Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԵՐ ԴԱՐԸ
Մոլեգի՜ն դար է, եղբա՛յր, մեր դարը.
Հըպարտ նա զենքով, հարուստ՝ զոհերով.
Կաշկանդած աստծո ազատ աշխարհը,
Նա գահ է հանում դահճին յուր սըրով։
Զոհվում են ազգեր հանուն սուրբ խաչի,
Արյան ծովերով ողողում երկիր.
«Թո՛ղ խեղճը մեռնի, թո՛ղ թույլը կորչի»,—
Կարդում է մեր դարն յուր դատավճիռ։
Չարության ոգին, լայն ցանցի նըման,
Պատել է և՛ կյանք, և՛ սիրտ, խղճմտանք,
Ուր անպարտություն — այնտեղ կախաղան,
Ուր արդար տրտունջ — այնտեղ հալածանք։
Լսում ենք — լո՜ւյս, սե՜ր, ազատ գաղափար,
Օրե՜նք, իրավո՜ւնք, ազա՜տ խիղճ ու ձայն —
Օ՜հ, մեր օրերում, մեր դարի համար
Դոքա ծաղրելի խոսքեր են միայն…
Երկաթ ու վառոդ, արցունք ու արյուն,
Գայլի կուշտ ծիծաղ, գառան խուլ մայուն —
Ահա՛, բարիքներ, դափնիք պանծալի՜,
Մեր առաջադե՜մ, լուսավո՜ր դարի…
[1898]
|
|