Մեղուն և աղավնին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՂԱԶԱՐՈՍՑ ԱՂԱՅԱՆ ՄԵՂՈՒՆ և ԱՂԱՎՆԻՆ ժրաջան Մեղուն ծաղկալից դաշտում իր մեղրի համար նյութ էր հավաքում: Արևի տակին շատ աշխատելով նա բեզարեցավ և ծարավեցավ։

Նորանից մոտիկ մի փոքրիկ լիճ կար։ Մոտեցավ լճին, վեր եկավ ափին, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, նոր ուժ ստանա, թռչի տուն գնա։

Հենց որ կռացավ, որ ջուր կում անի, հանկարծ գլորվեց, ընկավ ջրի մեջ։

Նա շատ աշխատեց, որ ցամաք դուրս դա, բայց մի փոքր ալիք նորան ներս քաշեց, ափից հեռացրեց։

Այսպես խեղճ Մեղուն ցամաքից զրկվեց, ջրի երեսին թևերր փռեց և հույսը կտրած, մնաց մեկնված։


Որտեղից որտեղ, օգնության հասավ մի շատ բարեսիրտ սիրուն Աղավնի։ Բարի Աղավնին մոտեցավ լճին և նայեց տեսավ մեր խեղճ Մեղվին՝ հուսահատ փռված ջրի երեսին։ Իսկույն շտապեց, մի տերև կտրեց և բերավ Մեղվի առջևը ձգեց։

Մեղուն բարձրացավ տերևի վերա, խելքը ժողովեց, դես ու դեն նայեց, որ տեսնի ով էր իր ազատողը, մահից փրկողը։ Եվ

տեսավ իր մոտ բարի Աղավնուն: Շատ նայեց վերան և ուզեց խոսել, Աղավնուն գովել, շնորհակալ լինել, բայց մեր բարեսիրտ սիրուն Աղավնին շատ լավ իմացավ Մեղվի միտքը և ոչինչ չուզեց լսել նրանից, այլ թռավ-գնաց, որ ուրիշ տեղ էլ նույն բարիքն անե:


Մի օր մեր Մեղուն նույն դաշտի միջին մի սիրուն ծաղկից նյութ էր ժողովում և տզտզալով Աղավնուն գովում: Մեղվի հանդեպ, մի ծառի վերա նստած ննջում էր ծանոթ Աղավնին։ Հենց այս ժամանակ Մեղուն նկատեց, որ ահա մեկ մարդ, հրացանը ձեռին, մեջքը կռացրած, չար օձի նման սողում է սուս֊փուս դեպի Աղավնին։ Մեղուն հասկացավ, որ դա չար մարդ է, անգութ որսորդ է, ոզում է սպանել անմեղ թռչունին, իր բարերարին։ Եվ ճշմարիտ, որ այդ էր այն մարդու չար նպատակը։

Որսորդը չոքեց, տեղը պնդացրեց և հրացանը երեսին բռնեց։ Հենց մատը դրեց կայծառի ոտքին և ուզեց քաշել, գործը վերջացնել, այդ իսկ րոպեին կայծակի նման Մեղուն վրա հասավ և չար որսորդի ձեռքն այնպես խայթեց, որ նա վեր ցատկեց։ Նորա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով անմեղ Աղավնուն քնից զարթնեցրեց ե տեղից թռցրեց։

Այսպես մեր Մեղուն իր բարերարին վերահաս մահից փրկեց, ազատեց։

Հարցեր և առաջադրանքներ

Ո՞վ է մեղուն, ինչո՞վ է նա զբաղվում։ Ինչի՞ց է նա պատրաստում մեղրը։ Իսկ դու մեղր սիրո՞ւմ ես։ Եթե տեքստում կան ածանոթ բառեր քեզ համար, դուրս գրի՛ր այստեղ։ Դուրս գրիր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն: Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց: Ինչպե՞ս մեղուն իր շնորհակալությունը հայտնեց աղավնուն։ Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը: Եթե դու լիներիր մեղվի տեղը կգնեի՞ր աղավնուն։ Ի՞նչպես։