են այնպիսի բաներ, որոնց մասին հավի հասկացողություն ունին։ Այդ կանայք երջանիկ են իրենց իլյուզիայով և դժբախտ` կյանքի տեսակետից նայողի աչքում։ Իմ կարծիքով, նրանք ավելի հաճելի կլինեին, եթե սովորեին ճաշակով հագնվել ու ճաշակով սանրել իրենց մազերը։ Գալով ձեզ, պետք է ասել, որ դուք, տիկի՛ն, գործել չեք ուզում, այլ ինչպե՛ս ասեմ... զգալ ու ապրել... Դուք աշխատում եք միայն գործով թմրեցնել ձեր սրտում նոր վառված շատ բնական ու շատ ներելի զգացումները։ Հասկանում եք, կարծեմ, էհ, չի կարելի չասել, որ մի քիչ էլ սնափառ եք, ինչպես առհասարակ բոլոր հարուստ կամ որևէ դիրք ունեցող կանայք։ Բայց ճշմարտությունն այս է, դուք գործել չեք ուզում, այլ ապրել, կրկնում եմ, ապրել։ Ինչո՞ւ — նրա համար, որ դուք այժմ, ներկա հանգամանքներում... չեք ապրում...
Հանդո՜ւգն մարդ։ Իր դիտողական ձիրքով, իր արծվային հայացքով նա թափանցում էր երիտասարդ կնոջ սրտի խորքը և քրքրում զգուշությամբ թաքցրած զգացումները։
— Դուք սխալվում եք, ես ապրում եմ և շատ լավ եմ ապրում,— ասաց Մելանիան այնպես արագ, որ կարծես վախենում էր` միգուցե ուրիշ բան ասի։
Մի թեթև հեգնական ժպիտ սահեց Փիրուզյանի դեմքով։
Տիրեց վայրկենական լռություն, որովհետև նա պատրաստվում էր ավելի համարձակ քայլ անելու։
— Ասացե՛ք, խնդրեմ, քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ ամուսնացրին,— հարցրեց նա անփույթ եղանակով, սակայն որոշ շեշտելով «ձեզ ամուսնացրին» բառերը։
Հարցը, հարկավ, համարձակ էր, բայց չէ՞ որ Փիրուզյանը ազգական է, ունի իրավունք թույլ տալու իրան որոշ ազատություն։
— Չգիտեմ, չեմ հիշում,— պատասխանեց Մելանիան հուզմունքից դողացող ձայնով։
— Երևի, տասնուվեց կամ շա՜տ-շա՜տ` տասնույոթ տարեկան,— լրացրեց ինքը Փիրուզյանը,— այսինքն` այն հասակում, երբ ձեր վերջին խաղատիկինը դեռ փշրված չէր։
Եվ, մի վայրկյան կանգ առնելով, ցածր ձայնով ու կարծես ինքն իր համար, ավելացրեց.
— Այո, այո, տղամարդիկ եսամոլ են, ոճրագործության չափ եսամոլ։
Պարզ էր, թե ում էին վերաբերվում այս բառերը։
Էականը ասված էր. ավելի հեռու գնալն առայժմ և՛ անհարմար համարեց, և՛ վտանգավոր: Նա ոտքի ելավ — ժամացույցին նայելով։ Ժամանակ է Ժորժիկին զբոսնելու տանել։
— Հույսով եմ, որ ասածներս կատակի տեղ կընդունեք և կմոռանաք,— ասաց հյուրը։
Երբեք նա այնքա՜ն երիտասարդ, այնքա՜ն ուժեղ, այնքան գրգռեցուցիչ չէր թվացել Մելանիային, որքան այսօր, հետևաբար՝ այնքան ատելի և երկյուղալի։
Երեկոյան, երբ Մելանիան Սամսոնին հայտնեց Փիրուզյանի այցելության մասին, ավելացրեց.
— Վերցրո՛ւ այդ կապալը, դու անգործ տխրում ես։
VIII
Մելանիան չէր կարողանում մոռանալ Փիրուզյանի խոսքերը։ Մտածում էր, քննում, վերլուծում և ակամա եզրակացնում, թե որքան հանդուգն են այդ խոսքերը, նույնքան ճիշտ են, ճիշտ գոնե այն մասում` թե երիդասարդ կինը պիտի զգա ու ապրի, որ ինքը Մելանիան, պարապելով հասարակական գործերով, չի զգում այն, ինչ որ պահանջում է սիրտը, թե կյանքն անցողիկ է, իսկ մարդ երկրորդ անգամ չի ծնվում, թե վերջապես «որքա՞ն տղամարդիկ եսամոլ են»։
Գտնվել է մի անձ, որը հանդգնաբար կարդում է նրա մտքերը և շոշափում նվիրական զգացումները։ Նա ինքն երիտասարդ է, նրա ամբողջ կազմից մարմնավոր ուժն է բուրում, ա՛յն, ինչ որ վաղուց է թառամել Սամսոնի մեջ։ Լավ մարդ է, թե վատ, խելոք է, թե հիմար, բարոյական, թե անբարոյական,— այդ չէ խնդիրը։ Երիտասարդ է — ահա գլխավորը։ Եվ ունի իրավունք ասելու, թե Մելանիան չի ապրում ու չի կարող ապրել լի կյանքով մի ծերունու հետ։
Ամեն օր Փիրուզյանը գալիս էր իր ազգականի մոտ գործի վերաբերմամբ խոսելու։ Սամսոնը վաղուց էր դադարել մտածել դրամական շահերի մասին։ Եվ այս ոչ այն պատճառով, որ փողից կուշտ էր, այլ գլխավորապես այն պատճառով, որ այժմ այլևս կյանքի քաղցրությունը դրամի մեջ չէր տեսնում, որպես առաջ։ Նա անգործ տխրում էր,— ահա ինչու համոզվեց կապալը վերցնել։ Իրավունք տվեց Փիրուզյանին մանրամասն տեղեկանալ պայմանների մասին և ժամանակին հիշեցնել աճուրդի օրը։
Որքան Մելանիան անկեղծ փափագում էր առաջվա պես փախչել Փիրուզյանից, այնքան ավելի այժմ ներքին ուժը մղում էր նրան դեպի երիտասարդ տղամարդը։ Նա զգում էր, որ վաղ թե ուշ այս ակամա հակումը կարող է Սամսոնի աչքին ընկնել։ Վախենո՞ւմ էր ամուսնուց։ — Ոչ, վախենում էր իր խղճից, չէր ուզում նրա դեմ որևէ հանցանք գործել։ Զգում էր, որ իր դրությունը վտանգավոր է, որ կարող է կուրանալ, մոլորվել ու ընկնել առաջին պատահողի գիրկը, թեկուզ այդ առաջին պատահողը լինի անցորդի մեկը։ Ահա ինչու ատելով Փիրուզյանին, երկնչում էր նրա մերձավորությունից, ինչպես մի թունալի ու սոսկալի ախտից։ Ախտ, որ թեև հաճելի ու արբեցուցիչ, բայց կործանիչ է։
Եվ նա կռվում էր ինքն իր հետ։ Երբեմն զգում էր, որ մտքի ուժը ահա, ահա պիտի հաղթվի կրքերի զորությունից։ Այսպիսի րոպեներին նա կարոտում էր Սամսոնի օգնությանը։ Թող այդ մարդը նրա հետ վարվի խիստ, անողոք. այս և միայն այս կարող է Մելանիային փրկել, պահպանել նրան հնարավոր անկումից։ Երբեմն նա փափագում էր, որ Սամսոնը խանդե, թեկուզ անտեղի զայրանա, կատաղի և կշտամբե նրան ամենավիրավորական խոսքերով։
Մինչդեռ Սամսոնը ոչ միայն չէր խանդում, այլև վերին աստիճանի համբերող էր: Գոնե այսպես էր երևում արտաքուստ։
—Այսօր միասին գնանք օպերա,— ասում էր Մելանիան, որ սովորաբար մենակ էր գնում թատրոն։
—Լա՛վ, գնանք,— պատասխանում էր Սամսոնը, թեև ատելով ատում էր օպերան։
— Այսօր սպասավորին հրամայել եմ այսուհետև ցիլինդրով ու սյուրթուկով նստել կառապանի մոտ։ Չերքեզկան ու դաշույնը զահլես տարել են։
—Լավ ես արել,— պատասխանում էր Սամսոնը, թեև ամեն մի ցիլինդրի թշնամի էր, մանավանդ սպասավորների ցիլինդրին։
— Էգուց խոհարարին ուզում եմ արձակել, չեմ հավանում։
—Արձակի՛ր,— պատասխանում էր Սամսոնը, թեև խոհարարը շատ լավ էր պատրաստում նրա սիրած կովկասյան կերակուրները։
Այս անսահման հլությունը, վերջապես, սկսեց ձանձրացնել Մելանիային։ Ի՞նչ է նշանակում այս։ Ինչո՞ւ Սամսոնը այդպես խեղճացել է, կամքից զրկվել և ներկայացնում է իր դասակարգի մարդկանց կատարյալ հակապատկերը: Անկարելի է, որ այդ հեզությունը մի հետին միտք չունենա, մի ավելի խոշոր պատճառ, քան սերը դեպի Մելանիան։
Մի օր Մելանիան փորձի համար ասաց, թե վճռել է անգլերեն լեզվի դասեր վերցնել։ Կա մի պոլսեցի երիտասարդ ուսուցիչ, որին ուզում է վարձել։
— Էհ, փորձի՛ր, եթե ուզում ես,— համաձայնվեց Սամսոնը։
— Ուրեմն, թո՞ւյլ ես տալիս։ Իսկ Խուդանովն իր կնոջը չի թույլ տալիս։
— Խուդանովն ինձ համար օրինակ չէ։ Լեզուներ սովորելը լավ բան է։ Ասում են՝ մի լեզու իմացողը մեկ մարդ է, հինգ լեզու իմացողը — հինգ մարդ։
Մելանիան մի անհամբեր շարժումն արավ և լռեց։
Գնալով Սամսոնի հլությունը սկսեց նրա համար դառնալ արդեն ոչ միայն ձանձրալի, այլև... զզվելի, այլևս այդ հլության մեջ նա տեսնում էր թուլություն, բարոյական ուժերի բացակայություն։ Մի բան, որ առհասարակ ատում էր ամեն մի տղամարդի մեջ։
Մի օր առավոտը, թեյից հետո, Մելանիան ասաց.
— Սամսոն, այս երեկո ուզում եմ դիմակահանդես գնալ, թույլ կտա՞ս։
— Գնա՛։
Մելանիան գիտեր, որ Սամսոնը ամբողջ հոգով հակառակ է դիմակահանդես գնալուն, և այս անգամ կատաղեց կեղծիքի դեմ։
— Դու զարմանալի մարդ ես,— գոչեց նա ջղային եղանակով։
— Ինչո՞ւ։
Մելանիան մտածեց և հանկարծ արտասանեց.
— Չեմ սիրում այդ տեսակ ազատություն։ Հասկանո՞ւմ ես, չեմ սիրում, զզվում եմ...
Սամսոնը նայեց նրա երեսին զարմացած։ Կար ժամանակ, երբ Մելանիան սաստիկ ձգտում էր հենց այդ տեսակ ազատություն ունենալ, իսկ այժմ ի՞նչ պատահեց։
— Մեղա՜, թե միտքդ հասկանամ.— արտասանեց նա, ուսերը վեր քաշելով։
— Չե՞ս հասկանում,— գոչեց Մելանիան նույն ջղային եղանակով,— ավելի վատ քեզ համար։ Ուզո՞ւմ ես, որ պարզ խոսեմ։ Դու խեղճ մարդ ես, իսկ ես խեղճ մարդկանց չեմ սիրում։
— Ե՞ս եմ խեղճ մարդ,— կրկնեց Սամսոնը, դառն հեգնությամբ ժպտալով,— երևի դու ինձ դեռ լավ չես ճանաչում։
— Ո՛չ, այդ չէի ուզում ասել։ Դու խեղճ չես, այլ չափից դուրս շատ ես սիրում ինձ։
— Տեր ամենակարող աստված,— կարողացավ միայն մրմնջալ Սամսոնը։
— Մի՛ սիրիր ինձ, այո՛, մի՛ սիրիր...
— Ասա՛, ասա՛, տեսնենք է՛լ ինչ ես ասում։
Հանկարծ Մելանիայի կոկորդի երակները փքվեցին, կապտեցին, երեսի մկանունքները աղավաղվեցին, կուրծքը բարձրացավ ուժգին։ Սկսեց հեկեկալ։ Սամսոնն արդեն ապշեց: Քանի մի վայրկյան լուռ նայեց կնոջը, ապա մոտեցավ և ձեռը դրեց նրա ուսին։
— Մելանիա, արդյոք հիվա՞նդ չես դու։
Մելանիան մի րոպե թույլ տվեց բուռն արտասուքին դուրս հոսելու, ապա մի քիչ զսպեց իրեն, ոտքի կանգնեց։
— Ա՜խ,— ասաց նա, արցունքերը արագ-արագ սրբելով,— ես ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ ասում։ Դու սիրում ես ինձ, ո՛չ միայն ինձ, այլև ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս։ Բայց ինձ թվում է, որ դու այդպես չպիտի լինես, ընդհակառակը պիտի իմ գլխին բռնակալ դառնաս։ Այո՛, այնպես, ինչպես հին ժամանակի ամուսինները։ Ուզում եմ, որ դու ինձ վրա գոռաս. չթույլ տաս ինձ տնից դուրս գալ, թողնես մենակ, ինքդ գնաս կլուբներում, հյուրանոցներում ու այգիներում քեֆ անես։ Ուզում եմ՝ հարբած տուն գաս, ինձ հայհոյես, ծեծես, հասկանո՞ւմ ես, ծեծես, ոտներիդ տակը գցելով։ Կարո՞ղ ես այդպես անեղ, ա՛սա, կարո՞ղ ես։
Սամսոնը արձանացել էր տեղն ու տեղը։ Նա չէր հավատում իր ականջներին։
— Եթե չես կարող հարբել, հայհոյել, ծեծել, գոնե հետս վարվիր այնպես, ինչպես իրենց կանանց հետ վարվում են այժմյան ամուսինները։
— Այսի՜նքն։
— Խաբի՛ր ինձ, դավաճանի՛ր, աչքիս առջև սիրուհիներ պահիր. մի խոսքով՝ վատ ամուսին եղիր, շատ վատ, շատ կոպիտ, անպիտան, կեղտո՛տ, գազա՛ն։ Այնքան կեղտոտ, այնքան գազան, որ ամբողջ քաղաքը խոսի քո մասին, որ ամենը քեզ ատեն ու հայհոյեն։ Քեզ ատեն ու հայհոյեն, իսկ իմ մասին ցավեն, ասեն. «խե՜ղճ կին, անբա՜խտ կին, ինչպե՜ս տանջվում է մարդու ձեռքին»։
Մի ինչ-որ սուր միտք անցավ Սամսոնի ուղեղով։ Բայց աշխատեց իսկույն ևեթ ազատվել այդ մքից, որ ծանր էր, դաժան, գարշելի։ Նա ձեռով մի բացասական շարժումն արավ, մոտեցավ Մելանիային, երկու մատով բարձրացրեց ծնոտը, նայեց ուղիղ աչքերի միջին և արտասանեց.
— Մելա՛նիա, հասկանո՞ւմ ես ինչ ես ուզում ինձանից։
Եվ, անցնելով սենյակի մյուս ծայրը, հետ եկավ ու ավելացրեց.
— Զգո՜ւյշ, Մելա՛նիա, եթե ուզենամ վատ մարդ լինել, շա՛տ վատ կլինեմ, իմացի՛ր, շա՛տ վատ։
Այս ասվեց հասարակ եղանակով, բայց այնպիսի համոզիչ ուժով, որ Մելանիան մի վայրկյան սարսափեց։ Նայեց ամուսնու երեսին և զգաց, որ, արդարև, եթե Սամսոնը կամենա, կարող է շատ վատ ամուսին դառնալ։ Նրա խորշոմած մռայլ ճակատը այդ պահին սքողված էր տարօրինակ ստվերով։ Կիսաթառամ աչքերի մեջ երևում էր տանջող խանդի կուրությունը, որ կարող է անգամ հանցանք գործել։
Բայց այնուամենայնիվ Մելանիան չզղջաց։ Նա ասաց․
— Ինչ ուզում ես, արա՛, միայն փոխվիր։ Կամ եթե մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող։
Ասաց, կարծես, հակառակ իր կամքի․ միայն ենթարկվեմ լով ինչ-որ տարերային ուժի ազդեցության...
IX
Այսպես, ուրեմն, Սամսոնը շատ է սիրում Մելանիային։ Իսկ Մելանիան, ընդհակառակը, ուզում է ատվել նրանից։ «Ուզում եմ, որ հարբած տուն գաս, հայհոյես ինձ, ծեծես»։ Եթե Սամսոնը այդ չի կարող անել, թող վարվի նրա հետ այժմյան ամուսինների պես։ «Խաբիր ինձ, դավաճանիր, աչքիս առջև սիրուհիներ պահիր»։
Եթե Սամսոնը մինչև այժմ կասկածում էր, այսօր համոզվեց, որ ինքն արդեն ատելի է դարձել Մելանիայի համար։ Ահա ինչու Մելանիան պահանջում է, որ Սամսոնն ատի նրան․ նա փոխադարձություն է պահանջում։
«Կամ հին մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող»,— հնչում էր Սամսոնի ականջին Մելանիայի վերջին խոսքերը։ Ո՞րը լինել. բռնակա՞լ, թե՞ դավաճանող։ Դավաճանել Մելանիային։ Օ, ո՛չ․ այս չի կարող անել Սամսոնը։ Նրա հայացքով տղամարդուն ներելի է անել ամեն ինչ, քանի որ ամուրի է, իսկ երբ մի անգամ մարդ ամուսնացավ, պիտի հավատարիմ մնա ամուսնական առագաստին։ Ոչ, Սամսոնը դավաճանել չի ուզում, նա մինչև անգամ զզվում է այս մտքից։ Եվ վերջապես, ինչպես դավաճանել։
«Ինչպե՞ս», կրկնում էր Սամսոնը դառն կսկիծով։ Այս բառի մեջ նա զգում էր մի թունալի հեգնություն, մի սոսկալի ծաղր։ Դավաճանել. այո՛, Սամսոնի համար հասկանալի է, թե ի՞նչ էր ուզում ասել Մելանիան այս բառով...
Նա շրթունքները անխնա կրծոտում էր մի ծանր, անտանելի մտքից, մի ցավի գիտակցությունից, որի համար դեղ չկար. ուհ, անիրավ օրենքներ բնության, միթե չկա ոչ մի փրկարար միջոց ձեր քայքայիչ զորության դեմ։ Չկա, նա բոլոր միջոցները փորձել է արդեն և հիասթափվել...
Ուրեմն բռնակա՞լ դառնալ։ Փակե՞լ Մելանիային տանը, գռռա՞լ, հայհոյե՞լ, ծեծե՞լ։ Եվ ինչո՞ւ չէ։ Եթե մինչև այժմ Սամսոնը կատարյալ ազատություն է տվել կնոջը՝ ապրել ուզածին պես, արել է հակառակ իր հայացքների, միայն այն պատճառով, որ սիրել է նրան, չի կամեցել, կամ ավելի ճիշտը, չի կարողացել վշտացնել այդ երեխային։ Այժմ Մելանիան ինքն է ասում, թե ձանձրացել է այդ ազատությունից։
Հարգանքի զգացումը ավելի է ճնշում նրան, քան ատելության ուժը։ Սամսոնի «լավ մարդ» լինելը տանջում է նրան։ Օ՜հ, այժմ միայն Սամսոնը հասկանում է այս բանը։ Լավ մարդու դեմ մեղք գործելը այնքան հեշտ չէ, որքան «բռնակալի կամ դավաճանողի» դեմ։ Խիղճը թույլ չի տալիս։ Թող Սամսոնը վատ մարդ դառնա. մանավանդ վատ հռչակվի հասարակության մեջ, այն ժամանակ Մելանիան իրան ազատ կհամարի և... Իսկ այժմ կաշկանդված է...
Այս մտքերի ազդեցությամբ Սամսոնն զգում էր այնպիսի կսկիծ, որի նմանը երբեք չէր զգացել։ Այնինչ նա դառն օրեր էր տեսել։ Եղել էր աղքատ, անպաշտպան, կրել էր մարդկային արհամարհանքների ծանրությունը։ Դառնալով վաճառական, երկու անգամ մոտիկից տեսել էր առևտրական աշխարհի համար այն սոսկալի վիշապի աչքերը, որ կոչվում է սնանկություն։ Լսել էր պարտատերերի ծաղրն ու հայհոյանքները։ Իբրև սիրող որդի, քառասունութ ժամ դիտել էր մահամերձ մոր տանջանքները։ Իբրև սիրող հայր, կրել էր առաջին զավակի մահվան հարվածը։ Նա տեսել էր և ուրիշ շատ թշվառռւթյուններ, բայց երբեք այնպես չէր տանջվել, որպես այժմ, երբե՜ք։
Նա երևակայում էր իրեն բռնակալ ամուսնու դերի մեջ և ինքն էլ սոսկում էր բոլորից, ինչ որ կարող էր և ընդունակ էր անելու այդ դիրքում։ Մինչև այժմ նա խանդել էր, այո՛, բայց խանդել էր միայն Մելանիայի երիտասարդությանը։ Իսկ այժմ հանկարծ առաջ է գալիս մի գարշելի, մի դժոխային կասկած— արդյոք, Մելանիան չի՞ դավաճանել։
Եվ եթե դավաճանել է, ո՞վ է նրան մոլորեցնողը։ Վերջին ժամանակ նա այնքան հեռու է պահում իրեն տղամարդկանց ընկերությունից, որ դժվար է կասկածել որևէ մեկի մասին։
Փիրուզյա՞նը — անցավ հանկարծ Սամսոնի մտքով։ Ինչո՞ւ չէ, մի՞թե նա երիտասարդ չէ։ Բայց ոչ, այդ անկարելի է, ի՜նչ անպիտան, ի՜նչ հանցավոր միտք։ Փիրուզյանը հարգում է Սամսոնին այնքան, վերաբերվում է Մելանիային այնպիսի պատկառանքով, Մելանիան սառն է դեպի նա այնչափ, որ ամոթ է անգամ կասկածել նրանց հարաբերությունը։
Սակայն, որքան Սամսոնը աշխատում էր դուրս հանել մտքից այդ մարդուն, այնքան նրա երիտասարդ ու թարմ կերպարանքը սպառնում էր նրան․․․
Այսպես տևեց մի ամբողջ շաբաթ։ Բանը հասավ այնտեղ, որ Սամսոնը ցանկացավ կրճատել Փիրուզյանի այցերը։ Այս նպատակով նա դրականապես հրաժարվեց անտառի կապալից հենց աճուրդի օրը։ Փիրուզյանը չհասկացավ նրա իսկական միտքը, միայն մութ կերպով զգաց, որ Սամսոնի մեջ վերջին օրերը կատարվում է ինչ-որ փոփոխություն։ Նա զգուշացավ և մի քիչ կրճատեց իր այցերը։
Այժմ Սամսոնը կասկածով էր վերաբերվում Մելանիային, հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Նա տակավին չէր վարվում իբրև բռնակալ, բայց արդեն մոտ էր այդ աստիճանին։ Եվ մերձենում էր առանց ինքնաբեր որոշման, այլ այնպես, անգիտակցաբար։ Նա կարծում էր, որ Մելանիան զղջում է իր արածների մասին և շուտով կսկսի բողոքել մարդու մի քանի թեթև խստությունների դեմ։ Բայց պատահեց հակառակը։ Մի օր Սամսոնը Մելանիային արգելեց ինչ-որ պարերեկույթ գնալու հենց այն պահին, երբ տիկինն արդեն հագնված էր և դրսում սպասում էր լծված կարեթը։ Մելանիան իսկույն ուսերից դեն ձգեց մուշտակը, ասելով.
— Շա՛տ լավ, եթե չես թողնում՝ չեմ գնալ։
Սամսոնը զղջաց, նա փորձում էր միայն իր ուժը։
— Գնա՛, քանի որ պատրաստվել ես,— ասաց նա։
Բայց Մելանիան սկսեց նրա աոջև մեկ-մեկ դեն ձգել իր արդուզարդը։
— Գնա՛, ասում եմ,— կրկնեց Սամսոնը։
— Որ արգելում ես, ի՞նչպես գնամ։
— Չեմ արգելում։
— Ո՛չ, արգելում ես։
Սամսոնը բարկացավ, ձայնը բարձրացրեց։
— Ասում եմ քեզ, որ թույլ եմ տալիս։
— Թույլ ես տալիս, բայց ինքդ գոռում ես։ Ունիս իրավունք, գոռա՛։
— Մելա՛նիա,— գոչեց Սամսոնը, ձայնը ավելի բարձրացնելով.— մի՛ հանվիր։
— Արդեն հանվել պրծել եմ։ Մազերս էլ բաց արի։ Ը՛հը, կատաղում ես, աչքերդ կարմրում են, բռունցքներդ սեղմում ես։ Չլինի՞ թե ուզում ես ծեծել, հաա՞, ծե՛ծիր, ունիս իրավունք։
Այնինչ Սամսոնը ոչ կատաղած էր, ոչ աչքերը կարմրել էին, ոչ մանավանդ բռունցքները սեղմել։ Նա միայն բարկացած էր։
— Ծեծե՞լ,— կրկնեց նա,— ժամանակ-ժամանակ այնպիսի բաներ ես ասում, որ ձեռներս քոր են գալիս։
— Ավելի լավ, ավելի լավ: Ես դեմ չեմ, ծեծի՛ր, ծեծի՛ր, ինչքան քեֆդ է։ Ես մի խեղճ, անպաշտպան կնիկ եմ, ծեծի՛ր․․․
Եվ նա սկսեց հեկեկալ, ընկնելով թախտի վրա։ Սամսոնը ակամա մեղմացավ, ավելի, նա պատրաստ էր մոտենալ, գրկել ու համբուրել Մելանիային, մինչև անգամ ներումն խնդրել։ Բայց զսպեց իրեն, թող չկարծի այդ կինը, թե իր ամուսինը շատ էլ թուլամորթ է։ Նա ասաց․
— Դու խելագարվել ես։
— Խելագարվել եմ, այո՛,— հաստատեց Մելանիան,— իմ տեղը ո՜վ չի խելագարվիլ։ Ուրեմն, փակիր ինձ տանը, մի՛ թողնիր դուրս, կարող եմ գժություններ անել հասկանո՞ւմ ես, կարող եմ գժություններ անել․․․
Այսպիսի տեսարանները կրկնվեցին մի քանի անգամ։ Եվ ամեն անգամ Մելանիան, կարծես, աշխատում էր Սամսոնին տրամադրել այնպես, որ մարդը կորցնի համբերությունը, կատաղի և վերջապես, բռունցքը բարձրացնի նրա գլխին։ Իսկ Սամսոնը դեռ կարողանում էր իրեն զսպել։ Նա ուրիշ բան էր մտածում․․․
X
Այն օրից, երբ Սամսոնի սրտում կասկած ծագեց, կամենում էր Մելանիայի հետ խոսել Փիրուզյանի մասին։ Նա ուզում էր իմանալ կնոջ կարծիքը այդ մարդու վերաբերմամբ և գուցե հենց սեփական խոսքերով բռնել նրան։
Մի օր նա հարցրեց.
— Մելա՛նիա, ինչո՞ւ Արտյուրն էլ առաջվա պես շուտ-շուտ չի գալիս մեր տուն։
— Ես ի՞նչ գիտեմ, հարցրու իրանից։
— Իսկ ես գիտեմ։ Նա քեզանից վիրավորվել է։
— Ինչո՞ւ։
— Լավ չես ընդունում նրան,— պատասխանեց Սամսոնը և երկիմաստ հայացքով նայեց կնոջ երեսին։
— Ե՞ս, թե՞ դու,— արտասանեց Մելանիան, չշփոթվելով ամուսնու համառ հայացքից։
— Այո, ճշմարիտ ես ասում, ես էլ լավ չեմ ընդունում նրան։ Ուզո՞ւմ ես միտքս իմանալ, այո, շատ ուրախ եմ, որ նա հիմա քիչ-քիչ է երևում իմ տանը։
— Պատճա՞ռը։
— Հենց այնպես։ Մինչև անգամ չավ կլինի, որ իսկի էլ չգա այսուհետև։
— Դու այդ ուզո՞ւմ ես։
— Իսկ դու չե՞ս ուզում։
— Ինձ թո՛ղ, աստված սիրես։ Ազգականը քոնն է, դո՛ւ ասա, ուզո՞ւմ ես, որ նա իսկի չգա մեր տուն։
— Ուզում եմ,— պատախանեց Սամսոնը հանկարծ, փորձի համար։
— Լավ,— ասաց Մելանիան և լռեց։
Հետևյալ օրը Փիրուզյանն եկավ։ Սամսոնը տանը չէր։ Մելանիտն հրամայեց սպասավորին՝ հայտնել, թե պարոնը և տիկինը տանը չեն։ Մինչդեռ սպասավորը նախասենյակում հաղորդում էր այս խոսքերը Փիրուզյանին, նա անմիջապես գոչեց.
«Ժորժիկ, Ժորժիկ, ապա թե կարող ես ինձ բռնիր»։ Եվ սկսեց վազվզել, բարձրաձայն ծիծաղել։
Մի ժամ անցած՝ նա իր արարքը պատմեց Սամսոնին։
— Ուրեմն Արտյուրն իմացավ, որ դու տա՞նն ես,— հարցրեց Սամսոնը զայրանալով։
— Այո, տանը և առողջ։
Սամսոնի աչքերը կատաղությունից փայլեցին․
— Մելա՛նիա, դու քանի գնում, խելքդ կորցնում ես,— գոչեց նա,— ինչո՞ւ համար ես ինձ խայտառակում իմ ազգականի մոտ։
— Ինքդ ուզեցիր, որ նա մեր տունը ոտ չդնի։
— Ես... կատակ էի անում։
— Կատա՞կ, հա՞ա, դու... կատա՞կ,— հեգնաբար ծիծաղեց Մելանիան,— մի՞թե դու կատակ անել էլ գիտես, չէի իմանում, ներողություն։
— Ես քեզ փորձելու համար ասացի, թե չեմ ուզում Արտյուրին մեր տանը տեսնել։
— Ինձ փորձելու համա՞ր։
— Մելա՜նիա։
— Ինձ փորձելու համար,— կրկնեց Մելանիան, ինքն իրեն կորցնելով,— ա՜ա, ուրեմն, ուրեմն... դու ինձ կասկածո՞ւմ ես։
— Այո՛, կասկածում եմ. չի՞ կարելի քեզ կասկածել ինչ է։
Մելանիայի աչքերը պսպղացին։ Նա կամեցավ հեկեկալ, բայց ճիգ արավ և իրեն զսպեց։ Նա միայն ասաց.
— Այդ էր պակաս․․․ կասկածել ինձ․․․
— Ինչո՞ւ, դու կին չե՞ս, ինչպես բոլոր կանայք։
— Ես մի անբախտ կին եմ, ուրիշ ոչինչ,— արտասանեց Մելանիան շնչասպառ։
— Անբա՜խտ,— կրկնեց Սամսոնը դառն հեգնանքով,— եթե դու անբախտ ես, կկամենայի իմանալ՝ ով է բախտավոր քո ծանոթներից։ Օրը մի տեսակ կերակուր ուտո՞ղը, թե տարին մի ձեռք հագուստ չունեցողը։ Ո՞ւմ է նախանձում ամբոոջ քաղաքը. քե՞զ, թե՞ մի ուրիշին։
— Սամսոն, միամիտ մի՛ ձևանալ։ Դու շատ լավ գիտես, թե բախտավորությունը լավ ուտել-խմելու ու շքեղ հագուստների մեջ չէ։
— Կկամենայի գիտենալ՝ այն ի՞նչ է, որ մեր դարում չի կարելի ունենալ դրամի զորությամբ։
— Ի՞նչ է,—կրկնեց Մելանիան սրտի կսկիծով,— ի՜նչ է․․․
Եվ մի սուր հայացքով ուղիղ նայեց ամուսնու աչքերին։ Սամսոնը հասկացավ նրա թունալի, բայց արդարացի միտքը։ Հասկացավ և շրթունքները կրծոտելով, լռեց։
— Լռո՞ւմ ես,— մրմնջաց Մելանիան և նույն վայրկյանին մի երկարատև հարվածող ծիծաղ դուրս թռավ նրա կրծքից։
— Մելա՛նիա,— գոչեց Սամսոնը խռպոտ ձայնով,— դու չափ ու սահմանդ կորցնում ես։ Մելա՛նիա, մարդ չպիտի մոռանա իր անցյալը։
Այս արդեն Մելանիայի կծու ակնարկի պատասխանը չէր, այլ մի տեսակ փախուստ բուն խնդրից․․․
— Ի՞նչ ես ուզում ասել դրանով, պարզ խոսիր․․․
— Ժամանակն է հասկանալու, որ քեզ նման երիտասարդ ու գեղեցիկ կանայք հազարավոր են, իսկ քեզ պես ապրում է հազարից մեկը... Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում․․․
Հասկանո՞ւմ է, արդյոք, Մելանիան։ Ինչպե՞ս չհասկանալ, երբ մարդը խոսում էր այնքան պարզ, երբ նրա յուրաքանչյուր բառի, ձայնի ամեն մի հնչյունի մեջ զգացվում է միլիոնատիրոջ թունալի արհամարհանքը դեպ մի կնոջ չքավոր անցյալը։ Մելանիան զինաթափ եղավ, գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան։ Այսպես, ուրեմն, հարվածի փոխարեն Հարված և ավելի զորեղ։ Եթե նա Սամսոնից երիտասարդություն է պահանջում, Սամսոնն էլ պահանջում է նրանից հիշել անցյալը։ Նրան ողորմություն են արել, դուրս բերել չքավորությունից և հարուստ ու շքեղ ապարանք մտցրել։ Նա երախտամոռ է և իր վիճակի համար փոխանակ շնորհակալ լինելու՝ հանդիմանում է բարերարին։
Մի քանի վայրկյան Մելանիայի մտքերը շփոթվեցին։ Սակայն մի բան նրա համար պարզ էր ավելի, քան երբևէ. այն, որ վերջապես, հասել է ժամանակը, երբ պիտի երես առ երես կանգնի այդ մարդու դեմ, անդիմակ, և ասի բոլորը, ինչ որ կուտակվել է սրտում վերջին երկու-երեք տարվա ընթացքում։
XI
Նա ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, կարծես, ուշը ժողովելու համար։ Աա՜, ուրեմն Սամսոնը նրան բարերարությո՞ւն է արել, ամուսնանալով նրա հետ։
— Եթե երեսովս պիտի տայիր աղքատությունս, ինչո՞ւ ամուսնացար,— գոչեց նա,— ինչո՞ւ ամուսնացար։
— Երևի նրա համար, որ դու էլ երեսովս տաս ծերությունս,— հեգնեց Սամսոնը։
— Ես ունիմ իրավունք, դու չունիս։ Դու քո կամքով ամուսնացար, իսկ ինձ ամուսնացրին։ Հասկացի՛ր զանազանությունը։ Դու ինձ փողով գնեցիր իմ ծնողներից...
— Թող չծախեին... Բայց լռիր, բավական է։
Լռե՞լ։ Ոչ, առանց այդ էլ երկար ժամանակ է լռել։ Հիմա առիթ են տալիս խոսելու և պիտի խոսի։ Նա միշտ տանջվել է, միշտ, թեև ուրիշները նախանձել են նրան՝ այսինքն՝ նրա ադամանդներին ու տուալետներին, կառքերին ու ձիերին, ճաշերին ու ընթրիքներին։ Նա ծիծաղել է, երգել, նվագել, թռչկոտել, բայց տանջվել է։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ ես տանջվել,— հարցրեց Սամսոնը:
— Որովհետև չեմ կարողացել քեզ սիրել, ուզեցել եմ սիրել, չեմ կարողացել։
— Շնորհակալ եմ, որ գոնե ուզեցել ես սիրել։ — Ես կատակ չեմ անում,— շարունակեց Մելանիան,—սրտիս ցավն եմ հայտնում։ Մա՛րդ. դու ապրել ես ու վերջացրել կյանքդ, իսկ ես նոր եմ սկսում ապրել, հասկանո՞ւմ ես, նոր-նոր միայն: Չէ որ քսանուչորս տարեկան եմ, ա՛նաստված, ինչպես ապրեմ քեզ հետ։ Ինչո՞վ ես ուզում ինձ բախտավորեցնել։ Բազմաթիվ ծառաներո՞վ, այս շքեղ տնո՞վ, թանկագին հագուստներո՞վ, ոսկով ու քարեղենո՞վ։ Լսի՛ր, ես այն կանանցից չեմ, հասկանո՞ւմ ես, չեմ էլ ուզում լինել: Չեմ ուզում ուտել ամուսնուս հարստությունը, սիրել ուրիշներին։ Ի՞նչ ես աչքերդ պսպղացնում։ Ի՞նչ ես կատաղում, մի՞թե չգիտես, որ կան այս տեսակ կանայք։ Ես ինքս ճանաչում եմ օրիորդներ, որ երազում են գտնել հարուստ ու ծեր ամուսիններ, որպեսզի նրանց փողերը ծախսեն, իսկ սիրեն ուրիշներին։ Այո՛, կան, շատ կան այդպիսիները, քեզ էլ է հայտնի, որ կան։ Բայց ես չեմ ուզում նրանց օրինակին հետևել, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։
Նա միայն աշխատել է ինքն իրեն խաբել։ Սկզբում, երբ սկսեց ճանաչել իրեն, հասկանալ իր անբախտությունը, ուզում էր իր նման շատ-շատերի պես լուռ խոնարհվել ճակատագրի առջև: Բայց չկարողացավ։ Հետո փափագեց աշխարհ տեսնել, իմանալ ինչպես են ապրում ժամանակակից հարուստ կամ արիստոկրատ համարված կանայք: Մի տարվա մեջ նա շատ բան տեսավ, շատ բան ուսումնասիրեց և այն, ինչ որ տեսավ ու ուսումնասիրեց, շուտով զզվեցրեց նրան։ Այնուհետև աշխատեց գլուխը խաբել հասարակական գործերով։ Եվ ահա կես տարի, միայն կես տարի անցած՝ այսօր այս էլ է նրան զզվեցնում։ Մարդիկ երեսին կեղծավորում են, հետևից ծաղրում, երեսին խելոք, լուսավորված կին համարում, հետևից—փառամոլ, parvenue, выскочка։ Նրան չարախոսում են, թե «սիրեկան է փնտրում»։ Այժմ նա ուզում է բոլորից ամեն բանից երես դարձնել ու ապրել ինքն իր սրտի համար, ապրել սիրող կնոջ կյանքով, Եվ հանկարծ... սեր չկա... պահանջ կա, բայց սեր չկա։ Իսկ քանի որ սեր չկա, ինչի՞ է նման կյանքը և ի՞նչ օգուտ հարստությունից։
— Ասա՛, ի՞նչ օգուտ, որ այն էլ երեսովս ես տալիս։ Չեմ ուզում քո հարստությունը, չեմ ուզում, երդվում եմ Ժորժիկիս անունով։ Խլիր բոլորն ինձանից և փոխարենը տուր ինձ կյանք, ո՛չ թե հարուստ, այլ բախտավոր կյանք: Ես զգալ եմ ուզում ու ապրել: Ես ուզում եմ իմանալ, ինչ ասել է երիտասարդական սեր, ինչ ասել է առհասարակ սեր...
— Ասա, որ ուրիշ տղամարդ ես ուզում,— ընդհատեց Սամսոնը կոպտաբար։
Եվ հոգու խորքում զգաց, որ զրպարտում է։
Մի՞թե եթե Մելանիան ուրիշ տղամարդ ուզենա, չի՞ կարող գտնել գաղտնի, և մի՞թե եթե այդպիսի հանցավոր միտք ունենա, այդքան պարզ կխոսի։ Ո՛չ, Սամսոնն ավելի ճիշտ կասեր, եթե գոնե նույն խոսքերն արտասաներ առանց «ուրիշ» բառի։
— Եթե նույնիսկ այդպես լիներ,— գոչեց Մելանիան անսովոր համարձակությամբ,— ինչ կա զարմանալու. միթե չե՞ս զգում, որ ունիմ իրավունք։
— Մելանիա,— գոչեց Սամսոնը, բոլորովին բորբոքվելով խելակորույս կնոջ հանդուգն խոսքերից,— խայտառա՜կ կին, բավակա՜ն է...
— Ինչո՞ւ խայտառակ։ Որ ուրիշների պես չեմ թաքցնում զգացածս ու մտածածս։ Որ երեսիդ չե՞մ շողոքորթում ու հետևիցդ խաբում ու անպատվում քեզ։ Ասա՛, դու ինքդ երիտասարդ հասակումդ չե՞ս սիրել։ Եթե չես սիրել — դու մարդ չես, եթե սիրել ես — ապրել ես։ Բայց ի՞նչ եմ ասում։ Դու սիրել էլ ես, սիրահարվել էլ ու ուրիշ բաներ էլ արել։ Միտդ բեր ասածներդ, հիշիր ինչեր էիր պատմում երբեմն, անկեղծության րոպեներին։ Աա՛, ամաչո՞ւմ ես։ Ինչո՞ւ չթողեցիր, որ ես էլ սիրեմ, ես էլ ապրեմ։ Ինչո՞ւ նոր ծլող ծաղիկը կտրեցիր ոսկի մկրատովդ։ Ինչո՞ւ ինձ խլեցիր ծնողների գրկից այն ժամանակ, երբ ես երեխա էի։ Ինչո՞ւ, ասա՛, ինչո՞ւ։
Նա թուլացած ընկղմվեց գահավորակի վրա և սկսեց հեկեկալ։
Սամսոնը մի ձեռը բազկաթոռի կռնակին հենած՝ մյուսը սեղմել էր ճակատին և նայում էր հատակի մի կետին։
Հեկեկանքը դադարեց։ Մելանիան, աչքերը սրբելով, ոտքի կանգնեց, մի վայրկյան մտածեց՝ անշարժ կանգնած։ Հետո ձեռով մի դրական շարժումն անելով անցավ արագ քայլերով յուր ննջարանը, որ կից սենյակն էր։ Բաց արավ պահարանը, վերցրեց այնտեղից բոլոր յուր ակնեղենները, վերադարձավ և շպրտեց հատակի վրա, գոչելով.
— Սրանցո՞վ ես պարծենում, սրանցո՞վ։ Վերցրո՛ւ, քեզ լինի, չեմ ուզում...
Այժմ Սամսոնը նստած էր գահավորակի վրա լուռ, անշարժ։ Չգիտեր ինչ ասի, լեզուն կաշկանդվել էր։ Կնոջ խոսքերի մեջ նա զգում էր որոշ չափի ճշմարտություն, մանավանդ իր անցյալի վերաբերմամբ, որի դառն հետևանքը կրում էր այժմ: Գունատ էր, որպես աշնան ծառից պոկված տերև։ Աչքերը անգիտակցաբար հառեց ցիրուցան սփռված օղերի, ապարանջանների, վզնոցների, մատանիների ու քորոցների վրա, որոնց խոշոր ու մանր ադամանդները գորգի վրա պսպղում էին նուրբ մանուշակագույն փայլով։ Եվ, կարծես, այս շինծու աստղերի մեջ էր որոնում իր թշվառության հիմքը։ Միթե այսպես չէ՞։ Միթե իր կյանքի լավագույն շրջանը այս ադամանդներին տիրանալու համար չէ՞ր գործադրել։ Նա կամեցավ առաջ հարստանալ, հետո բախտավորվել։ Ինչպե՞ս չհասկացավ, որ տիրելով մեկին, զրկվում է մյուսից, օրեցօր քայքայվում և, գլուխը քաշ ոսկիներ հավաքելով, անգիտակցաբար մերձենում է գերեզմանին:
Ինչպե՞ս չգուշակեց, թե փողով կյանք չի կարելի գնել, թե ժամանակը գետ է, որի ջուրը երբեք հետ չի դառնում։ Ինչո՞ւ յուր գոյության վառվռուն շրջանը անցկացրեց սիրուհիների ու անառակ կանանց գրկերում, իսկ կնոջ համար պահեց նրա ողորմելի մնացորդը: Եվ ահա այսօր նրա երեսին են շպրտում այս ադամանդներն ու փոխարենը պահանջում երիտասարդություն... առնական ուժ։ Պահանջում է այն, որ նա միայն ունի իրավունք պահանջելու, որովհետև նա սիրուհի չէ, այլ կյանքի հավիտենկան ընկերուհի...
— Շնորհակալ եմ,— հնչեց նրա ականջին Մելանիայի արդեն փոքր-ինչ հանդարտված ձայնը,— շնորհակալ եմ արած լավություններիդ համար: Բայց այսուհետև չշարունակես, խնդրում եմ, պահանջում։ Այժմ քո բարերարությունը ինձ տանջում է, հասկանո՞ւմ ես, ուղղակի տանջում...
Եվ մի վայրկյան կանգ առնելով, ավելացրեց.
— Վաղը կգրեմ ծնողներիս, որ այսուհետև էլ իրավունք չունեն քեզանից օգնություն ստանալու։ Ես չեմ ուզում հարստահարվել, դու էլ մի՛ հարստահարվիր...
XII
Մելանիան կատարեց իր խոսքը։ Հետևյալ օրն իսկ գրեց մանրամասն նամակ մորը: Նկարագրեց իր ընդհարումը Սամսոնի հետ. պարզեց մինչև այժմ գաղտնի պահած վիշտը, վերջապես, հայտնեց պարզապես, թե այժմ անբախտ է, այնքա՜ն անբախտ, որ հազիվ թե կարողանա այսուհետև ապրել այդ մարդու հետ:
Երեք օր անցած՝ պատասխանի փոխարեն անձամբ եկան նրա ծնողները: Երևի, արդեն շատ ազդու էր գրված Մելանիայի նամակը: Դա մի ոչ այնքան ծեր զույգ էր — մարդը գեր-գեր, մոտ հիսուն տարեկան, կինը մարդուց հազիվ չորս-հինգ տարով փոքր, տակավին թարմ, նույնիսկ գեղեցիկ։
Նրանք անմիջապես բացատրություն պահանջեցին իրենց աղջկանից։ Մելանիան ասաց, թե բոլորը գրել է նամակում և ուրիշ ասելիք չունի:
Սամսոնը ընդունեց իր զոքանչին ու աներոջը սառը, չկամեցավ նրանց հետ խոսել իր ընտանեկան ընդհարման մասին։ Զույգը վշտացավ։ Հետևյալ օրը նա որոշեց խնդիրը, ինչպես էլ լինի, բոլորովին պարզել։ Այս անգամ Մելանիան համառոտ ու դրական եղանակով կրկնեց բոլորը, ինչ որ գրել էր նամակում։ Նա այլևս չի կարող Սամսոնի հետ ապրել, նրա հացն ուտել. խիղճը տանջում է, զգում է իրեն ստորացած մարդու առջև, որին չի սիրում և երբեք չի սիրել և չի կարող սիրել։
— Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ,— գոչեց տիկին Նազանին՝ Մելանիայի մայրը։
— Որովհետև ծեր է,— պատասխանեց Մելանիան այնքան լուրջ ու կտրուկ եղանակով, որ թույլ չէր տալիս ոչ մի հակաճառություն։
— Հը՜մ,— փնթփնթաց Սերգեյ Արտեմիչը՝ Մելանիայի հայրը,— լա՛վ պատճառ է, օրհնյա՜լ լինիս։
Մելանիան մի սուր հանդիմանական հայացք ձգեց հոր երեսին և հարցրեց.
— Քանի՞ տարեկան ես, պապա։
— Քառասունուիննս լրացավ անցյալ ամիս։
— Իսկ դո՞ւ, մամա։
— Քառասունչորս։
— Քառասունինը — քառասունչորս, զանազանությունը հինգ տարի. հիսունչորս - քսանչորս, զանազանությունը երեսուն տարի։ Պապա, աղջկադ ամուսինը քեզանից ծեր է։ Ասա, ինչո՞ւ ինձ տվեցիք այդ մարդուն։
— Սամսոն Ֆրանգուլյանը քաղաքի ամենալավ փեսացուներից մեկն էր. խելոք, օրինավոր մարդ ու միլիոնների տեր...
— Եվ ծեր,— ավեացրեց Մելանիան անսովոր համառությամբ։
— Չեմ հասկանում, ինչ ես մի գլուխ կրկնում ծե՛ր, ծե՛ր, ու ծե՛ր,— գոչեց տիկին Նազանին,— լա՞վ կլիներ՝ եթե քեզ տված լինեինք մի քաղցած երիտասարդի։
— Այո, մամա, ավելի լավ կլիներ։
— Այժմյան փչացած երիտասարդներից մեկի՞ն,— հարցրեց Սերգեյ Արտեմիչը։
— Թեկուզ մի շառլատանի,— պնդեց Մելանիան նույն համառությամբ:
— Սերգեյ,— դարձավ տիկին Նազանին իր կողակցին,— դու հեռացիր, թող մեզ մենակ։
Սերգեյ Արտեմիչը հասկացավ ամուսնու միտքը և շտապեց կատարել նրա հրամանը։
Նազանին նստեցրեց աղջկան իր մոտ, գահավորակի վրա և մի ձեռով գրկեց նրա մեջքը, մյուսով շոյելով մազերը, ասաց.
— Հիմա կարող ես սիրտդ բաց անել։ Ես կնիկ եմ, ամեն բան կհասկանամ, մի՛ ամաչիր:
— Մա՛մա, թո՛ղ ինձ,— արտասանեց Մելանիան, երեսն ամոթով մի կողմ դարձնելով,— առանց այդ էլ ես շատ բան ասացի։
Տիկին Նազանին բարվոք համարեց ուղղակի դիմել բուն խնդրին:
— Մելա՛նիա,— ասաց նա, հառաչելով,— մի բան հարցնեմ, չնեղանաս։ Ասա՛, քեզ խելքից հանող չկա՞։ Էհ, ո՛վ գիտե, Թիֆլիսն է։
— Ի՞նչ ես ուզում ասել։
— Էհ, մեջտեղը մի ուրիշ տղամարդ չկա՞։
— Հր՜մ,— արտասանեց Մելանիան, դառնությամբ գլուխը երերելով,— գիտեի, որ ա՛յդ պիտի հարցնես։ Ո՛չ, մամա, ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ էլ ուզում սիրել, քանի որ այս տանն եմ ապրում։
— Երդվի՛ր։
— Երդվում եմ Ժորժիկիս անունով։
— Ոչ ոքի չես սիրում ու էլի մարդուդ հետ չես ուզում ապրել։ Չեմ հասկանում։ Ծեծո՞ւմ է քեզ Սամսոնը։
— Երանի թե ծեծեր...
— Հետդ վա՞տ է վարվում:
— Ո՛չ։
— Ատո՞ւմ է քեզ։
— Ընդհակառակը. հիմա ավելի է սիրում։
— Ազատություն չի՞ տալիս։
— Այնքան է տալիս, որ ես ինքս զզվել եմ։
— Սրտիդ ուզածը չի կատարում։
— Կատարում է:
— Կարելի է սիրուհինե՞ր է պահում։
— Ո՛չ, ո՛չ, մամա, այդ բոլորից և ո՛չ մեկը։
— Ուրեմն կամ ես ծերացել եմ ու ոչինչ չեմ հասկանում, կամ դու խելագարվել ես։
— Մամա՛, միամիտ մի ձևանար, դու էլ կին ես, հասկացի՛ր դրությունս։ Մի րոպե միտդ բեր այն ժամանակը, երբ դու իմ հասակի էիր։ Միտդ բեր ու երևակայիր քեզ մի հիսունչորս տարեկան մարդու գրկում։
— Հիսունչորս տարին տղամարդի համար ծերություն չէ։
— Բայց... Սամսոնը ծեր է, հասկացի՛ր, ծեր...
— Այդ ոչ ոք չի կարող ասել, նրան տեսնելով։
— Բայց ե՛ս եմ ասում, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Ա՜խ, մամա, ի սեր աստծու, խնայի՛ր ինձ, մի՛ ստիպիր...
Մայրը նայեց աղջկա աչքերին և այնտեղ կարդաց նրա խոսքի վերջը. նա գլուխն անզոր թեքեց կրծքին։
— Ուրեմն,— արտասանեց նա կակազելով,— ուրեմն... Մելանիա...
— Երեխանե՜րը... առաջ, մամա, բայց հիմա... Ահ, բավակա՛ն է, վերջապես...
Այն, ինչ որ արտահայտում էին երիտասարդ կնոջ հուսահատական շարժումները, այնքան համոզիչ էին և այնքան միևնույն ժամանակ վշտալի, որ Նազանին բոլորովին զինաթափ եղավ և ուժասպառ թիկն տվեց գահավորակին։ Ավելի՛ «նա զգաց խղճի խայթ, զգաց և կարեկցեց աղջկան:
Նույն օրն երեկոյան նա առանձնացավ իր կողակցի հետ, երկար ու երկար խորհրդակցեց։ Բայց խնդիրն անլուծելի էր: Տիկին Նազանին փորձեց մարդուն համոզել՝ Սամսոնից բացատրություն պահանջելու։ Սերգեյ Արտեմիչը դրականապես մերժեց։
— Ամոթ է,— ասաց նա,— որ հարցնեմ էլ, միևնույն է, ոչինչ չի ասիլ...
— Հապա ի՞նչ անենք։
— Չգիտեմ։
Երկուսն էլ անզեն ու անզոր նայեցին միմյանց երեսին: Երկուսն էլ զգացին, որ գործված սխալն անուղղելի է և որ իրանք իրանց ձեռքով դժբախտացրել են իրանց հարազատ զավակին...
II
Սուր վիրավորանքի հետ Սամսոնը զգում էր նաև խղճի սուր խայթոց: Որքան համարձակ լինեին Մելանիայի խոսքերը, այնքան իմաստն արդարացի էր։ Մեղադրանքը պարզ էր, հիմնավոր և... անհերքելի։ Ա՜խ, եթե միայն ծերությունը լիներ... Բայց ի՛նչ կարելի է առարկել մի անողոք ու սոսկալի փաստի դեմ, որի ծանրությունը նա զգում է առանց Մելանիայի մութ ակնարկների էլ։ Ինչո՞վ իրան պաշտպանի, քանի որ գիտե՝ սիրելը քիչ է, պետք է ունենալ նաև սիրելու իրավունք, այսինքն՝ միջոց։
Դեռ ամուսնության երկրորդ տարին նա զգաց, որ շուտով պիտի զրկվի այդ միջոցից։ Եվ երբ զգաց, որ սկսում է զրկվել, շատ մտածեց, շատ աշխատեց ու չգտավ ոչ մի հնար բնության հարվածի դեմ։ Նա համոզվեց, վերջապես, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող օգնել իրեն այս դեպքում, թեկուզ զոհի իր բոլոր միլիոնները։ Ճակատագրի դա՜ռն հեգնանք. անբախտությունը սկսվեց հենց այն պահուն, երբ նա հույս ուներ ապրել մի նոր, ավելի հանգիստ, ավելի երջանիկ կյանքով...
Ի՞նչ անել այժմ, երբ նրանից պահանջվում է անկարելին։ Բաժանվե՞լ Մելանիայից, ազատությո՞ւն տալ պահանջողին՝ գնա ուր ուզում է ապրի, ում հետ նա կամենում է։ Բավականանա՞լ ամուսնական կյանքի այն առաջին երկու-երեք կիսաբախտավոր տարիներով, երբ դեռ ուներ փոքրիշատե իրավունք իբրև ամուսին։
Մի պահ զգաց, որ եթե բարոյական քաջություն ունենա, պարտավոր է այդպես անել. չէ՞ որ չի կարելի առանց իրավունքի բռնի տիրանալ մի թարմ էակի կյանքին։ Սակայն... միայն մի պահ, հետո ինքը սարսափեց իր մտքից։ Բաժանվե՞լ Մելսանիայից, մի էակից, որ զարդարում է նրա կյանքը և հյութ տալիս նրա չոր ու ցամաք գոյությանը։ Գցել նրան մի ուրիշի գի՞րկը և, դիտելով հեռվից, տանջվե՞լ բարոյապես, դառնալ ծաղրի ու խոսակցության առարկա... Օ՜о, ոչ, ոչ, այդ անկարելի է, այդ վեր է նրա ուժերից։ Ուրեմն ի՜նչ. ստիպել երիտասարդ կնոջը կենակցե՞լ իր հետ, մի մարդո՞ւ, որին չի սիրում և երբեք չի՛ կարող սիրել, գուցե, իրավ, հակառակ իր ջերմ ցանկության։ Միթե անգթությո՞ւն չէ այդ։ Իսկ նա ոչ միայն գործում է այդպիսի անգթություն, այլև Մելանիայի երեսովն է տալիս այդ անգթությունը, համարելով նրան բարերարություն։
Եվ, հալածվելով այս մտքից, Սամսոնը տանջվում էր։ Արդեն առաջ էլ չէր սիրում հասարակություն, իսկ այժմ բոլորովին երես դարձրեց նրանցից։ Ոչ մի տեղ չէր գնում, ոչ ոքի չէր ընդունում, իսկ աներոջ ու զոքանչի հետ խոսել անգամ չէր ուզում։ Բնազդմամբ գուշակում էր, որ Մելանիան պարզել էր նրանց իր վշտի գաղտնի պատճառը. մի բան, որից այնքան ամաչում էր Սամսոնը։ Ա՜հ, սարսափելի՜ դրություն, ո՞ւմ հայտնի իր ցավը, ո՞վ կկարեկցի նրան և, որ ամենագլխավորն է, ո՞վ կարդարացնի նրա կապը Մելանիայի հետ։ Ոչ ոք։ Նա այս լավ գիտեր, ուստի լուռ ու մունջ փակվել էր ինքն իր մեջ։ Երբեմն նրա սրտում ծագում էր հուսո նշույլ գուցե Մելանիան զղջա, ներում խնդրի անողոք կշտամբանքի համար և հաշտվի իր վիճակի հետ, դադարելով պահանջել անկարելին, անբնականը։ Բայց այս հույսն էլ նրան ոչինչ լավ ապագա չէր խոստանում։ «Հետո՞»․․․ կրկնում էր նա, և գլուխը թուլացած թեքում էր կրծքին, ձեռները ընկնում էին ցած։ Այո՜, հետո՞ , իսկ նրա անզորությո՞ւնը, որ անբուժելի է․․․
Տիկին Նազանին և Սերգեյ Արտեմիչը բարվոք համարեցին խնդիրը թողնել անորոշ և հեռանալ այն քաղաքը, որտեղից եկել էին։ Զգում էին, որ իրենց ներկայությունը անչափ նեղում է Սամսոնին, այնինչ ցավը դարմանելու և ոչ մի միջոց չէին կարողանում գտնել։
Ճանապարհ ընկնելու օրը Նազանին մի անգամ ևս փորձեց համոզել Մելանիային, թե ուրիշ հնար չկա, պետք է հպատակվել ճակատագրին։ Բայց զուր։ Մելանի՛ան սառն եղանակով հարցրեց.
— Մամա, եթե մի օր վերադառնամ քեզ մոտ, կնդունե՞ս ինձ։
Նազանին սարսափեց։ Բայց զգում էր, որ դուստրը արդեն անսահման դժբախտ է, ուստի ճարահատյալ պատասխանեց․
— Ո՞ր ծնողը իր զավակին կթողնի փողոցում։
Մելանիան զգացվեց, փաթաթվեց մոր պարանոցին, համբուրեց և հետո սկսեց հեկեկալ, կրկնելով.
— Ախ, ի՜նչ անբախտն եմ, ի՜նչ անբախտն եմ։
Մի օր, նախաճաշից հետո սպասավորը Սամսոնին հայտնեց, թե Փիրուզյանը հարցնում է, կընդունի՞ նրան արդյոք։ Սամսոնը հրամայեց ընդունել։
Փիրուզյանը ներս մտավ նախկին բարեկամական ժպիտն երեսին, ամուր սեղմեց իր ազգականի ձեռը և նստեց նրա դեմուդեմ։ Սամսոնը, որ գրասեղանի քով զբաղված էր ինչ-որ հաշիվներով, թղթերը հավաքեց մի կողմ դրեց և հարցրեց՝ ուր է մնացել մինչև այժմ հյուրը։ Հայտնվեց, որ Փիրուզյանը վերջին երկու շաբաթը անց է կացրել Բաքվում, միայն այսօր առավոտ է վերադարձել։ Նա վճել է նավթային գործերով զբաղվել և եկել է Սամսոնի աջակցությունը խնդրելու։
Սամսոնին հայտնեցին, թե նախաճաշը պատրաստ է։ Նա հյուրի հետ անցավ սեղանատուն։ Այնտեղ Մելանիան, սեղանի քով նստած, կերակրում էր Ժորժիկին։ Նա հյուրին ընդունեց անխռով, գլխի թեթև շարժումով պատասխանելով նրա խոնարհ բարևին։
Փիրուզյանն իսկույն գուշակեց, որ մարդ ու կնոջ հարաբերությունները լարված են։ Հոգու խորքում այս անգամ անկեղծ խղճաց Սամսոնին, նայելով նրա անսովոր մռայլ դեմքին, Նա խոսում էր նավթային նոր շատրվանների և արդյունաբերական աժիոտաժի մասին։
Հանկարծ նա զգաց խղճի խայթ յուր հանցավոր միտումների պատճառով։ Նա զղջաց։ Բայց զղջաց ոչ այնքան որևէ բարոյական սկզբունքի հիման վրա, որքան այն մտքից, որ զուր էին իր հանդուգն միտումները և երբեք չեն կարող իրագործվել։ Մելանիայի ամբողջ էությունը հասկացնել էր տալիս նրան, թե շեղել այդ կնոջն ուղիղ ճանապարհից շատ էլ դյուրին չէ և թե ինքը շատ էլ ճիշտ գաղափար չի ունեցել նրա մասին։
Նա որոշեց զգույշ վարվել։ Ինչո՞ւ զուր տեղը զրկվի Սամսոն Ֆրանգուլյանի պես մի հզոր դրամատիրոջ բարեկամությունից այն ժամանակ, երբ իր նոր ձեռնարկելի գործի համար կարոտ է նրա աջակցությանը։ Նա աշխատեց ցույց տալ անտարբերություն դեպի Մելանիան և կարողացավ Սամսոնի սրտից ջնջել չար կասկածի վերջին նշույլը։
Մի շաբաթ անցած՝ նա դարձյալ այցելեց Ֆրանգուլյաններին։ Այս անգամ եկել էր վերջին հրաժեշտը տալու։ Նա թողնում է Թիֆլիսը ու հեռանում Բաքու երկար ժամանակով։ XIV
Խորհում էր Մելանիան գիշեր ու ցերեկ և չէր կարողանում որևէ որոշում կայացնել։ Նա օր օրի վրա ավելի էր համոզվում, որ չէր կարող երկար ժամանակ մնալ անորոշ ու ծայրաստիճան լարված դրության մեջ։ Նա զգում էր, որ Սամսոնը նրա համար օտարանում է ոչ օրերով, այլ ժամերով և հեռանում է անվերադարձ։ Երկու ամուսինների մեջ բարձրանում էր մի պատնեշ, որին չէր կարող խորտակել ոչ մի առողջ բանականություն։ Եվ Մելանիան սկսեց վախենալ Սամսոնից, առաջին անգամ զգալով նրա տանջալի լռության մեջ ինչ-որ չարագուշակ մի բան։ Մնալ այդ մարդու հետ մի հարկի տակ թվում էր նրան և՛ վտանգավոր, և՛ զազրելի։ Ի՞նչ անել, արդյոք, թողնել նրան՝ և վերադառնալ ծնողների մոտ, թե՞ դիմել այն ապօրինի, այն վատթար և այն սովորական դարձած միջոցին իր դրության հետ հաշտվելու համար, որին դիմում են շատ շատերը։ Դավաճանության։ Դժվար իրագործելի էր թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ի՞նչ պիտի պատասխաներ հարյուրավոր հետաքրքրվողների հարցին — «Ինչո՞ւ բաժանվեց»։ Պատճառ պիտի բերեր Սամսոնի ծերությունը։ Բայց չէ՞ որ նրանք կարող էին ասել «ո՞ւր էր քո խելքը ամուսնանալիս»։ Առարկել նրա ֆիզիկական անկարողությո՞ւնը։ Օօ ոչ, այդ անոթալի է, և նա չի կարող կրել հասարակության ծաղրն ու ծիծաղը։ Իսկ մնալ օրինական ամուսնու հարկի տակ, ուզել նրա մահը, խաբել ու դավաճանել, դեմ էր նրա ամբողջ էությանը և կրկնակի վտանգավոր...
Եվ այսպես, այս երկդիմի դրության մեջ Մելանիան տառապում էր անսահման։
Այնինչ Սամսոնը՝ սիրելով Մելանիային դաժան սիրով՝ կատաղում էր ժամանակի և բնության դեմ այնպես, որ կարծես, նրանց անողոք օրենքները հատկապես նրա համար էին հորինված։ Նա անիծում էր մարդկությունը և նրա հնարած բոլոր գիտությունները, որ անզոր էին նրա անզորության դեմ։ Եվ աշխարհը նրան թվում էր սառն, անհյուրընկալ։ Կյանքի նյութական շուքի մեջ զգում էր իրան խորթ, եկվոր և հարստության մեջ չքավոր, որպես մի արհամարհված մուրացկան Գարնան մերձավորությունը բորբոքելով նրա օր օրի վրա սառչող արյունը, ավելի զգալի և ավելի դաժան էր դարձնում անփոխարինելի կորուստը։ Եվ, մարդկանցից փախչելով, ինքն իր մեջ զգում էր այնպիսի ամայություն, որ կարծես, հոգին բաժանվել էր և դիտում էր մարմնի սառուցումը հեռվից։ Կենդանի կմախք, որ այրվում էր առանց ջերմանալու։ Նա հոգու ամբողջ կարողությամբ ատում էր բնությունը և բոլորը ինչ որ նորոգվում ու թարմանում էր նրա մեջ։ Ծառերի նորածիլ տերևները, ծտերի ծլվլոցը, եղանակի մեղմությունը, երկնի պայծառությունր և երկրի ժպիտը, բոլորը, բոլորը, կարծես ծաղրում էին նրան անողոք և անամոթ ծաղրով։ Նա կկամենար տեսնել ամեն ինչ հնացած, թառամած և անզոր, ինչպես ինքը։ Նա պատրաստ էր, եթե ունենար գերբնական զորություն, մի հարվածով մեռցնել բոլոր կենդանի էակների մեջ կյանքը և բոլորին դարձնել իր պես այրվող կմախք։
Նա սկսեց ատել Մելանիային, չդադարելով սիրել նրան անզոր սիրով։ Երկու հակադիր միմյանց ջնջող զգացումների մեջ հոգեպես բաժանվեց երկու տարբեր մասերի։ Մի ներքին ուժ դրդում էր նրան, ամեն անգամ Մելանիային հանդիպելիս, փաթաթվել նրա պարանոցին և անվերջ համբուրել, շոյել, միանալ ու ձուլվել նրա հետ մեռելության ձուլարանում։ Մի ուրիշ ներքին ուժ թելադրում էր նրան. «հարձակվիր այդ երիտասարդ կնոջ վրա, բռնիր նրա գեղեցիկ կոկորդը, խեղդիր, սպանիր և հետո սիրիր... նրա գերեզմանը»։
Այլևս պարզ էր նրա համար, որ յուր սիրո զգացման ամենաթույլ մի արտահայտություն Մելանիային պատճառում է զզվանք։ Եվ խոցոտված և արյունոտված ինքնասիրությունը ուժ էր տալիս նրան այդ զգացումը զսպելու, մինչդեռ ատելության բուռն զգացման դեմ օր օրի վրա դառնում էր անզոր, անպաշտպան։ Նրա գլխի մեջ ծագում էին մեկը մյուսից մռայլ մտքեր, որոնք գլխավորապես պտտում էին մի առանցքի շուրջը։ Այդ առանցքը Մելանիայի երիտասարդությունն էր, մանավանդ գեղեցկությունը։ Օ՜օ , անտեսանելի, անըմբռնելի զորություն, եթե չես կարող վերադարձնել նրա կորցրած առնականությունը, դարձրու այդ կնոջը նրա հասակին ու թառամած արյունին համապատասխան մի էակ։ Այո, թող այժմ Մելանիան զրկվի իր գեղեցկությունից, որպեսզի նա այդքան չսիրվի և որպեսզի Սամսոնը այդքան չտանջվի, այսքան չխանդի և որպեսզի ամեն վայրկյան չմտածե՝ արդյոք Մելանիան մի ուրիշին չի՞ սիրում։
Մելանիայի ներքին անբացատրելի ահը զարգանում էր օր օրի վրա։ Այժմ ամեն անգամ Սամսոնին տեսնելիս՝ ցնցվում էր։ Արդեն նա իր անկողնակալը փոխադրել էր մի ուրիշ սենյակ և գիշերում էր առանձին և եթե չքաշվեր, ամեն գիշեր կկողպեր իր ննջարանի դռները։ Հակառակ նախկին սովորության, մերթ ընդ մերթ նա գիշերները հանկարծակի արթնանում էր և միշտ ականջ դնում դեպի կից սենյակը, ուր գիշերում էր Սամսոնը։
Ինքը Սամսոնը աշխատում էր շատ անգամ իրան նրանից հեռու պահել նամանավանդ այն պահերին, երբ ատելության զգացումը բորբոքվում էր նրա մեջ առանձին ուժով։ Այդ մոմենտներին մի շատ դաժան ցանկություն կլանում էր նրա հոգին և խլացնում առողջության ձայնը։ Նրա բանականությունը մթագնում էր և նրա առջև պատկերանում էր Մելանիայի այլանդակված մարմինը, օօ ոչ ամբողջը, այլ միայն երեսը... Չէ՞ որ այսպիսով և միայն այսպիսով կարող է լուծվել անլուծելին։
Նա լուռ պայքարում էր մի դիվային ցանկության դեմ, որ սակայն զարգանում էր օր օրի, ժամ ժամի վրա, և ավելի ու ավելի ենթարկում նրան իր զորությանը․․․
XV
Գիշերվա երկու թե երեք ժամն էր։ Սամսոնը դեռ անքուն էր իր սենյակում։ Սեղանի վրա վառվում էր փոքրիկ լամպարը, աղոտ լուսավորելով նրա մռայլ կերպարանքը։ Նա պառկած էր թիկնիվար տաճկական բազմոցի վրա, ձեռները գլխատակը դրած։ Կար այդ պահին ինչ-որ չար, հրող շերտ նրա դեմքի վրա և աչքերի մեջ։
Նա ոտքի ելավ և սկսեց անցուդարձ անել։ Մերթ նա կրծոտում էր շրթունքները, մերթ ծանր հառաչում էր, մերթ նրա աչքերը պսպղում էին, մերթ կարծես մարում ինչպես հեռավոր փարոսի լույսը։
Նա վերցրեց սեղանի վրայից լամպարը, անցավ հաջորդ սենյակ, իր ննջարանը։ Այժմ այնտեղ երկուսի փոխարեն դրված էր միայն մի անկողնակալ, այժմ նա սառն էր, անհյուրընկալ, առմիշտ զրկված ամուսնական կյանքի մի ժամանակվա ջերմությունից։ Նա սկսեց ծուլորեն, կամաց-կամաց հանել հագուստը։ Դուրս բերեց ժիլետի գրպանից ժամացույցը, նայեց, դրեց անկողնակալի գլխի քով գտնվող փոքրիկ սեղանի վրա։ Գիշերվա երկոսուկես ժամն էր։ Երբեք նա այդպես ուշ չէր պատրաստվել անկողին մտնելու։ Նա դեն ձգեց փողկապը, հանեց կոշիկները, հագավ հողաթափերը և դարձյալ սկսեց անցուդարձ անել։ Երկու անգամ նա մոտեցավ դռներին և ականջ դրեց հաջորդ սենյակը, որ առաջ Ժորժիկինն էր, այժմ Մելանիային ծառայում էր որպես ննջարան։
Գիշերային անդորր լռության մեջ լսվում էր երիտասարդ կնոջ առողջ ու կանոնավոր շնչառությունը։ Նա քնած էր խոր քնով — գոնե այնպես թվաց Սամսոնին, երբ կիսով չափ բաց արավ դռները և նայեց։ Փոքրիկ սեղանի վրա վառվում էր այն գեղեցիկ լամպարիկը՝ վարդագույն լուսամփոփով, որի լույսով Սամսոնը շատ անգամ էր սքանչացել Մելանիայի մարմնի գեղեցկությամբ։ Բայց երբեք, երբեք այդ մարմինը չէր եղել նրա աչքում այդքան գեղեցիկ, որքան այդ գիշեր։ Մետաքսյա դեմի-սեզոն վերմակի մի ծայրը հետ էր ծալվել և ցուցադրել նրա ուռուցիկ կուրծքը, որի վրա հանգչում էին խիտ մազերի ալիքավոր հյուսերը։ Վերև այդ մազերը նրա գլխի շուրջը կազմում էին մթին շրջանակի նման սքանչելի մի պսակ։ Աջ ձեռքը հանգիստ տարածված էր կողքով, իսկ ձախ ձեռը գլխի շուրջը կազմում էր մի ուրիշ շրջանակ։ Հագուրդ չստացած կենսասիրության ժպիտը շրթունքների վրա տալիս էր նրա դեմքին ինչ-որ թախիծ, իսկ պայծառ ճակատը, սքողվածքի մազերի ստվերով։
Սամսոնը ներս մտավ կամացուկ, որպես մի հանցավոր՝ սրբության տաճարը։ Նա գալիս էր ոչ իր հանցանքները խոստովանելու ու քավելու, այլ գործելու մի նորը և այնպիսին, որի նմանը երբեք չէր գործել — տաճարից գողանալու այն, ինչ որ ամենասուրբն էր, ամենաթանկարժեքը։ Քանի մի վայրկյան նա նայեց Մելանիայի դեմքին։ Նայեց այնպես, որպես անոթի գայլը համեղ պատառի վրա, որին ճաշակելու կարողությունից զուրկ է։ Նա սքանչանում էր և տանջվում։ Այնինչ դիվային միտքը պաշարում էր նրան ուժգին, և նա զգում էր իր անզորությունը նրանից ազատվելու։ Այո, այո, այդ կինը շատ երիտասարդ է, շատ սիրուն, շատ հրապուրիչ, շատ կենսաթրթիռ և շատ խստապահանջ իր մարմնավոր երջանկության վերաբերմամբ։ Նա չի կարող իր այրվող արյունը խառնել մի անզորի ցրտության և ապիկարության հետ։ Նա պիտի փնտրե մի ուրիշին, այս են պահանջում բնության օրենքները և այս է դրոշմված Մելանիայի դեմքի վրա։ Գուցե արդեն փնտրում է, գուցե արդեն գտել է։ Ի՞նչ, զրկվել այդպիսի մի գանձից, դառնալ խաբված ամուսին, ծաղրված ու ծաղակոծված ամենից։ Օօ ոչ, ոչ, ոչ, այդ անկարելի է և երբեք չպիտի թույլ տալ․․․
Սակայն ինչպե՞ս դիմադրել բնության պահանջի զորությանը․ ինչպե՞ս այդ կնոջն ապահովել մոլորությունից։ Միայն մի միջոց կա ապահովության — այլանդակել այդ զմայլելի մարմինն այնպես, որ ոչ ոք չհրապուրվի նրանով և ոչ ոք չկամենա նրան մերձենալ, բացի իր օրինական տիրոջից։ Այն ժամանակ Մելանիան ստիպված կլինի սիրել Սամսոնին և միայն նրան։
Նա սարոափեց, մտածելով, որ այն, ինչ որ չի ուզում անել գերբնական ուժը, պիտի անե ինքը․․․ իր ձեռքով։ Սարսափեց, բայց չփախավ դիվային մտքից, որ ընդամենը մի շաբաթ էր, որ հղացել էր և այժմ ձգտում էր իրագործել գիշերային լռության մեջ, երբ տանը ամենքը քնած են, երբ խոր քնով քնած է և նա, որի վրա պետք է կատարվի մի անգութ գործողություն։ Անգո՞ւթ, ո՛չ, ինչո՞ւ։ Սամսոնը չի զրկի այդ կնոջը կյանքից, կզրկի միայն գեղեցկությունից։ Ոճիրը սոսկալի է, հակամարդկային և հակաբնական, բայց նա չի ուղղված այդ գեղեցիկ էակի դեմ։ Նա կապրի, բայց իր գեղեցկությունից զրկված։
Նա նայեց երկարատև հայացքով Մելանիայի սիրուն հոնքերին, որոնցով շատ անգամ էր հիացել։ Ահա որտեղ է նրա գեղեցկությունը, ահա ինչն է ավելի դյուրին աղավաղել։ Բավական է մատների մի թեթև շփում, և նա կխախտվի հավիտյան․․․
Սամսոնը ձեռը տարավ վարտիկի գրպանը։ Այժմ նա այլևս ինքն իրան չէր պատկանում։ Նա դուրս բերեց գրպանից մի փոքրիկ սրվակ և մի կտոր բամբակ։ Նա ինքը կսարսափեր իրենից, եթե այդ պահին նայեր հայելուն։ Կերպարանքն ավելի մռայլվել էր, բերանի անկյուններն աղավաղվել էին և թեթևակի դողում։ Նա ուշադիր կարդաց սրվակի խորագիրը և գլուխը դրականորեն շարժեց։
Մելանիան շարունակում էր հանգիստ քնել միևնույն դիրքում։ Թվում էր՝ մի ինչ-որ խոր երազ ընդգրկել է նրան իր անշարժության մեջ։
Սամսոնը հանեց սրվակի խցանը և պատրաստվում էր հեղուկը կաթեցնել մյուս ձեռում բռնած բամբակի վրա, նույն պահին, երբ Մելանիան ծանր հառաչելով շարժվեց։ Սամսոնը կանգ առավ և, սրվակը գրպանը դնելով, նայեց։ Այժմ Մելանիան երեսը դարձրել էր դեպի պատը, բայց դարձյալ քնած էր խոր քնով։ Այս անգամ նրա շքեղ գիսակները հեռացել էին ուսերից և թափվել բարձի վրա։ Նրանց փարթամությունը զայրացրեց Սամսոնին։ Ակամա նրա հայացքը դարձավ դեպի կնոջ տուալետի սեղանը և կանգ առավ մի հարդյա զամբյուղիկի վրա։ Նա հուշիկ քայլերով մոտեցավ սեղանիկին, շոշափեց զամբյուղակը, որ լի էր թելի կապոցներով, ասեղներով, կոճակներով և այլ մանր-մունր իրերով։ Լսվեց պսպղուն մկրատի սուր հնչյունը, որից Սամսոնը ցնցվեց այնպես, որպես կարող է ցնցվել մարդը օձի մերձավոր շվվոցից։ Նա դարձյալ նայեց Մելանիայի մազերին և, մկրատը վերցնելով, մոտեցավ։ Կապարային լռության մեջ լսվեց սուր մկրատի զգուշավոր շխկոցը, և Մելանիայի շքեղ գիսակները, արմատից անջատվելով, թափվեցին բարձի վրա և այնտեղից ծանրորեն դեպի հատակը որպես սպանված թռչուն։ Սամսոնը ժամանակ չկորցրեց իր դժոխային դիտավորությունը մինչև վերջը իրագործելու։ Նա շտապով դուրս բերեց գրպանից սրվակը, թափեց մի քանի կաթիլ նրա մեջ պարունակված հեղուկից բամբակի բակի վրա և թեքվեց դեպի Մելանիան։ Հանկարծ նրա ձեռը դողաց։ Նա մի քայլ հետ կանգնեց։
Մելանիան հանդարտիկ աչքերը բաց արավ և նայեց հետ այն վայրկյանին, երբ չար ձեռքը պիտի առմիշտ այլանդակեր նրա գեղեցկությունը։ Նա հանդարտ գլուխը բարձրացարեց, նստեց անկողնի մեջ, աչքերը հածելով շուրջը՝ մղձավանջից արթնացածի պես։ Բայց արթնացավ նա այն վայրկյանին, երբ նշմարեց Սամսոնին, որ կիսամերկ կանգնած էր սենյակի մեջտեղում լուռ, անշարժ, մի ձեռում պահած սրվակը, մյուսում՝ բամբակը։ Նա արձակեց մի թույլ ճիչ և ոտքի կանգնեց։ Նա ձեռներով շոշափեց գլուխը և արտասանեց.
— Գլուխս... չկա..․
Նայեց աջ ու ձախ, վեր ու վար և տեսավ հատակի ու բարձի վրա սփռված մազերը, և սարսռեց ամբողջ մարմնով։
— Այս ի՜նչ է,— գոչեց նա, սարսափած հայացքը ամուսնուն դարձնելով։
Սամսոնը լուռ էր։ Մի չարախինդ ժպիտ աղավաղել էր մարդու դեմքը։
— Ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ ես արել,— նորեն գոչեց Մելանիան։
Սամսոնը անգիտակցաբար հատակի վրա ձգեց ձեռքում բռնած բամբակը, որ այրում էր նրա մատները։ Մելանիան արագ հարձակվեց, վերցրեց գետնից բամբակը, մոտեցավ լամպարին, աչքերը չհեռացնելով Սամսոնից։ Նույն վայրկյանին մատների ծայրում զգաց այրոց, դեն ձգեց բամբակը և մնաց տեղն ու տեղը սառած։
— Ես ուզում էի քեզ բժշկել ամբարտավանությունից,— արտասանեց Սամսոնը, և նրա ձայնը հնչեց այնպիսի չարախնդությամբ, որից Մելանիայի մարմինը պատեց սառը քրտինքով։
— Աա՜,— աղաղակեց սարսափած կինը և թուլացած ընկավ անկողնակալի վրա։
Նա ամեն բան հասկացավ և՛ այն, ինչ որ էր, և՛ այն, ինչ որ պիտի լիներ, և՛ այն, ինչ որ չպիաի լիներ։ Սակայն հասկացավ նաև, որ դիվային դիտավորությունը հրեշավոր մարդու իրագործվել է միայն կիսով չափ։ Նույն վայրկյանին ոտքի ելավ և շտապով անցավ հարևան սենյակը, ուր քնած էր Ժորժիկը դայակի հետ։
Սամսոնը լսեց, թե ինչպես դռները փակվեցին, բանալին պտտեց և զգաց, որ այլևս ամեն ինչ վերջացած է, որ բանալիի այդ պտույտը կտրեց ամեն մի կապ իր և Մելանիայի միջև։ Նա չկարողացավ իրագործել յուր զազրելի միտումը — զրկել կնոջր գեղեցկությունից, որպեսզի առմիշտ տիրե նրան որպես մի սեփականություն, որ ուրիշ ոչ ոքի չի կարող պիտանի լինել։
Նա անցավ յուր սենյակը և երեսնիվար պառկեց անկողնակալի վրա, բռունցքները սեղմելով գլխին: Այն միջոցը, որով նա անհաջող փորձեց պաշտպանել Մելանիային մոլորությունից և ապահովել յուր ընտանեկան պատիվը, այժմ նրան թվաց սոսկալի երազ...
Առավոտյան տասնմեկ ժամն էր, երբ Սամսոնը բաց արավ անքնությունից ուռած ու կարմրած աչքերը։ Ներս մտավ սպասավորը և լուռ տվեց նրան մի ծրար։ Նա բաց արավ ծրարը․ Մելանիայի ձեռագիրն էր, նամակը գրված էր համառոտ և շատ գրական։ Մելանիան գրում էր, թե հասկացել է նրա չար դիտավորությունը։ Մի մարդ, որ ընդունակ է այդպիսի դիտավորության, չի խորշիլ անգամ սպանության մտքից։ Նամակը վերջանում էր այս խոսքերով.
— Ես վերադառնում եմ ծնողներիս մոտ, թողնելով ամեն ինչ և ամենը, նույն իսկ Ժորժիկիս։ Ես ազատում եմ կյանքս և գեղեցկությունս: Դուք կարող էիք ինձ սպանել։ Ես ուզում եմ ապրել, զգալ ու ապրել։
— Ե՞րբ գնաց տիրուհիդ,— հարցրեց Սամսոնը խեղդված ձայնով։
— Առավոտյան գնացքով։
Սամսոնը ամոթահար, հուսահատ և ուժասպառ թավալվեց անկողնակալի վրա, որ վաղուց էր նրա դագաղը և այժմ դարձավ նրա համար ցուրտ գերեզման․․․