Մեր խորհրդային տնտեսությունները օգնում են չքավոր գյուղացիներին
ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՉՔԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Խորհրդային տնտեսության կառավարիչը խոսում էր մշակների հետ, երբ մոտակա գյուղի չքավոր գյուղացիների պատգամավորներն ու գյուղատնտեսը ներս մտան:
Գյուղատնտեսը մի կողմ քաշեց կառավարչին ու բացատրեց գործի դրությունը:
— Հա՛, բանն էսպես է. հիմի էս մարդկանց հույսը քեզ վրա է, պիտի մի ճար անես:
— Գիտե՞ք ինչ կա, — ասաց կառավարիչը, — տեսնում եմ, որ թունդ նեղն եք ընկել. բայց ո՞նց անենք, երկու տրակտոր ունենք. մեկը մեզ համար հարկավոր է, մյուսն էլ փչացել է:
Դանելն առաջ ընկավ.
— Ընկե՛ր ջան, որ էսօր քո դուռն ենք եկել, իմացի՛ր, որ տեղներս շատ նեղ է, պետք է մեր կուլակներից մեզ ազատեք. էն է` ատամները սրած սպասում են, որ մեզ գզեն: Հատուկ խնդրում ենք մեզ վրա քաղցր աչք ունենաք:
— Ընկեր Ոսկան, էս մեր փչացած տրակտորը պիտի նորոգենք, իրենց տանք: Հիմի քեզ վրա է, ինչ ուզում ես արա, հնարքով լինի, թե հրաշքով՝ պիտի էս մարդկանց տրակտոր տաս: Իսկ դուք, ընկերներ, հո լսեցի՞ք. մի շաբաթից հետո կգաք ու կտանեք տրակտորը:
— Շնորհակալ ենք, մնաք բարով:
Գյուղի պատգամավորները ճանապարհվեցին դեպի գյուղ...
Մի շաբաթից հետո գյուղում ձայն ընկավ տրակտորի գալու մասին. Էլ մարդ չմնաց, դուրս եկավ թամաշա անելու: Սկսած գյուղի ծայրի ջրաղացից մինչև կոոպերատիվի հրապարակը տրակտորն անցնում էր անընդհատ «կեցցեների» ուղեկցությամբ: