Մեր անմոռանալի Վալերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սահականց Գալուստի գոտին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Մեր անմոռանալի Վալերին

Վարդան Հակոբյան

Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե

Վալերի Քոչարյանի մասին հիշողություններս տանում են հեռու-հեռու, երբ նա գրեթե պատանեկան հասակում էր։ Մի օր բարեկամներիցս մեկն ասաց, թե մի տղա՝ զինվորական ծառայող, ուզում է հանդիպել, ստեղծագործում է։ Եվ ահա, շատ չանցած, նա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության իմ աշխատասենյակում է։ Հագնված էր բավականին կոկիկ, ճաշակով, իսկ վարվելաձեւերը ընդգծված կուլտուրական էին, յուրաքանչյուր բառ արտաբերում էր չափի զգացման ամենանուրբ դրսեւորումներով։ Մեկ-երկու խոսքից հետո նա ինձ մեկնեց իր պատմվածքներից մեկը։ Մի քանի րոպե տարվեցի ընթերցանությամբ։ Ստեղծագործելու ձիրքն ակնհայտ էր։ Զրույցից պարզվեց, որ ուզում է թերթի խմբագրությունում աշխատանքի անցնել, ուղղակի ասաց. -Եթե հնարավոր եք համարում իմ թերթում աշխատելը, խնդրում եմ՝ օգնել այդ գործում... Նա այդ ժամանակ աշխատում էր Շահբուլաղ (Աղդամի մոտ) տեղամասում գտնվող բանտարկյալների ազերական ճամբարում։ Եվ պատմեց, թե թուրքերը ինչպես են վարվում բանտ նետված մարդկանց հետ, ինչ կտտանքների ու անմարդկային հալածանքների են ենթարկում, ինչպիսի սպանություններ են կատարում ու «ծածկում», մի խոսքով, ընդգծեց, որ այնտեղ մնալն ու աշխատանքը շարունակելն իր համար անհնարին է, որովհետեւ իր կրթությունն ու ընտանեկան դաստիարակությունը բոլորովին չեն խոսում նման բարքերի հետ։ Սակայն աշխատանքի վերցնողը թերթի խմբագիրն էր, ոչ ես։ Բայց խոստացա, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կկատարեմ, կբարեխոսեմ եւ, հնարավոր է, գործը գլուխ կգա։ Այդպես էլ արեցի, մանավանդ, Վալերին ստեղծագործում էր ռուսերեն լեզվով եւ հայերենին բավականին չափով տիրապետում էր։ Խմբագիրն ընդունեց նրան, մի քանի հանձնարարություններ տվեց, որոնցից մեկն էլ իմ պոեմներից մեկը ռուսերեն թարգմանելն էր։ Այդ ժամանակ էր, որ սկսել էինք հրատարակել նաեւ թերթի ռուսերեն տարբերակը։ Եվ այս առումով Վալերին մեզ համար ուղղակի գյուտ էր։ Աշխատանքի անցավ մեր խմբագրությունում եւ կարճ ժամանակում համոզվեցինք, որ գործ ունենք ոչ թե միայն լավ ստեղծագործողի, նվիրյալ աշխատողի, այլեւ բավականին ինքնատիպ, մարդկային հազվագյուտ հատկանիշներով օժտված, բառի բուն իմաստով՝ հրաշալի մի մարդու հետ։ Մեր մտերմությունը վերածվեց ջերմ ընկերության, գրեթե ամեն օր միասին էինք ճաշում՝ կամ մեր տանը, կամ իրենց։ Իսկ նրա մայրը՝ տիկին Էմման, այնպիսի համեղ ճաշեր էր պատրաստում, այնպիսի ջերմությամբ էր ընդունում մեր ընկերությունը, որ ուղղակի բավականություն էինք զգում այդ ամենից։ Իսկ երբ մեկ-մեկ Վալերիի հետ հասնում էինք իրենց բակը (երկու-երեք տարի նրանց ավտոտնակում էի պահում իմ «Գազ-21» մեքենան) եւ ուզում էի ձեռքսեղմումից հետո բաժանվել, Էմմա մայրիկն իր վայելաշուք ու շքեղ հասակով մեկ կանգնում էր պատուհանի մոտ (արդեն վարսերի մեջ առաջին սպիտակն էր երեւում) ու կանչում. -Վարդան, դու էլ արի Վալերիի հետ, լավ ճաշ եմ պատրաստել։ Քոչարյանները վաղ են զրկվել հորից։ Ես սա գիտեի արդեն։ Գիտեի նաեւ, որ Վալերին շատ ծանր էր տանում՝ որպես տան փոքր, հոր բացակայությունը։ Եվ, մտածում էի, երեւի թե հենց այստեղից էր սկիզբ առնում այն առանձնահատուկ ու չափ չճանաչող սերը, որ Էմմա մայրիկը տածում էր իր որդիների, առանձնապես փոքրի՝ Վալերիի հանդեպ։ Ամեն անգամ, երբ ես ու Վալերին անցնում էինք շուկայի մոտերքում գտնվող նրանց հայրական տան կողքով, որ, չգիտես ինչու, իրենցը չէր, Վալերիի կրծքից հառաչ էր պոկվում. «Վարդան, տես, ահա մեր տունը»։ Ցավով պիտի նշեմ, որ երբ ես արդեն Բաքվի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի էի անցել Ստեփանակերտում («Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն), Քոչարյանների հայրն արդեն չկար, թեեւ նրա մասին եւ խմբագրությունում, եւ հասարակության մեջ, պատեհ առիթի դեպքում, լսում էի միանգամայն բարձր կարծիքներ։ Բանը նրանումն է, որ Սեդրակ Քոչարյանը եղել է երկրամասի առաջին գիտնականներից մեկը գյուղատնտեսության ոլորտում, նրա բերած նորությունների շնորհիվ Արցախի գյուղատնտեսությունը մեծ ձեռքբերումներ էր ունեցել։ Եվ մարդկանցից հաճախ էի լսում. «Ափսոս, Սեդրակ Քոչարյանը վաղ հեռացավ կյանքից, նա դեռ շատ տալիք ուներ Արցախին»։ Իսկ նրա մարդկային որակները բնութագրում էին այսպիսի բառերով՝ հնարամիտ, անսահման բարի, նվիրյալ ու հողի պես իմաստուն։ Հոր լավագույն գծերը բնականաբար անցել էին որդիներին։ Մեր ընկերությունը վերածվում էր աշխատանքային համագործակցության։ Եվ դրանից թերթը մեծապես շահում էր, որովհետեւ Վալերին միշտ որոնող էր, անհանգիստ, պրպտող, ձեռք բերածով չբավարարվող, նախաձեռնող ու, որ ամենակարեւորն էր, հաստատակամ ե՛ւ արդարադատ։ Իսկ նման մարդիկ խմբագրությունում շատ էին պետք։ Այսօր էլ, երբ որեւէ առիթով թերթում եմ «Սովետական Ղարաբաղ» թերթի այդ տարիների արխիվը, աչքի են զարնում ոչ միայն Վալերի Քոչարյանի կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները, այլ նաեւ նրա բարձրացրած հարցերը, թղթակիցների նամակների հետ կատարած աշխատանքները։ Վալերին տարբերվում էր իր բոլոր ընկերներից, անընդհատ նոր արկածներ էր որոնում, խոսում էր ինքնաշեն թեւերով այս կամ այն ժայռից թռչելու մասին, մեքենայի նոր մոդելներ էր հորինում, որոնք ավելի արդյունավետ կարող էին լինել՝ ըստ իրեն, սիրում էր որսորդությունը։ Եվ այս ամենին գումարած՝ բավականին սրտառուչ էր, ընկերության մեջ՝ չափազանց հոգատար, անձնազոհության հասնող բարությամբ էր օժտված բնությունից։ Մի օր էլ, հենց որ ոտք դրի խմբագրություն (մի քիչ ուշացել էի, մի բան, որ ինձ հատուկ չէր), անմիջապես հարցրեց. -Ի՞նչ է եղել, հո հիվա՞նդ չես... Մինչեւ ես կհասցնեի պատասխանել, վրա բերեց. -Որոշել եմ, որ այսօր ես ու դու ճաշենք Շուշիի ծմակում, Իսաբուլաղի (Իսահակի աղբյուր) մոտ, վաղ առավոտյան գնացել էի թռչնաորս անելու... -Ի՞նչ որս... -Փասիան եմ խփել... Ճիշտն ասած, չհրաժարվեցի, բայց ասացի, որ ոտքերս ցավում են, լրացրի նաեւ, որ «ռեւմատիզմս շարժվել է»։ -Ուրեմն, դու ռեւմատիզմ էլ ունես, չե՞ս ասել ինձ։ Այդ օրը մենք Վալերիի «Ժիգուլի»-ով գնացինք Շուշի, մեզ միացան եւ ուրիշ ընկերներ, լավ օր անցկացրինք այնտեղ։ Եվ, չանցած մի շաբաթ, Վալերին նոր առաջարկություն է անում. -Նստեք մեքենան, գնում ենք բժշկվելու... -Ի՞նչ բժշկություն... -Բա չե՞ս ասել, որ ռեւմատիզմ ունես... Աշխատանքային օրն արդեն ավարտին էր մոտենում։ Մինչ ես կկողմնորոշվեի, թե ինչն ինչոց է, նա իրենն էր պնդում. -Գնացինք։ Տղաներից ո՞ւմ ենք վերցնում։ -Գաբոյին, Հրաչին։ -Այդպես էլ գիտեի, իրենք էլ արդեն տեղում մեզ սպասում են։ -Որտե՞ղ՝ տեղում... Գնացինք Բովուրխանի ծմակը։ Պարզվում է, որ Վալերին արդեն իր որսն արել էր, միսը կտրտել, իսկ տղաներն իրենց գործն էին անում՝ խորովում... -Վարդան,- խոսեց Վալերին,- մի «քիշերե» (փորսուղ) եմ սպանել, նրա միսը տեղն ու տեղը բուժում է ռեւմատիզմը, կփորձես եւ կտեսնես։ Առաջին անգամ էի ես նման «որսի» միս վայելում։ Համով էր, թեեւ՝ անսովոր։ Բայց կերանք։ Երկար ժամանակ «ռեւմատիզմս» ձեն չէր հանում, թե՞ ներշնչվել էի ուղղակի, որ այդպես է։ Ճարպիկ էր Վալերին, ֆիզիկապես ամուր, լավ մարզավիճակում էր միշտ, միշտ «ֆորմայի» մեջ էր լինում՝ զինվորականի տարիներ շարունակ «մշակած» սովորությունների համաձայն։ Քաջապես տիրապետում էր նաեւ զենքի բոլոր տեսակներին։ Կարող էր՝ զենքը բռնած, հայացքով կանգնել դեպի հարավ ու, մի ցատկով, երեք անգամ պտտվել տեղում, կանգնել ելման դիրքում ու կրակել ուղիղ նշանակետին՝ առանց վրիպելու... Ես ու Վալերին համագործակցում էինք ոչ միայն լրագրական, այլ նաեւ գրական նախաձեռնությունների մեջ։ Մեր յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր յուրօրինակ գրական ասուլիսի։ Վալերիի հետ սիրում էի մշտապես զրուցել, մանավանդ՝ ռուս գրականությանը վերաբերող հարցերի շուրջ, լսել նրա բավականին ինքնատիպ կարծիքներն ու եզրահանգումները, մանավանդ, երբ խոսքը վերաբերում էր, ասենք, Եսենինին, Մայակովսկուն, Բլոկին կամ Վիսոցկուն։ Երբեմն տաք վեճի մեջ էինք մտնում ու դա այնքան հաճելի էր, որովհետեւ Վալերին քաջապես էր տիրապետում նաեւ բանավիճելու կուլտուրային, մի առավելություն, որից, ցավոք, շատերն են զրկված։ Եվ եղավ այնպես, որ մեր զրույցներին «խառնվեց» մի նոր ընկեր եւս՝ Արմեն Պետրոսյան անունով, ծագումով՝ իմ հայրենի գյուղից, որը Մոսկվայում էր ապրում եւ պատրաստվում էր փիլիսոփայության գծով ատենախոսության պաշտպանության։ Ի դեպ, նա հիմա այդ ոլորտում գիտության դոկտոր է։ Հրաշալի մարդ էր եւ Արմենը։ Նա մեր գրական-լրատվական-թարգմանական աշխատանքներին նոր որակ բերեց իր մասնակցությամբ։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ թեեւ Վալերին տարիքով փոքր էր մեզանից, բայց քանի որ երկար աշխատել էր «թուրքերի մեջ», ինչպես ինքն էր ասում, նրանց քաջ գիտեր։ Եվ պատահական չէ, որ Արցախյան շարժման հենց սկզբում Վալերին եղավ այն առաջիններից մեկը, ով գործի անցավ. «Մեր խոսքը, եթե զենք չունենանք, ոչ մի տեղ չի հասնի»։ Ինքն աշխատում էր ընդհատակում։ Ամենասկզբից։ Չգիտես ինչու, նրան թվում էր, թե ինքը հենց այն մարդն է, ով պիտի Արցախն ապահովի զենքով։ Բայց ինչպե՞ս։ Եվ նրա բարձր հնարամտությունն ու տաղանդը գործի անցան։ Մի օր էլ հանդիպեցինք Երեւանում, պատահաբար, «Շիրակ» հյուրանոցի մոտ, խաչմերուկում։ Զենք տեղափոխելու համար էր եկել։ Գրկախառնվեցինք, վաղուց չէինք տեսել իրար, օրերը փոխվել էին, ամեն մեկս լծվել էր անհետաձգելի մի գործի... Պատմեց իր ծրագրերի, զենքի տարբեր տեսակների վերաձեւման, նռնակների պատրաստման եւ նման այլ խնդիրների մասին։ Եվ ահա մի օր էլ աշխարհն աչքիս մթնեց, երբ իմացա, որ սարքած նռնակը փորձարկելու ժամանակ պայթել է այն ու անասելի ծանր վիրավորել Վալերիին... Նույնիսկ հիմա, երբ գրում եմ այս բառերը, սիրտս կսկծում է անհուն ցավից... Ես, Հրաչիկը, Գաբոն շտապեցինք Երեւան, նրան հանդիպեցինք արդեն հիվանդանոցում, աղջիկն էր խնամում։ Իսկ ինքը չէր կարողանում որեւէ ձեւով հաշտվել իր հաշմված վիճակի հետ։ Երբ արդեն որոշակի ժամանակ էր անցել, եկել էր Ստեփանակերտ, մենք ընկերներով հաճախ էինք նրան մեզ հետ տանում Հրաչիկի «ֆազենդան», ամեն կերպ ուզում էինք օրը լցնել, բայց... Ամեն հանդիպման ժամանակ չէր մոռանում պատմել, որ այդ վիճակում էլ ինքը կարող է ուզածն անել, անգամ կռվի դաշտ գնալ ու կռվել թուրքերի դեմ... Չեմ ուզում գրել, թե ինչքան ծանր էր, երբ լսեցի Վալերի Քոչարյանի զոհվելու մասին։ Երեւի նման պարագայում է, որ բառերը դառնում են անօգնական ու խեղճ։ Վալերին մեր գոյապայքարի հերոսներից էր, հերոս՝ բառի ամենալայն իմաստով։ Նա վեհ մարդ էր։ Եզակի։ Անկրկնելի։ Նա մեծ հայրենասեր էր։ Եվ, ընդհանրապես, մարդու անսպառ հնարավորությունների մասին, ինձ թվում է, բնությունը շատ բան էր ուզում ասել Վալերիի միջոցով։ Թող իմ այս խոսքերը, սիրելի Վալերի, քո վաղեմի ընկերոջ ու բարեկամի կողմից մի լուսեղեն մոմ լինի՝ վառված քո շիրմաքարին։ Կյաքն ինքն է քեզ նմաններից անմահություն խնդրում։