Մեր Մասիսը
1892
ՄԵՐ ՄԱՍԻՍԸ
Այն ժամանակներեն ի վեր ուր լեզվի պես բան մը միայն ունեինք, ինչպես կըսեր Օտյան, մեր լրագրության հարատև շանթն եղած է այդ բանը՝ կատարյալ լեզվի մը վերածել։ Հա՞րկ է ըսել թե լեզու ըսելով Օտյան աշխարհաբարը միայն կմբռներ։
Վերջի տասը տարիներու միջոցին, ուր հասկցվեցավ վերջապես թե գրականությունը՝ հայկաբանության ուսուցիչներուն և Մխիթարյան Հարց չի պատկանիր միայն, զորավոր շարժման մը լեզվական արդյունավոր այլափոխման մը հանդիսատեսները եղանք։
Հնավանդ կաշկանդումները և կապանքները խզելով, հայերեն լեզուն կարող եղավ արտահայտել զգալու և խորհելու ամեն եղանակները։
Ամենեն հետադեմներն անգամ ներգործվեցան կյանքի ու գոյության նշան տվող գրականության մը աղդեցութենեն. խրթին, անհասկնալի ըրալու ջանքը, որ դեռ մոտ ժամանակներս մեր գրողներուն պարծանքն էր, ծաղրելի ըլլալով վերցավ։
Երիտասարդները տիրեցին մեր գրականության, ինչ որ իրենց իրավունքն է, և իրենց սրտին ու մտքին ազնվագույն մասը հատկացուցին անոր, ինչ որ իրենց պարտականությունն է։
Մասիսն հրատարակելով՝ այդ պարտականությունն է ահա որ ի գործ կը դնենք մենք ալ։
Մեր ուղղությունը գլխավորապես գրական զարգացման պիտի նայի միշտ և ժողովրդային բարքերու և զգացմանց մեջ պիտի փնտրենք ամեն ատեն մեր ուսումնասիրությանը սիրելագույն առարկաները։
Մասիսի գրականությունը ժողովրդյան կյանքեն պիտի քաղվի՝ ժողովրդյան կյանքին ծառայելու համար։