Կայծեր

ԿԱՅԾԵՐ
- Պատմական վեպ
«Առանց փայտի կրակը կհանգչի և թե որ բանսարկու չլինի, կռիվը կդադարի։ Ինչպես ածուխը զորություն է տալիս ԿԱՅԾԵՐԻՆ ու փայտը կրակին, այնպես է կռվասեր մարդը վեճ բորբոքելու համար»։
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Գուցե մենք չէինք ունենա Խորենացու թանկագին պատմությունը, եթե Սահակ Բագրատունին չհորդորեր, չխրախուսեր ծերունի հեղինակին։ Գուցե մենք զրկված կլինեինք Եղիշեի գեղեցիկ գրքից, եթե Մամիկոնյան Դավիթ երեցից նպաստ և քաջալերություն չգտներ նա։ Գուցե, իր ժամանակի մոլեռանդ կղերից հալածված, սովի և աղքատության մատնված Ղազար Փարպեցին չէր կարող գրել իր հիանալի աշխատությունները, եթե Մամիկոնյան Վահան իշխանը չօժանդակեր նրան: Նույնպես և Ագաթանգեղոսը, շատ կարելի է, չթողներ մեզ իր փառավոր պատմությունը, եթե Տրդատ թագավորը չհովանավորեր նրան։
Մեկենասները, որպես մեզ մոտ, նույնպես և ամեն ազգերի մեջ, եղել են միշտ գրականության ծաղկման զորավիգը և աղքատ հեղինակների բարերարները։ Տարակույս չկա, որ շատ տաղանդներ, և մինչև անգամ շատ հանճարներ կարող էին անպտուղ մնալ, կարող էին կենսական հոգսերի ներքո ճնշվել, ոչնչանալ, եթե մեկենասներից օժանդակություն չգտնեին։ Մեկենասները տվեցին հեղինակներին հաց, իսկ հեղինակները տվեցին աշխարհին մտավոր և հոգեկան սնունդ: Իմ անմխիթար գրական ասպարեզում Դուք առաջինը եղաք, հարգելի բարեկամ, որ ազնիվ հայրենասերի անկեղծ զգացմունքով հանձն առիք Ձեր ծախքով ի լույս ընծայել «Կայծերը»: Ուստի խորին երախտագիտությամբ պարտք համարեցի պսակել այդ գործի ճակատը Ձեր պայծառ անունով։