Միայնության ժամեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Միայնության ժամեր

Ալեքսանդր Ծատուրյան

ՄԻԱՅՆՈԻԹՅԱՆ ԺԱՄԵՐ

Գիշեր է։ Մենակ, տխուր, անընկեր
Նստած սենյակում,
Որպես բանտարկյալ — վշտի շղթաներ
Աիրտըս են մաշում.
Եվ ստեպ թռչում է իմ տանջված կրծքից
Խորի՜ն հառաչանք,
Բայց հառաչանքիս չունե՛մ ձայնակից,
Չըկա՜ արձագանք...

Չորս կողմս պատեր — անըզգա, անշունչ,
Եվ միշտ անվրդով.
Նայում են վերաս անխոս, անմռունչ,
Սառն հայացքով։
Եվ ի՛նչ փույթ նոցա, թե մի խեղճ էակ
Մինչև առավոտ
Թախծալից սրտով պիտ տանջվի մենակ
Խնդության կարոտ։

Դանդա՜ղ ու տաղտո՜ւկ սահում են ժամերն...
Ո՜ւր ես քաղցըր քուն.
Թույլ պլպլում է և՛ աղոտ լապտերն,
Մոտ է հանգչելուն։
Ա՜խ, ի՞նչ կըլիներ գեթ դու, նազելի՛ս,
Մոտըս լինեիր.
Այս տխուր ժամին արտասուքն աչքիս
Գեթ դու սրբեիր։

Քո մատաղ կրծքին գլուխս խոնարհած.
Երկա՜ր ժամերով
Ես զրույց կանեի քեզ հետ սրտաբաց,
Մտերիմ սիրով։
Քեց կըպատմեի դարդերը սրտիս,
Իմ ցավն, արտասուք,
Թե ինչո՞ւ ես միշտ տանջվում եմ, լալիս
Մարդկանցից ծածուկ։

Թե ինչո՞ւ առույգ, մատաղ հասակում
Ես, որպես մի ծեր,
Կյանքի խնջույքից հեռու եմ փախչում —
Միշտ սա՜ռն. անտա՛րբեր...
Եվ գիտեմ, մանո՛ւկ, հոգիս ցավագար
Քո մեջ կըգտներ
Յուր դարդ ու ցավին անկե՜ղծ մխիթար,
Սփոփի՜չ ընկեր...

Բայց, է՜հ, իզո՛ւր եմ ես կարոտագին
Եվ լալահայաց
Նայում քո անխոս, սիրուն պատկերին՝
Սեղանիս դըրած։
Դու չըկա՛ս մոտս... Եվ չես էլ լինիլ...
Ի՜նչ ասեմ բախտին,
Որ ինձ պատժել է — միշտ լալ. կարոտիլ,
Աչքըս քո ճամփին...

Գիշեր է։ Մենակ, տխուր, անընկեր
Նստած սենյակում.
Հազա՜ր-մի ցավեր, հազա՜ր-մի վշտեր
Սիրտըս են մաշում.
Եվ շուրջս միայն չորս պատեր անշունչ
Եվ միշտ անվրդով
Նայում են վերաս անխոս, անմռունչ.
Սառն հայացքով...