Jump to content

Մենք սրտով կտրիճ ու բոյով պարթև

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենք սրտով կտրիճ ու բօյով պարթեւ
Ըստ երևույթին՝ այս երգը ևս վերաբերում է Սասունի 1894 թ. հայտնի ապստամբությանը, որի մասին պատմվում է նաև "Սասնո ահեղ կռվին" երգում. վերջինիս որոշ տողեր նույնանում են այս երգի որոշ տողերի հետ: Սույն համեմատական բնագիրը կազմված է ըստ "Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր" ժողովածուում տեղ գտած երեք տարբերակների (էջեր 93-95):




ԿՏՐԻՃ ՍԱՍՈՒՆՑԻՔ


Մենք սրտով կտրիճ ու բոյով պարթեւ,
Ունինք հաստ-հաստ թեւ, կը վազենք թեթեւ,
Հեսրութէնի մէջ մեր սիրտ կը հալի,
Տուէ՛ք մեզ, հայեր, մէկ-մէկ այնալի:

Մենք քար կը հալցունք, ջուր դարձունք երկաթ,
Ամօթ է՝ մնանք տաճկին ըռիաթ,
Թիւրք մեր առջեւէն փախչի քանց կատու,
Ամօթ է՝ մնանք տաճկին հարկատու:

Մեր սուրբ Մարաթուկ էղնի ձեզ վկայ՝
Աշխարհք քանց մեզի կտրիճ մարդ չը կայ.
Հանդէ կը ելնենք ու առաջ վազենք,
Շուտով մեր վզէն լուծ, շղթան խզենք:

Անդովկ, Ծովասար, Խարդան, Մարաթուկ
Կը կանչին՝ չուր ե՞րբ մեռուկ մնաք դուք:
Բէզ'րանք նստելով, մենք կռիւ կ'ուզենք,
Միայն թէ, հայե՛ր, տուէ՛ք մեզի զէնք:

Սրտներս չեն վատ, քաջեր ալ կան շատ,
Ունինք լոյս հաւատ, ինչո՞ւ չենք ազատ.
Բոբիկ ու տկլոր՝ բանի կարօտ չենք.
Միայն թէ, հայե՛ր, տուէ՛ք մեզի զէնք:

Անօթի, ծարաւ, աղ լէ չը մնաց,
Արմատ կը կրծինք, չենք ուզեր ձեր հաց.
Անօթի, ծարաւ՝ բանի կարօտ չենք.
Միայն թէ, հայե՛ր, տուէ՛ք մեզի զէնք:

Չենք ուզեր մենք ձեր ոսկին ու արծաթ,
Միայն թէ կ'ուզենք ձեզնէ ծակ երկաթ.
Ընդով մենք Սասուն ու Մուշ կ'ազատենք,
Միայն թէ, հայե՛ր, տուէ՛ք մեզի զէնք:

մոտ 1894