Մեյրի Ընդըրվուդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեյրի Ընդըրվուդ (Ամերիկա)

Վահան Թոթովենց

[ 153 ]

ՄԵՅՐԻ ԸՆԴԸՐՎՈՒԴ

1

Երբ ես «Օլդ Սաուտ» ապարտըմանում սենյակ վարձեցի, Մեյրին միևնույն հարկի վրա հարավցի մի սպիտակ ընտանիքում աղախին էր։ Աոաջին իսկ օրից ես նրան ծանոթացա՝ ծանոթացա առանց հետը խոսելու, մինչև անգամ առանց բարևելու։ Ձևականությունների կարիք չկար ծանոթության համար։ Նա մի նեգրուհի էր, ուրեմն պարզ էր նրա կյանքի ամբողջ մանրամասն պատմությունը,– նեգրուհի Միացյալ Նահանգների հարավի քաղաքներից մեկում — դա նշանակում էր լինել օրենքի առաջ ազատ, բայց ստրուկ՝ օրենքի կույր աչքերից հեռու, կյանքում:

Երբ կեսօրին ես սենյակը վարձեցի, ապարտըմանում ինձ ոչ ոք չտեսավ։ Երեկոյան սենյակս մտնելիս՝ Մեյրին կանգնած էր իրենց բնակարանի դռան առաջ։ Նա հետախույզ հայացք նետեց իմ վրա իբրև նորեկի։ Օդային գազի լույսը, որ վառվում էր իմ սենյակի դռան և նրանց բնակարանի դռան միջև, սանդուղքների ճիշտ դիմացը, լուսավորում էր նրա դեմքը։ Սևաթույր մորթը փայլում էր՝ ինչպես սրբված կոշիկի քիթը, իսկ աչքերը վառվում էին անմեղ ու անվնաս գազանի աչքերի նման։ Գլխին սպիտակ և մաքուր գլխանոց ուներ, փորի վրա փոքրիկ — էլի սպիտակ և մաքուր — մի գոգնոց՝ ուժեղ հակադրությամբ իր մորթու և հագած շորերի հետ, կարծես նա նման էր սև ու սպիտակ ագռավի։

Երբ ես նայեցի նրան սենյակիս դռան բանալին պտտած ժամանակս, նա ժպտաց սպիտակ ատամների միջից, որոնք եզերված էին գինու կարմիր և կրքոտ շրթունքներով։ [ 154 ] Սենյակումս ամեն ինչ խորթ և օտար էր թվում, կարծես իրերը նայում էին ինձ վրա սառած աչքերով, բաց արի պահարանը. ոչինչ չժպտաց ինձ, պահարանում դարսված իրերը լռեցին, նստեցի ճոճաթոռի վրա, կարծես չէր ցանկանում ինձ օրորել, սկսեցի դիտել պատերից կախված պորտրեները. նրանք ինձ չճանաչեցին։

— Ոչ մի բարեկամ իր չկա այս սենյակում,- մրմնջացի ինքս ինձ։

Սկսեցի մի երգ երգել. այդ սենյակում ոչ մի իր չլսեց իմ երգը։

Երկար չկարողացա մնալ և դուրս եկա սենյակից(Սանդուղքների վրա ես հանդիպեցի Մեյրիին։ Նա վեր էր բարձրանում աստիճաններից՝ հոգնած և տխուր: Երբ մենք իրար կտրեցինք և անցանք, մի քանի աստիճան իջնելուց հետո ես ետև դարձա, Մեյրին էլ կանգ էր առել, դարձել էր ետև։ Մեր նայվածքներն իրար հանդիպեցին՝ հինավուրց բարեկամների նայվածքների նման։

Առավոտյան երբ սենյակից դուրս եկա, Մեյրիի դռան աոաջ կանգնած էր մի տիկին, երկարահասակ, չոր, ժամանակից առաջ խորշոմներով պատած դեմքով, չոր և դեղին աչքերով:

— Մեյրի,— գոռում էր տիկինը դեպի ներքև, զայրացած։

Ես սկսեցի իջնել հաջորդ հարկի վրա Մեյրին մի ուրիշ նեգրուհու հետ խոսում էր, ըստ երևույթին, նա չէր լսում տիկնոջ ձայնը։ Մի վայրկյան վարանեցա, ուզում էի ասել նրան, որ տիկինը կանչում է։ Տիկինը զայրացած էր և կարող էր նրան պատմել։ Մոտեցա։

— Ձեր տիկինը կանչում է,— ասացի։

Մեյրին ահաբեկված վազեց և մոռանալով անգլերեն լեզվում ամենասովորական և ամենակարճ բառն արտասանել՝ thanks[1]:

Շարունակեցի իջնել։

Հաջորդ օրը ես Մեյրիին հանդիպեցի փողոցի մայթի վրա։ նա մտերիմի պես մոտեցավ ինձ և՝ [ 155 ] - Երեկ ես ձեզ շնորհակալություն չհայտնեցի, ներեցե՛ք - ասաց։

- Մի մտածեք այդ մասին,- պատասխանեցի:

2

Անցավ մի քանի շաբաթ։ Իմ սենյակի իրերը փոխեցին իրենց վերաբերմունքը դեպի ինձ. ես սկսեցի հասկանալ նրանց և սիրել։ Երբ ես ներս էի մտնում, սեղանիս վրա ապրող ջրի կապտագույն շիշը ժպտում էր ինձ, ժպտում էր այնպիսի վարդագույն ուրախությամբ, որ ինձ համար ջուր խմելը դառնում էր անդիմադրելի։ Ճոճաթոռի մեջ նստելիս՝ ինձ թվում էր, որ մտերիմ և սիրող թևեր ինձ են գրկում։ Ես զգացի, որ իրերն էլ ունեն իրենց զգացումները, փոխադարձ մտերմության ճանաչողության պահանջը։

Ահա հարավի վառ արևը փռվել է իմ սենյակում, հատակի կանաչ գորգի վրա, աչքերս դեռ կիսաբաց են, բայց տեսնում եմ, որ սենյակումս ապրող բոլոր իրերը ժպտում են, ուզում են ինձ հետ խոսել, գիշերն ամբողջ ինձ պաշարել են, հսկել, փայփայել, և ես քնել եմ նրանց հովանավորության տակ։ Մի փոքրիկ կիսանդրի, որ ապրում է անկյունը դրված երկարահասակ մի պատվանդանի վրա, կարծես ինձ ասում է.

— Գիշերները երկար կարդում ես և գրում, իսկ առավոտներն ուշ ես վեր կենում. ավելի լավ է գիշերները քնես և առավոտները աշխատես։

Իսկ ես պատասխանում եմ նրան.

— Սխալ ես դատում, քար, ես պետք է գրեմ այն ժամանակ, երբ բոլոր իրերը հանգստանում են գիշերվա իմ սենյակի մթնշաղում, որպեսզի նրանք ինձ չզբաղեցնեն իրենց կյանքով. հետաքրքրական է իրերի կյանքը, բայց ես գրում եմ դրամաներ, և ինձ հարկավոր է միայն մարդկանց կյանքը, դրա համար պատում եմ իմ լամպը մուգ-կանաչ թղթով. ինձ հարկավոր է միայն մի կտոր լույս իմ առաջ դրված գրքի մի էջի կամ մի փոքրիկ թղթի լուսավորության համար, ճիշտն ասած, ինձ հարկավոր է այնքան լույս, որքան իմ գրչի շուրջը լուսավորված լինի մի մեծ կոճակի չափ։ [ 156 ] Կիսանդրին չի պատասխանում, նա լսում է: Իրերը շատ շուտ են ըմբռնում մարդուն:

3

Առավոտյան Մեյրիի բնակարանի դուռը միշտ բացվում է և փակվում: Սենյակիս դուռը բաց եմ անում, տեսնում Մեյրիին, որ մտնում է և դուրս գալիս, միշտ ոտի վրա, կաթ է բերում, ձու է բերում, ապա տաք կարկանդակներ, արդուկը տանում է դուրս, մաքրում և բերում, սպիտակ շորեր է դուրս տանում, փռում և վերադառնում։

Ես և Մեյրին արդեն բարեկամներ ենք։

— Բարի լույս,- ասում է Մեյրին:

— Բարի լույս, Մեյրի,– պատասխանում եմ։

Նա ժպտում է սպիտակ ատամներով, աչքերը վառվում են, շրթունքները դողում։ Նա աշխատում է տիրել շրթունքներին, որովհետև շրթունքները շուտ են մատնում մարդու ներքին զգացումները, բայց նրա շրթունքները դողում են քամու աոաջ կախված թիթեղի նման։

— Տիկինդ այրի՞ է, Մեյրի,— հարցնում եմ։

— Ոչ, բայց... այո, այրի է... չէ, այրի չէ,— պատասխանում է Մեյրին և բարձր ծիծաղում:

Մեյրիի տիկինը երևում է դռան մեջ։ Ես անմիջապես քաշվում եմ, մինչև անգամ համոզված լինելով, որ Մեյրին վատ է զգալու իմ կոպիտ վերաբերմունքից։

— Բայց ոչինչ,— մտածում եմ,— հետո կիմանա, որ ես քաշվեցի, որպեսզի տիկնոջ դռան մեջ երևալն իմացնեմ։

— Մեյրի,— ճչում է տիկինը զայրացած։

— Այո, մաամ,— պատասխանում է Մեյրին ինքնաբերաբար։

Լսում եմ Մեյրիի ոտների ձայնը։ Գնում եմ ներս։

Ինձ զարմացրեց Մեյրիի տարօրինակ պատասխանը իր տիկնոջ այրի լինելու մասին:

— Երանի այրի չլիներ,— մտածում եմ,— այդ փտած կենդանին ստիպված կլիներ մեկնումեկին զբաղեցնել։

Հաջորդ գիշերը վեր բարձրանալիս` տեսա, որ Մեյրին [ 157 ] բնակարանի դռան առաջն է, ետևում ինչ-որ մի բան է թաքցրել: Երբ տեսավ, որ վեր բարձրացողը ես եմ, ծիծաղեց և ասաց.

— Վախեցա թե ուրիշն է, լավ որ դուք եք։

Ետևը թաքցրածը դուրս բերեց: Դա մի երկար կոթով տապակ էր, մեջը խոզի ապուխտ ջարդած:

Նա տապակը երկարեց գազի լամպի վրա։

— Ի՞նչ ես անում,— հարցրի։

— Ապուխտ եմ պատրաստում,— պատասխանեց։

— Այստե՞ղ, կորիդորո՞ւմ, լույսի՞ վրա։

— Այո, ի՞նչ անեմ։

— Ինչո՞ւ, ի՞նչ պատճառ կա, որ այստեղ ես տապակում, ներսում խոհանոց չունե՞ք։

— Ունենք,— պատասխանեց Մեյրին,— բայց տիկինս չի թողնում, գազի տնտեսում է անում։

Երկարեցա, տապակն առի Մեյրիի ձեռքից։

— Իմ գազի վրա կտապակեմ և քեզ կտամ,— ասացի։

— Շնորհակալ եմ,— ասաց Մեյրին։

Նրա աչքերը կատվի աչքերի նման փայլեցին։

Հաջորդ օրը, կես֊գիշերին, նա ինձ սպասում էր դռան առաջ։

— Ալլո, Մեյրի։

— Ալլո, բարի մարդ,— պատասխանեց Մեյրին:

— Տուր տապակը,- ասացի։

— Այսօր ոչինչ չունեմ տապակելու, ամեն օր չեն ունենում, երեկ ներքևի հարևանն էր տվել ինձ, այսօր չի տվել։

Բռնեցի Մեյրիի ձեռքից։

— Մի մերժի, Մեյրի,— ասացի,— դու ինձ բարի մարդ ես կոչում, բարի չեմ, այս աստղի վրա բարություն չկա, արի սենյակս, միասին ընթրենք։

— Տիկինս կիմանա։

— Չի իմանա, դուռը բաց կթողնենք, եթե ձայն լսվի, դուրս կգաս։

Բայց Մեյրին հեռացավ։

Մեյրին երկար ժամանակ չուզեց իմ սենյակը գալ։ Շատ դժվար էր սպիտակամորթի համար համոզել սևամորթին, որ [ 158 ] սպիտակամորթն անկեղծ է։ Աշնան մեջերքում, մի գիշեր, աստիճանների վրա բռնեցի ես Մեյրիին։

— Այսօր անպայման պետք է գաս իմ սենյակը միասին ընթրելու,— ասացի։

— Այժմ ես քեզ հավատում եմ,— պատասխանեց Մեյրին,— կգամ, բայց պետք է սպասես` մինչև տիկինս քնի։

— Լավ, կսպասեմ։

Ժամից ավելի սպասեցի ես Մեյրիին, աշնան քամին սուլում էր դուրսը, ողբալի երգում մերկացած ծառերի ճյուղքերի մեջ, քամին զարնվում էր իմ սենյակի լուսամուտների փեղկերին, ինձ հետ ապրող իրերը բոլորն էլ նայում էին ինձ. նրանք հասկանում էին տարերքի երգը, իսկ ես զբաղված էի Մեյրիին դիմավորելու։

— Մեյրին պիտի գա ինձ մոտ և մի քիչ հանգստանա, նրա հոգին պիտի հրճվի, նրա սև մարմինը պիտի զգա սպիտակ հանգիստը։ Սպասումն ինձ մաշեցնում է, բայց զգում եմ, որ ներքին ուրախության մի տիրական ալիք ինձ հեղեղում է, ուրախ եմ, որ հոգիս խոնարհ է, այնքան խոնարհ, որ կարող է հրճվել մի սևամորթի երջանկությամբ։

Դուռը թխկացնում են։

— Մտե՛ք։

Մեյրին — առաջին անգամ — մտավ իմ սենյակը։

Իմ իրերը նրան սիրով ընդունեցին, ժամացույցը հնչեց, հայելին գրկեց Մեյրիին, Մեյրին ժպտաց հայելու խորության մեջ, սեղանիս սպիտակ սփռոցը հրճվում էր, պատրաստ էր տարածվելու` իմ հյուրի առաջ սպասարկելու համար։ Իրեն ուզում էին ծառայել, նրանք ստրուկ չեն, նրանք հոժարակամ են։

Մեյրին ավելի շատ խոսեց, քան կերավ:

— Իմ տիկինն այրի է ու այրի չէ, նրա ամուսինը հենց մեր բնակարանումն է, ետևի սենյակում պառկած, երկու տարի է նա հիվանդ է, անկարող է անկողնից վեր կենալ, ինձ բերին այստեղ, որպեսզի նրան խնամեմ, կեղտոտությունը թափեմ, կողը դարձնեմ, ոտները, կռնակը, թևերը շփեմ, ջղային հիվանդություն ունի։

— Ապա ինչո՞ւ ես ասում, որ քո տիկինն այրի է. չէ՞ որ ամուսին ունի։ [2] [ 159 ] - Ունի, բայց նա ի՞նչ ամուսին է, տիկինս միշտ ասում, է. «Ավելի լավ է բոլորովին այրի, քան կես այրի լինել»:

Մեյրին պատմեց, որ երբ պարոն Հյուղը մեկին կանչում է, տիկին Հյուղը դուրս է գալիս և ներս ուղարկում Մեյրիին։

- Գնա ներս - ասում է,- անասունը հուզված է։

- Ես գնում եմ ներս,- շարունակեց Մեյրին,- իսկ տիկինը զզվանքով հեռանում է և գնում պատշգամբ:

Կորիդորում, երբ ես տիկնոջս հանդիպում եմ, ասում է. «խոզ է դարձել, ուրիշ ոչինչ»։

- Բայց պարոն Հյուզը շատ ազնիվ մարդ է, իր տիկնոջ ներկայությամբ ասում է. «Մեյրի, սիրելիս, դու հազար անգամ ավելի արժես, քան իմ կինը»։ Տիկինը կատաղում է, կատաղում է ոչ թե իր ամուսնու վրա, որ պատասխանատուն է ասված խոսքերի, այլ իմ վրա։ Նա մի քանի անգամ ինձ ծեծել է իմ ստացած գովասանքի համար։ Ասում եմ՝ լավ է, որ ես այստեղից հեռանամ, ես եկել եմ պարոն Հյուղին ծառայելու, նա հիվանդ է, դրան էլ համաձայն չէ, պետք է ծառայեմ, բայց չգիտեմ ինչպես պետք է անեմ, որ գովասանքներ չստանամ։ Ւսկ պարոն Հյուղը համառությամբ կրկնում է. «Մեյրի, դու սև ես, բայց հոգիդ սպիտակ է, իմ կինն սպիտակ է, բայց հոգին սև է»։ Մի քանի անգամ խնդրեցի պարոն Հյուզից ինձ չգովաբանել, բայց նա ավելի կատաղեց, նա երեկ մինչև անգամ ասաց տիկնոջ ներկայության. «Եթե ես լավանամ, պետք է գցեմ իմ կնոջը և մի նեգր, բարի աղջկա հետ ամուսնանամ»։ Ես գիտեմ, տիկինս սպասում է, որ իր ուղած մի բանը մի քիչ ուշ կատարեմ, որ նա ինձ ծեծի։

- Թո՛ղ ալդ բնակարանը, Մեյրի,- ասացի,- և գնա մի ուրիշ տեղ աշխատելու, եթե ես կին ունենայի, քեզ կվերցնեի մեզ մոտ։

- Ոչ, ուրիշ տեղ չեմ գնա, ես խոսք եմ տվել պ. Հյուզին՝ խնամել իրեն, մինչև լավանա կամ մեռնի։

Մեյրին այս խոսքերն արտասանեց այնպիսի վճռականությամբ, որ այլևս ոչ մի առաջարկություն չարի։

- Դու բարի աղջիկ ես, Մեյրի,- ասացի։ Մեյրին վեր կացավ և՝

- Բարի գիշեր,- ասաց։

- Բարի գիշեր։ [ 160 ] Դուրս գնալուց աոաջ ես խնդրեցի Մեյրիին այսուհետև ամեն գիշեր գալ ինձ մոտ և միասին ընթրել:

— Կգամ,- ասաց Մեյրին ժպտալով:

Ես նրան ուղեկցեցի մինչև կորիդորը: Մեյրիենց բնակարանի դուռը բաց էր, և շեմքի վրա ցցվել էր նրա տիկինը:

Մթնում ինձ թվաց, որ մի էգ վագր է դարանակալ սպասում մի մարդկային զոհի. նա մազերը գանգուր անելու համար թղթի կատորներ էր փաթաթել, որոնք ցցված էին գլխի վրա մեֆիստոֆելյան ոճով։ Տիկին Հյուզն իր դեղին աչքերը մխրճեց Մեյրիի աչքերի մեջ։

Մեյրին կանգ առավ, նայեց ինձ, կարծես նա ուզում էր աղեկտուր մի ճիչ արձակել։ Ես անմիջապես առաջ անցա:

— Ներեցեք, տիկին,— ասացի,— ես եմ խնդրել Մեյրիին ինձ հետ ընթրելու:

— Ես ձեզ ծանոթ չեմ,— կոպտաբար պատասխանեց տիկին Հյուզը և ներս գնաց:

Մեյրին ներս գնաց նրա ետևից և դուռը փակեց: Կես ժամի չափ ես կանգնեցի նրանց դռան առաջ, ականջ դրի, բայց ոչ մի ձայն չլսեցի:

4

Առավոտյան ես Մեյրիին չհանդիպեցի։ Մինչև անգամ ներքև իջնելուց հետո էլ նորից վեր բարձրացա, իբր թե մի բան եմ մոռացել սենյակումս, էլի չհանդիպեցի նրան:

Երեկոյան դարձյալ չհանդիպեցի։ Համոզված էի, որ նա, եթե վախից չուզենար ընթրիքի գալ, գեթ կգար և կհայտներ: Մեյրին էլի չերևաց։ Գիշերը, ամբողջ գիշերը երկար մտածեցի նրա մասին։

- Երևի տիկինը խստիվ արգելել է նրան ինձ հետ խոսել և մինչև անգամ զգուշանալ կորիդորում կամ սանդուղքների վրա ինձ պատահելուց։

Հաջորդ օրը առավոտյան ես իջա ներքևի հարկը և սպասեցի, մինչև որ Մեյրիի բարեկամ նեգրուհին դուրս եկավ։ Մոտեցա նրան և հարցրի.

— Անցյալ գիշերվանից Մեյրին չի երևում, ի՞նչ է պատահել։ [ 161 ] — Մեյրին հիվանդ է,— պատասխանեց նեգրուհին։

— Ի՞նչ է պատահել։

— Մրսել է։

Խնդրեցի նեգրուհուց գնալ Մեյրիի մոտ և հայտնել իմ ցավակցությունը։

— Թող բժիշկ կանչի, ես կվճարեմ բժշկի ծախսը։

— Պր. Հյուզը բժիշկ կանչել է արդեն։

— Կարո՞ղ ես հարցնել նրան, թե ինչո՞ւ է հիվանդացել։

Նեգրուհին ծիծաղեց։

— Հիվանդության համար որոշում չի կայացրել,— պատասխանեց նեգրուհին,— հիվանդին կհարցնե՞ն, թե ինչու է հիվանդացել։

— Խնդրում եմ հայտնել նրան այդ և ազատ լինել ծիծաղելու։

Ես զգացի, որ տիկին Հյուզը մի չարություն է արել խեղճ Մեյրիին։ Կարծես մեկն ինձ ասում էր այդ:

Երեկոյան ես շուտ վերադարձա՝ հատկապես Մեյրիի մասին տեղեկություն ստանալու։ Նեգրուհին կանգնած էր ու ինձ էր սպասում։

— Պարոն, դուք ճիշտ եք, ահա թե ինչու է նա հիվանդացել. ձեզ մոտ ընթրելուց հետո՝ տիկինը նրան պատժել է, քշել է նրան պատշգամբը և ամբողջ գիշերը չի թողել, որ ներս գա, մրսել է նա պատշգամբում և թոքերի բորբոքում է ստացել։

Ուզեցի պատասխանել նեգրուհուն, բայց նա անմիջապես շարունակեց.

— Ներողություն եմ խնդրում, որ ծիծաղեցի երեկ, դուք ճիշտ էիք:

Նեգրուհին ամեն օր ինձ տեղեկություններ էր բերում Մեյրիի մասին։ Վատանում էր նա։ Պր. Հյուզը կնոջ հետ կռվելով՝ ամեն օր բժիշկ էր կանչում, բայց ոչ մի բարելավում։ Պր. Հյուզի ջղայնությունը հասել էր իր գագաթնակետին, որովհետև լսում էի նրա ձայնը, որ բղավում էր.

— Անիծյալ ես դու:

Պարզ էր, որ նա բղավում էր կնոջ վրա:

Ես կանգնում էի իմ դռան առաջ, որպեսզի պատահաբար հանդիպեմ տիկին Հյուզին, ուզում էի թքել նրա երեսին, բայց [ 162 ] նա երբեք չէր երևում։ Նեգրուհին ասաց, որ նա տան գործերն սկսում է անել այն ժամանակ, երբ ես հեռանում եմ տնից։

Մեյրին տասնևչորս օր պառկած էր։ Երեկոյան նեգրուհին ինձ հայտնեց, որ շատ վատ է Մեյրին, էլ չի կարող խոսել։

5

Հաջորդ առավոտյան կանուխ դուռս թխկացրին: Այդ թխկոցը ծանր քարի նման ընկավ իմ սենյակի մեջ։ Իրերը բոլորն էլ հառեցան ինձ տխուր և ողբագին։

— Մտե՛ք։

Ներս ընկավ նեգրուհին և գլուխը կախ` կանգնեց շեմքից ներս։

— Մեյրին գիշերը մեռավ,– մրմնջաց նեգրուհին։

— Ո՞ւր է նրա դիակը, ուզում եմ տեսնել։

— Կեսգիջերին մահակառքը եկավ և տարավ։

6

Պր. Հյուզը, հակառակ իր տիկնոջ ստորության և գազանության, կարգադրել էր Մեյրիին թաղել սպիտակների գե֊րեզմանոցի՝ Հյուզի ընտանիքին պատկանող կալվածում։

— ինչպե՞ս կարելի է մի այնպիսի արտառոց կարգադրություն անել,— ասել էր տիկին Հյուզը,— ինչպե՞ս կարելի է թաղել նեգրին սպիտակների գերեզմանոցում, հարավային նահանգներից մեկում։

— Ավելի լավ կանես դու` լռես, ոճրագործ,— պատասխանել էր ջղային հիվանդը, գալարվելով իր անկողնում։

Սևաթույր աղջկա դագաղի վրա ես սպիտակ ծաղիկներ տարա, նրա հոգու չափ սպիտակ ծաղիկներ։ Ւմ բարեկամ նեգրուհին նրան հագցրել էր սև շորեր, սպիտակ գլխանոցով և սպիտակ գոգնոցով։ Նրա դագաղին հետևեցին միայն 4 հոգի. միայն ես էի սպիտակը նրանց մեջ։

Մեյրին հանգստանում էր իր դագաղում և ժպտում։ Ես խորապես զգացի այգ հանգիստը։ [ 163 ] Մեյրիի հողակույտի վրա, իմ սփռած սպիտակ ծաղիկների մեջտեղում, գերեզմանապահը մի տախտակ դրեց հետևյալ մակագրությամբ.

Մեյրի Ընդըրվուդ. 1905-1922

Աշնանային դեղնած մի քանի տերևներ ընկան նրա հողակույտի վրա:

Սենյակ վերադարձիս` իրերն ինձ կառչեցին, նրանք կարծես մի բան էին ուզում իմանալ, բայց նրանցից ոչ մեկը չխոսեց։

— Մեյրին մեռավ, թաղեցինք Մեյրիին,— բղավեցի բարձրաձայն։

Տրտմության մի լայն շունչ իջավ իմ սենյակում։

7

Անցավ 15 օր: Մեյրիի՝ սպիտակների գերեզմանոցում թաղվելու լուրը համառորեն տարածվեց նեգրատյաց հարավի քաղաքում:

— Ինչպե՞ս կարելի է սրբապղծել սպիտակների հանգստարանը:

— Ինչպե՞ս կարելի է կեղտոտել սպիտակների հոգին։

Կու-Կլուքս-Կլանի[3] ղեկավարները դաժան պրոպագանդա մղեցին պ. Հյուզի կարգադրության դեմ: Տիկին Հյուզը, իր ամուսնու աչքերից հեռու, միացավ Կու-Կլուքս-Կլանի պրոպագանդային: Ահավոր ստեր հորինեց «ազնվական տիկինը» բարի Մեյրի Ընդըրվուդի շուրջը։ Քաղացի սպիտակ բնակչությունը զինվեց նեգրուհի Մեյրի Ընդըրվուդի անզոր դիակի դեմ:

Մեյրիի թաղումից 20 օր հետո, կեսգիշերին, Կու-Կլուքս-Կլանի կազմակերպության անդամ 15 «հերոսներ», իրենց սպիտակ, երկար և գլխի վրա սրածայր տարազները հագած, ձեռքներին բոցավառ ջահեր բռնած` խուժեցին սպիտակների [ 164 ] գերեզմանոցը, փորեցին նեգրուհի Մեյրի Հնդըրվուդի գերեզմանը, հանեցին նրա նեխած դիակy, հռհռալով, ծաղրելով և ծանակելով, փողոցները ման ածելով՝ տարան և նետեցին նեգրերի գերեզմանոցը։

Մեյրի Ընդըրվուդի դիակը, երբ անցկացրին մեր փողոցով, տիկին Հյուզը կանգնած էր լուսամուտի առաջ, ատամները ցցած՝ հրճվում էր հոշոտող շան նման։

Ես գլուխս դուրս հանեցի իմ լուսամուտից և թքելով տիկին Հյուզի երեսին` բղավեցի.

- Ոճրագո՛րծ։

- Կեղտոտ օտարական,— գռռաց նա ու ներս քաշվեց:

8

Առավոտյան ես վազեցի նեգրերի գերեզմանոցը։ Մեյրի Ընդըրվուդի դիակը ընկած էր գերեզմանոցի պատի տակին, բորբոսնած և անճանաչելի։

Գնացի ներս, վճարեցի գերեզմանափորին, որպեսզի փոս փորի ու թաղի սպիտակ սևամորթին։

1928 թ.

  1. շնորհակալություն
  2. 24 ֊- Վ. Թոթովենց, գիրք 2
  3. Ամերիկայի ֆաշիստական կազմակերպությունը