Մի՛ ըսեք թե բարությունն է կեղծիք,
Թե ժըպիտը կնճիռ մըն է սնգուրված,
Թե ոչինչ կա ազնիվ, ոչինչ գեղեցիկ,
Թե պատրանք են սերը, ծաղիկն ու քերթված:
Մի՛ ըսեք ինձ. թույն է բուրումը գարնան,
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին,
Թե լուսագեղ ցողերն ամպրոպ կը դառնան,
Եզերքն է լոկ մեղրը կյանքի բաժակին:
Ո՜հ, մի՛ ըսեք, շրթունքները կը սըտեն,
Երբ կը գեղուն հըրայրքները, գութ ու գորով,
Թե հույզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սրտեն,
Թե կայծեր են անոնք մտքի մ՚անխռով:
Ո՜հ, մի՛ ըսեք. նայվածքները բոցավառ
Զոր քարեր են, սուտակ, զըմրուխտ կամ ոբալ
Որոնք օծված սուտի փայլովը բուրվառ՝
Գիտեն տրտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:
Ո՜հ, մի՛ ըսեք թե ձայները կը խաբեն
Իրենց անկեղծ հնչյուններովը ծալ-ծալ.
Մի՛ ըսթափեք սիրտս իր անուշ տագնապեն.
Թողեք ինծի երազներովըս պանծալ:
Մի՛ ըսեք ինձ թե մարդիկ չեն անձնըվեր,
Թե շահերով ըստոր լեցուն է աշխարհ,
Եվ ուխտերը, երդումները օդն ի վեր
Կը վարարին, ինչպես թերթեր հողմավար:
Մի՛, մի՛ ըսեք. խավար է ծայրը կյանքին.
Անմահության հույսն աղվոր տենդ մ՚է փարթամ,
Թե հող, մոխիր պիտի դառնա մեր հոգին...
Ո՜հ, թողե՛ք որ ցընորքներուս հավատամ: