Jump to content

Մեր տանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր տանը

Մեր տանը



(Հիշողություններ գյուղից)


1


Հիմա իմ տատը
Կոնչոլ է եփել,
Մարոն էլ թաթը
Առաջ է մեկնել,
Խնդրում է տատին,
Որ իրեն գթա,
Ամանը լիքը
Շուտով բաժին տա.
— Ա՜ տատ, էս ի՞նց է,—
Ասում է նրան—
Բազինս քից է,
Ես ո՜նց կստանամ...»

2


Պապս էլ նստած
Բուխարու դիմաց,
Չիբուխ է ծխում,
Հայկի հետ խաղում։
Հախը խլել է
Չիբուխը պապի,
Ուզում է նրա
Միրքիցը կապի.
Պապս էլ ասում է.—
— «Ա՛յ պստիկ սարսաղ,
Էդպես չեն անի,
Պապը քեզ մատաղ,
Քո ցավը տանի...»

3


Ղաղո բիձան էլ
Տրեխը հանել,
Ուզում է թաթի
Փոկը կարկատի,
Փնտրում է, փնտրում,
Բայց փոկ չի գտնում,
Ու ճարը կտրած՝
Հարսին է խնդրում.
— «Ախչի՛, Օսաննա՜,
Հերդ լուս դառնա,
Թե փոկ ունես դու,
Մի կտոր ինձ տու»...


4


Հայրիկս եկել,
Թախտին թեք ընկել,
Հանդիցն է ասում,
Ու հացի սպասում։
Մեր պուճուր հարսը
Տաշտակն ու թասը
Առաջ է բերել,
Իր կողքին դրել,
Որ հացից առաջ
Պստիկ ու մեծի
Ձեռքին ջուր ածի,
Ու նստեն հացի։
Հետո հայրիկիս
Ոտքը լվանա,
Ապա կռանա՝
Ոտքիցը պաչի...


5


Մայրիկս նստած
Ջահրա է մանում՝
Հորս հետ կամաց
Զրույց է անում։
Հենց որ իմ տատը
Մորս է նայում,
Մայրս ամոթից
Էլ ձեն չի հանում։
Քուրիկս էլ կողքին,
Ձեռքը սանդերքին
Համ բուրդ է գզում,
Համ հորս լսում...