Jump to content

Մեր նոր սերունդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր նոր սերունդը
[ 189 ]

1884

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ


   Ազնիվ քլուբին եմ անդամ,
Հագվում եմ ճոխ, զարդարուն,
Կընոջըս էլ շատ անգամ
Պարելու հետս եմ տանում.
5 Լոկ իմ զեխության համար
Առատությունս կիմացվի,
Լոկ իմ զեխության համար
Եմ գըրպանը կը բացվի։

   Բայց որ ժամ եմ ես գընում,
10 Դողդըղում եմ անդադար,
Երբ խունկ ու մոմ եմ տեսնում
Անօգո՜ւտ ծախք ինձ համար.
Խընդրեմ գլուխըս մի՛ տանեք,
Իմ օր-արևը վըկա,
15 Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք
Գըրպանումըս փող չի կա։

   Խաղաթուղթը ձեռքումըս
Վատնում եմ փող աջ ու ձախ,
Կոպեկ չիկա ծոցումըս,
20 Բայց երեսիս է ծիծաղ.
Լոկ իմ շռայլության համար
Առատությունս կիմացվի,
Լոկ իմ շռայլության համար
Իմ գըրպանը կը բացվի։

   30 Դեմքես լեղի կը թափի,
Թե որ տարին մի անգամ

[ 190 ]

Հասարակաց մի օգտի
Երկու-երեք կոպեկ տամ.
Խընդրեմ, գըլուխըս մի՛ տանեք,
35 Իմ օր-արևը վըկա,
Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Գըրպանումըս փող չի կա։

   Անձնավաճառ մի ն ո ւ գ բ ա ր
Երբ գալիս է մեր տեղը,
40 Ա՜խ, դարձնում է խելագար
Ինձ նորա սերն ու գեղը.
Լոկ իմ շընության համար
Առատությունս կիմացվի,
Լոկ իմ շընության համար
45 Իմ գըրպանը կը բացվի։

   Բայց երբ տեսնեմ աղքատին,
Ուսումնատենչ օրիորդ,
Ապագա փառք մեր ազգին՝
Ձեռնտըվության իմ կարոտ.
50 Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Իմ օր-արևը վըկա,
Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Գըրպանումըս փող չի կա։

   Անգղիական չուխայից՝
55 Գաղղիական ճաշակով
Ձևած կարած հալավից
Կը հրաժարվի, ասե՛ք, ո՞վ.
Լոկ իմ պըճնության համար
Առատությունս կիմացվի,
60 Լոկ իմ պըճնության համար
Իմ գըրպանը կը բացվի։

   Բայց ցընցոտի շորերով
Աղքատ պանդուխտ որ տեսնեմ,
Երկյողիցըս օրերով
65 Ախորժակըս կը կորցնեմ.

[ 191 ]

Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Իմ օր֊արևը վըկա,
Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Գըրպանումըս փող չի կա։

   70 Չունիմ պաշտոն, բայց նշանք
Զարդարում են իմ լանջը.
Չարած գործիս գովասանք
Սիրում է իմ ականջը.
Լոկ իմ սուտ փառքի համար
75 Առատությունս կիմացվի,
Լոկ իմ սուտ փառքի համար
Իմ գրպանը կը բացվի։

   Բայց լըրագիրն ասում է.
«Հայն կարոտ է օգնության,
80 Մեր նըպաստին սպասում է
Եղկելի Մայր֊Հայաստանտ».
Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
Իմ օր֊արևը վըկա,
Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք,
85 Գըրպանումըս փող չի կա։

   Ձիս թանկագին, սանձակոծ,
Կառքըս բերած Վեննայից,
Երբ մըտնում եմ ես փողոց,
Կրակ թափվում է անիվից.
90 Լոկ իմ պերճության համար
Առատությունս կիմացվի,
Լոկ իմ պերճության համար
Իմ գըրպանը կը բացվի։

   Բայց թե լըսեմ՝ Վանեցին
95 Սոված անցնում է օրը,
Քշել է քուրդըն եղն ու ձին
Ու փըշրել է արորը.
Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք,
Իմ օր-արևը վըկա,

[ 192 ]

100 Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք,
Գըրպանումս փող չի կա։

   Վա՜յ քեզ, Վան, թե ախորժակ
Դու իմ փողին ունենաս,
Անշուշտ երկար ժամանակ
105 Պիտի պահես ծոմ ու պաս։
«Հայեն հային շահ չի կա»՝
Այս խոսքը հին առած է.
Հայ կուրծքի մեջ սիրտ չի կա,
Եթե կա էլ՝ սառած է։