Jump to content

Մեր լեզուն (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Մեր լեզունից)

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։ —

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո ՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական, —
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ…