Մեղքի մթին քարայրից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մեղքի մթին քարայրից

Վահան Տերյան


ՄԵՂՔԻ ՄԹԻՆ ՔԱՐԱՅՐԻՑ


Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,—
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն։

Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինըս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ։

Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,—
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում։

Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կըտամ քեզ. —
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես…