Jump to content

Մեկնաբանություններ իմ մեկնաբանության մեկնաբանությունների վերաբերյալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ իմ վերջին մեկնաբանությունը [տե՛ս էջ 459՝ «Համանախագահներն ընդամենը միջնորդ են կամ առանձին վերցրած մի տարածաշրջանում ստալինիզմի հարության փորձ», 24 մարտի, 2011թ.] մի շարք մեկնաբանությունների տեղիք է տվել: Հարկադրված եմ մեկնաբանություններով պատասխանել իմ մեկնաբանության մեկնաբանություններին:


1. В декабре 1991 года в Соглашении о создании СНГ союзные республики признали независимость друг друга и неприкосновенность существующих границ. (Artur, Armenia Today) [1991թ. դեկտեմբերին միութենական հանրապետություններն ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրով ճանաչեցին միմյանց անկախությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը]:

Նախ պետք է ընդգծել, որ ԱՊՀ ստեղծման մասին համաձայանագիրը (08.12.1991թ.) և՛ ՍՍՀՄ օրենսդրության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց փաստաթուղթ է: Իհարկե, ՍՍՀՄ սահմանադրությունը ՍՍՀՄ հանրապետություններին տալիս էր անկախանալու իրավունք, սակայն այդ անկախացումն ուներ օրենքով ամրագրված հստակ ընթացակարգ, որը չի պահպանվել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական նպատակահարմարությունը կարող է օրինականացնել հիշյալ փաստաթուղթը ստորագրողների ultra vires (լիազորությունները գերազանցող) գործողությունը: Անշուշտ՝ ոչ: Կարծեմ, ՍՍՀՄ հանրապետություններից միայն Հայաստանում են պահպանվել այդ պահին գործող օրենքի պահանջները՝ անկախության հանրաքվեի հայտարարում, նախատեսված ժամկետի պահպանում, հանրաքվեի անցկացում և այլն: Այդ տեսանկյունից ՍՍՀՄ նախկին հանրապետությունների անկախացումներից (ներառյալ՝ Բալթյան երկրները) օրենքի տեսնակյունից միակ անթերին Հայաստանի Հանրապետության անկախացումն է:

Հետո, միջազգային իրավունքն ունի իր պահանջները, ի մասնավորի՝ օրինապես միջազգային հարաբերությունների մեջ մտնել և միջպետական պարտավորություններ ստանձնել կարող են միայն միջազգային իրավունքի սուբյեկտները: Այսինքն, միջազգային համայնքի կողմից ճանաչված երկրների ճանաչված կառավարությունների համապատասխան լիազորություններով օժտված ներկայացուցիչները: Անշուշտ, 1991թ. դեկտեմբերի 8-ին ՍՍՀՄ դեռևս հանդես էր գալիս որպես միջազգային իրավունքի մեկ միասնական սուբյեկտ: Բազմաթիվ վկայություններ կան՝ օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը ՍՍՀՄ մասնակցությամբ: Հետևաբար, միևնույն պետության սուբյեկտների փոխադարձ պարտավորությունները չեն կարող դիտարկվել որպես միջպետական պարտավորություններ:

Սակայն ենթադրենք, որ հիշյալ փաստաթուղթն օրինական է: Տեսնենք ինչ է ասում այն «սահմանների անձեռնմխելիության» մասին: Փաստաթղթի 5-րդ հոդվածը հայտարարում է. «Բարձր պայմանավորվող կողմերը Համագործակցության շրջանակում ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Նրանք երաշխավորում են Համագործակցության շրջանակում սահմանների բաց լինելը, քաղաքացիների տեղաշարժի և տեղեկատվության փոխանցման ազատությունը»: (Высокие Договаривающиеся Стороны признают и уважают территориальную целостность друг друга и неприкосновенность существующих границ в рамках Содружества. Они гарантируют открытость границ, свободу передвижения граждан и передачи информации в рамках Содружества.)

Նախ ասեմ, որ պայմանավորվածություններ պարունակող բոլոր փաստաթղթերը, սկսած թաղապետարանի հետ ձեր ստորագրած կոնտրակտից, վերջացած միջպետական փաստաթղթերով, ամբողջական փաստաթղթեր են: Այսինքն, միևնույն փաստաթղթի մեջ ներառված պայմանավորվածությունները փոխկապակցված են և գործում են միասնաբար: Օրինակ, եթե կողմերից մեկը, ասենք՝ թաղապետարանը, պարտավորվում է ծառայություններ մատուցել, ապա մյուս կողմը, դիցուք՝ շենքի բնակիչը, պարտավորվում է դրա դիմաց վճարել: Կամ հակառակը: Բնականաբար, եթե կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, ապա ինքնըստինքնյան մյուս կողմն ազատվում է իր պարտավորություններից: Նույնը միջպետական հարաբերություններում է:

Հիմա հասկանանք՝ ինչ է ասում վկայակոչված հոդվածը: Այո՛, այն ասում է, որ կողմերը «ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Սակայն միաժամանակ նույն հոդվածն ասում է. «Նրանք երաշխավորում են ... սահմանների բաց լինելը, քաղաքացիների տեղաշարժի և տեղեկատվության փոխանցման ազատությունը»: Հստակ է, որ «տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության» ճանաչումը պայմանավորված է «սահմանների բաց լինելով և քաղաքացիների ազատ տեղաշարժով»: Արդյո՞ք Ադրբեջանը, 24.09.1993թ. միանալով ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, կատարել է իր պարտավորությունները: Ակնհայտորեն՝ ոչ: Այդ օրվանից առ այսօր հայ-ադրբեջանական սահմանը փակ է մնում և չկա քաղաքացիների ազատ տեղաշարժ: Արդյո՞ք, չկատարելով իր պարտավորությունները, Ադրբեջանը կարող է ունենալ օրինական հիմք՝ ակնկալելու, որ պարտադիր կարող է համարվել միևնույն համաձայնագրի պարտավորությունների միայն մի մասը: Իհարկե՝ ոչ: Կրկնում եմ՝ պարտավորությունները մեկ ամբողջականություն են և փոխկապակցված: Կամ ինչպես Իլֆն ու Պետրովն էին ասում իրենց հերոսի բերանով. «Утром деньги, вечером стулья, вечером деньги, утром стулья.»:

Կա մի կարևոր հանգամանք ևս: Երբ 18.02.1992թ. Հայաստանը միացավ քննարկվող փաստաթղթին, Ադրբեջանը դեռևս մաս չէր կազմում այդ փաստաթղթին: Ադրբեջանը ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին է միացել Հայաստանից 19 ամիս հետո՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին: Այսինքն, Հայաստանը «տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անձեռնամխելիության ճանաչում» պարտավորությունը, այն էլ որոշակի հանգամանքներով պայմանավորված, ստանձնել է միայն փաստաթղթին տվյալ պահին մաս հանդիսացող երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, և Ուզբեկստանի, նկատմամբ:

Եվ վերջապես ամենակարևորը: Ի՞նչ կապ ունի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, կազմակերպել է Ադրբեջանական ՍՍՀ հայ բնակիչների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), քաղաքացիական բնակչության նկատմամբ, վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն), սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունն իր կողմից իրենը համարող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի վերոհիշյալ՝ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության դրույթների հետ: Հիշյալ դրույթները գործում են միջպետական հարթությունում և բնավ խոչընդոտ չեն ինքնորոշվող հանրության սեփական ճակատագիրն ըստ իր հայեցողության տնօրինելու իրավունքի կենսագործման համար:

Ավելին, Ադրբեջանի վերոհիշյալ գործողությունները պատմության մեջ մտան ոչ միայն որպես անպատիժ մնացած հանցագործություններ, այլև մնալու են որպես խարան միջազգային հանրության քաղաքական խղճի վրա, որը ոչինչ չարեց բնաջնջումից փրկելու Արցախի խաղաղ բնակչությանը: Մի՞թե Բենգազիում ապրող մարդկանց արյունն ավելի կարմիր է, քան Ստեփանակերտում կամ Հադրութում ու Մարտակերտում ապրողներինը: Ո՞վ պիտի հաստատեր ոչ թռիչքային գոտին մանկապարտեզներն ու դպրոցները ռմբակոծող ադրբեջանական օդանավերի դեմ: Ո՞վ պիտի իրականացներ մարդասիրական միջամտությունը (humanitarian intervention)՝ փրկելու համար տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը: Դա չարեց միջազգային հանրությունը հավաքաբար և ողջ ծանրությունը մնաց այդ հանրության միայն մեկ անդամի՝ Հայաստանի Հանրապետության, ուսերին: Հասել է պահը, որ միջազգային հանրությունը արժեվորի ՀՀ մարդասիրական միջամտությունը և լիարժեքորեն հատուցի վերջինիս կրած մարդկային և նյութական կորուստների համար:


2. Со-председатели Минской конференции являются не только посредниками. Они руководят переговорным процессом. (Artur, Armenia Today) [Մինսկի կոնֆերանսի համանախագահները ոչ միայն միջնորդներ են հանդիսանում: Նրանք ղեկավարում են բանակցային գործընթացը]:

Ղեկավարել առաջին հերթին նշանակում է որոշումներ կայացնել: Եթե ղեկավարել ասելով սա ենք հասկանում, ապա նման բան չկա: Մինսկի խմբի համանախագահների իրավասությունները հստակորեն սահմանված են համապատասխան մանդատով [տե՛ս՝ Mandate of the Co-Chairmen of the Conference on Nagorno-Karabakh under the auspices of OSCE “Minsk Group”, Vienna, 23 March 1995, DOC.525/95]: Հիշյալ փաստաթղթի 15 կետերից և ոչ մեկով նրանց «բանակցությունները ղեկավարելու» մանդատ չի տրված: Ըստ այդմ, մանդատն օգտագործում է համապատասխան բառապաշար՝ համատեղ ջանքեր գործադրել, զարգացնել միասնական հիմք, աջակցել, զեկուցել, համատեղ այցելել և այլն (make joint efforts, develop a common basis, assist, report, visit jointly, etc.):

Հետո, սկզբուքորեն չի կարող լինել նման բան: ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածը հստակորեն ամրագում է վեճերի խաղաղ կարգավորման ձևերը, իսկ միջազգային իրավունքը հստակեցնում է դրանց բովանդակությունը: Լայն առումով միջնորդությունը (mediation) հաշտեցման (conciliation) ձևերից մեկն է: Վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (1899թ.) 4-րդ հոդվածը (The Hague Convention on the Pacific Settlement of Disputes of 1899, Article 4) միջնորդությունը սահմանում է որպես «հակադիր պահանջների հաշտեցում» (reconciling the opposing claims): Միջազգային իրավագիտությունն պարզաբանում է սույն սահմանման բովանդակությունը և հստակեցնում միջնորդի դերը. «միջնորդի հիմնական գործառույթը կողմերից բովանդակային առաջարկներ ընտրելը և դրանք հաշտեցնելու ուղի գտնելն է»: (main function is to elect substantive proposals from the parties and to find a way for reconciling them.):[1]

Ակնհայտ է, որ միջնորդները որևէ բան որոշելու կամ վճռելու իրավունք չունեն: Նրանք միչևիսկ սեփական առաջարկներ ներկայացնելու իրավունքը չունեն: Նրանց լիազորությունները սահմանափակված են միայն հակամարտության կողմերի առաջարկները բանակցությունների առարկա դարձնելով և այդ առաջարկները հաշտեցնելով:


3. Урегулирование конфликта осуществляется на основе регионального соглашения – Хельсинкского Заключительного Акта СБСЕ от 1975 года. (Artur, Armenia Today) [Հակամարտության լուծումն իրականացվում է տարածաշրջանային համաձայնագրի՝ 1975թ.-ի ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտի, հիման վրա:]

Ինչո՞ւ: Ո՞նց իմացաք: Նախ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտն ընդամենը քաղաքական փաստաթուղթ է, սոսկ ժողովի արձանագրություն: Այն «իրավականորեն ոչ պարտադիր համաձայնություն է» (legally non-binding agreement),[2] ընդամենը «բարոյական հանձնառություն» (a moral commitment):[2] Այն իրավական փաստաթուղթ չէ, ըստ այդմ էլ գրանցված չէ ՄԱԿ-ի պայմանագրերի ռեգիստրում (UN Treaty Registry),[2] ինչը պարտադիր պայման է «բոլոր պայմանագրերի և բոլոր միջազգային համաձայնագրերի» համար [ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 102]:

Հետո՝ Հելսինկիի եզրափակիչ ակտը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհային պատերզամի հետևանքով Եվրոպայում առաջացած իրավիճակին: Այն ոչ մի կապ չունի նախկին ՍՍՀՄ տարածքում ՍՍՀՄ տրոհման հետևանքով առաջացած իրավիճակին: Բացի այդ, Գերմանիաների միավորումով, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի և ՍՍՀՄ տրոհումով, նախկին սոցիալիստական ճամբարի շատ երկրների՝ Եվրոմիությանը և ՆԱՏՈ-ին անդամակցումով, այն վաղուց արդեն ժամկետանց փաստաթուղթ է: Տվյալ փաստաթղթի հիմնական նպատակը՝ երկու հակադիր ճամբարների միջև անվտանգության ու համագործակցության հարցերի կարգավորումը, այսօր ընդհանրապես գոյություն չունի, քանի որ գոյություն չունեն այդ ճամբարները: Նորից եմ կրկնում՝ փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ. չի կարող նույն փաստաթուղթը չգործել Բալկաններում, սակայն ուժ ունենալ Հարավային Կովկասում:



Հղումներ և ծանոթագրություն

  1. Louis B. Sohn, Peaceful Settlement of Disputes, in: R. Berhardt (ed.), Encyclopedia of Public International Law, Instalment 1 (1981), p. 156.
  2. 2,0 2,1 2,2 Daniel Thureer, Soft Law, in: R. Berhardt (ed.), Encyclopedia of Public International Law, volume IV (2000), p. 455.



30 մարտի, 2011թ.