Jump to content

Միայն այդ տարբեր նմանների հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Միայն այդ տարբեր նմանների հետ

Տանջանքն եմ օրհնում վարձված բանվորի,
Որ առավոտից մինչև ուշ գիշեր
Ապրելու համար, փոր հացին գերի՝
Ոսկորն է ցավում, թմրում մկաններ։

Սև քաղցն եմ օրհնում, անվերջ գալարում,
Որդերի անկուշտ, ագահ ոհմակի,
Որ սուր ճանկերով մտքեր են լարոմ,
Գրգռում ջերմը բաց ախորժակի։

Վաստակն եմ օրհնում ես գիշեր ցերեկ
Թե՛ ծեր, թե՛ ջահել աշխատավորի,
Որ կորաքամակ, չեն հոգնում երբեք
Հասույթ պատրաստել լայնաղիք փորի։

Անհաց խուժանի ճիչն ու վայնասուն
Օրհնում եմ սրտանց, ցանկալով ավյուն․․․
Ճարպի բեռնակիր ահոգ-անասուն
Կուշտերին մաղթում արևշատություն․․․

Միայն այդ տարբեր նմանների հետ
Շղթան կյանք չունի, զրկանքը՝ աղբյուր,
Եվ ծագող վեճի պայքարն է հավետ,
Եվ ծագող վեճի պատճառ միշտ բյուր։

1908 թ. 13 հունիսի