Կայծեր/Մաս I/ԺԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Մթին գաղտնիքից)
ԺԱ Կայծեր

Րաֆֆի

ԺԳ

ԺԲ

ՄԹԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Դառնանք դեպի մեր պատմությունը:

Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, ես զարթեցա: Ես ինձ գտա խորհրդավոր մինարեթում, պառկած ցամաք տերևներից կազմված անկողնի վրա: Գլխիս տակին, բարձի փոխարեն, դրած էր մի խուրձ խոտ: Կարոյի վերարկուն ծածկում էր ինձ վերմակի տեղ: Երևում էր, ընկերներս խնամք էին տարել իմ հանգստության համար, որովհետև դեռ չէի սովորած բացօթյա կյանքի խստություններին:

Երկու զեյթունցիները չկային: Մյուսները` Կարոն, Ասլանը, Սագոն — դեռ քնած էին մերկ գետնի վրա, առանց ծածկոցների: Նրանց քունը ծանր էր և խորին: Ինձ երևում էր, թե ամբողջ գիշերը արթուն էին մնացած. երևում էր, հենց նոր դարձել էին մի հեռու տեղից... որովհետև նրանց տրեխների ցեխը դեռ թաց էր: Նրանք պառկել էին առանց հանվելու, իրանց հագուստով, մինչև անգամ ոտնամաններով: Նրանք կրած ունեին և զենքեր, բայց գիշերը, թե ընթրիքի ժամանակ, թե վիճաբանության միջոցին, նրանց վրա զենքեր չտեսա, բացի մի-մի դաշույնից: Ուրեմն նրանք գիշերը այստեղ չէին մնացած, մտածում էի ես, ուրեմն ինձ հարբեցրին, քնացրին, որ չիմանամ, թե դեպի ո՛ր կողմն են արշավանք գործում...

Բայց ո՞րտեղ կորան այն երկու ծածկամիտ զեյթունցիները, ինչու՞ չմնացին այստեղ, ինչո՞ւ Կարոն չծանոթացրեց ինձ նրանց հետ և ոչ ասաց, թե նրանք ովքեր են... Մի՞Բթե նա չի հավատում ինձ: Ահա այդ հարցերը զբաղեցրին իմ միտքը, երբ առավոտյան զարթեցա խորհրդավոր մինարեթի մեջ:

Ինձ թվում էր, թե ես ընկած եմ մի կախարդված ամրոցի ավերակների մեջ, թե մի դյութական ձեռք ինձ բերեց այդ դիվաբնակ ավերակներում, թե Կարոն, Ասլանը, Սագոն, — այդ բոլորը առաչոք և խաբեական պատկերներ էին: — «Չէ՛, մտածում էի ես, թողնեմ, փախչեմ և հեռանամ այստեղից, գնամ մորս մոտ, հնազանդ գլուխս խոնարհեցնեմ նրա առջև և ասեմ. «ես քեզանից չեմ հեռանա, միշտ կաշխատեմ քեղ համար և քույրերիս համար, միայն ինձ վարժատուն մի՛ ուղարկիր»:

Իսկ երբ վարժապետիս սարսափելի պատկերը ալքիս առջևն էր գալիս, իսկույն սթափվում էի, կրկին լուծվում էր դյութական թիլիսմանը, և ես զգում էի, թե իրականության մեջ եմ գտնվում, թե այս բոլորը, ինչ որ տեսնում էի, երևակայության ցնորքներ չէին: Իսկույն փոխում էի միտքս. — «Չէ՛, ասում էի, երազ չէ իմ տեսածը և ոչ կախարդություն. դրանք իմ լավ ընկերներն են` Ասլանը հրեշտակի սիրտ ունի, Կարոն հենց վարժարանում եղած ժամանակ սիրում էր ինձ, Սագոն նույնպես բարի տղա է, նրա սիրտը այն չէ, ինչ որ լեզուն է: Չէ՛, կմնամ այստեղ, դրանցից չեմ բաժանվի»...

Մինչև ես այսպիսի խորհրդածությունների մեջ էի, աչքս ընկավ պառկած ընկերներիս վրա. չգիտեմ ինչու՞ ես հիշեցի մի զրույց, որ շատ անգամ լսել էի տատիս հեքիաթների մեջ: Ինձ երևաց, որպես թե, այդ երեք երիտասարդները երեք հսկաների ձագեր լինեին, որոնց մայրը կաթի փոխարեն կերակրում էր ադամորդու արյունով...Ո՞րտեղից ծագեց իմ մտքում մի այդպիսի օտարոտի համեմատություն...

Կարոյի քունը անհանգիստ էր. երևում էր, նա գտնվում է երազների սարսափելի խռովության մեջ. — «Կսպանեմ, թե չտաս» — «ո՞ւր ես փախչում» — «իմ գնդակը ավելի սրընթաց է, քան քո ոտները» — «Ասլա՛ն, սատկացրու նրան» — «Սագո, զգույշ, մարդ չտեսնե»-«նրանք այս կողմից փախան»... Ահա այսպիսի անկապ խոսքեր էին լսվում նրա բերանից: Նա խոսում էր խառն, զանազան արևելյան լեզուներով:

Ասլանի քունը հանգիստ էր, որպես երեխայի քուն: Երբեմն նրա գեղեցիկ շրթունքը ցնցվում էր թեթև ժպիտով: Նա լուռ էր: Մի անգամ միայն նա արտասանեց անունը «Սոնա»: — Խե՜ղճ տղա, մտածում էի ես, նա ինձանից առաջ սիրում էր նրան... գուցե այժմ տակավին սիրում է...

Սագոն իր երազների մեջ նույնպես ծիծաղելի էր, որպես արթուն ժամանակը. մեկին ջիգրացնում է նա: Նրա դեմքի վրա նկատվում էին հեգնական ծամածռություններ:

Արշալույսը սկսել էր շառագունել: Ամեն կողմից լսելի էին լինում թռչունների ուրախ, ծլվլուն երգերը: Մինարեթի վերի հարկերում բուն դրած վայրենի աղավնիները այս կողմ և այն կողմ էին թռչկոտում և նրանց թևքերի թափ տալուց աշտարակի կամարները թնդում էին խուլ որոտմունքով:

Ես ձանձրացա երկար պառկելուց, վեր կացա, մոտեցա Կարոյին և, նրա վերարկուն իր վրան ծածկելով, կանգնեցա նրա մոտ: Նա տարածված էր գետնի վրա, որպես մի ահագին պղնձե արձան, մթին, հսկայատիպ կերպարանքով: Նրա լայն կուրծքը անհանգիստ կերպով բարձրանում և ցածրանում էր: Երկար ես խորին պատկառանքով նայում էի այդ վեհափառ պատկերի վրա, մինչև իմ սիրտը լցվեցավ մի ջերմ, եղբայրական զգացմունքով. ես խոնարհվեցա և մի համբույր քաղեցի այն շրթունքներից, որոնցից շատ անգամ լսել էի այդ խոսքերը. «Ֆարհատ, ես քեզ շատ եմ սիրում»:

Նա մի թեթև շարժում գործեց և կրկին խորասուզվեցավ ծանր քնի մեջ: Ես հեռացա:

Դեռ երեխայության ժամանակից, այն ավերակները, որոնցով շրջապատված էի, այն մինարեթը, որի մեջ այժմ գտնվում էի, միշտ մի առանձին դյութական տպավորություն էին գործում ինձ վրա: Ես լսել էի նրանց մասին շատ առասպելական զրույցներ: Բայց առաջին անգամն էր, որ գտնվում էի այնտեղ, թեև այդ ավերակներն ունեին մեր քաղաքից հազիվ քառորդ մղոն հեռավորություն: Մարդիկ, մի առանձին սնահավատությամբ, վախենում էին մոտենալ նրանց: Բայց նույն ժամուն ինձ ևս անհասկանալի մի հետաքրքրություն քարշում էր իմ սիրտը դեպի վեր, դեպի այն հսկայական շինվածքի գագաթը. այնտեղից ես ցանկանում էի նայել դեպի աստուծո գեղեցիկ աշխարհը:

Խորին երկյուղածությամբ ես ոտք կոխեցի առաջին սանդուղքի վրա, սկսեցի բարձրանալ: Ամեն տեղ տիրում էր դատարկություն. ամեն տեղ ոչ այնքան ժամանակը, որքան կույր խառնիճաղանջի մոլեռանդությունը ավերակ էր դարձրել ճարտարության այն հրաշալի գործը, համարելով նրան մի կախարդված մնացորդ «ջինների» թագուհու ամրոցից: Ես բոլորովին հոգնեցա, մինչև հասա մինարեթի գագաթը: Ա՜խ, որքան բարձր էր նա: Ամբողջ սալմաստը, լուսավորված արեգակի առաջին ճառագայթներով, դրած էր իմ առջև, որպես մի գեղեցիկ պատկեր, նկարած զանազան գույներով: Գյուղերը, այգիները, ձեռնատունկ անտառները, լավ մշակված դաշտերը, բոլորը միախառնվելով հանդիսանում էին ամբողջ հովիտը իր կանաչազարդ, գեղագրական տարածության մեջ: Ես ջոկում էի բոլոր ինձ ծանոթ տեսարանները:

Հեռու, բարձր ապառաժի վրա, տեսնում էի ես Ղարնի-Յարուղի ավերակները, ավերակները այն առասպելական ամրոցի, ուր թափվել էր այնքան արյուն, այնքան արտասուք և սեր... ուր անօրեն թուրք իշխանի ձեռքը խլում էր ամուսնի գրկից կնիկների ամենագեղեցիկը... ուր տարվում էին ամենաընտիր աղջիկները ամբողջ գավառից, և անբախտ զոհերի արտասուքը, ընտանիքի սրբությունը, ծնողների աղաչանքը չէին կարողանում ամոքել բռնակալի կրքերը...: Դեպի աջ նայելով, ես տեսնում էի սուրբ Հովհաննու մատուռը, միայնակ կանգնած բլուրի գագաթին, որը մի ահագին շաքարի գլխի նման վեր էր բարձրացել ընդարձակ դաշտի միջից: Ո՜րքան քաղցր զգացմունքներով կապված էր այդ սրբարանը իմ հիշողության հետ: Այնտեղ, տոնական հանդեսների ժամանակ, ուխտավորների աշխարհային զվարճությունները, ախտերը և կրքերը եփ էին գալի, բորբոքվում էին, միախառնվելով կրոնական ջերմեռանդության հետ...

Վերջապես իմ աչքին ընկավ քաղաքը. նա թաքնված էր ծառազարդ այգիների մեջ, որոնք ձևացնում էին մթին բոլորակ տարածություն: Ես որոշեցի մեր թաղը, այնտեղ ես երկար և երկար որոնում էի «մեկին»... կարծում էի, թե կտեսնեմ նրան... Չգիտեմ ինչու՞ նույն րոպեում իմ աչքերը լցվեցան արտասուքով, ես այլևս չկարողացա նայել...

Ես սկսեցի իջնել ցած, կրկին նույն ոլոր-մոլոր սանդուղքներով: Այն ժամանակ միայն նկատեցի, որ աշտարակն ուներ մի քանի գաղտնի պահեստներ և խորին մթերանոցներ: Հետաքրքրությունը հրապուրեց ինձ մտնել նրանցից մեկի մեջ: Նեղ պատուհանից ներս ցոլացած լույսով հազիվ կարողացա որոշել հետևյալ իրեղենները. — զենքերի զանազան տեսակներ, ձիաների թամքեր իրանց պարագաներով, խուրջիններ լիքը զանազան բաներով, որոնք այնքան ծանր էին, կարծես, ամբողջապես լցված լինեին մետաղներով: Ես ձեռքս տարա մեկի մեջ, տեսա, ուրիշ ոչինչ չկար, բայց միայն հրացանի փամփուշտներ, գնդակների կապոցներ և վառոդ: Այս մթերքը, անտարակույս, պատկանում էր այն երեք հոգուն, որ պառկած էին աշտարակի ներքին հարկում: Բայց ի՞նչ նպատակի համար էր այդ բոլոր պատրասաությունը: — Այդ միտքը սկսեց տանջել ինձ: Այնտեղ կար պատրաստություն ավելի քան հիսուն հոգու համար: Բայց ո՞րտեղ էին այդ մարդիկը: Ես ոչինչ հասկանալ չէի կարողանում: Երկյուղը և կասկածը տիրեցին իմ սրտին: Այստեղ երևում էր ինչ-որ խորհրդավոր ծածկապահություն...

Ես չուզեցի կասկածանքի պատճառ տալ ընկերներիս, և առանց մյուս բաներին նայելու, իջա ցած: Տղերքը տակավին քնած էին նույն դրության մեջ, որպես թողել էի: Ես չկամեցա խանգարել նրանց հանգստությունը, դուրս եկա մինարեթից մի փոքր թարմ օդ ծծելու համար: