Jump to content

Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգև տրվել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ՝ դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է»: Նախ թող պատասխանեն՝ ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի՝ պատարագ մատուցելու իրավունքի մասին է: Գուցե հայերը 5 տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան 2000 հայկական գործող, կրկնում եմ՝ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է՝ համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց:

Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ: Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն: Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը:


14 օգոստոսի, 2010թ.