Մինն այսպես, մյուսն այնպես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զահրումար Մինն այսպես, մյուսն այնպես

Րաֆֆի

Խաչագողի հիշատակարանը
[ 221 ]

ՄԻՆԸ ԱՅՍՊԵՍ, ՄՅՈՒՍԸ ԱՅՆՊԵՍ


Թիֆլիսի վաճառականների կյանքից

[ 223 ]

Ա

«Ոչինչ չեմ հասկանում... խելքիս չէ նստում...,— բավական լսելի ձայնով փնթփնթում էր մի փոքրիկ մարդ, որ մոլորված կերպով ցած էր իջնում եռահարկ տան բարձր, մարմարյա սանդուղքներից։— Մարդը դուքանի համար լավ աշկերտ է ուզում, կնիկը տան համար լավ ծառա է ուզում։ Արի՜ ու հասկացիր, թե ո՛րն է դրանց ուզած «լավը»։ Որին որ տանում ես, չեն հավանում»:

Տրտնջողը այն աստիճան պաշարված էր յուր մտածություններրով, որ մինչև անգամ թողել էր զեղեցիկ կապերտի երկար զոլը, որ ձգվում էր սանդուղքների կատարից մինչև նրանց ստորոտը, և ամեն անգամ զարմանում էր, թե ինչո՞ւ յուր կոշտ կոշիկները սայթաքում են հայելու նման փայլուն և փղոսկրի նման կոկ մարմարիոնի վրա։

Երբեմն դիպչելով կիտրոնիների մեծ ծառերին, երբեմն քսվելով ծաղիկների թաղարներին, որ զարդարում էին փառավոր սանդուղքների աջ և ահյակ կողմերը, վերջապես, մեծ ջանքերով ցած իջավ նա և, ծանր դուռը յուր ետևից կողպելով, դուրս եկավ փողոցը։ Այստեղ կանգ առեց և, գրպանից հանելով գունավոր թաշկինակը, սկսեց սրբել ճաղատ ճակատի քրտինքը։

Փողոցում կանգնած սպասում էր նրան մի լավ հագնված իմերել պատանի, որ յուր առողջ ու հաջողակ ոտներով մի քանի րոպե առաջ ցած էր իջել նույն սանդուղքներից։

— Ի՞նչ ասաց,— անհամբերությամբ հարցրեց պատանին։ [ 224 ] — Չհավանեց,— պատասխանեց փոքրիկ մարդը։

Պատանին դժգոհությամբ հեռացավ։

Դա տասներորդ «նմուշն» էր, որ նա տարել էր ցույց տալու, բայց եռահարկ տան տիկնոջ հավանությունը չէր գտել:

Փոքրիկ մարդը, որին կոչում էին Արտեմ Պետրովիչ, սպասավորների և ծառաների «դալալ» էր։ Ժամանակները ոչինչ ազդեցություն չէին գործել նրա վրա։ Նա դեռ կրում էր այն տարազներով հագուստներ, որ հագնում էին երեսուն, քառասուն տարի առաջ,- չուխա, արխալուղ, լայն շալվար, մետաքսյա գոտի և այլն։ Միակ փոփոխությունը եղել էր նրա՝ ոչ թե գլխի մեջ, այլ գլխարկի մեջ։ Վաղեմի մորթյա գդակի փոխարեն կրում էր ռուսական «ֆուրաշկա»։ Նրա ամբողջ հագուստը, մշտական կեղտի թանձր խավարի ներքո, այն աստիճան կոկվել էր, որ փայլում էր, կարծես թե սև մուշամբայից լիներ կարված։ Փայլում էր և մուգ-թխագույն դեմքը, որը կարծես թե սև նավթով լիներ օծված։ Չէին փայլում միայն փոշեպատ կոշիկները, որ իրանց կյանքում գուցե մի քանի անգամ բախտ էին ունեցել կոշկաներկի հանդիպելու, թեև Արտեմ Պետրովիչը բավական ունևոր մարդ էր։

Եռահարկ տունը, որտեղից դուրս եկավ նա, կազմում էր Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղի գեղեցիկ զարդերից մեկը։ Նա դեռ կանգնած էր այդ տան շքեղ դռան առջև և մտահույզ աչքերով նայում էր դեպի ծառազարդ փողոցի ընդարձակությունը։ Նորաբողբոջ ակացիների երկար շարքը, որ ձգվել էին փողոցի երկու կողմերում, դեռ նոր էին բաց արել իրանց ծաղիկների սպիտակ փունջերը և դեռ նոր խնկարկում էին գարնանային հովասուն առավոտը իրանց նուրբ անուշահոտությամբ։ Բայց այդ չէր գրավում Արտեմ Պետրովիչին։ Նրա միտքը կլանված էր յուր գործով։

Հանկարծ շարժվեցան նրա կարճ ոտները, նրանց հետ և շարժվեցավ բավական հաստ գավազանը, որ բռնած ուներ յուր ձեռքում։ Նա շտապով գնում էր և, միևնույն ժամանակ, յուր մտքում շարունակում էր ընդհատված մենախոսությունը։

«Մարդու բանը հեշտ է, կշինեմ։ Այն տղային, որ ասել է նա, ինչպես որ լինի, դուրս կպոկեմ յուր մորից։ Բայց ի՞նչ պետք է արած այդ «կապրիզնի» աղջիկ պարոնի հետ։ Որին որ տանում եմ, միշտ մի պակասություն է գտնում։ Ախար առանց պակասության՝ մա՞րդ կլինի։— Դա շատ մեծ է, ասում է, նա շատ պստիկ է, ասում է, դրա բոյը կարճ է... նրանը շատ երկար է... դրա մազերը դեղին են... մյուսի քիթը դյուր չէ գալիս... էն է մնում, որ ասե, թե [ 225 ] ատամները ի՛նչպես պետք է լինեն։ Տո, հեր օրհնած, ծառան խո «կուկլա» չէ, որ զարդարանքի համար լինի։ Գոնե մի անգամ էլ չի հարցնում, թե ինչ խելքի տեր է, ի՛նչ գիտե, կամ ի՛նչ կարող է շինել»։

Թեև Արտ եմ Պետրովիչը իրան դժգոհ էր ձևացնում քմահաճ տիկնոջ հանձնարարությունից, որը իրավ, սպասավորների ընտրության մեջ սաստիկ խստապահանջ էր, բայց ինքը, Արտեմ Պետրովիչը, նույնպես բարի պտուղներից չէր։ Տիկնոջ պահանջները մի աոանձին հաճություն էին պատճառում նրան, բայց ամենայն խնամքով թաքցնում էր։ Արտեմ Պետրովիչը Սոլոլակի բարձր շրջանի՝ համարյա բոլոր տներում ծառայող սպասավորների պատրիարքն էր, և միանգամայն նրանց հոգաբարձուն։ Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում յուր թեմի մեջ, որ կարող էր ամեն տեսակ փոփոխություններ անել,— մեկին յուր տեղից հանել և մի այլ տեղ կանգնեցնել, մյուսին յուր ցանկացած տեղը տալ։ Դրա համար հարկավոր էր միայն ավելացնել մի քանի ռուբլի։ Բայց Արտեմ Պետրովիչը այնքան հեռատես էր, որ ծառաների հետ սերտ կապեր պահպանելու նպատակով, շատ անգամ յուր գրպանից ծախսելու փող էր տալիս նրանց, երբ անգործ էին, և այնքան սպասում էր, մինչև տեղ գտնեին։ Չար լեզուները ասում էին, որ ծառաները իրանց գողացած իրեղենները նրան էին հանձնում վաճառելու համար։ Ճշմարիտը աստված գիտե, միայն այնքանը ճիշտ էր, որ ծառաները չափազանց հլու էին դեպի նա։

Նա գիտեր, թե ո՛րտեղ ո՛վ է ծառայում կամ ի՛նչ ռոճիկով է ծառայում։ Նա հենց առաջին անգամից կարող էր տիկնոջ պահանջածը ներկայացնել նրան, բայց գործը դիտմամբ երկարացնում էր, որովհետև ամեն անգամ, երբ յուր սանիկներից մեկին բերում էր ցույց տալու տիկնոջը, թեև նրա հավանությունն ևս չէին գտնում, բայց դարձյալ առատաձեռն տիկինը գնում էր Արտեմ Պետրովիչի ափի մեջ երեք ռուբլիանոց մի թղթադրամ, իբրև «արաղի փող»։

Բ

Քաղաքի հետընկած թաղերից մեկի խլության մեջ գտնվում էր մի հին, քայքայված տուն, որ վաղուց ոստիկանության ուշադրությունից ազատվելով, դեռ պահպանում էր յուր թշվառ գոյությունը, որ ամեն րոպե սպառնում էր կործանվել, և յուր հետ հարյուրավոր ավելի թշվառ բնակիչների գերեզման տանել։ Այդ տունը պատկանում էր մի հարուստի, որը, որպես դժվարանում էր [ 226 ] կարկատել տալ յուր պատառոտված կոշիկները, նույնպես և դժվարանում էր նորոգել յուր քայքայված շենքը, մտածելով, «այսպես էլ յոլա կգնա, քրահը խո ստանում եմ»... Նրա ընդարձակ բակում երբեմն գիշերում էին կառապաններր։ Ձիաների աղբը և քանդված սենյակների աղյուսները, կուտակվելով միմյանց վրա, այնտեղ ահագին բլրակներ էին կազմել։ Գարշահոտությունը անտանելի էր։ Ողջ մնացած սենյակներում բնակվում էին լվացարար կանայք, և մռայլ, կասկածավոր հասարակություն, որ հայտնի չէր՝ թե ինչով էին պարապում, կամ ինչ միջոցներով էին ապրում։

Ներքին հարկի ստորերկրյա նկուղներից մեկի մեջ բնակվում էր մի այրի կին։ Այդ խոնավ, օդից ոլ լույսից զրկված նկուղը մի ժամանակ ծառայում էր վերևի կենողի համար որպես փայտանոց, իսկ հետո, ավելորդ համարելով, վարձով տվեց, ամիսը հիսուն կոպեկ ստանալով աղքատ այրիից։ Նկուղի միակ կարասին փոքրիկ թախտն էր, որ գժվարությամբ տեղավորվել էր նեղ լուսամուտի առջև, որի երկու ծռված փեղկերը պահպանել էին երկու ապակիներ միայն։ Թախտի ներքո, որպես ապահով պահարանում, դրված էին ողորմելի բնակչի ողորմելի տնտեսության անոթները։ Մի երկար կտավի կտոր, իբրև վարագույր, մեխած էր թախտի առջևի կողմից, որը ծածկում էր նրա տակում ածված չքավոր իրեղենների ամոթը այցելուի աչքից։

Թախտի թերմաշ գորգի վրա նստած էր այրի կինը և, սպիտակ ակնոցները թելով կապած ունենալով գլխի շորերին, կար էր կարում, թեև նրա խոշոր կարը ոչ աչքերի պետք ուներ և ոչ ակնոցների։ Մեծ ասեղը ոսկրացած մատների մեջ արագությամբ շարժվում էր և հաստ դերձանով կարում էր տոպրակներ։

Չնայելով ծայրահեղ աղքատությանը, որ տիրում էր այդ խղճալի բնակարանում, դարձյալ ամեն մի առարկայի մեջ նշմարվում էր կարգ և մաքրություն։ Աղյուսյա հատակը համարյա մաշվել էր ավելի ստեպ գործունեության ներքո։ Գաջով ծեփած պատերի վրա մի հյուլեի չափ փոշի չկար։ Դուռը, հաճախ լվացվելով, բոլորովին կորցրել էր յուր ներկը։ Երևում էր, որ անբախտ այրին մի ժամանակ ճաշակել էր ավելի բախտավոր կյանքի վայելչությունները։ Եվ, իրավ, մի ժամանակ նա յուր սեփական տան տիկինն էր, շրջապատված ծառաներով ու աղախիններով, բայց դառն հանգամանքները խլեցին նրանից բոլորը և նետեցին այդ մթին նկուղի մեջ։ Ամուսին այրը մեռավ կսկիծից, բարեկամները հեռացան աղքատից, և մոռացան աղքատին։ [ 227 ] Նա նստած էր լուսամուտի հանդեպ, շարունակում էր կարել: Մրոտած ապակիների մռայլ շողքը ընկել էր մաշված դեմքի վրա և երևան էր հանում նրա տխուր գծերը։ Նա կարում էր և երբեմն թախծալի աչքերը դարձնում էր դեպի դուռը, կարծես մեկին սպասելիս լիներ: Իսկ երբեմն վեր էր կենում, մոտենում էր փոքրիկ կաթսային, որը բուխարու մեջ դրած, եփվում էր, և յուր խուլ, մելամաղձական շշնջյունով ընդհատում էր նկուղի խորին լռությունը։

Նա դեռ շարունակում էր կարել, մինչև պատի ժամացույցից քարշ ընկած ծանր շղթաները խշրտացին, փոքրիկ դռնակը բացվեցավ, երկարակտուց հոպոպը դուրս հանեց փետրազարդ գլուխը և, երեք անգամ դեպի ցած ու դեպի վեր բարձրացնելով, յուր թոթով լեզվով ձայնակցեց երրորդ ժամը։

— Տեր աստված,— ձայն տվեց և տառապյալ այրին, — ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդքան ուշացավ։

Այդ միջոցին դռները բացվեցան, սպասած անձնավորության փոխարեն՝ ներս մտավ մի այլ անձնավորություն։ Նա կանգ առեց սյամի մոտ և սկսեց հետախույզ աչքերով որոնել տանտիկնոջը, որը նկուղի մեջ տիրող մռայլի պատճառով համարյա անտեսանելի էր։

— Ո՞վ ես, ի՞նչ ես կամենում,— զարմանալով հարցրեց այրին։ Եկվորը ոչինչ չպատասխանեց, այլ տեսնելով նրան լուսամուտի հանդեպ նստած, ինքն ևս մոտեցավ և լուռ նստեց թախտի մի ծայրում։

Անսպասելի այցելուի հանկարծակի հայտնվիլը ոչ սակավ խռովություն պատճառեց խեղճ այրիին, որը, կարը մի կողմ դնելով և ակնոցները ճակատի վրա քաշելով, սկսեց ապշած կերպով նայել նրա վրա։ Բայց այցելուն երկար սպասել չտվեց։ Գլխարկը առնելուց, յուր ձեռքի գավազանի գլխին դնելուց հետո և գունավոր թաշկինակով ճաղատ ճակատից քրտինքը սրբելուց հետո, մի քանի անգամ հազաց, կոկորդը մաքրեց և ապա դարձավ դեպի այրին, ասելով.

— Գիտե՞ս ես ո՛վ եմ, կամ ինչի՞ համար եմ եկել։ Ինձ կասեն Արտեմ Պետրովիչ, դու պետք է լսած լինես իմ անունը։ Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա, կարծես ամեն ոք պարտավոր էր անպատճառ լսած լինել Արտեմ Պետրովիչի հռչակավոր անունը։

— Չեմ լսել,— պատասխանեց այրին։ [ 228 ] — Քո հանգուցյալ ամուսնի ամենամոտիկ բարեկամն էի,— շարունակեց նա։— Աստված իրան կյանք և արքայություն տա, շատ լավ մարդ էր լուսահոգին։ Կասեր. Արտեմ Պետրովիչ, դու էլ լավ մարդ ես, այդ պատճառով սիրում եմ քեզ։ Էհ, ո՞վ է մնացել այս անցավոր աշխարհում... Նա գնաց, հանգստացավ..․ իսկ ես մնացի․․․

Զգացմունքները խեղդեցին նրան, գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Ամուսնի անունը լսելով, խեղճ կինը նույնպես զգացվեցավ։

— Մի՛ լաց լինիր, հոգուդ մատաղ, Քեթևան, աստված ողորմած է,— ձայն տվեց Արտեմ Պետրովիչը, մխիթարելով նրան․— շատը գնացել է, քիչն է մնացել։ Կանցնեն սև օրերը, և շուտով քեզ համար էլ մի ճար կլինի։

Քեթևանը փոքր-ինչ հանգստացավ։

Արտեմ Պետրովիչը վեր կացավ նստած տեղից, ավելի մոտեցավ նրան։

— Քո հանգուցյալ ամուսինը ինձ շատ լավություններ է արել,— ասաց նա մի առանձին ջերմեռանդությամբ։

— Ուզում եմ, որ նրա երախտիքը հոգուս վրա պարտք չմնա, ես էլ մի լավություն անեմ։ Դրա համար եկա քեզ մոտ, Քեթևան։ (Խոսքը մեր մեջ մնա, Արտեմ Պետրովիչը երբեք ծանոթություն չէ ունեցել Քեթևանի հանգուցյալ ամուսնի հետ։)

Դժբախտ կնոջ դեմքը փոքր-ինչ պարզվեցավ։ Այդ առաջին անգամն էր, որ մի մարդ բաց էր անում նրա մոռացված նկուղի դուռը և յուր կարեկցությունն էր արտահայտում։

— Առաջ ջեր այն ասա, Քեթևան, ի՞նչպես ես, ի՞նչ ես շինում, ինչպես է քո դրությունը։

— Տեսնում ես, Արտեմ Պետրովիչ, էլ ո՞ւր ես հարցնում,— պատասխանեց այրին, ձեռքով ցույց տալով յուր նկուղը։— Ահա՛ այդ է իմ դրությունը։

— Տեսնո՜ւմ եմ... տեսնո՜ւմ․․․,— կրկնեց Արտեմ Պետրովիչը, գլուխը ցավակցաբար շարժելով։— Ո՞ւր է որդիդ, ինչ է շինում։

— Ներսեսի շկոլումը կարդում է։

— Դու ի՞նչ ես շինում։

— Ալուր ծախողների ու փոդրաթչիկների համար մեշոկներ եմ կարում։

— Հատին ի՞նչ են տալիս։

— Մի կոպեկ։ [ 229 ] — Լավ, օրական քանի՞ հատ պիտի կարես, որ հացի փող դուրս գա։

— Գիշեր ու ցերեկ կարում եմ։ Օր լինում է, որ քսան հատ, երեսուն հատ կարում եմ։ Տղաս էլ սովորել է, օգնում է ինձ։

Արտեմ Պետրովիչը կրկին գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը և լալագին ձայնով բացականչեց.

— Հա՛, գիդի հա՜... ո՞վ կմտածեր, որ Թիֆլիսի առաջին պատվավոր վաճառականի կինը ստիպված պիտի լինի մեշոկներ կարելով ապրել...

— Դրանով էլ ես շատ գոհ կլինեի, Արտեմ Պետրովիչ, եթե միշտ կար տային ինձ,— ասաց խեղճ կինը հոգվոց հանելով։— Բայց շատ անգամ գնում եմ և, գլուխս ծռած, ժամերով կանգնում եմ փոդրաթչիկի կանտորի դռանը, աղաչում եմ, պաղատում եմ ու էլի դատարկ ետ եմ դառնում։ Աղքատ կարողները այնքան շատացել են, որ գործ չեն հասցնում մեզ։

— Ճշմարիտ է, շատ ճշմարիտ է. ժամանակները վատացել են, մարդկանց սրտում այլևս խղճմտանք չէ մնացել, Քեթևան։ Դու շատ նեղություններ քաշեցիր, դու շատ տանջվեցար, Քեթևան, թող աստված ապաշխարություն համարե։ Բայց էլի ասում եմ քեզ, որ շատը գնացել է, քիչն է մնացել, կանցնեն այդ սև օրերը, և դու կրկին բախտավորություն կգտնես, Քեթևան։

— Ի՞նչով, ի՞նչպես,— անհամբերությամբ հարցրեց դժբախտ կինը։— Դե՛ ասա՛, էլ ու՞ր ես չարչարում ինձ։

— Սպասի՛ ր, մի՛ շտապիր, բոլորը կպատմեմ, Քեթևան,— հանդարտությամբ ասաց բախտավորության ավետաբերը և այս անգամ գունավոր թաշկինակը տարավ դեպի յուր քիթը։

Արտեմ Պետրովիչը սովորություն ուներ ամեն ինչ Նոյ նահապետից սկսելու։ Նա պատմեց՝ թե մի օր կանգնած էին Թամամշովի քարվանսարայի առջև և Աղա-Պարոնովի հետ «դեսից֊դենից» խոսում էին։ Փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը իրան շատ հարգում է և միշտ կրկնում է. «Արտեմ Պետրովիչ, դու լավ մարդ ես»։ Այն ժամանակ, երբ կանգնած խոսում էինք, դպրոցի աշակերտները դեռ նոր էին արձակվել, խումբերով անցնում էին։ Դարձյալ փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը մի առանձին գութ ունի դեպի դպրոցների աշակերտները, և միշտ յուր առատաձեռնությամբ օգնում է նրանց, բայց այդ շատերը չեն իմանում, գիտե միայն Արտեմ Պետրովիչը։ Աշակերտների խումբի մեջ տեսավ նա մի պատառոտված և գջլտված տղա, իսկույն գութը շարժվեցավ։ [ 230 ] Այդ միջոցին դարձավ Արտեմ Պետրովիչին ասաց, որ իմանա, թե ո՞ւմ տղան է։ Արտեմ Պետրովիչը վազ տվեց տղայի ետևից, հարցրեց, տեղեկացավ, որ Խոջաբաշյանի որդին է։ Հենց որ իմացավ Արտեմ Պետրովիչր, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտը «մե թավուր էլավ»։ Եկավ Աղա-Պարոնովին պատմեց, նա էլ հենց որ իմացավ, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտն էլ «մե թավուր էլավ»։ Գլուխը շարժեց ու ասաց. «Տեսնո՛՛ւմ ես, Արտեմ Պետրովիչ, փուչ աշխարքի բանը, հերը ի՛նչ հալի էր, հիմա տղան ի՛նչ հալի է»։ Հետո ավելացրեց, «Դրա հերը, Արտեմ Պետրովիչ, ինձ հայրություն է արել։ Ես նրա դուքնումն եմ մեծացել ու նրա ձեռքովն եմ մարդ դարձել։ Պետք է գնաս, Արտեմ Պետրովիչ, որտեղ էլ որ լինի, պետք է գտնես էս տղայի մորը ու ասես, թե ինչպես նրա մարդը ինձ մեծացրեց, հացի տեր դարձրեց, ես էլ պետք է նրա որդին մեծացնեմ ու հացի տեր դարձնեմ, որ պարտական չմնամ»։ — Հիմա հասկացա՜ր, Քեթևան, բանը ինչումն է։

— Հասկացա..,— պատասխանեց դժբախտ այրին, և նրա ձայնը դողդողաց ներքին վրդովմունքից։— Այդ ի՞նչ Աղա-Պարոնով է,— հարցրեց նա, ուղիղ Արտեմ Պետրովիչի երեսին նայելով։

— Հեր օրհնած, չե՞ս ճանաչում, այն որ Սոլոլակում մեծ տներ ունի։

— Սոլոլակում շատերը մեծ տներ ունին։

— Տո, ձեր դուքնի աշկերտը, Սերգեյ Եգորիչը։

— Փա՜ռք քեզ, աստված,— բացականչեց զարմացած կինը։— Խլնքոտ Սաքուլը հիմա Աղա-Պարոնով է դարձել, «աղան» բավական չէր, «պարոնն» էլ պոչին է կպցրել...

Անցյալը յուր բոլոր զարհուրանքով ներկայացավ խեղճ կնոջ առջև։ Հիշեց, որ իրավ, Սոլոլակում մեծ տներ ունեցող Աղա-Պարոնովը մի ժամանակ յուր ամուսնի խանութի աշկերտն է եղել։ Հիշեց, թե ի՛նչպես ամեն օր ճաշին գալիս էր նա և ուտելու «բաժին» էր տանում յուր ամուսնի խանութը։ Հիշեց, թե ի՛նչպես մի անգամ սաստիկ ծեծեց նրան խոհանոցից արծաթյա գդալ գողանալու համար։ Հիշեց թե ի՛նչպես ինքը բաղանիք գնալու ժամանակ նա գալիս էր, վեր էր առնում բաղանիքի «բողչան» և, յուր ետևից ընկած, քարշ էր գալիս մինչև բաղանիքները, մինչև ինքը լվացվում էր։ Հիշեց, թե ինչպես խոհանոցի փոքրիկ գողը, իրանց տան փշրանքներով մեծանալով և հետզհետե զարգանալով, վերջապես դարձավ յուր ամուսնի խանութի ավազակը։— Այդ բոլորը հիշեց նա և, դառնալով դեպի միջնորդը, ասաց. [ 231 ] — Շնորհակալ եմ, Արտեմ Պետրովիչ, որ Աղա-Պարոնովը ցանկանում է իմ որդուն նույն հայրությունը անել, ինչ արել է իմ հանգուցյալ ամուսինը նրան, երբ նա ինձ նման մի աղքատ մոր որդի էր։ Բայց ես արդեն սովորել եմ այդ դառն վիճակին և եթե քաղցածությունից մեռնելու ևս լինեի, դարձյալ ձեռք չէի մեկնիլ այն մարդուն, որ իմ դժբախտ ամուսնի կործանման պատճառը դարձավ...

— Այդ ի՞նչ ես ասում, Քեթևան, — ձայն տվեց Արտեմ Պետրովիչը զարմացած ձևանալով։— Այդպես մի խոսիր, Քեթևան, հոդուդ մեղք մի՝ արա, Սերգեյ Եգորիչր քո ասած մարդը չէ։

— Ավելի՛ վատն է, Արտեմ Պետրովիչ, նա յուր բարերարի ընտանիքը ձգեց այդ խոնավ, մթին նկուղի մեջ, իսկ ինքը նրա փողերով մեծ տներ շինել տվեց յուր համար։

— Սխալ ես հասկացել, Քեթևան, այդպես չէ, հոգիս վկա, այդպես չէ։

— Այդպես է, Արտեմ Պետրովիչ, ես վերջը բոլորը իմացա... բոլորը հասկացա... բայց այն ժամանակ բանը բանից անցել էր...

Տիկինը պատմեց, թե զարմանում է, որ Արտեմ Պետրովիչը չգիտե այն բոլոր ցավալի իրողությունները, որ շատերին հայտնի է։ Երբ յուր ամուսնի գործերը վատ գնացին, նա ընկավ մի տեսակ կիսացնոր տրամադրության մեջ։ Յուր գործերի դրությունը ծածկում էր նա թե՛ յուր կնոջից և թե բարեկամներից։ Խորհրդակցում էր միայն Սերգեյ Եգորիչի հետ, որը նրա գլխավոր գործակատարը և, միևնույն ժամանակ, մտերիմն էր։ Այդ խորամանկը, օգուտ քաղելով յուր «խազեինի» գրությունից և նրա կայքը մյուս պարտատերերից ազատելու խոստմունքով․ սկսեց սուտ վեքսիլներ առնել նրանից և բանը այնտեղ հասցրեց, որ ամբողջ խանութը յուր անունով դարձրեց։ Երբ ամուսինը բոլորովին խելագարվեցավ, երբ նրան հիվանդանոց տարան և այնտեղ մեռավ, այդ ժամանակ խաբեբան տիրեց նրա բոլոր կայքերին, և նրա ընտանիքը մի կտոր հացի կարոտ թողեց։

— Ախար, Քեթևան, այդ ամենը սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ,— ընդհատեց Արտեմ Պետրովիչը։

— Ճշմարիտ է, սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ,— պատասխանեց խեղճ կինը վշտացած ձայնով։

— Բայց ո՞վ պիտի պաշտպաներ անտեր մնացած ընտանիքի շահերը։ Մեր ձեռքում մի կոպեկ անգամ չէր մնացել փաստաբաններին վճարելու համար։ Ամեն ինչ նրա ձեոքումն էր, և նա յուր բանը շինեց, գործը տարավ... [ 232 ] Այդ միջոցին նկուղի դռները շառաչմամբ հետ գնացին, տխուր խոսակցությունը ընդհատվեցավ։ Ներս մտավ մի պատանի, որ ուսին շալակած ուներ մի քանի թոփ հաստ կտավներ, որոնց հետ կապել էր և յուր դպրոցական գրքերը։ Նա յուր ծանր բեռը զգուշությամբ մի կողմ դրեց, և սկսեց քրտինքը սրբել կարմրած երեսից։

— Ինշու՞ այդքան ուշացար, Նիկոլ,— հարցրեց մայրը։

— Գնացի դրանք բերելու,— ցույց տվեց որդին կտավի թոփերը, որ տոպրակներ կարելու համար էր բերել։— Գիտե՞ս որտեղից. Շադինովի քարվանսարայից։ Ինձ ասացին, գնա այնտեղից տար։ Մինչև բերեցի, հոգիս դուրս եկավ, շատ հեռու է։

Մայրը բոլորովին մոռացել էր, որ առավոտյան պատվիրեց որդուն, որ դպրոցից արձակվելուց հետո գնա կապալառուի գրասենյակը և կարելու համար նոր կտավներ խնդրե։

— Դե՛, արի նստիր, հանգստացիր, ես իսկույն ճաշը կպատրաստեմ,— ասաց մայրը, վեր կենալով և մոտենալով բուխարու մեջ եփվող փոքրիկ կաթսային։

Արտեմ Պետրովիչը նկատեց, որ յուր ներկայությունը այժմ ավելորդ է և, դեռ չհուսահատված յուր անհաջող պատգամավորաթյունից, մտածեց գործը թողնել մի ուրիշ ավելի հարմար ժամանակի։

— Մնաս բարով, Քեթևան,— ասաց նա տեղից վեր կենալով և մի քանի անգամ գլուխը շարժելով։— Ես դարձյալ կգամ քեզ մոտ, դարձյալ կխոսենք այդ մասին...

Քեթևանը ոչինչ չպատասխանեց։

Նրա հեռանալուց հետո նիկոլը հարցրեց․

— Ո՞վ էր այդ մարդը։

— Սատանան ոչ գիտե՜ նրա գլուխը․․․,— պատասխանեց մայրը բարկացած կերպով։

Այն օրից, որ Արտեմ Պետրովիչը հայտնվեցավ այրի Քեթևանի նկուղում, անցել էր ութ ամիս։ Ձյունը խոշոր պատառներով թափվում էր երկնքից և իսկույն հալվում էր։ Եղանակը տխուր էր և անախորժ։ Փողոցներում կուտակված ցեխի պատճառով մարդիկ դժվարությամբ կարողանում էին անցուդարձ անել։

Այդ միջոցին չորս մշակներ դուրս էին տանում մի դագաղ, մի անզարդ, չքավոր դագաղ։ Քահանան լուռ հետևում էր նրան, իսկ պատանի Նիկոլը լաց էր լինում։

Հարևաններից մի քանիսը բաց արին սենյակների լուսամուտները, նայեցին և դարձյալ շուտով կողպեցին, ասելով միմյանց․

— Դա այն խեղճ այրին էր, որ մեռավ ցրտից ու քաղցից... [ 233 ]

Գ

Միևնույն օրը, երբ դուրս էին տանում դժբախտ Քեթևանի դագաղը, Սոլոլակի եռահարկ տան մեջ խնջույք կար։ Բարեկամները, ազգականները հավաքվել էին ճաշի սեղանի շուրջը, կատարում էին օրիորդ Անիչկայի ծննդյան տոնախմբությունը։

Ճոխ սեղանի վրա՝ արծաթյա անոթները փայլում էին, թանկագին ֆարֆորն ու բյուրեղը ժպտում էին և իրանց գեղեցկությամբ ախորժակ էին հրավիրում։ Փայլում էին ու ժպտում էին հյուրերի դեմքերը, որ բոլորել էին փառավոր սեղանի շուրջը։ Մրգամանների մեջ, որ բարձրանում էին աստիճան առ աստիճան, դրված էին զանազան տեսակ պտուղներ, որ ձմեռը բոլորովին հազվագյուտ էին։ Ծաղկամանները ծանրաբեռնված էին ահագին փունջերով։ Սեղանի մեջտեղում բարձրանում էր, շաքարեղենից շինված, մի ամբողջ աշտարակ, որ Բաբելոնի աշտարակն էր հիշեցնում։ Սպասավորները, սև ֆրակները հագած, սպիտակ ձեռնոցներով, բերում էին ու դուրս էին տանում տանտիրոջ հարուստ խոհանոցի հարուստ պատրաստությունները։ Մի իմերել ծառա, սպիտակ մահուդի չերքեզկան հոգին, երկնագույն ատլասի արխալուղով, բարակ մեջքը սեղմած արծաթյա ոսկեզօծ քամարով, խենչալը կապած, վառոդամանի լայն, ոսկյա ժապավենը ուսովն անցկացրած, և սև մազերը սիրուն ճակատի վրա պսակաձև սանրած, երբեմն հայտնվում էր և դարձյալ դուրս էր դնում, կարծես իրան ցույց տալու համար։ «Փրիդոն» անունը մի առանձին քնքշությամբ հնչվում էր տանտիկնոջ բերանում, երբ ամեն անգամ որևէ պատվերով դիմում էր դեպի այդ ծառան։

Դա Արտեմ Պետրովիչի հասարակության ամենաընտիր արդյունքներից մեկն էր։

Տանտիկինը՝ Մարիա Սերգեևնան, և նրա ամուսինը, Սերգեյ Եգորիչը, գտնվում էին ամենաուրախ և ամենազվարճալի տրամադրության մեջ, աշխատելով նույնպես զվարճացնել թանկագին հյուրերին։ Աշխատում էին սրախոս լինել, աշխատում էին մինչև անգամ պերճախոս լինել, թեև այդ չէր հաջողվում նրանց։ Խոսակցությունը կատարվում էր երկու լեզվով. հները խոսում էին վրացերեն, իսկ նորերը՝ ռուսերեն։ Թե՛ առաջինը և թե երկրորդը ամենքն էլ վատ էին խոսում։ Մանավանդ Մարիա Սերգեևնան սաստիկ կարմրում էր, երբ ռուսերեն խոսելու ժամանակ խոշոր սխալներ էր անում, կամ մի բառ ուրիշ բառի տեղ էր գործածում։ Բայց նրա [ 234 ] ամուսինը, Սերգեյ Եգորիչը, առանց քաշվելու, անխնա կերպով կոտրատում էր այդ լեզուն, ինչպես կոտրատում էր յուր ատամների տակ անուշ «զուրգիելի» պատառները։ Հրեաները կորցնելով իրենց լեզուն, ի՛նչ լեզվով որ սկսեցին խոսել, ծիծաղելի դարձան։ Այդպես է և թիֆլիզեցի հայը։

Սերգեյ Եգորիչր միջահասակ մարդ էր՝ կարմիր երեսով, որ միշտ խնամքով սափրելու սովորություն ուներ։ Սովորություն ուներ նաև կարճ կտրել գլխի ալեխառն մազերը և մկրատել ընչացքները։ Վերջինը վատ նշան էր։ Նրա նեղ, խորամանկ աչքերը այնպիսի տպավորություն էին գործում, որ, կարծես, ասելիս լինեին՝ «չհավատաք ինձ»։ Մի կեղծ ժպիտ միշտ խաղում էր ուռած շրթունքների վրա։ Նա ոչ մի կրթություն չէր ստացել, յուր անունը հազիվ ստորագրել գիտեր, այն ևս վրացերեն։ Իսկ նրա կինը, Մարիա Սերգեևնան, կարողանում էր ռուսերեն սխալներով կարդալ։ Դա այն կարճավիզ, կարճամեջք, հաստափոր կանանցից մեկն էր, որ «տյուրնիրի» գործածությունից հետո ավելի այլանդակվեցան։ «Թավսակրավին» մնաց, իսկ մյուս հագուստները փոխվեցան Փարիզի վերջին տարազներով։ Նորը պատվաստվեցավ հնի հետ, մի պատվաստ, որ ամենևին չէր կպչում։

Հյուրերի թվում կար մի փոքրիկ, սևլիկ երիտասարդ, որ յուր վրա էր դարձրել բոլորի ուշադրությունը։ Դա մի նորավարտ բժիշկ էր, որ ամեն հիվանդություն գիտեր բժշկել, բացի շահասիրության ախտից, որով վարակված էր և ինքը։ Աղա-Պարոնովների տանը համարյա ամեն շաբաթ պատրաստ էր մի կամայական հիվանդ, որի առիթով հրավիրում էին երիտասարդին, և ամեն այցելության ժամանակ, ստանալով ծրարի մեջ դրած կարմիր տասն ռուբլիանոցը, երբեք չէր ասում, թե հիվանդը բոլորովին առողջ է, այլ միշտ կրկնում էր. «կանցնի»․․․։

Երիտասարդ բժշկին լայն ասպարեզ էր սպասում։ Ավելի յուր ճարպկություններով, քան թե գիտությամբ, նա արդեն ընդհանուր խոսակցության առարկա էր դարձել։ Յուրաքանչյուր հարուստ համարում էր նրան լավ փեսացու։ Նույն համարումը ունեին և Աղա-Պարոնովները (Թիֆլիսի հարուստ վաճառականները մի առանձին մոլություն ունին բժիշկ֊փեսացուներ որսալու)։ Այդ էր պատճառը, որ միշտ զանազան առիթներով հրավիրում էին նրան իրանց տանը, որպեսզի ընտելացնեն օրիորդ Անիչկայի հետ։ Օրիորդի հայրը արդեն քառասուն հազարը մտքում գրած ուներ, բայց երիտասարդի ուեղի մեջ հիսուն հազարն էր պտտվում։ [ 235 ] ճաշի ժամանակ օրիորդին նստացրել էին յուր հանդերձյալ փեսացուի մոտ։ Նրան կոչում էին Դաբաղյան։ (Հայրը դաբաղխանայում դաբաղի, այսինքն կաշեգործի բանվոր էր:) Բայց օրիորդը միշտ Դաբաղով էր կոչում նրան, որը սաստիկ տհաճություն էր պատճառում երիտասարդին, որովհետև նա իրան լավ հայ էր համարում։ Կարծես այդ օծված, կոկված երիտասարդից դեռ զգացվում էր ա՛յն անախորժ հոտը, որ փչում է դաբաղխանայում։ Համալսարանը, բարձր կրթությունը չէր կարողացել ոչնչացնել նրան։ Այդ հոտը զգում էր և օրիորդը, բայց թաքցնում էր յուր զըզվանքը։

Օրիորդը մի նիհար, բարձրահասակ աղջիկ էր, որ խիստ հազվագյուտ երևույթ էր Թիֆլիսի կարճահասակ կանանց մեջ։ Նրա գունաթափ դեմքի վրա վառվում էին մի զույգ կրքոտ աչքեր, որ դրված էին հազիվ նշմարելի մուգ-կապտագույն շրջանակի մեջ։ Նա գեղեցիկ չէր, բայց բավական հաճելի և համակրական դեմք ուներ։ Իսկ հայրը, իբրև վաճառական, յուր ապրանքը ավելի հաճելի ցույց տալու վարպետությունն ուներ։ Նա յուր խանութում երբեք լավ ապրանքը լավի հետ չէր ցույց տա, այլ միշտ լավը վատի հետ ցույց կտար, որ զանազանությունը նկատվի։ Այդ էր պատճառը, որ հյուրերի թվում ոչ մի գեղեցիկ օրիորդ կամ կին չկար, թեև Աղա-Պարոնովների բարեկամների մեջ կային մի քանի գեղեցիկներ, բայց չէին հրավիրված։ Հրավիրել էին միայն տգեղներին, և օրիորդ Անիչկան հրեշների մեջ փայլում էր, որպես բոլորի դիցուհին։

Բայց այդ դեպքում Սերգեյ Եդորիշը մի սխալ էր արել, որ փոխանակ աղջկան այս կամ այն կերպով ցույց տալու, ավելի շուտով նպատակի կհասներ, եթե յուր սնդուկը բաց աներ և փողերը ցույց տար պարոն Դաբաղյանին։

Հինգ տարի էր, որ օրիորդը ավարտել էր տեղային իգական գիմնազիոնում և համարվում էր լավ աշակերտուհիներից մեկը, բայց տակավին ֆրանսերենի ուսուցիչը և դաշնամուրի ուսուցիչը շարունակում էին հաճախել, թեև նա մի առանձին ձիրք չէր ցույց տալիս ոչ ֆրանսերեն լեզվի մեջ և ոչ երաժշտության մեջ։ Նա այն օր հագել էր մի նոր հագուստ, որ յուր տոնի առիթով մայրը հատկապես բերել էր տվել Փարիզից, և ավելի քան հազար ռուբլի արժեք ուներ։ Փարիզում մի հայտնի տարազագործի մոտ միշտ պահվում էր օրիորդի չափսը։ Պարոն Դաբաղյանը աշխատում էր զբաղեցնել օրիորդին, բայց խոսակցությունը չէր կպչում։ Նրանք ավելի հարց ու պատասխաններով [ 236 ] էին զբաղված, քան թե խոսակցությամբ։ Զանազան գրքերի անուններ տալով, անդադար հարցնում էր երիտասարդը.

— Դուք, Աննա Սերգեևնա, կարդացե՞լ եք այսինչ գիրքը։

— Կարդացել եմ,— ժպտալով պատասխանում էր օրիորդը։

Երբեմն խոսակցության մեջ խառնվում էր և մայրը, ասելով, որ «յուր Անիչկան» բոլոր գրքերը ունի և կարդացել է։ Այդ ուղիղ էր, որ նրա Անիչկան շատ գրքեր ուներ, իսկ արդյոք կարդու՞մ էր, դա դեռևս հարց էր։ Փառակազմ գրքերը այնպես շարված էին պահարաններում, իբրև զարդարանք, որպես շքեղ ալբոմները դրված էին սեղանների վրա։ Ծիծաղելին այն էր, որ գրքերը անգրագետ մայրն էր ընտրում յուր Անիչկայի համար, որպես ընտրում էր Տալլեի կամ Սեգալի մագազինից նրա հագուստի համար գործվածներ։ Մտնում էր այս կամ այն գրավաճառանոցը և, ի՞նչ գիրք որ աչքին դյուր էր գալիս, գնում էր։ Մի անդամ գնեց Բերնաչտամից[1] - - ֊ -, որովհետև կազմը բավական փառավոր էր։ Գրավաճառ գերմանացին նրա ետևից կուշտ փորով ծիծաղեց, երբ իմացավ, թե աղջկա համար է տանում։

Աղա-Պարոնովների ընտանիքից ներկա էր սեղանին և Անիչկայի փոքր քույրը, որին կոչում էին Էլիչկա։ Նա դեռ դպրոց չէր գնում, պարապում էր տանը, մի ֆրանսիացի դաստիարակչուհու հոգաբարձության ներքո, որ միշտ գանգատվում էր, թե յուր արհեստական ատամները խորովածը լավ չեն կարողանում ծամել, թեև շատ սիրում է։ Այժմ ևս, յուր սանիկի մոտ նստած, նույն գանգատն էր սկսել։ Ներկա էր սեղանին և Անիչկայի եղբայրը, Գրիշան, մի չար գիմնազիստ, անդադար հորանջում էր, ձանձրանում էր, թե ե՞րբ կվերջանա անտանելի ճաշը, որ տանից դուրս փախչեի գնա բուլվարները չափելու։

Պատանու ձանձրույթը փարատվեցավ, երբ դատարկեցին շամպանիայի վերջին բաժակը օրվա հերոսուհու կենացը և, բոլոր հյուրերը մոտենալով, սեղմեցին նրա ծնողաց ձեռքը և ապա զանազան բարեմաղթություններով դիմեցին օրիորդին։

Հյուրերը սեղանատնից դուրս եկան ընդարձակ դահլիճը, որը զարդարված էր ամեն տեսակ շքեղություններով։

Տիկին Աղա-Պարոնովը համարվում էր ծաղկասեր, այդ պատճառով դահլիճի լուսամուտները զարդարած էին գույնզգույն կամելիաներով և ամենահազվագյուտ միջօրեական բույսերով։ Մի անկյունում [ 237 ] դրած էր մի փառավոր լատանիա, որ յուր գեղեցիկ հովհարի ձևով լայն բացված տերևները տարածել էր դեպի ամեն կողմ։ Հակառակ անկյունում դրած էր մի շքեղ ցիկասյան արմավենի, որ յուր սիրուն փետրանման տերևներով ներկայացնում էր մի հսկայական, կանաչազարդ փունջ։ Տիկինը այդ բույսերը տեսել էր պալատում և իսկույն բերել տվեց արտասահմանից, որը արժեց նրան մի քանի հազար ռուբլի։

Կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված, գեղաքանդակ կարասին աչք էր շլացնում։ Ահագին հայելիները, հիանալի շրջանակների մեջ գրած, բարձրացել էին մինչև առաստաղը։ Զանազան մեծամեծ ջահեր, զանազան տեսակ ղամբարներ, զանազան արծաթյա աշտանակներ այնպես խուռն կերպով լցրել էին ընդարձակ դահլիճը, որ, ո՛ր կողմ և նայում էիր, մինոր և ավելի սիրուն զարդ էիր տեսնում։ Բայց այդ բոլորը այնքան շինծու էր, այնքան արհեստական էր, որ գեղեցիկ դահլիճը, յուր ամբողջ պարագայքով, ոչ թե մի վայելուչ բնակարանի, այլ մի հարուստ մագազինի տպավորություն էր գործում։ Ամեն զարդարանք կար, բայց ճաշակ չկար, կարգ չկար։

Երբ փող և ցանկություն կար, հեշտ էր ամեն ինչ բերել տալ Եվրոպայից, հեշտ էր ձեռք ածել հայտնի նկարիչների ամենաընտիր գործերը և նրանցով զարգացել սենյակների պատերը։ Բայց այն, որ պատրաստի չէր վաճառվում բազարում, այն, որ դժվար էր ձեռք բերել փողով,— նրանից զուրկ էին Աղա-Պարոնովները։ Բոլորովին աղքատ և գռեհիկ գրությունից, զանազան խարդախ ճանապարհներով, հանկարծ հարստության տեր դառնալով, նրանք չգիտեին, թե ի՛նչպես պետք էր ավելի պատշաճավոր կերպով վայելել հարստությունը։ Նրանք հին կյանքը մոռացան, նորն էլ չսովորեցին։ Սովորեցին միայն զանազան կապկորեն նմանողություններ, որ կեղծ, փչացած կրթության արդյունք էին։

Եռանկյունի մեծ դաշնամուրը, այդ ծառաների պատիժն ու պատուհասը, ստիպված էր շաբաթը մի քանի անգամ գաղթականության ենթարկվիր։ Անդադար տեղափոխվում էր դահլիճի մի կողմից դեպի մյուսը, և ամեն անգամ տիկինը նրան յուր տեղում անհարմար էր գտնում, որովհետև նա չգիտեր, թե որ առարկան ո՛ր տեղում պետք էր դնել։

Հյուրերը, սեղանատնից դուրս գալուց հետո, տարածվեցան՝ ոմանք բազկաթոռների վրա, ոմանք դիվանների վրա, սկսեցին ծխել։ Արկղիկների մեջ պատրաստ էր նրանց համար հավանյան։ [ 238 ] սիգարների ամենաընտիր տեսակները։ Ոմանք, խմբիկներ կազմելով, սկսեցին թուղթ խաղալ։ Սերգեյ Եգորիչը, յուր հին սովորությամբ, սկսեց նարդի խաղալ յուր բարեկամներից մեկի հետ։ Մի քանիսը շրջապատեցին նրանց և, զանազան նկատողություններ անելով, նայում էին խաղին։ Ոմանք, այս և այն անկյունում նստած, խոսում էին կապալների կամ այլևայլ առևտրական ձեռնարկությունների մասին։

Դահլիճի մեջ այժմ ուրիշ ձայն չէր լսվում, բացի խաղացող հասարակության հաշիվների շշունջից և սպասավորների զգույշ ոտնաձայնից, որոնք, արծաթյա մատուցարանները ձեռքում, ելումուտ էին անում, բերելով հյուրերի համար սուրճ, շոկոլադ, պաղպաղակ, և ով ինչ ցանկանում էր։

Օրիորդ Անիչկան մնացել էր ոտքի վրա, չգիտեր ինչ անել։ Մայրը խաղում էր։ Նա մոտեցավ այն սեղանին, որի վրա դրված էին գեղեցիկ ընծաները, որ այն օր հյուրերը բերել էին յուր համար։ Մի առանձին բերկրությամբ նայեց նրանց վրա և անցավ դահլիճի մյուս կողմը, սկսեց խաղալ կանաչագույն թութակի հետ, որ դրած էր։ Մի բարձր, կոնաձև վանդակի մեջ։ Այդ միջոցին մոտեցավ պարոն Դաբաղյանը։

—Ա՜խ, ի՛նչ գեղեցիկ թռչուն է, —բացականչեց նա զարմացական ձայնով։ —Խոսալ իմանո՞ւմ է։

—Մի բառ միայն, —պատասխանեց օրիորդը։

—Ապա խոսացրու։

Օրիորդը դարձավ դեպի խելացի թռչունը, ասելով.

—Ну—ка, попка, скажи дур—рак!

Թութակը, ուղիղ պարոն Դաբաղյանի երեսին նայելով, կրկնեց.

—«Дур—рак»!

—Ձեր թութակը խիստ անքաղաքավարի է, օրիորդ, —ասաց երիտասարդը, թաքցնելով յուր վիրավորանքը։ —Բավական անախորժ բառ եք սովորացրել։

—Մենք չենք սովորացրել, նա ինքն է սովորել, —պատասխանեց օրիորդը ծիծաղելով։

—Երևի, այդ բառը ձեր տանը շատ է գործածվում:

—Ինչո՞ւ... պատահում է Պարոն Դաբաղյանը խիստ անել դրության մեջ ընկավ. չգիտեր հեռանալ թե մնալ օրիորդի մոտ։ Նրան ազատեց հյուրերից մեկի ձայնը, որ կոչեց. [ 239 ] —Պարոն բժշկապետ, այստեղ համեցեք։

Պարոն Դաբաղյանը բժշկապետ չէր, հասարակ բժիշկ էր, այնուամենայնիվ, լսելով հաճոյական ձայնը, շտապեց դեպի նա:

—Օրհնած, —ասաց Յակուլ Յակուլիչը, յուր մոտ նստացնելով երիտասարդին, —մի քիչ էլ պառավներին մարդու տեղ դրեցեք, ջահիլները կան ու կան, միշտ ձեզ համար են։

—Իզուր եք այսպես մտածում, Յակուլ Յակուլիչ, —պատասխանեց երիտասարդը, աշխատելով ուրախ ձևանալ։ —Ես, ընդհակառակն, փորձված և աշխարհ տեսած պառավների ամենաջերմ գնահատողներից մեկն եմ։ Ինձ համար թանկագին է նրանց յուրաքանչյուր խոսքը։

—Եթե այդպես է, շատ ապրես, որդի։ Ծերի ցույց տված ճանապարհը ուղիղ դեպի մարդու սրտի ուզածը կտանե, ոչ մի անգամ չի մոլորեցնի։

Յակուլ Յակուլիչը Աղա—Պարոնովների տան ամենամոտ բարեկամներից մեկն էր։ Նա մի սնանկացած վաճառական էր, որ այժմ ապրում էր յուր հին «նիսիաների» կորած փշրանքներով։ Անիչկանը դեռ կանգնած, խաղում էր թութակի հետ։

Նա, պարոն Դաբաղյանի ուշադրությունը դարձնելով օրիորդի վրա, ասաց.

—Տեսնո՞ւմ ես, ի՜նչ շնորհալի աղջիկ է, աստված է վկա սաղ քաղաքումը հատն ու կտորը չկա։ Ուսումով ամենից բարձր է, խելքով ամենից բարձր է, սիրունությունով խո յուր նմանը չունի, կասես, հրեշտակ լինի։ Մի գիտենաս, ի՛նչպես «խազյայկա» է. հիմա որ գնա «կուխնին» , էն բանը կշինե, որ պալատի «պովարն» էլ չի կարող շինել։ Մայրը միշտ ջիգրվում է, ասում է, որդի, կուխնին մի՛ գնա։ Նա ասում է. չէ՛, պիտի գնամ, որ տեսնեմ ի՛նչպես են պատրաստում ամեն բան. ո՞վ է իմանում, աշխարքս փոփոխական է, կարելի է միշտ պովար չունենանք, որ մեզ համար կերակուր պատրաստե։ Լսո՞ւմ ես, որքան խելացի է, նա սև օրվա բանն էլ է մտածում։

Պարոն Դաբաղյանը լսում էր և, միևնույն ժամանակ, մի առանձին տխրությամբ նայում էր Յակուլ Յակուլիչի գովասանած «շնորհալի» օրիորդի վրա, որը մի րոպե առաջ այնպես դառն կերպով վիրավորեց իրան։ Այդ վիրավորանքը նա բոլորովին կատակի տեղ կնդուներ, եթե վերջին ժամանակներում չնկատեր նրա մեջ ոչ միայն խորին սառնասրտություն, այլ խիստ զգալի արհամարհանք դեպի ինքը։ Նա արդեն սկսել էր փոքր առ փոքր հավատալ այն [ 240 ] տարածված լուրին, որ պտտում էր քաղաքում, իբր թե օրիորդը սիրահարված է մի շրջմոլիկ վրացի ափիցերի վրա, որը մի ժամանակ ծառայած է եղել գվարդիայում, իսկ անկարգության պատճառով հրաժարացրել էին։ Այսուամենայնիվ, նա դարձավ դեպի ծերունի խորհրդատուն, ասելով.

-Բոլորը ճշմարիտ է, Յակուլ Յակուլիչ, օրիորդ Անիչկան նրանից էլ շատ ու շատ ավել է, ինչ որ դու պատմում ես։ Բայց ո՞վ է մեղավոր...

-Մեղավորը հերն է, որդի։ Նա եթե ականջ դրած լիներ, հիմա բանը վաղուց վերջացած կլիներ։ Բայց դու էլ, որդի, պետք է քո «թամահը» մի քիչ պակասացնես։ Համ լավ աղջիկ, համ շատ փող, երկուսը միասին չի լինի։ Պետք է էնպես անել, «նա շիշ յանսն, նա քյաբաբ» (ոչ խորովածն այրվի և ոչ շամփուրը)։ Թուրքն անիծած է, բայց խոսքն օրհնած է։ Եթե ինձ ականջ դնելու լինես, ես շուտով կվերջացնեմ, հենց էս շաբթումը կվերջացնեմ։

Մինչ այս անկյունում այս տեսակ խոսակցության մեջ էին, օրիորդ Անիչկան արդեն սկսել էր ձանձրանալ։ Նրան ձանձրացրեց յուր սիրելի թութակը, նրան ձանձրացրին և յուր առիթով հավաքված հյուրերը, թողեց դահլիճը, դուրս եկավ պատշգամբի վրա, մի փոքր զովանալու, մի փոքր ազատ շունչ առնելու։ Գլուխը սաստիկ բորբոքման մեջ էր, մանուկ սիրտը անհանգիստ կերպով բաբախում էր։ Չգիտեր, թե ինչ է կատարվում յուր հետ։ Մոտեցավ և, առանց ուշադրություն դարձնելու, Փարիզից նոր բերել տված թանկագին հագուստով` հենվեցավ պատշգամբի բաց վանդակապատի վրա։ Մի առանձին ինքնամոռացությամբ նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, որ բռնել էր բակի մեծ մասը։ Ձյունը արդեն դադարել էր գալուց, սփռելով պարտեզի նախշուն ածուների վրա յուր թանձր սավանը։ Մշտականաչ թուփերը` սպիտակ թախտի վրա` խիստ հիանալի տեսք էին ստացել։ Վարդենիների թերբաց կոկոնները` մի առանձին տհաճությամբ` ծռվել էին տերևների վրա նստած ձյունի ծանրության ներքո։ Ժրաջան այգեպանը, երկար ավելը ձեռին զգուշությամբ սրբում էր աղյուսի մանրուքով ծածկված ճեմելիքները, որ խոնավությունից ավելի կարմիր գույն էին ստացել։ Այդ բոլորը այնքան գրավիչ էր, այնքան սրտապարար էր, որ օրիորդը մինչև անգամ չմտածեց կրկնակոշիկները հագնել և այնպես յուր նուրբ, թեթև... վազ տվեց, սանդուղքներից ցած իջավ պարտեզը։ Նա մի քանի պտույտ տվեց այն ճեմելիքներով, որ արդեն սրբված էին, հետո ձեռքը տարավ դեպի մի խոշոր կոկոն, կտրեց և սկսեց [ 241 ] մատներով բաց անել, առանց զգալու, որ կտրելու միջոցին մատը սաստիկ ծակվեցավ, և արյան վարդագույն կաթիլը ցայտեց վարդի դժգույն թերթիկների վրա։ Այգեպանը հեռվից նայում Էր նրա վրա և բարեսրտաբար ժպտում էր։ Նա մի քանի անգամ զգուշացրեց, թե ճեմելիքները դեռ թաց են ու խոնավ։ Բայց օրիորդը չլսեց։ Նա տխուր էր և հուզված։ Նրա սրտում ինչ—որ ալեկոծվում էր։ Այստեղ ևս չկարողացավ ցրվել յուր ամբոխմունքը։ Կտրած վարդը խրեց բաբախող կուրծքի վրա և սկսեց դանդաղ ու մոլորված քայլերով դուրս գալ պարտեզից։

Կրկին բարձրանալով պատշգամբի վրա, նա անցավ խոհանոցի մոտով, որի լուսամուտները ներսի սաստիկ ջերմության պատճառով` բաց էին արել։ Ծառաները, սպասավորները, վերջացնելով իրանց գործը, անկարգ կերպով հրհռում էին, ծիծաղում էին, իրանք ևս նստել էին ճաշելու։ Աղմուկը գրավեց օրիորդի ուշադրությունը, գլուխը ներս տարավ լուսամուտից, սկսեց նայել։ Ծառաների զվարճության առարկան մանկահասակ Փրիդոնն էր (Արտեմ Պետրովիչի հայթայթած սպասավորը), որ այդ միջոցին հանաքներ էր անում մի կարմրաթուշ ռուս աղախնի հետ, փորձում էին իրանց ուժերը և, երկուսն էլ ընկնելով խոհարարի մահճակալի վրա, խեղդում էին միմյանց։ Օրիորդը երկար, մի առանձին հաճությամբ նայում էր վայրենի սիրո կատաղության վրա, մինչև լսելի եղավ մոր ձայնը.

—Անիչկա, ո՞րտեղ ես դու, Անիչկա։

Օրիորդը թողեց զվարճալի լուսամուտը, մոտեցավ մորը:

—Ո՞րտեղ էիր, —մայրը։

—Ման էի գալիս պատշգամբի վրա, —կարմրելով պատասխանեց օրիորդը։ —Գլուխս չգիտեմ ինչու ցավում է..

Մոր աչքերը ընկան նրա կոշիկների և հագուստի վրա։

—Այդ ի՞նչ է, բոլորը աղտոտել ես, բոլորը ցեխոտել ես։

—Ասում եմ, գլուխս ցավում է... պտտվում է... ո՞վ է իմանում, որտեղ եմ քսվել...

—Դա շատ անվայել է, Անիչկա, —ասաց մայրը փոքր—ինչ զայրացած ձայնով։ —Դու պետք է չհեռանաս հյուրերից։ Այնտեղ խնդրում են, որ մի բան ածես դաշնամուրի վրա, իսկ դու չկաս։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

—Այժմ այդ հագուստով ի՞նչպես կհայտնվես դու հյուրերի մոտ։

—Մի՛ բարկանար, սիրելի մայրիկ, —ասաց օրիորդը գրկելով մոր պարանոցը։ —Ես իսկույն կփոխեմ հագուստս։ [ 242 ] Օրիորդը վազեց յուր սենյակը, բայց հագուստը չփոխեց։ Այնպես ընկավ թավիշյա դիվանի վրա և, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ...

Դ

Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած էր մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում էր քարվանասար։ Նրա չորս կողմի գլխավոր մուտքերի աջ և ահյակ կողմերում հսկում էին մի-մի զույգ արույրյա սև արձաններ, որ ներկայացնում էին թևավոր առյուծներ արծվի գլխով։ Թե ի՞նչ իմաստ ունեին այդ առասպելյալ գազանները, կամ ի՞նչ խորհրդով շենքի տերը դրել էր նրանց յուր քարվանսարայի մուտքերի մոտ, դժվար է բացատրել։ Միայն առյուծը յուր ահարկու ճիրաններով և արծիվր յուր բաց արած անհագ բերանով այնպիսի սպառնական տպավորություն էին գործում, կարծես, զգուշացնելիս լինեին հաճախորդներին, ասելով. «ապա մի ներս մտեք, կտեսնեք, թե ի՞նչպես մեր եղբայր-գիշակերները այնտեղ կկեղեքեն ձեզ»...

Դա առաջին շենքն էր ամբողջ Թիֆլիսում, որ պահպանելով հին, ասիական անունը` «քարվանսարա», իբրև թե եվրոպական առևտրական տան ձև ստացավ և յուր մեջ հավաքեց այն վաճառականներին, որոնք նույնպես, պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրանց արխալուղն և գաբան եվրոպական սերթուկի փոխեցին։

Այդ քարվանսարայի սրտումն էր կառուցված Մելպոմնեի սրբազան տաճարը -Թիֆլիսի առաջին թատրոնը: Հայն ու վրացին, կովկասյան կոպիտ լեռնցին` առաջին անգամ այստեղ լսեցին իտալական օպերաներ, չհասկացան, բայց երկար խնդացին... Այստեղ թիֆլիսեցին տարիներով զվարճանում էր անհամեստ բալետներով, որը միմիայն հասկանալի էր նրան...

Մի տարօրինակ համակցություն` քարվանսարայի մեջ թատրոն։ Քարվանսարայի գրկում սեղմված էր գեղարվեստի և հանճարի թագուհին, իսկ նրա շուրջը թագավորում էր վաճառականության խաբեբա աստվածը -Հերմեսը։ Մրցությունը զգալի էր։ Վերջինը հաղթեց, և մի գիշեր կրակը լափեց ամբողջ թատրոնը։ Նրա տեղը բռնեցին դարձյալ խանութներ։

Սույն քարվանսարայումն էր գտնվում և Աղա-Պարոնովի մեծափարթամ խանութը։ [ 243 ] Յուր խանութի վերաբերությամբ մնացել էր նա նույն հին մարդը, նույն գծուծ «բազազը», յուր վաղեմի ավանդություններով:

Օրը շաբաթ էր։ Օրիորդ Անիչկայի փառավոր տոնախմբության երկրորդ օրը։ Չնայելով, որ Աղա-Պարոնովի ամբողջ ընտանիքը` երեկվա շռայլ խրախճություններից հետո` բոլորովին հոգնած, թմրած և դեռ քնած էին, բայց Սերգեյ Եգորիչը, յուր մշտական սովորության համեմատ, առավոտյան շատ վաղ վեր կացավ և, չկամենալով ծառաներին անգամ անհանգստացնել, ինքը լվացվեցավ, հագնվեցավ և, առանց թեյ խմելու, տանից դուրս եկավ։

Նոր ծագած պայծառ արեգակը խոստանում էր ջերմ օր։ Փողոցները բոլորովին սառած էին, միայն սալահատակների վրա կարելի էր առանց սայթաքելու քայլել: Դուրս գալով տնից, Սերգեյ Եգորիչը, յուր քրքրված մուշտակի մեջ կոլոլված և կանաչագույն (մի ժամանակ սև գույն ուներ) ջարդված ցիլինդրը ականջների վրա քաշած, սկսեց դիմել դեպի Գալավինսկի պրոսպեկտը։ Նա ուղղակի յուր խանութը չգնաց, որովհետև քարվանսարան այդ ժամանակ բացված չէր լինի։ Այլ յուր ամենօրյա սովորության համեմատ, մտածեց` փոքր-ինչ շրջագայել, մինչև քարվանսարան բաց կանեին։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, խուզարկուի աչքերով գիտում էր, թե ո՞վ արդյոք խանութը բաց էր արել, և ո՞վ դեռ տանը քնած էր։ Առաջիններին գովում էր, վերջիններին յուր սրտում հայհոյում էր։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, բոլորից ողջույններ էր ստանում, և բոլորին ամենայն խոնարհությամբ ողջունում էր: Այդ մասին Սերգեյ Եգորիչը բավականին համեստ էր։

Այսպես անցավ նա ամբողջ Գալավինսկի պրոսպեկտը և կրկին վերադարձավ։ Քամոյենց եկեղեցու մոտ հասնելու միջոցին` ներս մտավ, եկեղեցու դուռը համբուրեց, երեսը մի քանի անգամ խաչակնքեց և լռությամբ մի ինչ-որ աղոթք կարդաց։ Ցրտի պատճառով եկեղեցում ոչ ոք չկար։ Լսելի էր լինում միայն քահանայի և յուր միակ տիրացուի ձայնը։ Իսկ կարճահասակ մղդսին` կծկվել էր մի անկյունում և բուրվառի համար պատրաստած ածուխների վրա տաքացնում էր սառած մատները։ Սերգեյ Եգորիչը այսօր եկեղեցում մնաց մի քանի րոպե միայն և իսկույն դուրս եկավ։ Բայց կիրակի և տոն օրերում, առանց պատարագ տեսնելու, նա հաց չէր ուտի։

Մտնելով քարվանսարան, նա յուր աշակերտների և գործակատարների ստվար խումբը յուր խանութի դռանը պատրաստ գտավ։ Մոտեցավ, ուշադրությամբ նայեց մոմով կնքած ահագին կողպեքին, [ 244 ] յուր ձեռքով լուծեց կնիքը և, ապա գրպանից հանելով բանալին, տվեց գլխավոր գործակատարին, որ դուռը բաց անե: Երբ յուր տաճարի դռները բացվեցան նրա առջև, նա դարձյալ երեսը մի քանի անգամ խաչակնքեց, մի ինչ-որ աղոթք կարդաց և ներս մտավ։

Այդ միջոցին սկսվեցավ գործակատարների և աշկերտների ժրաջան գործունեությունը։ Մեկը հատակը սրսկում էր ջրով, մի ուրիշը ավելում էր, մյուսները տեղափոխում էին վաճառքները։ Իսկ Սերգեյ Եգորիչը, մեջտեղում կանգնած փոշու ամպերի մեջ, յուր ջերմեռանդ աղոթքից հետո, նույն ջերմեռանդությամբ հայհոյում էր, երբ որևէ անուշադրություն էր նկատում։

Վաճառքների խորհրդավոր տեղափոխությունը կատարվում էր համարյա ամեն առավոտ։ Այդ մասին Սերգեյ Եգորիչը նույն նախապաշարմունքն ուներ, ինչ նախապաշարմունք որ ուներ յուր խանութի շեմքի վրա մեխած պայտի մասին։ Վերջինը սրել էր նա, որ հաճախորդներ շատ լինի։ Իսկ վաճառքները տեղափոխում էր, որ շուտ ծախվեն։ Նրա կարծիքով, եթե անշարժության մեջ մնային, երբեք չէին ծախվի։ Նրա սնահավատությունը` մի այլ կողմից` յուր նպատակահարմար նշանակությունն ուներ. վաճառքները, անդադար տեղափոխվելով, գոնե կազատվեին ցեցից, փոշուց և փտությունից։

Երբ ամեն ինչ կարգի դրվեցավ, Սերգեյ Եգորիչը գնաց նստեց դազգահի (ստոյկա) ետևում, իրանից անբաժան երկաթյա դրամարկղի մոտ, որպես մի քուրմ յուր ամբիոնի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը վազեց մերձակա դուքանը, որտեղ սովորաբար հավաքվում էին կառապաններն ու թուլուղչիները, և այնտեղից երկու թեյամաններ միմյանց վրա դրած, և մեկը թեյով լցրած, իսկ մյուսը` տաք ջրով, բերեց և մի կտոր շաքարի հետ դրեց դազգահի վրա, յուր պարոնի մոտ։ Նրա հայտնի բաժակը տարիներ ի վեր խանութում միշտ պահվում էր։ Յուր ձեռքով ածեց թեյը, որը պարզ ջրից զանազանվում էր միայն իր բաց-դեղին գույնով և, շաքարի փոքրիկ պատառը ատամներին քսելով, սկսեց մի առանձին ախորժակով խմել։ Տանը աոավոտյան թեյ խմելու սովորություն չուներ նա, որովհետև այնքան վաղ էր վեր կենում, որ ոչ մի ծառա հանձն չէր առնի զրկել իրան քնից և նրա համար թեյ պատրաստել. բացի դրանից, խանութի թեյը, ըստ վաղեմի սովորության, նրան ավելի ախորժելի էր։

Նրա թեյ խմելու միջոցին, թե՛ գործակատարները և թե աշկերտները, [ 245 ] յուրաքանչյուրը յուր հատուկ տեղը բռնած ուներ։ Աշկերտները, որսորդական փոքրիկ շների նման, խանութի դռանը կանգնած, հանգստություն չէին տալիս անցորդներին։ «Այստեղ համեցե՜ք, պարոն, այստեղ համեցե՜ք, տիկին», աղաղակում էին և, ոմանց թևքիցը բռնելով, զոռով ներս էին տանում ու նետում էին գործակատարների ճանկը։ Վերջինները, երդվելով և վաճառքների գերազանցությունը իրանց հատուկ լեզվով գովաբանելով, առաջ էին տանում իրանց գործը։

Օրը շաբաթ լինելով, «ղըստի» օր էր։ Երկու դասակարգ սովորություն ունեին շաբաթ օրը իրանց ապառիկները հավաքելու վաճառականները և մուրացկանները։ Վերջինները խմբերով անցնում էին խանութների առջևից, և խղճալի ձայներով ողորմություն էին խնդրում։ Սերգեյ Եգորիչը գթասիրտ մարդ էր։ Նա ըստ յուր հին սովորության, մի ռուբլի (և ոչ ավելի) կանխապես մանրել էր ավել և հարյուր հատ կոպեկանոցներ դարձնելով, դիզել էր յուր մոտ, դազգահի վրա։ Եվ ամեն անգամ, մի աղքատ անցնելիս, նա իր ձեռքով վեր էր առնում մի հատ կոպեկ, տալիս էր աշկերտին, որ հասցնե ըստ պատկանելույն։ Այսպես, յուրաքանչյուր շաբաթ, հարյուր կոպեկներով թեթևացնում էր նա հարյուր թշվառների կարիքները։

Բայց պետք էր մտածել և յուր կարիքների մասին. «ղըստի» օր էր. ապառիկներ հավաքելու օր էր։

Նա նստած էր դրամարկղի մոտ և, յուր ամբողջ հոգով խորասուզվելով դավթարների մեջ, ուշադրությամբ նայում էր, թե ո՛վ ո՛րքան էր պարտական, և ումից ո՛րքան պետք էր ստանալ։ (Նա հաշվապահի չէր հավատում, բոլոր հաշիվները ինքն էր պահում)։ Նրա քրքրված, յուղոտված ջհուդի դավթարների մեջ, բացի Սերգեյ Եգորիչից, եթե ինքը` ամենագետ սատանան, ևս ընկնելու լիներ, անպատճառ գլուխը կկոտրեր։ Ոչինչ կարգ, ոչինչ կանոն չկար, բացի հաշիվների խառնափնթորությունից։ (Խոսքը մեր մեջ մնա, նոր ձևով հաշվապահությունը բոլորովին անտանելի էր նրա համար։ «Եթե հարկավոր լինի մի բան փոխեք, մի բան դրստել, կամ մի թուղթ դուրս գջլել, այն ժամանակ ի՞նչ կանես», -մտածում էր նա։ Նրա դավթարները մինչև անգամ երեսների թվահամարներ չունեին)։ Գրում էր նա վրաց խոշոր տառերով և վրաց լեզվով։ Բայց երբեք վրաց լեզվով փող չէր համբարում, մտածելով, որ «բարաքաթ» չի ունենա, որովհետև վրացիք վատնող էին։ Համբարում էր միայն հայերեն և միշտ 13 թվին հասնելու ժամանակ երեսին խաչականքում [ 246 ] էր, որ չարը խափանվի։ Գրելու ժամանակ զմելինն ավելի շատ գործ էր կատարում, քան թե փետուրյա գրիչը, որի գործածության սովորությունը դեռ պահպանել էր նա։ Այդ էր պատճառը, որ նրա դավթարներում թերթ չկար, որ անդադար քերելուց մի քանի տեղ ծակված չլիներ։

Սերգեյ Եգորիչը ա՛յն խոշոր դրամատերերից մեկն էր, որ կարող էր, եթե ցանկանար, դուրս գալ յուր ողորմելի խանութից, և ավելի կանոնավոր ու ընդարձակ առևտրական ձեռնարկությունների մեջ մտնել։ Բայց դրա համար պակասում էին նրան նույն ձեռնարկությունների պահանջած ընդարձակ հմտությունները։ Բացի դրանից, նա կաշկանդված էր այն հին նախապաշարմունքով, թե ինչ գնով որ հացի տեր ես դարձել, նույնը պետք է շարունակես»։ Նրան դժվար էր բաժանվել յուր արշինից ինչպես դժվար էր բաժանվել փետուրյա գրչից թեև ամբողջ լուսավոր աշխարհը երկաթյա գրչով էր գրում։

Արտասահմանի հետ գործ չուներ նա և մանավանդ սաստիկ բարկանում էր, որ նրանք ռուսաց ռուբլին անխնա կերպով մկրատում են։ Յուր վաճառքները ստանում էր Մոսկվայից և Ռուսաստանի այլևայլ քաղաքներից, թեև միշտ հավատացնում էր, որ «զագրանիցի» ապրանք է։ Վաճառում էր ըստ մեծի մասին բրդեղեն և մետաքսյա գործվածքներ։ Բանկային հիմնարկություններին չէր համակրում։ «Դրանք դուրս գալուց հետո, ասում էր նա, հայ-քրիստոնյայի գործը խարաբ էլավ, քանի որ դրանք չկային, մենք փողը ավելի մեծ տոկոսներով շահով էինք տալիս»։ Բայց Սերգեյ Եգորիչի տրտունջը բոլորովին անտեղի էր, գոնե իր վերաբերությամբ, որովհետև նա երդվել էր թե «ձեռքս կկտրեմ, բայց թումանը ամիսը երկու աբասուց պակաս չեմ տա» (40 տոկոսով)։ Երբեմն միայն փոքր-ինչ զիջումներ էր անում, երբ անշարժ կալվածքներ գրավ դնելով, նրանից փող էին առնում։

Առավոտից մինչև երեկո անբաժան էր խանութից։ Մի շատ կարևոր գործ միայն կարող էր նրան դուրս կոչել իր դրամարկղի մոտից։ Ամեն ինչ յուր ձեռքով էր կատարվում, ամեն ինչ յուր հսկողության ներքո էր, թեև ոչ մի խանութում այնքան գողություններ չէին լինում, որքան նրա խանութում։

Ճաշին տուն չէր գնում, այլ աշկերտներից մեկը տնից «բաժին» էր բերում: Նրանից ավելացածը ուտում էին աշկերտները, թեև ոչինչ չէր ավելանում։ Տնից բերված ճաշը պետք է անպատճառ պարզ լիներ և սակավ։ Հաց ու պանիր, երբեմն փոքր-ինչ ձկնեղեն, [ 247 ] մի տեսակ ջրալի կերակուր, փոքր ինչ կանաչեղեն, -այդքանը միայն: Գինու գործածության մեջ ավելի շռայլ էր. պետք է անպատճառ կես շիշ լիներ, այն ևս կարմիր։ Խանութում «կատլետ», «ժարկո» և ուրիշ այս տեսակ եվրոպական կերակուրների գործածությունը անվայել էր համարում, որպես անվայել էր համարում «չանգալ-դանակով» ուտելը։ Այստեղ ուտում էր մատներով, իսկ տանը արծաթյա «չանգալ-դանակով»։

Իսկապես, Սերգեյ Եգորիչը սակավապետ մարդ էր։ Նա յուր տանը սեղանի վրա` «կատլետը» և զանազան կերպով պատրաստված նուրբ «սուպերը» ուտում էր ոչ իբրև բնական պետք, այլ որպես սովորության ստիպողական պահանջ։ Բարձր շրջաններին նմանվելու համար` պետք էր այնպես ուտել, նա էլ այնպես էր ուտում, ինչպես բարձր շրջաններին նմանվելու համար պետք էր «ցիլինդր» կրել կամ օսլայած շապիկ հագնել, նա էլ հագնում էր։ Թե՛ առաջինը, թե երկրորդը կատարում էր բոլորովին դժկամությամբ։ Բայց մի մեղքից միշտ իրան ազատ պահեց, այն էր, որ երբեք ձեռնոցներ չկրեց և ֆրակ չհագավ։ Հովանի գործ էր ածում միայն անձրևային օրերում, ձյունից և արեգակից չէր վախենում։

Իբրև գնահատիչ Սերգեյ Եգորիչի հատկությունների, ավելորդ չէր լինի հիշել մի դեպք, Թիֆլիսի ամառանոցներից մեկում կառուցանում էին նրա համար մի նոր շենք։ (Նա զանազան ամառանոցներում տներ ուներ, որ վարձով էր տալիս։) Գնացել էր նոր շենքը տեսնելու։ Գործավորները մի ոչխար էին մորթել և «խաշլամա» էին արել։ Նա նստեց բանվորների հետ կերավ յուր վաղուց չտեսած կերակուրը, իսկ ճաշը վերջանալուց հետո ասաց բանվորներին. -«քանի՜ տարի էր, որ այսպես իշտահով հաց չէի կերել»։

Յուր խանութում ճաշելուց հետո` սովորություն ուներ փոքր-ինչ հանգստանալու։ Ետևում, մի բոլորովին մթին խորշում կար դատարկ տեղ, ուր ածած էին խանութի ավելները, նավթի ամանը, ձեռքի լամպաները, սեղանի պարագայք և զանազան կոտրատված իրեղեններ, որ դժվար էր հասկանալ, թե ի՞նչ բանի պետք էին։ Այդ փոշու և սարդի ոստայնի տակ ծածկված խառնափնթորության մեջ դրված էր մի հասարակ սեղան անգույն փայտից, իսկ նրա մոտ՝ մի տախտակ, որ երկար նստարանի ձև ուներ։ Սերգեյ Եգորիչի տանից ստացված ճաշը դրած էր` առանց սփռոցի, մերկ սեղանի վրա։ Բոլորովին հոգնած յուր շաբաթ օրվա պարապմունքներից, և մանավանդ շատ խոսելուց և շատ երդվելուց, ներս մտավ նա, բազմեցավ սեղանի մոտ, նստարանի վրա։ Չնայելով որ ցերեկ էր, բայց այդ խորշում սաստիկ մութն էր։ Աշկերտներից մեկը վառեց լամպը, [ 248 ] դրեց նրա մոտ և ինքը հեռացավ։ Նա սկսեց ուտել։ Ուտում էր և, միևնույն ժամանակ, գրպանի թաշկինակով երբեմն բերանն էր սրբում, երբեմն քիթը և երբեմն աչքերը։ Սխալմամբ ձկան հետ այնքան մանանեխ խառնեց, որ սաստիկ կծու դարձավ, բայց դարձյալ ուտում էր և աչքերի արտասուքը սրբում էր։ Ուտում էր, որովհետև փող էր տված։

Երբ ճաշը վերջացավ, աշկերտը դարձյալ ներս մտավ, հավաքեց լիզած դանակները և մի կողմ դրեց, ձեռքով սրբելով սեղանի երեսը և ոսկորները թափելով հատակի վրա, որ հետո ավելե։ Այնուհետև սկսեց հարդարել յուր պարոնի անկողինը։ Նույն տախտակի վրա, ուր նստում էր նա, տարածեց մի թոփ մահուդ, մի թոփ էլ բարձի փոխարեն դրեց գլխի տակին, և Սերգեյ Եգորիչը ձգվեցավ։ Հետո խանութում վաճառվող բրդեղեն գործվածքներից մեկը իբրև վերմակ քաշեց նրա վրա և, լամպան հանգցնելով, դուրս գնաց։ Սերգեյ Եգորիչը, որպես մի դատապարտյալ, սկսեց խռմփալ յուր խոնավ ու մթին նկուղի մեջ։ Իսկ տանը, ի ցույց մարդկանց, դրված էին կարմիր ատլասով պատած դիվաններ և փափուկ մահճակալներ, մետաքսյա շքեղ վերմակներով...

Շաբաթ օրվա զբաղմունքները թույլ չտվին նրան երկար հանգստանալ։ Աչքերը կարմրած, գլուխը բաց, կոճակները արձակ, միայն ներքին հագուստով, դուրս եկավ յուր որջից, և բազմության առջև, պպզեց խանութի դռան մոտ, սալահատակի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա լվացվելու։ (Ջուր ածելու ամանը անպատճառ պետք է խեցեղեն լիներ — «խելադա», — նրանով համ երեսն էր լվանում, համ ծարաված ժամանակ ջուր էր խմում։)

Լվացվելուց հետո հագնվեցավ, դարձյալ նստեց դազգահի ետևում, դրամարկղի մոտ, որ նրա սրբություն սրբությանցն էր ներկայացնում։ Եվ իրավ, Սերգեյ Եգորիչը, իբրև հին վաճառական, դեռ պահպանել էր վաղեմի սովորությունը՝ կրոնական արարողությունը խառնել խաբեության գործի հետ և յուր խանութին մի սրբարանի ձև տալ։ Շաբաթ օրվա պատճառով, երեկոյան նրա խանութը ծխում էր խունկի և կնտրուկի հոտով։ Մի անկյունում քաշ արած աստվածածնի պատկերը, որի փոքրիկ երեսը հազիվ երևում էր ոսկեզօծ-շրջանակի միջից, լուսավորված էր մի զույգ ճերմակ մոմով։

Գիշերը՝ նրա խանութը միակն էր, որ բոլորից ուշ փակվեցավ։ Սերգեյ Եգորիչը յուր ձեռքով կողպեց, կնքեց, բանալին դրեց գրպանը և այնտեղից ուղիղ գնաց կլուբը։ [ 249 ]

Ե

Աղա-Պարոնովի ընդարձակ խանութին կից էր մի փոքրիկ կրպակ, որ յուր վրա էր դարձրել ամբողջ քարվանսարայի ուշադրությունը։ Մինչդեռ բոլոր խանութներում կպցրած էին զանազան իմաստներով հայտագրեր «Без Запроса», «Без торгу», «B кредит некому», հիսուն կոպեկ արժեք ունեցող առարկան մի ռուբլի գնահատելու, վերջը, երկար բազար անելուց հետո, պակասացնում էին,— ընդհակառակն, հիշյալ կրպակը, ներկայացնում էր մի տարօրինակ երևույթ։ Առաջին անգամ, երբ բացվեցավ նա, նրա ճակատին խոշոր սև տառերով կարդացվեցավ մի այսպիսի հայտագիր. «Без обмана» (առանց խաբեության)։ Մինչև այնօր օրինակը չտեսնված հայտագրի բովանդակությունը գրգռեց մյուս վաճառականների, մանավանդ Աղա-Պարոնովի, բարկությունը, իսկ հաճախորդների՝ հետաքրքրությունը։ Ամեն ոք ցանկանում էր այնտեղ մտնել, գոնե փորձելու համար, արդյոք կարո՞ղ է լինել մի վաճառական, որ չխաբեր։ Դա, իհարկե, մի ծաղր էր կրպակատիրոջ կողմից. և նա շուտով վեր առեց յուր չարագուշակ հայտագիրը։

Նրան կոչում էին Ռուբեն Արուսյան, մի նրբակազմ երիտասարդ, թեթև սև մորուքով և նույնպես սև, գանգուր մազերով։ Բոլորովին նիհար և գունաթափ դեմքր յուր խոշոր, մելամաղձոտ աչքերով մի առանձին մշտահոգ արտահայտություն էին տալիս նրա թափանցող հայացքին։ Յուր խանութում ավելի ուրիշ գործերով էր զբաղված նա, քան թե առևտրով։ Խանութը փոքր էր, և վաճառքների քանակությունը սակավ, միայն բազմատեսակ։ Առևտուրը անում էին երկու գործակատարները։ Մինչդեռ մյուս վաճառականների աշկերտները, խանութների դռանը կանգնած, անցորդներին հանգստություն չէին տալիս և ուժով ներս էին քաշում, այստեղ, ընդհակառակն, ամեն ոք յուր տեղում նստած, այն ժամանակ միայն վեր էին կենում, երբ գնողը ներս էր մտնում։ Երդում կամ գովասանքներ չկային։ երբեմն մեծ դժվարությամբ արտասանվում էին այդ խոսքերը միայն, «եթե տանեք, պարոն, գոհ կմնաք»։

Պարոն Արուսյանը բնիկ թիֆլիսեցի չէր։ Բոլորովին աղքատ ծնողների զավակ, պատանեկության հասակում եկավ նա գավառական մի փոքրիկ քաղաքից որևէ պարապմունք գտնելու։ Յուր ծանոթներից մեկի միջնորդությամբ մտավ մի եվրոպացի վաճառականի մոտ, ուր սովորեց ֆրանսերեն և բավական վարժվեցավ առևտրական ձեռնարկությունների մեջ։ Հետո նույն վաճառականի [ 250 ] գործերով քանիցս անգամ ուղևորվեցավ դեպի արտասահման, տեսավ Փարիզը, Մարսելը, եղավ Լոնդոնում, Մանչեստրում և ծանոթացավ զանազան եվրոպական առևտրական քաղաքների հետ։

Նա ոչ մի դպրոցում կանոնավոր ուսում չէր ստացել։ Բայց ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած էր, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժ խոսում էր, այլև գրում էր ու կարդում էր։ Ֆրանսիացու գործերի մեջ մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով, սկսեց յուր համար անկախ վաճառականություն անել։

Նրա փոքրիկ խանութը կից էր Աղա-Պարոնովի բազմահարուստ խանութին, որ բաղկացած էր մի քանի բաժանմունքներից, և յուրաքանչյուրը լի էր զանազան տեսակ վաճառքներով։ Շատ հասկանալի է, որ պարոն Արուսյանը յուր նվազ միջոցներով չէր կարող զգալի մրցություն անել Աղա-Պարոնովի հետ, բայց, այնուամենայնիվ, երիտասարդ վաճառականի դրացիությունը բոլորովին անտանելի էր դարձել մեր Կրեսոսին։ նա մի քանի անգամ ակնարկել էր քարվանսարայի տիրոջը, որ, կամ միանգամայն արտաքսե նրան, կամ հեռացնե, և յուր շենքի մի այլ կողմում խանութ տա։ Բայց շենքի տերը միշտ միևնույն զգուշավոր պատասխանն էր տալիս, թե «չարժե նրա հետ ընկնել, կլյաուզնի մարդ է, կգնա կազեթներում, ով գիտե, ի՛նչ կգրե»... Կազեթից երկուսն էլ վախենում էին։

Պարոն Արուսյանը, իրավ է, ծանոթ էր հայոց թերթերի խմբագիրների հետ և երբեմն վաճառականների կյանքից հոդվածներ կամ փոքրիկ պատկերներ էր տալիս, բայց նա ամենևին «կլյաուզնի» մարդ չէր, այլ ընդհակառակն, շատ ազնիվ երիտասարդ էր։ Բայց ի՞նչ արած, որ Աղա-Պարոնովի աչքի փուշն էր դարձել։ Նրա դրացությունը վնասակար էր համարում Աղա-Պարոնովը մի քանի պատճառներով. նախ` մտածում էր, որ յուր աշկերտներն ու գործակատարները լրբանում են, երես են առնում, երբ տեսնում են, որ նա յուր գործակատարների հետ խիստ քաղաքավարի կերպով է վարվում, իսկ ինքը չէ կարողանում ոչ ծեծել և ոչ հայհոյել իրաններին։ Բացի դրանից, նրա խանութի կարգերը, սովորություններն անգամ, բարկացնում էին նրան, որովհետև Աղա-Պարոնովի կարծիքով, «դուզ խոսքի ոտը կոտրած է լինում, շատ առաջ չէ գնում», իսկ առանց ստախոսության, առանց երդման, անկարելի է առևտուր անել։

Մի քանի անգամ, սաստիկ զայրանալով և գլխին տալով խլեց նա «Մշակ» թերթը յուր աշկերտներից մեկի ձեռքից, որ պարոն [ 251 ] Արուսյանի խանութից բերելով, սկսել էր կարդալ։ Ամբողջ քարվանսարան ոչ մի լեզվով լրագիր չէր կարդում։ Մի քանի հոգի ստանում էին մի ռուսաց թերթ, միայն հայտարարությունները կարդալու համար։

Նա մտքին դրեց վնասել այս Արուսյանին և մինչև անգամ բոլորովին ոչնչացնել նրան։ Յուր նպատակին հասնելու համար ձեռք առեց կեղծ բարեկամությունը։ Դա Աղա֊Պարոնովի ամենավտանգավոր զենքերից մեկն էր։ «Ումը կամենում ես վնասել, նախ հետը բարեկամացիր»— նրա համար կանոն էր դառել։ Թեև պարոն Արուսյանը ամենևին չէր հավատում նրա բարեկամությանը, բայց, ի պատիվ դրացիության, արհամարհանք ևս չէր ցույց տալիս, միայն երբ Աղա–Պարոնովը զանազան շողոքորթություններով դիմում էր նրան, երիտասարդի գունաթափ շրթունքների վրա միշտ պատրաստ էր մի հեգնական ժպիտ, որ սաստիկ խոցոտում էր նրան։

Աղա֊Պարոնովը հայտնի ուժ էր ամբողջ քարվանսարայում: Վաճառականներից մեծ մասը նրա փողովն էին առևտուր անում, այդ պատճառով, միշտ զայրանում էր, թե ինչո՞ւ պարոն Արուսյանը չէ դիմում նրան, որ գոնե պարտքերի միջոցով ստրկացնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը թեև խիստ սահմանափակ կարողության տեր էր, բայց թե՝ Մոսկվայում և թե արտասահմանում բավական վարկ ուներ, բացի դրանից, նա յուր գործերը այնքան կանոնավոր կերպով էր տանում, որ երբեք Աղա-Պարոնովի կորստաբեր սնդուկին դիմելու կարոտություն չուներ։

Չնայելով այդ բոլորին, հասարակաց կարծիքը Աղա֊Պարոնովի մասին շատ նպաստավոր էր։ Նրան համարում էին ոչ միայն ճշմարիտ մարդ, այլ մինչև անգամ առաքինի մարդ։ Նա գիտեր գրավել, գիտեր հաճոյանալ։ Ամեն տարի, Մեծ Զատկի տոնին, սովորություն ուներ մի քանի հարյուր ռուբլի ընծայել այս կամ այն համքարին, որ գնան Օրթա-Ճալա, մատաղ կտրեն ու իրանց համար քեֆ անեն։ Երբեմն արհեստավորների աղքատ կամ որբ աղջիկները յուր փողով մարդու էր տալիս։ Վաղուց խոստացել էր և շատ անգամ կրկնում էր, թե քաղաքի այնինչ թաղում, որ զուրկ էր եկեղեցուց, պետք է յուր փողով եկեղեցի կառուցանե։ Բարեգործական դեպքերում բավական առատաձեռն էր։ Երբ ներկայացնում էին նրան որևէ հանգանակության թերթ, միշտ պատրաստ էր մի քանի հարյուր ռուբլի ստորագրել, երբ մանավանդ գիտեր, որ լրագրներում պետք է հրատարակվի։ Այդ պատճառով, երախտագետ համքարները և մանր խանութպանները պաշտում էին նրան և իրանց բարերարի լավությունները [ 252 ] փոխարինելու համար՝ քաղաքային խորհրդի իրավասուներ ընտրելու ժամանակ՝ իրանց բոլոր քվեները նրան էին նվիրում, և Աղա-Պարոնովը ամեն անգամ ընտրվում էր մի քանի հարյուր սպիտակ քվեով։

Նա միշտ մտնում էր քաղաքային վարչության խորհրդի մեջ իրավասու ձայնավոր, բայց ուժեղ ձայնավոր։ Թեև խոսելու շնորհք չուներ, ճառեր չէր կարդում, բայց երբ պետք էր այս կամ այն հարցի մասին ի նպաստ կամ աննպաստ ձայն տալ, նրա հետ աթոռներից բարձրանում էին ուրիշ շատ իրավասուներ, որ նրան էին սպասում, և իսկույն ձայնակից էին լինում։ Դրանք այն վաճառականներն էին, որոնց համար միշտ բաց էր Աղա-Պարոնովի սնդուկը, երբ փողի կարոտություն ունեին։

Ամեն տեղ ընտրվում էր նա։ Մի քանի որբերի (բայց անպատճառ մեծ ժառանգություն ստացած որբերի) խնամատար էր։ Մի քանի հարուստ կտակների կտակակատար էր։ Չէր մերժում, երբ զանազան առևտրական ծանր վեճերի մեջ միջնորդ-դատավոր էին ընտրում իրան։ Մնում էր, որ Ներսիսյան դպրոցի հոգաբարձու ընտրվեր, կամ մի որևէ եկեղեցու գանձապետ-երեսփոխան և կամ Թիֆլիսի բարեգործական ընկերության խորհրդի անդամ, որ յուր փառքի զենիթին հասած լիներ։ Դա շատ հեշտ էր, եթե ցանկանար միայն, բայց նա իրան միշտ հեռու էր պահում ազգային գործերից։

Թատրոն չէր սիրում, երաժշտություն կամ նվագահանդեսներ ատում էր, իսկ կլուբ հաճախում էր համարյա ամեն գիշեր։ Երբ հայտնվում էր կլուբում ո՞վ ասեք, որ այնտեղից չէր բարձրանում և, մոտենալով, չէր սեղմում նրա ձեռքը, այն ձեռքը, որ հարյուրավորների տունն էր քանդել, որ հարյուրավոր ընտանիքներ թշվառացրել էր։ Այնտեղ փայլում էր նա յուր ոսկու բոլոր պայծառությամբ։ Ամեն ոք իրան երջանիկ էր համարում, երբ Աղա-Պարոնովը մերձենում էր նրա սեղանին, ամենուրեք պատրաստ էին նրա համար հաճոյական քաղցր խոսքեր։ Բայց նա այդ մասին բավական համեստ էր, իսկույն կքաշվեր մի անկյունում և յուր նմանների հետ հերթը մի կոպեկով նարդի կխաղար։

Կլուբից վերադառնում էր տուն այնքան ուշ, որ ամբողջ ընտանիքը քնած էր լինում, իսկ առավոտյան տնից դուրս էր դալիս և խանութը դնում այնքան վաղ, որ նրանց դարձյալ քնած էր թողնում։ Այդ էր պատճառը, որ նա յուր կնոջ և զավակների հետ խիստ հազիվ անգամ էր հանդիպում, և խիստ վատ հետևանքներ ուներ նրա ընտանեկան կյանքի վրա։ [ 253 ] Արևը վաղուց արդեն մտել էր։ Մի քանի լապտերներ միայն մնացել էին վառ, նրանք ևս մարեցան, և երեկոյան ծանր խավարը տիրեց վաճառականների մթին աշխարհը։ Այդ միջոցին երկու դրացիները կողպեցին իրանց խանութները և միասին դուրս եկան քարվանսարայից։

— Գնանք մի փոքր ման գանք, — աոաջարկեց Աղա-Պարոնովը։— Զով գիշեր է։

Քարվանսարայի Կրեսոսի ուշադրությունը զարմացրեց պարոն Արուսյանին, որովհետև նա սովորություն չուներ փողոցներում իրանից ստորին անձանց հետ զբոսնելու և մանավանդ պարոն Արուսյանի հետ, որին սաստիկ ատում էր։

— Ներեցեք, հարգելի Սերգեյ Եգորիչ,— ասաց երիտասարդը,— մեծ ուրախությամբ կգայի, բայց տանը փոքր-ինչ գործ ունեմ։

— Օրհնած, միշտ գո՛րծ, միշտ գո՛րծ, պետք է երբեմն էլ հանգստության համար մտածել։

— Բայց այնպիսի գործ է, որ հետաձգել չեմ կարող։

— Դարձյալ «էն բաներեմեն կուլի».․.,— նկատեց Աղա-Պարոնովը ծիծաղելով։

— Կամ «էն բաներեմեն», կամ մի ուրիշ բան, հարգելի Սերգեյ Եգորիչ,— պատասխանեց պարոն Արուսյանը, նույնպես ծիծաղելով։— Ով ինչ որ սիրում է, նրան այն է դուր գալիս, թեև շատ հասարակ բան լիներ։

Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը և բաժանվեցան։ Պարոն Արուսյանր դիմեց դեպի յուր բնակարանը, իսկ Աղա-Պարոնովը յուր ծանր քայլերն ուղղեց դեպի Գալավինսկի պրոսպեկտը ծանոթներին հանդիպելու և նոր «խաբարներ» լսելու։ Նրա համար տուն չկար, ընտանիք չկար։ Խանութից տուն վերադառնում էր նա այն դեպքերում միայն, երբ հյուրեր ուներ, և հարկադրիչ պահանջը ստիպում էր նրան տանը գտնվել։

Բայց նրա նկատողությունը՝ պարոն Արուսյանի այնպես շտապով տուն գնալու մասին առանց խորհրդի չէր։ Նա գիտեր, որ գիշերները զանազան երիտասարդներ հավաքվում են պարոն Արուսյանի մոտ, ժամանակ են անցկացնում և զանազան բաների վրա խոսում են,— իսկ թե ի՞նչ բաների վրա, թեև այդ մասին ճիշտ տեղեկություն չուներ, բայց, այնուամենայնիվ, նրան ոչ միայն զարմացնում էր, այլ խիստ ծիծաղելի էր թվում, որ մարդիկ նստում են, իզուր խոսում են այնպիսի հարցերի մասին, որոնցից' նյութապես առանձին շահ չունին։ [ 254 ] Պարոն Արուսյանը սեփական տուն չուներ. երկու սենյակ միայն վարձել էր նույն փողոցի վրա, ուր գտնվում էր Աղա-Պարոնովի եռահարկ տունը։ Խանութով դրացի լինելով, յուր բնակարանով ևս շատ հեռու չէր նրանից։

Վերադառնալով յուր կացարանը, լամպան վառ գտավ, սեղանի վրա դրած էր մարած սամովարը, իսկ նրա մոտ՝ դատարկ թեյամանը մի քանի հոգնած բաժակների հետ, որոնք այնպիսի տխուր տպավորություն էին գործում, որ, կարծես, հենց նոր էին ազատվել խմողների ագահ շրթունքներից։ Բաժակների մոտ ածած էին պանրի, հացի, երշիկի կտորտանքներ, որ լրացնում էին թեյի սեղանի անկարգությունը։

Փոքրիկ սենյակը սաստիկ ծխված էր. լամպայի աղոտ լույսը հազիվ թափանցում էր տիրող մառախուղի մեջ։ Երիտասարդը զարմանալով աչք ածեց յուր շուրջը և ապա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, որ խեղդող օդը փոխվի։

Առավոտյան, խանութը գալու միջոցին, պատվիրել էր ծառային, որ երեկոյան սամովարը շուտ դնե, փոքր-ինչ ընթրիք պատրաստե, որովհետև գիշերը հյուրեր պիտի ունենա։ Բայց մի՞թե նրանը եկել էին և, իրան չսպասելով, դարձյալ գնացել էին։

նա ձեռքը տարավ դեպի զանգակի պարանը, մի քանի անգամ ձիգ տվեց։ Խոհանոցից, աչքերը տրորելով և հորանջելով, հայտնվեցավ քնաթաթախ սպասավորր, որ, միևնույն ժամանակ, խոհարարի պաշտոն էր սատարում։ Երիտասարդը նայեց նրա երեսին և ծիծաղելով հարցրեց.

— Դարձյալ քնա՞ծ էիր, Հայրապետ։

— Ապա ի՞նչ անեի,— պատասխանեց նա Խռպոտ ձայնով։ — նստեցի. այնքան նստեցի, մենչև քունս տարավ։

— Այստեղ մարդիկ եղել են։

Հայրապետի քնեած աչքերը սկսեցին զարմացմամբ խուզարկել ծխված սենյակի շուրջը։

— Եղել են,— պատասխանեց նա անփույթ կերպով։— Եկան, նստեցին, հրհռացին, բայց հիմա չկան։

— Տեսնում եմ որ չկան։ Ո՞վքեր էին։

Հայրապետը ձեռքր տարավ դեպի ճակատը, սկսեց սաստիկ շփել, որ հիշողությունը ամփոփե։

— Մեկը այն երկար մազերով տղան էր,— ասաց նա մի նշանավոր գյուտ արածի նման։

— Ո՞ր երկար մազերով տղան։ [ 255 ] — Այն, որ ձեռքին հաստ փայտ է ման ածում և, ման գալու ժամանակ, գլուխը գիժ մոզիի նման միշտ ժաժ է տալիս։

Պարոն Արուսյանը հասկացավ, թե ում մասին է խոսում։

— Մյուսը ո՞վ էր,— հարցրեց նրանից։

— Մյո՞ւսը,— մի առանձին հեգնությամբ կրկնեց Հայրապետը,— մյուսը այն կաղն էր։ Աջ ոտից խո չոլախ էր ու չոլախ, իսկ այս գիշեր սկսել էր ձախ ոտիցն էլ կաղալ. ասում էր կոշիկս հուպ է տայիս։

— Երրո՞րդը։

— Երրորդը այն պատռտված վարժապետն էր, որ միշտ գալիս է, ասում է, դասեր չեմ գտնում, և քեզնից փող է վեր առնում։ Ախար նրանց ո՞վ տուն կթողնե։ Ով որ նայելու լինի, կվախենա, չլինի՞ թե նախասենյակից պալտո գողանա։

— Չորրո՞րդը։

— Նրան չճանաչեցի, առաջին անգամն էի տեսնում, նոր մարդ է։ Մի ակնոցավոր տղա էր։ Քթի տակից միշտ երգում էր, ո՞ւմ համար էր երգում, ինքն էլ չգիտեր։

Հայրապետի թե՝ արհամարհանքը և թե տհաճությունը այցելուների վերաբերությամբ այնքան սովորական էր, որ պարոն Արուսյանը առանձին ուշադրություն չդարձրեց, միայն կամեցավ յուր մշտական պատվերը այս անգամ ևս կրկնել, որ յուր բացակայության ժամանակ՝ ով որ գալու լինի՝ պետք է նրա անունը հարցնե, որ իրան ասե։

— Այսպես չէ կարելի, Հայրապետ,— նկատեց նրան,— ինչո՞ւ անունները չես հարցնում։

— Հարցնում եմ, որ միտքս չէ մնում, ի՞նչ անեմ,— պատասխանեց նա փոքր–ինչ զայրացած ձայնով, որ դժվար էր որոշել, արդյոք յուր մոռացկոտ մտքի վրա է բարկանում թե՞ պարոնի ծանր առաջարկության վրա։

— Գրել խո իմանում ես, հարցրու և իսկույն գրիր, որ չմոռանաս։

— Մատիտս կորցրել եմ։

— Դու միշտ կորցնում ես քո մատիտը։ Եկ, քեզ մի նոր մատիտ կտամ։ Երիտասարդը մոտեցավ գրասեղանին, որ նրան նոր մատիտ տա։ Իսկ Հայրապետը մոտեցավ թեյի սեղանին և, նկատելով նրա վրա տիրող անկարգությանը, բոլորովին գժվեցավ։ Սկսեց ինքն իրան տրտնջալ. [ 256 ] — Հազար անգամ ասում եմ, երբ դու տանը չես, պետք չէ ոչ մի մարդու ներս թողնել։ Նա ինձ չէ լսում։ Ա՛յ, կգան ու այդպես կանեն։ Սամովարը դատարկել են, հացը կերել են, շաքարը պրծացրել են և ստաքանները այսպես կեղտոտ թողել գնացել են։ Արի ու նորից սամովար դիր, նորից ստաքանները լվա։ Ես ում համար էի պատրաստել, ովքեր եկան լափեցին...

— Վնաս չունի, Հայրապետ,— աշխատում էր հանգստացնել նրան պարոն Արուսյանը։

— Նրանք շատ լավ տղերք են, շատ լավ տղեք են, դու իզուր ես բաարկանում նրանց վրա։

— Հա՛, ուտելու, խմելու, փողի համար շատ լավ տղերք են...,— գլուխ շարժելով մրթմրթաց Հայրապետը և սկսեց սեղանի վրա թափված փշրանքները հավաքել։

Պարզամիտ Հայրապետի վրդովմունքը մի առանձին զվարճություն էր պատճառում պարոն Արուսյանին։ Ժպտալով ասաց նրան.

— Աշխարհի բանը այդպես է, Հայրապետ, այսօր ես ունիմ, նրանց կտամ, ո՞վ է իմանում, մի օր էլ ես չեմ ունենա, նրանք ինձ կտան։

— Նրանք երբեք փողի տեր չեն դառնա։ — Ինչո՞ւ, Հայրապետ։ Նրանք ավելի ընդունակ, ավելի խելացի մարդիկ են, քան թե մեր փողատերերից շատերը։ Բայց եթե մի դժբախտություն ունեն, այդ այն է, որ վերին աստիճանի ազնիվ մարդիկ են։ Ազնվությունը և ոսկին բավական դժվար է հաշտեցնել միմյանց հետ։ Դա ամբողջ աշխարհի դժբախտությունն է...— Առ այդ մատիտը։

Հայրապետը մոտեցավ մատիտը առնելու, դարձյալ մնալով իր համոզմունքի մեջ։ Այդ միջոցին նրա աչքին ընկավ պապիրոսների կապոցը, որ այն երեկո էր դնել և դեռ չէր բացված։ Սկսեց նորից մրթմրթալ.

— Մի հատ էլ չեն թողել, բոլորը ծխել են... Ասում եմ, թե ինչո՞ւ է սենյակը այսպես մխով լցված։ Ծխածը ծխել են, մնացածն էլ իրանց հետ են տարել...

Նոր կորուստը այն աստիճան զայրացրեց Հայրապետին, որ յուր պարոնի թուլությունները պատմելու համար հրաժարվեցավ մինչև անգամ մատիտը ընդունել նրա ձեռքից, և այնուհետև չմոռանալու համար, նրա այցելուների անունները գրել։

Պարոն Արուսյանը հույս ուներ, որ խաղաղությամբ կվերջացնե բարեսիրտ Հայրապետի հետ, բայց պապիրոսների հարցը բոլորովին գժվացրեց նրան։ Թե՛ պապիրոսները, թե՛ թեյը և թե ճաշելիքները [ 257 ] պատրաստել էր նա՝ այն երեկո սպասվող հյուրերի համար. իսկ այժմ, ընդհակառակն, բոլորովին ինքնակոչ հյուրեր եկել, ամենը սպառել էին։ Այդ անկարգությունից հետո ի՞նչպես ասել նրան, որ նորից սամովար դնե, որ նորից ընթրիք պատրաստե։ Պարոն Արուսյանը թողեց, որ նա փոքր-ինչ հանգստանա, մանավանդ երբ տեսավ, որ Հայրապետը մարած սամովարը վեր առեց և տրտնջալով դուրս գնաց սենյակից։

Հայրապետը բնիկ Հին֊Նախիջևանի գյուղերիցն էր, մի ցամաք, թխադեմ երիտասարդ, որ քսան տարեկանից ավելի կլիներ, բայց իրանց երկրի երեխաների նման՝ դեռ կարմիր շապիկ էր հագնում։ Երկար ժամանակ ծառայում էր նա, բայց տակավին դժվար էր որոշել, թե պարոն Արուսյանի փոքրիկ տնտեսության մեջ որը ավելի ձայն կամ հեղինակություն ուներ։ Երբեմն նա բռնանում էր յուր պարոնի թե՝ քսակի և թե ճաշակի վրա։ Օրինակ, պարոն Արուսյանը պատվիրում է նրան, որ մի սուկի առնե և գիշերվա համար խորոված պատրաստե։ Բայց նա, ընդհակառակն, պատրաստում է ոչխարի մսից տապակ, մտածելով, որ դա ավելի էժան է և համեղ, իսկ սուկին թանկ է։ Նրա հավատարմությունը օրինակելի էր, իսկ խնայողությունը ժլատության էր հասնում։ Խոհարարի և սպասավորի իրավունքներից անցնելով, երբեմն նա յուր պարոնի վերաբերությամբ նաև դայակի իրավունքներ էր գործ դնում։ Պատահում էր, որ պարոն Արուսյանը գիշերը ուշ էր վերադարձել, կամ երկար էր նստել և առավոտյան ուշ էր վեր կենում։ Այդ դեպքերում Հայրապետի տհաճությունը չափ չուներ։ Առանց քաշվելու կմտներ նրա քնարանը և, կողքը բզելով, կզարթեցներ, որ խանութ գնա, ինչպես մայրերը ծույլ երեխաներին զարթեցնելով, վարժատուն են ուղարկում, որ դասից հետ չնկնեն։ Նա չափազանց զգաստ էր յուր գործին։ Բայց միակ դժբախտությունը նրանումն էր, որ եթե երկու բան միասին պատվիրեիր, ամենակարևորագույնը անպատճառ կմոռանար և միշտ կմեղադրեր պարոն Արուսյանին, թե ինչո՞ւ ամեն բան յուր ժամանակին չէ ասում։ Հաշիվներ չգիտեր։ Ստացած փողի մնացորդը կդներ պարոն Արուսյանի սեղանի վրա, ասելով, «այդքան մնաց»։ Եվ պարոն Արուսյանը իրավունք չուներ որևէ նկատողություն անել։

Սենյակի մուխը դուրս գալուց հետո այժմ միայն նկատելի եղավ նրա ներքին կարգն ու սարքը։ Կոկիկ սենյակը ավելի մի աշխատասեր, լրջամիտ ուսանողի կացարանի էր նմանում, քան թե վաճառականի բնակարանի։ Պարզ, մաքուր կահ֊կարասին բոլորովին [ 258 ] համապատասխանում էր այն անշքությանը, որ տիրապետում էր այնտեղ։ Յուրաքանչյուր առարկայի մեջ նկատվում էր ճաշակ և հարմարություն։ Պահարանում կարգով շարված էին զանազան գրքեր, զանազան լեզուներով։ Լայն գրասեղանը ծանրաբեռնված էր այլևայլ ուսումնական պարագայքով։ Նրա հանդեպ՝ պատից քաշ էր ընկած սենյակի միակ զարդը, մի տխուր պատկեր, որ ներկայացնում էր ավերակների ընդարձակ տարածություն։ Մի մանկահասակ կին, սգավոր դեմքով, նստած էր փլատակների վրա և ձեռքը մեկնած, մի առ մի ցույց էր տալիս յուր փոքրիկ զավակին կործանված քաղաքները, հզոր պալատների բեկորները, և պատմում էր նրանց անցյալի պատմությունը։

Հայրապետի հեռանալուց հետո՝ պարոն Արուսյանը կրկին մոտեցավ գրասեղանին, նստեց, և ծոցի գրպանից հանելով մի փոքրիկ տետրակ, սկսեց կարդալ։ Նա ուշադրությամբ կարդում էր և միևնույն ժամանակ մատիտով ուղղում էր զանազան տեղերը։ Այս արարմունքի մեջ խորասուզված էր, երբ սենյակի դռները հեզիկ կերպով բացվեցան, և կաշյա թղթապահը թևքի տակին, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նրա սևլիկ դեմքը ավելի մռայլ արտահայտություն էր ստացել մուգ-ծխագույն խոշոր ակնոցներից, որոնց տակին թաքնված էին նույնպես խոշոր, բայց թախծալի աչքերը։ Նա լուռ մոտեցավ, թղթապահը դրեց պարոն Արուսյանի գրասեղանի վրա ու ձեռքը մեկնեց զբաղված երիտասարդին։

— Ա՜խ, դո՞ւ ես, Սաթենիկ,— ասաց նա տետրակը մի կողմ դնելով։— Կներես, օրիորդ, որ երեկ ես բոլորովին մոռացա ասել, որ այս երեկո հազիվ թե կարող կլինեմ պարապել քեզ հետ։

— Ոչինչ,— ասաց օրիորդը մի այնպիսի խուլ ձայնով, որ որովայնախոսի նման, կարծես կուրծքի խորքիցն էր լսվում։— Ես իսկույն կգնամ, չեմ խանգարի քեզ։

— Նա զգուշությամբ գրասեղանի վրայից առեց յուր թղթապահը և պատրաստվում էր հեռանալ։ Երիտասարդը նայեց ժամացույցին, ասելով.

— Նստի՛ր, դեռ ևս կարող ենք մի փոքր խոսել։ Օրիորդը կրկին թղթապահը դրեց գրասեղանի վրա և նստեց նրա մի կողմում։

— Այժմ ինչպե՞ս է առողջությունդ,— հարցրեց երիտասարդը։

— Դարձյալ նույնպես... ոչինչ փոփոխություն չի եղել...,— պատասխանեց նա նվազած ձայնով։

— Դու պետք է թողնես դասերդ, Սաթենիկ, անպատճառ պետք [ 259 ] Է թողնես։ Այդ անտանելի դասերը բոլորովին մաշեցին քեզ: Բժիշկը պատվիրում է, որ շատ չխոսես, շատ ման չգաս, իսկ դու քո դասերի պատճառով՝ ստիպված ես ամեն օր մի քանի անգամ քաղաքի մի ծայրից մյուսը գնալ։

— Ի՞նչպես թողնեմ...— ասաց նա մի այնպիսի տխուր եղանակով, որով հասկանալի էին բոլոր դառն պատճառները։

Պարոն Արուսյանին հայտնի էին պատճառները, և նա այդ մասին երկար չթախանձեց: Նա ավարտել էր հայոց օրիորդական դպբոցներից մեկում, հետո մտել էր ռուսաց իգական գիմնազիա. այնտեղ ևս յուր ուսումը վերջացրել էր։ Այժմ մի քանի տներում դասեր էր տալիս, որպեսզի կարողանա թե՛ ինքը ապրել և թե՛ կերակրել պառավ մորը և հիվանդ քրոջը, որ այրի էր։ Ամեն երեկո, երբ պետք էր մի փոքր հանգստանալ, գալիս էր պարոն Արուսյանի մոտ հաշվապահություն սովորելու, որովհետև նրան խոստացել էին մի գործարանի գրասենյակում տեղ տալ։ Այդ բոլորը կատարում էր սա և ստիպված էր կատարել յուր մաշված կուրծքով, ուր բարակացավը սկսել էր փութով զարգանալ։

Պարոն Արուսյանին սաստիկ տանջում էր դժբախտ օրիորդի դրությունը, և նա շատ անգամ մտածել էր որևէ կերպով թեթևացնել նրա հոգսերը, բայց միշտ հանդիպել էր նրա համառ անձնասիրությանը, որ նպատակ էր դրել իր աշխատանքով ապրել և ոչ ոքի օժանդակությանը ձեռք չմեկնել։ Նա պարոն Արուսյանի այցելուներից միակն էր, որի առջև ամենայն հոժարությամբ դռները բաց էր անում Հայրապետը։

— Ի՞նչպես է գնում քո թարգմանությունը,— հարցրեց երիտասարդը։

— Խիստ դանդաղ... և սիրտ չկա շարունակելու...,— ասաց նա մի առանձին դժգոհությամբ։— Եվ ո՞ւմ համար թարգմանեմ։ Ինքս միջոցներ չունեմ տպագրել տալու։ Տանում եմ մեր խմբագիրների մոտ, կարծես, մի առանձին շնորհ են անում, որ ուրիշի աշխատությունը առնում են և ձրի տպում։ Բայց միշտ քարոզում են, թե ամեն աշխատանք պետք է վարձատրվի, շատ հասկանալի է, որ իրանց սեփական աշխատանքը միայն և ոչ ուրիշներինը։ Տանում եմ հայոց գրքերի տպագրության ընկերությանը, մեծ խոստումներով ձեոագիրը առնում են, հետո, ամիսներից, գուցե տարիներից հետո, երբ հարցնում ես, թե ի՞նչ եղավ, զարմանալով պատասխանում են, «մի՞թե մի այսպիսի ձեռագիր հանձնել ես մեզ»։ Արի [ 260 ] ու գտիր։ Կիրակոսը ասում է Մարկոսի մոտ կլինի, իսկ Մարկոսը ասում է Պետրոսի մոտ կլինի։ Մեկը մյուսից խաբար չունի։ Գլուխը խոնարհեցնելով լռեց նա, և մի քանի րոպեից հետո, յուր տխուր դեմքը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.

— Դու ինչո՞վ ես զբաղված այս երեկո։

— Ահա դրանով,— ասաց պարոն Արուսյանը, տալով նրան նույն տետրակը, որ մինչ օրիորդի գալը ուղղում էր։— Այս երեկո հավաքվելու են ինձ մոտ մի քանի գործակատարներ կարդալու» համար։

Օրիորդը սկսեց թերթել տետրակը, ասելով.

— Դու, որքան հիշում եմ, մի ժամանակ այդ մասին խոսում էիր։

— Այժմ աշխատում ենք խոսքը գործ դարձնել։ Ես կարծում եմ, որ մի այդպիսի ձեռնարկություն փոքրիշատե կթեթևացներ մեր գործակատարների աննախանձելի դրությունը։ Օրիորդը դեռ լռությամբ թերթում էր տետրակը։ Դա մի համառոտ ծրագիր էր, որով պարոն Արուսյանը ցանկանում էր խնայողական դրամարկղ հիմնել նույն քարվանսարայի գործակատարների համար, ուր ինքը խանութ ուներ։

— Իմ կարծիքով,— նկատեց օրիորդը,— նյութականը այնքան չէ ճնշում մեր գործակատարներին, նրանք եթե փոքր են ստանում բայց շատ գողանում են։ Ավելի նպատակահարմար կլիներ մտածել մի այնպիսի հիմնարկության մասին, որ բարոյապես կրթեր նրանց, որ մտավոր սնունդ տար նրանց։ Ո՞վքեր են մեր գործակատարները։— Ըստ մեծի մասին ոչ մի տեղ ուսում չառած, խանութպանների մոտ աշկերտությամբ առաջացած և նրանց բոլոր խարդախությունները սովորած մարդիկ են։ Փող միշտ կգտնեն նրանք։ Մի բան, որ պակասում է նրանց, այդ է՝ բարոյական կրթությունը:

— Բոլորովին ճիշտ է քո նկատողությունը, օրիորդ,— պատասխանեց պարոն Արուսյանը։— Բայց հարցը նրանումն է, թե ինչո՞ւ համար են գողանում մեր գործակատարները։ Գողանում են, որովհետև փոքր են ստանում և շատ են ծախսում։ Խնայողական դրամարկղը կընտելացներ նրանց չափավորության և, բացի դրանից, մի փրկարար ապաստան կլիներ, որ գոնե այն օրերում, երբ վաճառականները արտաքսում են նրանց, երբ զրկում են թե՛ ռոճիկից և թե՛ գողությունից,— որ գոնե այդ դեպքերում քաղցած չմնային:

— Այդ կնշանակե խրախուսել նրանց մեջ անբարոյականությունը,— ասաց օրիորդը,— և այժմ միայն նրա տխուր դեմքի վրա [ 261 ] երևաց մի թեթև ժպիտ։ — Քաղցածությունը գուցե ավելի խրատական կլիներ նրանց համար, քան թե դրամարկղի ապաստարանը։

— Ինչո՞ւ ես դու այդպես ծուռն կերպով բացատրում իմ խոսքերը, Սաթենիկ,— պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ տաքացած ձայնով։— Ո՞վ է հակառակում, թե պետք է նրանց մտավոր սնունդ տալ, բարոյապես կրթել: Որքա՞ն անգամ քեզ հետ խորհել եմ այդ մասին, որքա՞ն անգամ մտածել եմ կիրակնօրյա դպրոցների մասին, գործակատարների համար ընդհանուր գրադարանի մասին և ուրիշ այլևայլ միջոցների մասին։ Մի՞թե նույնիսկ այդ նպատակով չհիմնվեցավ վաճառականաց կլուբը։ Բայց ի՞նչ արած, որ մեզ մոտ ամեն մի օգտակար հիմնարկություն հազիվ հասնում էր իր նպատակին։ Վաճառականաց կլուբը դարձավ խաղաթղթի և անմիտ պարահանդեսների ասպարեզ, որ զարգացրեց միայն շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում։ Աղքատ վաճառականի կինը, աղջիկը, որ մի ձեռք շնորհքով հագուստ ունեին և ամբողջ տարին խնամքով պահում էին և միայն տոն օրերում հագնելով տանից դուրս էին գալիս,— իսկ այժմ, ընդհակառակն, ամեն շաբաթ կլուբի պարահանդեսներին ու երեկույթներին մասնակցելու համար խեղդում են իրենց ողորմելի ամուսիններին, որ միշտ նոր ու նոր հագուստներ կարել տան, այլևս չեմ խոսում մյուս ծախսերի մասին։

Օրիորդը դեռ շարունակում էր լուռ թերթել տետրակը։

Մտածվում է, և ես այդ մասին աշխատում եմ, որ գործակատարների համար ևս մի կլուր հիմնվի։ Դա գոնե մասամբ կազատեր նրանց «Մուշտայիդից» և Միխայլովսկի փողոցի այգիներից։ Գործակատարը երիտասարդ է, կյանքը եռ է գալիս նրա մեջ, շտապում է վայելել նրան։ Երբ ուրիշ ավելի վայելուչ միջոցներ չկան, նա ընկնում է անբարոյականության մեջ։

Օրիորդը գլուխը վեր բարձրացրեց, հարցնելով.

— Դու կարծում ես, որ գործակատարների կլուբը նույնպես պարահանդեսների և խաղաթղթի ասպարեզ չի՞ դառնա։

— Գուցե կդառնա, նայելով, թե որպիսի ուղղություն կտրվի երան։ Բայց երկու չարյաց փոքրագույնը։ Երբ գործակատարը գիշերը ոչ մի տեղ չունի ժամանակ անցկացնելու, հաճախում է այնպիսի տեղեր, ուր ստիպված է ծախսել և շատ ծախսել։ Եվ որովհետև իր չնչին ռոճիկը անկարող էր այդ ծախսերին դիմանալ, նա սկսում է գողանալ։ Ես ճանաչում եմ գործակատարներ, որ ամիսը 25 ռուբլի ռոճիկ ունեն, բայց 25 ռուբլի վճարում են միայն երկու [ 262 ] սենյակի վարձը, ուր ապրում է նրանը սիրուհին։ Մյուս ծախքերը լրացնելու համար, իհարկե, պետք է խարդախությունների դիմեն:

Դրսում, սանդուղքների վրա, լսվեցան ոտնաձայներ։ Օրիորդը վեր կացավ, և ձեռքը մեկնելով, ասաց.

— Երևի քո հյուրերը գալիս են, ես այժմ կգնամ։

— Ինչո՞ւ ես շտապում,— նրա ձեռքը բաց չթողնելով թախանձում էր երիտասարդը։ — Եթե քեզ հետաքրքրում է, կխնդրեի, որ դու ևս մասնակցեիր մեր փոքրիկ ժողովին, տարակույս չունիմ, որ մենք օգուտ կքաղենք և քո կարծիքներից։

— Մեծ ուրախությամբ կմնայի, բայց ես պետք է բժշկի մոտ գնամ։ Քրոջս հիվանդությունը դարձյալ սաստկացել է։ Նա առեց թղթապահը և հուշիկ քայլերով դուրս եկավ սենյակից։ Պարոն Արուսյանը բացականչեց.

— Խե՜ղճ աղջիկ, ինքը հիվանդ, պիտի հոգ տանե և հիվանդ քրոջ մասին, պիտի կերակրե աղքատ ընտանիքը... Ցավալի զոհ դառն հանգամանքների...

Սանդուղքներից լսվող ոտնաձայնը պարոն Արուսյանի սպանած հյուրերինը չէր։ Բարձրանում էր մի անձն միայն, բայց այնքան շտապով, որ սաստիկ աղմուկ էր հանում։ Հանկարծ փոքրիկ սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին, շնչասպառ ներս ընկավ նա։ Դա նույնպես մի օրիորդ էր, բայց բոլորովին հակապատկերը մտահույզ, մելամաղձոտ Սաթենիկի։ Ահագին սև գլխարկը, որի ձևը այլանդակության էր հասնում, և ձեռքի նույնպես ահագին հովանին, որ միևնույն ժամանակ գավազանի տեղ էր ծառայում, բավական էին արտահայտելու մի արտակարգ բնավորություն, որ գիտեր արհամարհել հասարակաց գեղասեր ճաշակը։ Նա իրավ գեղեցիկ չէր, բայց մարդկանց պատմելու համար, կարծես, դիտմամբ ավելի տգեղացրել էր իրան։ Հեգնական ծիծաղը երեսին, շտապով մոտեցավ նա և, անփույթ կերպով ձեռք տալով, ասաց.

— Կներես, պարոն Արուսյան, ես մի րոպեով միայն մտա քեզ մոտ. պարոն Սիրաքը արդեն վերջացրել է իր նոր վեպը. վճռեցինք, որ հավաքվինք քեզ մոտ, կարդանք: Համաձա՞յն ես։

— Ովքե՞ր կլինին,— հարցրեց պարոն Արուսյանը։

Օրիորդը մի առ մի թվեց անունները։

— Մեծ ուրախություն կպատճառեք ինձ,— ասաց երիտասարդը։ — Եվ դա շատ նպատակահարմար կլիներ։ Այժմ վաճառականների հարցը հերթի վրա է։ Կարծես պարոն Սիրաքի վերջին աշխատությունը նրանց կյանքիցն է առնված։ [ 263 ] — Այո՛, պարոն Արուսյան, մի կատարյալ լուսանկար է, դու անպատճառ կհավանես։ Այժմ ցտեսություն։ Նա վազեց դեպի դռները, բայց մի բան մտաբերելով, կրկին ետ դարձավ, հարցնելով.

— Ե՞րբ պետք է հավաքվել, պետք է նշանակել օրը, որ մյուսներին ևս իմացում տամ։

— Ավելի հարմար է առաջիկա շաբաթ երեկոյին։

— Իհարկե, ճաշելիքներ, գինի, մրգեղեններ և ամեն ինչ ըստ կարգին պատրաստել կտաս: Մեր հասարակությունը այդ մասին գիտես սաստիկ խստապահանջ է։ Ցտեսություն։

Պարոն Արուսյանը բռնեց նրա ձեռքից, ստիպելով.

— Ինչո՞ւ ես այսպես շտապում, մի փոքր նստիր, հանգստացիր. երևում է, որ շատ հոգնած ես։

— Այո՛, հոգնած եմ,— ասաց նա, աշխատելով ձեռքը ազատել։— Այնքան ման եմ եկել, որ ոտներս շան նման հաչում են։

— Օրիորդ Սաթենիկին տեսա՞ր։ Այդ երկու օրիորդները թեև մի առանձին ատելություն չունեին, բայց համբերել ևս չէին կարող միմյանց։

— Տեսա,— ասաց նա երեսը խոժոռելով,— սանդուղքներից թոնթորալով ցած էր իջնում։ Երևի քո մոտից էր դուրս գալիս։ Բարևեցի, ձայն չհանեց։ Կամ այնպիսի ձայն հանեց, որ ես ասեցի։ Այդ աղջիկը օրըստօրե այնքան փոքրանում է, որ վերջը բոլորովին կհալվի։ Ցտեսություն։

— Լավ, ո՞ւր պիտի գնաս, որ այդպես շտապում ես:

— Պարոն Վախթանգյանի մոտ։ Դա մի երիտասարդ նկարիչ էր, որ փայլուն ապագա էր խոստանում։

— Իսկ այնտեղի՞ց։

— Պարոն Սելիմի մոտ։ Դա մի երիտասարդ նվագագիր-երաժիշտ էր, որ սկսել էր հայկական եղանակները եվրոպական ձայնագրության վերածել:

— Հետո՞։

— Օրիորդ Անահիտի մոտ։ Դա մի պոլսեցի դերասանուհի էր, որ հրաշալի աչքեր ուներ, բայց անախորժ ձայն։

— Իսկ այնտեղի՞ց։

— Այսպես, եթե բոլորը հարցնելու լինիս, այնքան ժամանակ կխլես ինձանից, որ ես չեմ կարող և ոչ մեկին տեսնել։ Ցտեսություն։ [ 264 ] — Կարող ես։ Մի փոքր նստիր, ես ուրիշ բան պիտի հարցնեմ, մի բան միայն։

Օրիորդը մոտեցավ պարոն Արուսյանի գրասեղանին, առեց այնտեղի վերջին մնացած պապիրոսը, վառեց և ձգվեցավ դիվանի վրա։ Նա կրկին սկսեց հառաչել, թե «ոտները շան նման հաչում են»։

— Երևի, շատ ես թափառել։

— Ա՜խ, ո՛րտեղ ասես չեմ եղել։

— Օրինակ, ո՞րտեղ։

— Դու դարձյալ սկսեցիր քո հարցուփորձը,— ընդմիջեց օրիորդը, տեղից վեր կենալով։ — Դու խոստացար միայն մի բան հարցնել։ Ցտեսություն։

— Լավ, նստիր, ուրիշ բան չեմ հարցնի։

Նա կրկին ձգվեցավ դիվանի վրա, սկսեց ծխել:

Նրա տոհմանունը Վահրամյան էր, իսկ անունը Վարդուհի, բայց ծանոթները կոչում էին օրիորդ «Ցտեսություն»։ Այդ մականունը ստացել էր նա իր չափազանց շրջմոլիկ սովորության պատճառով, որ նրա մեջ համարյա մի առանձին ախտ էր դարձել։ Ամեն օր, գործով թե անգործ, պետք է անպատճառ յուր բոլոր ծանոթների մոտ մտներ և, ոտքի վրա մի քանի խոսք խոսելով, և վերջը «ցտեսություն» ասելով շտապով հեռանար։ Նրա մեջ տևողական ոչինչ չկար, բացի յուր բարի սիրտը։ Ամեն ինչ սկսել էր և այնպես կիսատ թողել։ Յուր բախտը և ընդունակությունները զանազան ձեռնարկությունների մեջ փորձելուց հետո, այժմ սկսել էր մանկաբարձություն սովորել, որ մի կտոր հաց գտնե։ Եղել էր արտասահմանում, եղել էր Շվեյցարիայում, շատ խոսացել էր, բայց ոչինչ չէր սովորել։ Սիրահար էր գեղարվեստի և գեղարվեստով պարապողների և նրանց համար ամեն հանձնարարություն պատրաստ էր կատարել։ Պարոն Արուսյանի հետ նրա հարաբերությունը կատարյալ բարեկամական էր։ Երիտասարդը սաստիկ հարգում էր այդ եռանդոտ, բայց անբախտ աղջկան։ Նա, օրիորդ Սաթենիկի նման, չէր մերժի ծանոթների օգնությունը երբ դրամի պետք ուներ, իսկ եթե նրանց մեջ կարոտություն նկատեր, յուր վերջին լուման կտար: Բոլորովին գռեհիկ և խստաբարո ծնողների զավակ էր, յուր ամբողջ կյանքում նրանցից որևէ մխիթարություն չէր տեսել։ Ծնողները հալածում էին նրան, որովհետև իրանց նման չէր։

Սամովարը ձեռին, կրկին հայտնվեցավ Հայրապետը և, խեթ կերպով նայելով դեպի օրիորդը, դրեց սեղանի վրա։

— Ա՛յ, խելացի բան, տեսա՞ր, սիրելի Հայրապետ,— ծիծաղելով [ 265 ] ասաց նրան օրիորդը։ — Օրհնած, մի փոքր վաղ բերեիր, դու չէի՞ր իմանում, որ քո պարոնը հյուր ունի։

Հենց դո՞ւ էիր պակաս,— պատասխանեց ծառան յուր խռպոտ ձայնով։ — Ես յուր ժամանակին սամովարը դրել էի, բայց քաղցածները քեզանից առաջ եկան ու դատարկեցին։

Օրիորդը գիտեր, թե «քաղցածներ» բառը սովորաբար ի՞նչ տեսակ այցելուների համար գործ էր դնում Հայրապետը։

— Հայրապետին մի՛ խոսացրեք,— մեջ մտավ պարոն Արուսյանը,— նա այս երեկո սաստիկ բարկացած է։

— Այդ ոչինչ, մենք Հայրապետի հետ կկռվինք, դարձյալ շուտով կբարիշենք,— ասաց օրիորդը, տեղից վեր կենալով և մոտենալով իրան։— Հայրապետը լավ տղա է, հիմա կգնա հաց էլ կբերե, հոլանդական պանիր էլ կբերե, չի մոռանա և ծխախոտի մասին։ Թույլ տո՛ւր, բաժակները ես կմաքրեմ, իսկ դու գնա, սիրելի Հայրապետ։

Չնայելով Հայրապետի սաստիկ հակակրությանը դեպի օտարոտի օրիորդը, որ նրան բոլորովին անտանելի էր, ընդհակառակն, այս անգամ բավական շողոքորթեցին նրան «լավ տղաս և «սիրելի» բառերը, և նա չայդանը սամովարին դնելուց հետո իսկույն վազեց դեպի փողոցը պահանջած ուտեստները գնելու համար, մանավանդ նա գիտեր, որ այն երեկո սպասում էին և ուրիշ հյուրերի։

Ծառայի հեռանալուց հետո օրիորդը մաքրեց բաժակները, և առանց սպասելու, որ թեյը յուր գույնը բոլորովին դուրս տար, մի բաժակ ածեց յուր համար, մյուսը՝ պարոն Արուսյանի համար և, դնելով նրա գրասեղանի վրա, ինքն ևս նստեց նրա մոտ, ասելով.

— Այժմ խոսենք, ուրիշ ի՞նչ ունեիր հարցնելու։ Միայն կարճ կտրիր, որովհետև ես ժամանակ չունեմ երկար սպասելու։

—Ահա ի՛նչ ունեի հարցնելու,— պատասխանեց երիտասարդը, ուրախ դեմք՝ ընդունելով։— Առաջիկա շաբաթ երեկո հավաքվում եք ինձ մոտ՝ կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Դա արդեն վճռված է։ Թե ովքե՞ր պետք է հավաքվեն, բոլորի անունները հայտնեցիր ինձ։ Բայց մեկը մնաց ինձ համար անհայտ, արդյոք «նա» էլ լինելո՞ւ է։ Օրիորդը զարմացած կերպով նայեց երիտասարդի երեսին և փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց.

— Ինչո՞ւ չէ, եթե ցանկանում ես, նրան էլ կբերենք մեզ հետ: — Ցանկանում եմ, Վարդուհի, իմ բոլոր բաղձանքներով ցանկանում եմ։ [ 266 ] Երիտասարդի անակնկալ ոգևորությունը նոր զարմանք պատճառեց օրիորդին։ Նկատելով, որ խոսակցությունը մի բավական լուրջ առարկայի էր վերաբերում, նա շտապով դատարկեց թեյի բաժակը և, մատով թափ տալով պապիրոսի ծայրին երկարացած մոխիրը Հայրապետի մեծ ջանքերով մաքրած հատակի վրա, սկսեց ագահությամբ ծխել։ Նա ծխում էր և անդադար թափ էր տալիս մոխիրը երբեմն հատակի վրա, երբեմն գրասեղանի վրա ածած թղթերի վրա, բոլորովին մոռանալով մոխրամանը, որ յուր մոտ դրած էր։

-Ինչո՞ւ այդպես շփոթվեցար, Վարդուհի,— ծիծաղելով հարցրեց երիտասարդը։

-Ասա՛ խնդրեմ, Ռուբեն,— հարցրեց նա վրդովված ձայնով,— ի՞նչ ես գտել այդ դատարկ, թեթևամիտ օրիորդի մեջ, որ նրան մոռանալ չես կարողանում։

-Ուղիղն ասած, ես ինքս դեռևս չգիտեմ, թե ինչ եմ գտել նրա մեջ։ Բայց նրանում կա մի բան, մի անբացատրելի, սքանչացնող բան, որ ինձ հանգստություն չէ տալիս։

Խոսակցությունր օրիորդ Ադա-Պարոնովի մասին էր:

-Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան,— շարունակեց երիտասարդը ավելի ոգևորությամբ,— ամեն անգամ, երբ անցնում է նա իմ պատշգամբի վրայով և, մի կողմնակի հայացք ձգելով դեպի իմ սենյակի լուսամուտը, գնում է յուր մորաքրոջը տեսնելու, կարծես իմ սիրտը յուր հետն է տանում։

Պարոն Արուսյանի բնակարանին կից սենյակներում յուր միակ դստեր հետ ապրում էր մի այրի կին, որը Աղա-Պարոնովի կնոջ քույրն էր։ Իր երկու սենյակները պարոն Արուսյանը վարձել էր նրանից, որովհետև նրանց համար ավելորդ էին։ Այդ այրին ամբողջ քաղաքում հայտնի էր թե յուր ագահությամբ և թե յուր ժլատությամբ։ Պարոն Արուսյանի ամսական 25 ռուբլի վճարը այնքան մեծ վարձ էր երկու փոքրիկ սենյակի համար, որ նա միշտ դողում էր յուր բնակչի վրա, մի գուցե կորցնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը յուր կողմից միշտ պատրաստ էր գոհացնել իր տան տիկնոջր. որովհետև այդ բնակարանը նրան թե՝ դյուրություն և թե մի առանձին հաճություն էր պատճառում, երբ ամեն անգամ օրիորդ Անիչկան՝ Աղա-Պարոնովի դուստրը, նրա լուսամուտների առջևից անցնելով, գնում էր յուր մորաքրոջը կամ մորաքրոջ աղջկան տեսնելու։

Օրիորդ Վարդուհին, ծխելով ձեռքի պապիրոսը, կամեցավ երկրորդը վառել, բայց թղթակապոցի մեջ պապիրոս չէր մնացել։ Պարոն [ 267 ] Արուսյանը բաց անելով գրասեղանի արկղիկը, դուրս բերավ մի թանկագին սիգար և աոաջարկեց նրան։ Բայց նա հրաժարվեցավ, ասելով, որ գլուխը կցավացնե։ Պ. Արուսյանը ինքը վառեց սիգարը։

-Գիտե՞ս, Ռուբեն,— խոսեց օրիորդը յուր բնավորությանը բոլորովին հակառակ ծանրությամբ,— քո այդ ոգևորությունը, երիտասարդական այն դյուրաբորբոք, բայց թռուցիկ հրապույրներից մեկն է, որ մեզանից ամեն մեկին պատահել է։ Բայց պատահել է այն ժամանակ, երբ մենք տասնյոթ կամ տասնութ տարեկան էինք, և մեր սրտի ու ուղեղի մեջ ոչինչ ներդաշնակություն չկար։ Իսկ այժմ քո տարիքը բարձր են այդ թվերից...

-Իզուր ես այդպես մտածում, Վարդուհի,— պատասխանեց պարոն Արուսյանը, վշտացած ձայնով:— Իզուր ես կարծում, որ ես անձնատուր եղած լինեի ցնորամիտ հրապույրների։ Օրիորդ Անիչկան, իրավ է, այժմ դատարկ և մինչև անգամ թեթևամիտ աղջիկ է, բայց հմուտ ձեռքի տակ կարող է ամենապատվական կին դառնալ։ Ես նրան համարում եմ մի ընդունակ, բայց անմշակ նյութ, որից կարելի է ամենագեղեցիկ բան պատրաստել։

-Լավ, ի՞նչն է ստիպում քեղ խակ տանձը առնել, այն հուսով, որ հարդի մեջ դնելով, կհասունանա։

— Հենց այդ գործողությունը, հենց այդ փորձը: Դա ինձ մեծ բավականություն կպատճառե, որ զբաղված կլինիմ նրա կրթությունով:

-Դու միթե մոռացե՞լ ես, Ռուբեն, որ այդ փորձը մենք արեցինք, բայց ոչինչ դուրս չեկավ։ Տվեցինք նրան զանազան գրքեր կարդալու, փոքր առ փոքր մտցրինք «մեր շրջանի» մեջ, բայց բոլորը անցավ ապարդյուն։ Օրիորդի հիշած «շրջանը» ոչ այլ ինչ էր, բայց միայն բարեկամուհիների մի փոքրիկ խումբ, որ զբաղված էին թարգմանություններով, երբեմն գրականական երեկոներ էին ունենում, ուր կարդում էին իրանց թարգմանությունները կամ ինքնուրույն գրվածքները։

— Ձեր շրջանը չէր կարող այն ազդեցությունը գործել նրա վրա, ինչ որ կարող եմ ես ունենալ,— պատասխանեց պարոն Արուսյանը։— Խնդիրը բոլորովին այլ է, երբ աշակերտը սիրում է ոչ թե ուսանելի առարկան, այլ ուսուցչին։ Ուսուցչին սիրելով, նա կսկսե իր դասը լավ սովորել, որպեսզի չվշտացնե նրան։

— Դու կարծո՞ւմ ես, որ նա սիրում է քեզ։

— Դրանում ոչինչ տարակույս չունիմ։ [ 268 ] — Եվ հավատո՞ւմ ես նրա սերին։

— Բոլորովին։

Օրիորդը սկսեց ծիծաղել։

— Ո՞ւմը չէ սիրել նա։ Գուցե հենց այժմ, բացի քեզանից, մի քանիսին ևս սիրում է։

— Նրա այդ իսկ թուլությունից պետք է օգուտ քաղել։ Թե ո՞ւմն է սիրել նա, կամ այժմ, բացի ինձանից, ուրիշ ո՞վքեր են սիրում, ինձ անհայտ է։ Բայց այդքանը գիտեմ, որին որ սիրելու լինի, անպատճառ անկեղծությամբ կսիրե։

— Րոպեական անկեղծությամբ։ Այն որ կոչվում է վայրկենական ինքնամոռացություն, կամ, ավելի ճիշտ, անցողական տարփանք։

— Ինչպես կամենում ես՝ համարիր։

Օրիորդը դարձյալ սկսեց ծիծաղել։

— Իսկ դու սիրո՞ւմ ես նրան։

— Չեմ կարող ասել, թե սիրում եմ։ Բայց այսքանը հաստատ է, որ զգում եմ դեպի նա մի տեսակ խորին կարեկցություն, որը զգում է մարդ, երբ տեսնում է մի թշվառական, որ կարոտ էր օգնության։

— Գիտե՞ս, Ռուբեն,— նկատեց Վարդուհին ավելի լուրջ կերպով,— քո վարմունքը, եթե մի այլ անուն չտամ, կատարյալ դոնքիշոտություն է և վտանգավոր դոնքիշոտություն։ Ի՞նչ միտք ունի յուր ամբողջ ապագան, յուր ամբողջ բախտը դնել մի փչացած աղջկա վրա և բոլորովին երիտասարդական հույսերով սպասել, թե Նրանից կարելի է օրինավոր կին դարձնել։

— Նա փչացած չէ, Վարդուհի, նա փչացած ընտանիքի դժբախտ արդյունք է։ Այն ընտանիքի, որ դեռ ասիական ցեխի մեջ թավալվելով, ձգտում է ոչ միայն իբրև եվրոպացի ներկայանալ, այլևս որպես արիստոկրատ ձևանար նա ոչ հայոց նահապետական ընտանիքի անմեղ դուստր է և ոչ ուսյալ ընտանիքի բարեկիրթ զավակ։ Այն նոր խմորված և դեռ չպարզված գինու մրուր է։ Ինչ որ կատարվում է բնության մեջ, նույնը և կատարվում է մարդկային հասարակությունների մեջ, Վարդուհի։ Մրրիկները, փոթորիկները, օդի խառնակությունները ըստ մեծի մասին տեղի են ունենում տարվա եղանակների փոփոխության միջոցներում։ Մեր հասարակությունը մի այնպիսի փոխանցական դրության մեջ է,— ասիականից դեպի եվրոպականը։ Եվ հենց այդ միջոցում տեղի են ունենում բարքերի ապականություններ, մանավանդ երբ փոխանցումը [ 269 ] ցումը հաջորդաբար և կանոնավոր կերպով չի կատարվում, այլ հանկարծ, շուտափույթ թռիչքներով...

— Թողնենք այդ փիլիսոփայությունները,— անհամբեր կերպով ընդհատեց օրիորդը,— դու բոլորովին վճռե՞լ ես, ինչ որ խոսում ես։

— Բոլորովին։ Ոչինչ չէ կարող խախտել իմ կամքը։

— Շատ կսխալվիս։

— Ինչո՞ւ, Վարդուհի։ Եթե իմ նպատակին ևս չհասնեմ, դարձյալ մի բարի գործ կատարած կլինեմ։ Նա մի զոհ է և թշվառ զոհ յուր անպիտան ծնողների ձեռքում։ Նրա մեջ կան լավ ընդունակություններ և ազնիվ հակումներ։ Նրան դեռ կարելի է ուղղել։ Պետք է ազատել այդ զոհը։ Դու իմ վարմունքը կամենում ես դոնքիշոտություն համարիր, կամենում ես մի արկածախնդիր ասպետի ցնորամիտ ձեռնարկություն համարիր, միևնույն է ինձ համար, բայց պետք է ազատել նրան։

— Դու կարծում ես հե՞շտ է նրան խլել ծնողների ձեռքից» Ծնողները մտածում են, կա՛մ մի իշխան, թեկուզ աղքատ լիներ, կա՛մ մի բարձր աստիճանավոր, ի՛նչ ազդից որ լիներ, և կամ մի բժիշկ փեսա ունենալ։ Իսկ դու դրանցից և ոչ մեկը չես։

— Ծնողները ինչ որ մտածում են, թող դարձյալ իրանց մտածությունների մեջ մնան։ Ինձ հարկավոր էր ստանաք միայն օրիորդի կամքը, և ես ստացել եմ արդեն։

— Ճշմարի՞տ ես ասում։

— Ես քեզանից մինչև այսօր ոչինչ չեմ թաքցրել, Վարդուհի, և մանավանդ այդ դեպքում ամենևին առիթ չուն իմ ծածկամիտ լինելու։

— Նա լինո՞ւմ է քեզ մոտ։

— Լինում է։ Մի անգամ անցավ իմ լուսամուտների առջևից, իբր թե դնում էր յուր մորաքրոջը և նրա աղջկան տեսնելու, մի այնպիսի ժամանակ, երբ ինքը շատ լավ գիտեր, որ նրանք տանը չեն։ Լուսամուտները բաց էին, ես միայնակ նստած, ծխում էի և նայում էի դեպի դուրսը։ Հայրապետը տանը չէր։ Նա անցավ և ինձ տեսնելով, թեթև կերպով գլուխ տվեց ու ժպտաց։ Մի քանի րոպեից հետո կրկին վերադարձավ և, կանգնելով լուսամուտի հանդեպ, հարցրեց, թե ո՞ւր է գնացել յուր մորաքույրը, որ դռները փակ են։ Ես չգիտեի, թե ուր էր գնացել, բայց հանաքով ասացի, երևի շուտով կվերադառնա, եթե օրիորդը ցանկանում է մի փոքր սպասել [ 270 ] նրան, ինքը շատ ուրախ կլինի, եթե կմտնե յուր մոտ։ Նա ներս մտավ.․․

Այդ միջոցին ներս մտավ Հայրապետը, ծանրաբեռնված յուր գնած մթերքներով և ընդհատեց հետաքրքիր պատմությունը։

— Ցտեսություն,— ասաց թախծալի ձայնով Վարդուհին և դուրս եկավ երիտասարդի սենյակից։

Օրիորդի տխրությունը զարմացրեց բարեսիրտ Հայրապետին, որը ապշած կերպով երկար նայում էր նրա ետևից և երևակայել անգամ չէր կարող, որ նա իր բերած ուտեստների վրա ուշադրություն չի դարձնի, մանավանդ որ ինքն էր պատվիրել։

Պարոն Արուսյանը նույնպես զգացվեցավ...


Միևնույն շաբաթ օրվա երեկոյան պահուն, երբ պարոն Արուսյանը և Աղա-Պարոնովը, միասին դուրս գալով քարվանսարայից, իսկույն բաժանվեցան միմյանցից, և երբ առաջինը ուղղակի դիմեց դեպի իր բնակարանը, ուր ինչո՛վ էր զբաղված, մեզ հայտնի է, վերջինը, Աղա-Պարոնովը, ընդհակառակն, գնաց զբոսնելու։

Երեկոն զով էր և լուսնային։ Գալավինսկի պրոսպեկտը լցված էր խուռնք խայտաճամուկ բազմությամբ։ Ոմանք ցիլինդրներով, ոմանք ֆուրաշկաներով, ոմանք փափախներով, ոմանք բաշլիկներով, ոմանք չալմաներով, ոմանք ֆեսերով, մի խոսքով որքան գլուխներ՝ այնքան և գլխարկներ,— մի բազմատարազ և բազմալեզու խառնուրդ, որ ներկայացնում էր կիսաասիական և կիսաեվրոպական քաղաքի գույնզգույն հասարակությունը։

Անասունների հասարակությունն ևս նույն բազմասեռ խառնուրդն էր ներկայացնում։ Մրգավաճառների իշաները ամեն անգամ համառությամբ կտրում էին ճանապարհը։ Ածխավաճառների ջորիները, առանց աջ ու ձախ նայելու, տրտինկ տալով, վազում էին դեպի իրանց գիշերային իջևանը։ Դրանց թվում, փալանը ուսին, գլուխները քաշ գցած, գործից վերադառնում էին Հայաստանի հոգնած մշակները, որովհետև նրանց թույլ չէին տալիս բուլվարներով անցնել և իրանց հնամաշ փոշեպատ հագուստներով քսվել մաքուր հասարակության։ Կարճահասակ թարաքաման, ահագին մոթալ փափախը գլխին, ետևից քաշ էր տալիս ուղտերի քարավանը։ Անասունների դահիճ սայլապանը ձեռքի երկար վարոցով անխնա և առանց պատճառի գանակոծելով լծած գոմեշներին և անդադար [ 271 ] նրանց «հավատն» ու «հոգին» հայհոյելով, քշում էր իր ճռնչող սայլակը» Այդ հնադարյան սայլակների միջով անցնում էին սրարշավ կառքերը, կամ, սիգապանծ նժույգների վրա նստած, վերադառնում էին «Մուշտայիդի» զբոսանքից անվեհեր ամազոնուհիք և, շրջապատված երիտասարդ հեծյալներով, փոթորկի նմանսլանում էին ընդարձակ փողոցով։

Բnւլվшրների վրա անցուդարձը անտանելի էր։ Տղամարդիկ ու կանայք անդադար ընդհարվում էին, և միմյանց կողքը լավ տրորելուց հետո մխիթարում էին միմյանց «виноват» կամ «пардон» բացականչություններով։ Շատերը ամենևին ներողություն չէին խնդրում։ Նրանց ետևից լսվում էր «ишак» բացականչությունը։ Մի քանի անդամ Աղա-Պարոնովի ականջներին զարկեց այդ խոսքը, բայց նա իրան խլության տվեց։

Նրան հանդիպեց կինը, աղջիկը, փոքրիկ երեխան, որ բռնել էր աղախնի ձեռքից և վերադառնում էին Ալեքսանդրյան այգիից։

— Դո՞ւ ես, Մաշո,— հարցրեց կնոջից վրացերեն լեզվով։ — Ո՞ւր եք գնում։

— Տուն,— պատասխանեց կինը նույն լեզվով։— Շատ ման եկանք, բոլորովին հոգնեցանք։

— Դե, գնացեք։

Նրանք, որպես օտար մարդիկ, բաժանվեցան միմյանցից։ Սերգեյ Եգորիչը մինչև անգամ ուշադրություն չդարձրեց օրիորդ Անիչկայի վրա, որ այն երեկո դուրս էր եկել բոլորովին այլատարազ հագուստով։ Աշխատեց շուտով ազատվիլ նրանցից։ Նա յուր ընտանիքի հետ ման գալ չէր սիրում և բարկանում էր, երբ նրանք ուրիշների հետ էին ման դալիս։

Մայրը այն օր դուրս էր բերել օրիորդ Անիչկային փոքր-ռուսական հագուստով, որ այդ ժամանակ մի նորություն էր հայ վաճառականների շրջանում։ Ռուսները հագցնում էին իրանց աղջիկներին պատրիոտի զգացմունքից դրդված, իսկ հայերը հագցնում էին՝ նրանց նմանելու համար։ Գուցե հիշյալ նկրտումները բոլորովին հայտնի չէին օրիորդ Անիչկայի նորասեր մորը, բայց, այնուամենայնիվ, այդ գույնզգույն և խայտաբղետ հագուստը, պետք է ասած, խիստ սազ էր դալիս օրիորդին։ Նրա բարձր, նուրբ իրանը, այն պարզ և նախնական հագուստի մեջ, պատկերանում էր յուր վայելչագեղ կազմվածքի բոլոր հրապուրանքով։ Այդ սլավոնական տարազը միայն երկու կտորից էր բաղկացած, նախշուն կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած պարեգոտից, որ իջնում [ 272 ] Էր մինչև ոտները, և նույնպես նախշուն երկար գոգնոցից, որ բռնել էր նրա առաջը։ Մետաքսյա կարմիր գոտին գեղեցիկ հանգույցներով սեղմել էր մեջքը և յուր ծոպավոր ծայրերով քաշ էր ընկած կողքից։ Գլխին, ընդհակառակն, դրած ուներ եվրոպական հարդից գլխարկ, մուգ գույնով, որի տակից հարուստ գիսակների միակ հյուսը, կապած ծիրանի և երկնագույն ժապավեններով, իջել էր թիկունքի վրա։ Ուսերը սքողած թափանցիկ շղարշով, կիսով չափ բաց էին։ Պարանոցը զարդարած էր մի քանի շարք խոշոր մարջաններով, որ հանգչում էին նույնպես կիսամերկ կուրծքի վրա։ Այդ կարմիր հուլունքները, մարմարիոնի նման սպիտակ մարմնի վրա, խիստ հրապուրիչ տեսք էին ստացել։ Պարեգոտի լայն, բայց կարճ թևքերի միջից երևան էին գալիս հոլանի բազուկները, որ, ապարանջանների փոխարեն, նույնպես զարդարված էին կարմիր հուլունքներով։

Նա լուռ գնում էր առջևից, և անդադար մի առանձին ուշադրությամբ նայում էր դեպի յուր ետևը, տեսնելու, արդյոք մայրը հետեվո՞ւմ է իրան։ Մայրը հետևում էր և, միևնույն ժամանակ, հիանում էր նրանով։

Մոր ետևից գալիս էր հաստաթշիկ և հաստաբազուկ ռուս աղախինը, որ նույնպես փոքր-ռուսական հագուստ ուներ։ Լիքը պարանոցը զարդարված էր կեղծ մարգարիտներով, իսկ գլխի մոխրագույն մազերը հավաքել էր բաց-կապտագույն թաշկինակի մեջ։ Նա ուժեղ ձեռքով քարշ էր տալիս Անիչկայի փոքրիկ եղբորը, որ ամեն րոպե համառությամբ կանգ էր առնում և նայում էր դեպի յուր շուրջը։ Հայտնի չէ, թե ի՛նչ նպատակով այդ խեղճ երեխային փաթաթել էին մի այնպիսի այլանդակ հագուստի մեջ, որ ռուս կառապաններն էին միայն հագնում։

Նրանք գնում էին և երբեմն կանգ էին առնում, որովհետև ճանապարհին հանդիպած ծանոթների հետ պետք էր մի բան խոսել, մի բան ասել։

Կառքով անցնում էր բժիշկ Դաբաղյանը։ Նրան կանչել էին մի մահամերձ հիվանդի օգնելու։ Տեսնելով Աղա-Պարոնովներին, մոռացավ հիվանդին, կանգնեցրեց կառքը և ցած վազեց։ Անիչկայի քնքուշ դեմքի վրա նշմարվեցան տհաճության խոժոռներ։ Նա մոտեցավ և, շտապով մի քանի խոսք ասելով մորը, իսկույն դարձավ դեպի օրիորդը.

— Այդ հագուստի մեջ դուք այնքան նազելի եք, Աննա Սերգեևնա, որ ես չկարողացա լոկ հարևանցի նայվածքով բավականանալ. կամեցա ավելի մոտից նայել ձեզ վրա և հիանալ։ [ 273 ] Բժշկի ջրալի հաճոյախոսությունը ավեյի տհաճություն պատճառեց օրիորդին։

— Ո՞ւր էիք գնում,— հարցրեց սառնությամբ, իբր թե չլսեց նրա խոսքերը։

— Ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. խեղճը անհուսալի դրության մեջ է։

— Եվ դուք այդպես ուշանո՞ւմ եք։

— Միևնույն է։ Իմ օգնությունը հազիվ կազատե նրան։

— էլ այդպես համոզված եմ...,— ասաց օրիորդը ծիծաղելով և երեսը շուռ տվեց։

Պարոն Դաբաղյանը այն ժամանակ միայն հասկացավ օրիորդի կծու ակնարկությունը, երբ նա կրկին նկատեց։

— Ձեր կառքը հետևում է ձեզ, պարոն Դաբաղյան։

— Ես կցանկանայի մի փոքր երկար ճանապարհ դնել ձեզ։

Այդ միջոցին, օրորվելով և ահագին հովանին գետնից քաշ տալով, նրանց դեմ ու դեմ գալիս էր օրիորդ «Ցտեսությունը»։ Նա կաղ չէր, բայց ման գալու ժամանակ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես երկու ոտից ևս կաղ լիներ։ Նա գալիս էր պարոն Արուսյանի մոտից և ուրախ, մշտածիծաղ դեմքը այժմ ավելի մռայլված էր, քան թե առաջ։ Տեսնելով օրիորդ Աղա֊Պարոնովին, անփույթ կերպով մոտեցավ և ձեռքիցը բռնելով ասաց.

— Անցնենք մի փոքր առաջ։ Պարոն բժիշկը չի բարկանա, եթե նրան մի քանի րոպե միայնակ թողնես։

Պարոն բժիշկը մնաց խիստ հիմար դրության մեջ, երբ օրիորդը նրան թողնելով հեռացավ։ Նա դարձավ դեպի մայրը.

— Ցավում եմ, Մարիա Սերգեևնա, որ ես չպիտի կարողանամ երկար վայելել ձեր ընկերությունը։ Բժշկի պարտավորությունը ձեզ հայտնի է։

— Հա՛, ասացիք, որ մի հիվանդի մոտ եք շտապում,— պատասխանեց տիկինը, ուրիշ խոսք չգտնելով։

Նա սեղմեց տիկնոջ ձեռքը և նստավ կառքը։

Մայրը այժմ միայն նկատեց, որ յուր Անիչկան չկար։ Նա անցել էր բավական առաջ և բազմության միջից էր երևում։

Օրիորդ «Ցտեսությունը» և օրիորդ Աղա-Պարոնովը մի ժամանակ դասընկերներ էին և համարյա մանկությունից ճանաչել էին միմյանց։ Ավարտելուց հետո՝ դպրոցական հավասարությունը, որ կապում էր նրանց, կորավ, և մեկի հարստությունը, մյուսի աղքատությունը բաժանեցին երկու ընկերուհիներին։ Վերջին տարիներում [ 274 ] կրկին մոտեցան նրանք, և չնայելով, որ օրիորդ «Ցտեսությունը» միշտ սովորություն ուներ խիստ դառն կերպով ծաղրել Անիչկայի ազնվապետական հակումները, այնուամենայնիվ, վերջինս ճանաչում էր նրա մեջ մի տեսակ հեղինակություն, որ իրան ևս անհասկանալի էր։

— Գիտե՞ս ինչ կա, Անիչկա,— ասաց նա յուր սովորական շտապմունքով,— առաջիկա շաբաթ երեկո հավաքվելու ենք պարոն Արուսյանի մոտ...

— Ո՞ւմ մոտ,— ուրախությամբ ընդհատեց Անիչկան, կարծես կրկին լսելու համար սիրելի անունը։

— Պարոն Արուսյանի մոտ։ Հավաքվում ենք կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Ինձ խնդրեցին, որ քեզ ևս հրավիրեմ մասնակցելու այդ երեկույթին։ .

— Ո՞վ խնդրեց, ասա, սիրելի Վարդուհի, ո՞վ խնդրեց,— թախանձում էր Անիչկան, և փոքր էր մնում, որ փողոցում երեխայի նման գրկեր յուր ընկերուհու պարանոցը։

— Չեմ ասի,— հրաժարվեցավ Վարդուհին։— Իզուր ես նեղացնում ինձ։ Դու միայն այն ասա՛, կգա՞ս թե չէ։

— Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Անիչկան և իսկույն մտածութան մեջ ընկավ։

Պարոն Արուսյանի մոտ կարող էր նա միայնակ գնալ, ինչպես շատ անգամ գնացել էր։ Բայց ծնողները տեղեկություն չունեին նրա այցելությունների մասին։ Իսկ այժմ այնպես բացարձակ կերպով մասնակցել մի երեկույթի, որ լինելու էր ընտանիք չունեցող մի երիտասարդի մոտ, դա, իհարկե, հասնելու էր ծնողների ականջին։ Ուրեմն ի՞նչպես հեշտացնել այս դժվարությունը։ Ծնողների համաձայնությունը ստանալ անկարելի էր։ Իսկ նրանցից գաղտնի գնալ չէր կարող։

— Գիտե՞ս ինչ կա, Վարդուհի,— ասաց նա բավական մտածելուց հետո։— Ես պարոն Արուսյանի մոտ երբեք չեմ եղել, թեև նա իմ մորաքրոջ տանն է բնակվում։ Նրա հետ ծանոթ եմ միայն հեռվից։ Փոքր֊ինչ անհարմար կլիներ, եթէ առանց մորիցս թույլտվություն խնդրելու, ես մասնակցեի ձեր երեկույթին։ Իսկ թույլտվություն, հավատացած եմ, որ նա չի տա։ Պետք է մի հնար մտածել, որ ես չզրկվեի այդ ցանկալի երեկույթից։

— Հնարը հեշտ է,— ասաց օրիորդ Վարդուհին, բոլորովին ցույց չտալով, թե իրան հայտնի են խորամանկ ընկերուհու գաղտնի հարաբերությունները պարոն Արուսյանի հետ։— Դու այն երեկո [ 275 ] կգնաս մորաքրոջդ մոտ, իբր թե ոչինչ չգիտես։ Իսկ ես կգամ մորաքրոջդ աղջկան հրավիրելու և որպես թե պատահմամբ քեզ այնտեղ կտեսնեմ։ Մորաքրոջդ աղջիկը հաճախ լինում է պարոն Արուսյանի մոտ։ Թե՛ ես և թե՛ նա քեզ էլ մեզ հետ քաշ կտանք, կտանենք։ Իսկ մորաքույրդ ձայն չի հանի։ Տեսնո՞ւմ ես, բանը շինվեցավ։ Այսպես լավ չի՞ լինի։

— Շատ լավ կլինի,— ասաց Անիչկան ուրախանալով։

— Ուրեմն, ցտեսություն,— ասաց Վարդուհին և իսկույն բաժանվեցավ, երբ նկատեց, որ մայրը հասավ ետևից։

— Ո՞վ էր այդ «էյբաժարը»,— հարցրեց մայրը բավական զայրացած ձայնով։

— Իմ ծանոթներից մեկն էր,— պատասխանեց Անիչկան, վշտանալով մոր արհամարհական նկատողությունից դեպի յուր ընկերուհին։

— Դու բժշկին թողնում ես միայնակ և ընկնում ես մի գջլտվածի ետևի՞ց։

— Բժիշկը միայնակ չմնաց, դու նրա մոտ էիր։

Մայրը ավելի զայրացավ։

— Մինչև ե՞րբ դու այդպես անհասկացող պիտի լինիս և անքաղաքավարի, Անիչկա,— ասաց նա կշտամբական եղանակով։— Նա քեզ համար իջավ կառքից, ցանկանում էր քեզ հետ խոսել, երկար խոսել, բայց դու հանկարծ անհետացար։

— Ես չկամեցա նրան երկար զբաղեցնել, որովհետև հիվանդիմոտ էր գնալու,— պատասխանեց Անիչկան։

— Գլուխը քարը հիվանդին, շատ հարկավոր էր հիվանդը,— ասաց մայրը և խռովյալ երեսը շուռ տվեց։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

Եթե փողոցում չլիներ, գուցե այլ կերպ կվերջանար մոր և դստեր հակաճառությունը։ Բայց մայրը համբերեց, թողնելով մի այլ ժամանակի յուր սրտի վրդովմունքը, իսկ աղջիկը լռեց՝ յուր մտքում անիծելով մոր խստությունները։

Մայրը վաղուց նկատել էր յուր դստեր սառնասրտությունը դեպի պարոն Դաբաղյանը և միշտ մի հարմար առիթ էր որոնում, որ այդ մասին խոսե նրա հետ։ Առիթը ներկայացավ, բայց ափսոս որ փողոցում։ Նրանք այնպես վրդովված կերպով, առանց մի բառ անգամ միմյանց հետ խոսելու, հասան մինչև տուն։ Օրիորդը մատը սեղմեց էլեկտրական զանգակի վրա, մի քանի րոպեից հետո դուռը ինքնիրան բացվեցավ։ Երբ բարձրացան պայծառ լուսավորված [ 276 ] սանդուղքներով, վերևում, ժպիտը երեսին, հայտնվեցավ Փրիդոնը, և մի առանձին մտերմությամբ մոտեցավ յուր «աղջիկ֊պարոնին»։ Որպես շնորհալի սպասավոր, զեկուցում տվեց, թե այսինչ և այնինչ տներից եկել էին, խնդրում էին «աղջիկ֊պարոնին»։ Մի տեղ Կատոն «վեչեր» ուներ, բեզիկ պիտի խաղային, մյուս տեղ Նատոն «վեչեր» ուներ, ռամս պիտի խաղային։ Տիկինը սկսեց մտածել, թե ո՞րի հրավերը ընդունե։ Իսկ օրիորդը իսկույն առանձնացավ յուր սենյակը և երևակայությամբ կանխապես զվարճանում էր առաջիկա շաբաթ օրվա երեկույթով, որ լինելու էր պարոն Արուսյանի մոտ։

Բուլվարի վրա յուր կնոջը և զավակներին հանդիպելուց հետո Սերգեյ Եգորիչը շարունակեց առաջ գնալ։ Նրան հանդիպեց Յակուլ Յակուլիչը։

— Լավ եղավ, որ ռաստ եկանք, Սերգեյ Եգորիչ,— ասաց նա մոտենալով։— Ես հենց քեզ էի պտրում։

Սերգեյ Եգորիչը այն երեկո առհասարակ խույս էր տալիս մարզիկներից, իսկ այժմ ընկավ շատախոս Յակուլ Յակուլիշի ձեռքը, որից բավական դժվար էր ազատվել։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա փոքր տհաճությամբ։

— Կասեմ, այս կողմը գնանք, — հազիվ լսելի ձայնով քրթմընջաց նա և, բռնելով Սերգեյ Եգորիչի ձեռքից, քաշ ավեց դեպի Ալեքսանդրյան այգու կողմը։

Ծերունի բարեկամի ծածկամտությունը և նրա զգուշավոր ձևերը կարծել տվին Սերգեյ Եգորիչին, որ հարցը պետք է անպատճառ մի կարևոր առարկայի մասին լիներ, եթե ոչ, նա խոսք պահող մարզիկներից չէր։

Նրանք մտան Ալեքսանդրյան այգին։ Բազմությունը այստեղ ևս լցրել էր բոլոր ճեմելիքները, որոնցից գլխավորները միայն լուսավորված էին լապտերներով։ Մյուսներում տիրում էր խորին մթություն։ Դիմեցին դեպի հեռավոր և մթին ծառուղիները։ Բայց ո՛ր նստարանին ևս մոտենում էին, գտնում էին մի զույգ, ջերմ խորհրդավոր շշնջման մեջ։ Վերջապես, այգու մի խուլ անկյունում գտան մի ազատ նստարան, որ պատահմամբ դատարկ էր մնացել։ Նստարանը նոր էր ներկված, և ներկը տակավին չէր չորացել։ Բայց թե՛ Սերգեյ Եգորիչը և թե յուր հետաքրքիր բարեկամը այն աստիճան հափշտակված էին իրանց մտածություններով, որ առանց ուշադրություն դարձնելու նստեցին, բնավ չզգալով, որ թաթախվեցան կանաչագույն ձիթաներկի մեջ [ 277 ] — Ա՛յ, ինչի համար քեզ բերեցի այստեղ,— ասաց Յակուլ Յակուլիչը ծանր կերպով,— ուզում էի խնդրել, որ հավաքվեին, այն խեղճ Մակար Մակարիչի գործը կարգի դնեինք։

Մակար Մակարիչի անունը լսելուն պես Սերգեյ Եգորիչը վրդովված կերպով տեղից վեր թռավ և, դառնալով դեպի յուր խոսակիցը, ասաց.

— Թե աստված կսիրես, նրա անունը ինձ մոտ մի՛ տուր, ես լսել չեմ ուզում այն անպիտանի անունը։

— Խեղճ է, Սերգեյ Եգորիչ, օղլուշաղի տեր է, ինչո՞ւ պարապ մնա։ Երբ որ պարտատերներից կազատվի, էլի կգնա մի գործի կկպչի և մի կտոր հաց կաշխատե յուր երեխանց համար։ Նրա երեխաներին խղճա, Սերգեյ Եգորիչ։

— Խնդրում եմ, որ նրա անունը չտաս, թե չէ, ես կգնամ։ — Նա կամենում էր հեռանալ, բայց ոտքերը հետը չէին գնում։ Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից և, կրկին նստացնելով յուր տեղը, դարձյալ խորհրդավոր ձայնով շշնջաց.

— Համբերություն ունեցիր, Սերգեյ Եգորիչ, ուրիշ բան կա...

— Ինչ բան էլ որ լինի, ինձ համար միևնույն է, Յակուլ Յակուլիչ,— պատասխանեց նա մի առանձին ինքնահաճությամբ։— Դու գիտես, որ ես ճշմարտություն սիրող մարդ եմ, բայց նրա գործերի մեջ ճշմարտություն չեմ տեսնում, այդ է պատճառը, որ ինձ հեռու եմ պահում։

— Օրհնած, հիմա ո՞ւմ գործերի մեջ ճշմարտություն կա,— նկատեց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։— Ճշմարիտը միայն Հիսուս Քրիստոսն է, մեկ էլ մեր Մողնու սուրբ Գևորգը։

— Ես խո չեմ կարող թաթախվել ցեխի մեջ, Յակուլ Յակուլիչ։ Թող ուրիշները կարգի դնեն, ինչպես որ կամենում են։

— Առանց քեզ բան գլուխ չի գա, ամենքը քեզ են մտիկ անում, Սերգեյ Եգորիչ։

— Ինչ անեմ, որ ինձ են մտիկ անում, Յակուլ Յակուլիչ։ Ես խո չեմ կարող հոգիս կորցնել։ Նա յուր եղած֊չեղածը տակով է արել, հիմա ուզում է, մանեթին մի աբասի տալով, պարտքերից պրծնել։ Դա ի՞նչ խղճմտանք է։ Ես ումի՞ց կտրեմ՝ նրան տամ։ Եթե նա խեղճ է, ուրիշները խեղճ չե՜ն։ Եթե նա երեխաների տեր է, ուրիշները երեխա չունե՞ն։ Ամեն մարդու մի կոպեկը յուր համար թանկ է։

Նա դարձյալ վեր կացավ, կամենում էր հեռանալ, բայց Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից։ [ 278 ]

— Ինձ մի՛ նեղացրու, Յակուլ Յակուլիչ,— ասում էր նա ձեռքը քաշ տալով։— Ես երդվել եմ, որ այդ կեղտոտ գործին չխառնվեմ։

— Նայիր, ուրիշ բան եմ ասում,— թախանձում էր Յակուլ Յակուլիչը։

Սերգեյ Եգորիչը դարձյալ նստեց։

Խոսակցությունը մի սնանկացած վաճառականի մասին էր, որի մնացած կայքով մտածում էին բավականություն տալ պարտատերերին։

Յակուլ Յակուլիչը գլուխը խոնարհեցրեց դեպի ճշտություն սիրող և կեղտոտ գործերից իրան հեռու պահող մարդու ականջը և կամաց ասաց․

— Այն տեղի բանը դրստել եմ...

— Ի՞նչ տեղ,— հարցրեց Սերգեյ Եգորիչը։

— Այն տեղը, որի համար հազարներ էիր տալիս, բայց նա չէր տալիս։ Հիմա քեզ է պատկանում, կարող ես բոլորովին ձրի ունենալ։

Ճշմարտասերը մտածության մեջ ընկավ։

— Չէ՛, չէ՛,— պատասխանեց նա հրաժարվելով։— Թե ինձ սիրում ես, Յակուլ Յակուլիչ, այսպիսի բան մի՛ ասա։ Եթե տեղն ու տեղը ոսկի լինի, ինձ այլևս պետք չէ այն հողը։

Յակուլ Յակուլիչի առաջարկությունը, թեև արտաքուստ խռովություն պատճառեց ճշմարտասերին, բայց ներքուստ անսպասելի կերպով մեղմացրեց նրա համառությունը։ Խնդիրը մի կտոր գետնի մասին էր, որ պատկանում էր սնանկացած Մակար Մակարիչին, և որը մտել էր Սերգեյ Եգորիչի մի ընդարձակ կալվածքի մեջ, ուր ցանկանում էր նա նոր շենք կառուցանել։ Քանիցս Սերգեյ Եգորիչը բավական բարձր գին էր առաջարկել այդ մի կտոր գետինը գնելու համար, որպեսզի կարողանա ամբողջացնել յուր կալվածքը, բայց միշտ մերժում էր ստացել։ Եվ այդ հողը ձեռք բերել չկարողանալու պատճառով, երկար ժամանակ նա յուր շենքը կառուցանել չէր կարողանում։ Այժմ «մատաղը յուր ոտովն էր գալիս նրա դուռը»։ Հողատերը ձրի էր առաջարկում յուր սեփականությունը։ Պետք էր նրա դրությունից օգուտ քաղել։ Բայց մի քանի դժվարություններ կային։

— Լավ,— հարցրեց Սերգեյ Եգորիչը,— դիցուք թե Մակար Մակարիչը շատ կցանկանար յուր հողը ինձ տալ, բայց ի՞նչպես [ 279 ] թույլ կտան նրա պարտատերները։ Նրանք իսկույն օրենքով արգելքի ներքո կդնեն կամ գուցե արդեն դրած են։

— Չեն դրած,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը գործագետ մարդու եղանակով։

— Միևնույն է։ Այդ հողը, որպես սնանկացած մարդու կայք, այժմ կհամարվի բոլոր պարտատերների սեփականություն, որ պետք է բաժանման ենթարկվի։

— Բայց պարտատերներից ամենագլխավորը դու ես, Սերգեյ Եգորիչ։

Սերգեյ Եգորիչը զարմացած կերպով նայեց նրա երեսին, թեև մթության մեջ չկարողացավ նկատել այն խորհրդավոր ժպիտը, որ այդ միջոցին երևաց Յակուլ Յակուլիչի դեմքի վրա։

— Չե՞ս հասկանում, պարտատերներից ամենագլխավորը դու ես,— կրկնեց նա։

— Ի՞նչպես ես եմ։ Նա ինձ ոչինչ պարտական չէ,— ասաց Սերգեյ Եգորիչը։

— Պարտական կլինի...,— պատասխանեց ծերունի վարպետը, յուր շուրջը նայելով։— Ինձ Յակուլ Յակուլիչ կասեն, ես բոլորը մտածել եմ, քեզ համար մտածեք ու ոչինչ չեմ թողել... Նա կրկին նայեց յուր շուրջը և հազիվ լսելի ձայնով շարունակեց.

— Նա քեզ վեքսիլներ կտա, հասկանո՞ւմ ես, այնպես «задним числом»... Դու կլինիս պարտատերներից մեկը, և ամենամեծ պարտատերը... Մյուսները մանեթին մի աբասով դուքնի ապրանքը կտանեն, իսկ դու կվերցնես հողը..․ Լավ չե՞մ սարքել։

Աղա-Պարոնովը որքան և հեռու էր բարոյական սրբությունից, այնուամենայնիվ, նա բացարձակ կերպով կաշառք ընդունելու սովորություն չուներ։ Ամեն գործի մեջ արտաքին ձևը նրա համար մեծ նշանակություն ուներ։ Նա մտածեց խարդախությունը բարերարության կեղևի մեջ պատել։ Այդ էր պատճառը, որ յուր համարմունքը յուր խոսակցի մոտ պահպանելու համար՝ պատասխանեց.

— Եթե միլիոններ օգուտ ունենայի, ես այդ բանը չէի անի, Յակուլ Յակուլիչ, բայց այդ մարդու ընտանիքին լավություն անելու համար՝ ընդունում եմ քո խնդիրքը։ Ես վերջը նրա հողի արժեքը դարձյալ իրան կտամ, որ ընտանիքը քաղցած չմնա։ Դու գիտես, որ ես խղճմտանքով մարդ եմ։

— Գիտեմ, Սերգեյ Եգորիչ, ո՞վ չգիտե, որ դու խղճմտանքով մարդ ես,— ասաց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։— Թե [ 280 ] դու նրա հողի արժեքը վերջը իրան կտաս կամ չես տա, դա քո բարի կամքիցն է կախված, բայց այսքան էլ բավական է, որ դու կազատես նրան յուր պարտատերների նեղությունից։

Երկու բարերարների խորհրդածության առարկա եղող Մակար Մակարիչի գործի նպաստավոր կամ աննպաստ վերջանալու հնարը, իրավ որ, կախված էր միմիայն Աղա-Պարոնովից։ Որովհետև Մակար Մակարիչը նույն քարվանսարայում խանութ ուներ, որտեղ թագավորում էր Աղա-Պարոնովը։ Եվ պարտատերների մեծ մասը նույն քարվանսարայի խանութպաններն էին, որոնք եթե չասենք Աղա-Պարոնովի ստրուկները, բայց անտարակույս, նրա հլու հպատակներն էին։ Նրա մի խոսքը կարող էր գործը դեպի ամեն կողմ դարձնել։

— Բայց ես նրա ձեռքը ոչ մի թուղթ չեմ տա,— ասաց Աղա-Պարոնովը վեր կենալով։

— Եվ հարկավոր էլ չէ, որ տաս,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը փորձված մարդու եղանակով։— Նա քեզ բոլորովին հավատում է։ Դու կստանաս նրանից վեքսիլներ, որքան գումարի հարմար կհամարես, և հաշվի ժամանակ կտանես մյուս պարտատերների ընդհանուր պահանջների թվում։ Իսկ վերջը՝ քո անելիքը քո կողմից կախված կլինի։

Նրանք դեռ կանգնած խոսում էին։ Այդ միջոցին այգու գիշերապահ պահապաններից մեկը անցավ նրանց մոտով և զգուշացնելով ասաց.

— Պարոններ, մի՛ նստեք այստեղ, նստարանը նոր է ներկված։

Երկուսն էլ ձեռքները տարան դեպի իրանց հագուստը և այժմ միայն զգացին, որ թաթախված են ձիթաներկի ապականության մեջ։

— Դու հիմա ո՞ւր պիտի գնաս,— հարցրեց Աղա-Պարոնովը, երբ այգուց կրկին դուրս եկան բուլվարի վրա։

— Պիտի գնամ Մակար Մակարիչի մոտ,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը շտապելով։— Նա ինձ սպասելիս կլինի։ Ես խոստացել եմ, որ այս գիշեր անպատճառ մի վերջնական լուր տանեմ նրան։— Նա շատ կուրախանա, երբ կլսե քո բարերարությունը, Սերգեյ Եգորիչ։ Իսկ դու ո՞ւր ես գնալու։ Կլո՞ւբը։

— Այս հագուստով ի՞նչպես գնամ կլուբը։ Պետք է գնամ տուն։ Այսօր խանութում այնքան շատ գործ ունեի, որ գլուխս համարյա յուր տեղումը չէ։ Ինձ հարկավոր է այս գիշեր մի փոքր վաղ քնել և հանգստանալ։ [ 281 ]

Նրանք բաժանվեցան։ Սերգեյ Եգորիչը ուրախ էր, որ յուր զբոսանքը ապարդյուն չանցավ։ Իսկ Յակուլ Յակուլիչը նույնպես ուրախ էր, որ կարողացավ համոզել «ճշմարտասեր» մարդուն մի անճշմարիտ խարդավանքի մեջ մտնել։

Յակուլ Յակուլիչը այն տեսակ մարզիկներից էր, որ բոլորովին անգործ են, բայց միևնույն ժամանակ, բոլորից շատ զբաղված։ Նա ուրիշի գործը իրան գործ կշիներ և նրանով կմխիթարվեր։ Սնանկացած կապալառու էր նա։ Մի ժամանակ կառավարության համար զանազան շենքեր էր կառուցում, իսկ այժմ մարդկանց համար՝ գործեր։ Առհասարակ սիրում էր վաճառականների մեջ վեճեր պատահած ժամանակ միջնորդ հաշտարար լինել։ Թեև վաճառականները նրա բարեխղճության վրա շատ վստահություն չունեին, բայց, այնուամենայնիվ, նրա փորձից և հմտություններից օգուտ էին քաղում։ Նրան համարում էին կասկածավոր մարդ, բայց պիտանի մարդ։ Աղա-Պարոնովների տան լավ բարեկամն էր նա։ Ոչ մի հանդիսավոր ընթրիք կամ ճաշ չէր անցնի, եթե Յակուլ Յակուլիչը ներկա չգտնվեր։ Նա այդ ամենահարրկավոր կարասիներից մեկն էր, յուր հատուկ տեղն ուներ։ Կարոտության դեպքերում Սերգեյ Եգորիչի քսակը միշտ բաց էր նրա համար, մանավանդ երբ պահանջը չէր անցնի տասը կամ քսան ռուբլուց։

Երբ երկու բարեկամները բաժանվեցան միմյանցից, փողոցները բավական դատարկվել էին, և բուլվարների վրա զբոսնող հասարակությունը բոլորովին նոսրացել էր։ Ման էին գալիս այնպիսի անձնավորություններ, որոնց համար գիշերային խավարը ավելի նպաստավոր հրապուրանքներ էր պատճառում։ Փոշին նստել էր, և գիշերային մաքուր օդը խիստ սրտապարար ազդեցություն էր գործում։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, նա բնության սիրարհարներից չէր։ Նրան ուրախացնում էր միայն այն, որ փողոցները բավական դատարկվել էին։

Ժամացույցը «Ըշտաբի» բարձրությունից զարկեց գիշերային ժամի տասն և երկուսը։ Նրա ձայնը զայրացրեց Սերգեյ Եգորիչին։ «Դեռ վաղ է»... մտածեց նա և, դուրս գալով Գալավինսկի պրոսպեկտից, փոխանակ ուղղակի յուր տուն գնալու, շուռ եկավ դեպի մի այլ փողոց։ Յակուլ Յակուլիչից ազատվելուց հետո, նա ամենայն շրջահայեցողությամբ խույս էր տալիս, մի գուցե այլ ծանոթների հանդիպի։ Նա հանդարտ գնում էր, ինքն իրան սքանչանում էր։ Դա նրա կյանքի այն հազվագյուտ րոպեներիցն էր, որ աշխարհային հոգսերը չէին զբաղեցնում ոսկու և արծաթի ժանգով մրճոտած [ 282 ] ուղեղը։ Նրա չորացած, բթացած սիրտը լցված էր մի զգացմունքով, որ թե՛ բերկրություն և թե՛ բավականություն էր պատճառում նրան։ Նա գնում էր դանդաղ քայլերով և երբեմն կանգ էր առնում, երբ նկատում էր, որ անցուդարձ չկա և իրան չեն տեսնում։ Յուր խորհրդավոր արշավանքը կատարում էր նա, կարծես ժամանակը սպառելու համար, որ գիշերից մի քանի ժամ ևս անցնի, և փողոցները բոլորովին դատարկվին։ Այդ էր պատճառը, որ դեգերում էր ավելի խուլ և հետ ընկած փողոցներում, ուր ցերեկով անգամ եթե տեսնելու լինեին նրան, շատ պիտի զարմանային։

Նրա առջևում, բավական հեռավորության վրա, գնում էին երկու գիշերային այլ շրջմոլիկներ։ Երբ մոտենում էին փողոցի լապտերներին, լուսավորության մեջ բաժանվում էին, իսկ երբ հեռանում էին լապտերներից, մթության մեջ դարձյալ միանում էին։ Կասկածավոր երևույթը գրավեց Սերգեյ Եգորիչի ուշադրությունը, և նա փոքր-ինչ ուժ տվեց յուր քայլերին։ Երբ բավական մոտեցավ, նկատեց, որ մեկը կին էր, մյուսը մի մանկահասակ երիտասարդ։ Վերջինը ձեռքի վրա տանում էր տիկնոջ վերարկուն, իսկ ձեռքում բռնած ուներ նրա հովանին։ Նա ավելի ծառայի տպավորություն էր գործում, քան թե ընկերի, մանավանդ երբ լապտերներին հասնելու ժամանակ բաժանվում էր յուր տիկնոջից և սկսում էր ամենայն խոնարհությամբ հետևել նրան, թեև մթության մեջ միանում էր՝ որպես ընկեր և հավասար։ Այսպիսի տեղերում երբեմն նրանք կանգ էին առնում և երկար խոսում էին։ Կառքերի կամ անցորդների մոտենալը ստիպում էր նրանց դուրս գալ դարանից և շարունակել իրանց հետաքրքիր ընթացքը։

Ծառայի սպիտակ մահուդի չերքեսկան, կապտագույն մորթուց կարված փոքրիկ գլխարկը, ոսկեզօծ քամարը և արծաթապատ խենչարը բավական ծանոթ երևացին Սերգեյ Եգորիչին։ Դա նրանց սպասավորը՝ Փրիդոնն էր։ Միևնույն րոպեում, կարծես կրակով այրեցին Սերգեյ Եգորիչի գլուխը, երբ ճանաչեց, որ մյուսը իր կինն էր։ Ո՞ւր էին գնում, ի՞նչ գործ ունեին այդ խուլ փողոցներում,— նա դժվարանում էր հասկանալ։ Նրանք կա՛մ գնում էին մի տեղ, կամ վերադառնում էին մի տեղից։ Երկու դեպքում ևս՝ այդ անսպասելի հանդիպումը Սերգեյ Եգորիչի համար խիստ տարակուսական էր։ Այդ կողմերում ոչ բարեկամներ ունեին և ոչ ծանոթներ, որ հրավիրած լինեին կնոջը։ Ուրեմն ի՞նչ էին շինում այստեղ, այն ևս գիշերային բոլորովին անագան պահուն։ Զանազան կասկածներ սկսեցին տանջել նրան։ [ 283 ]

Ինքը անցավ դեպի փողոցի ավելի մթին կողմը, սկսեց հեռվից հեռու հետևել նրանց։ Մի անգամ նկատեց, որ տիկինը կռթնեցավ յուր սպասավորի թևքի վրա, և այնպես երկար գնում էին, բաժանվեցան միայն այն ժամանակ, երբ լսեցին մերձեցող կառքի ձայնը։ Գուցե կինը հոգնել էր, գուցե նրան մի փորձանք էր պատահել, մտածում էր Սերգեյ Եգորիչը և կամենում էր բոլորովին մոտենալ, բայց չէր համարձակվում։ Չէր համարձակվում նրա համար, մի՛ գուցե յուր հանդիպումը երևան հաներ մի շատ անախորժ գաղտնիք, որ արդեն սարսափեցնում էր նրան։

Թափառական զույգը, զանազան հետ ընկած փողոցներով մի մեծ պտույտ տալուց հետո, նոր մտավ այն փողոցը, ուր գտնվում էր Աղա-Պարոնովների տունը։ Սերգեյ Եգորիչը այդ ժամանակ միայն կանգ առեց և հեռվից այնքան նայեց, մինչև դռները բացվեցան և նրանք ներս մտան։

Նա տուն չգնաց, իսկույն հետ դարձավ։ Մոտեցավ մի լապտերի, նայեց ժամացույցին։ Ժամը երկուսն էր արդեն։ Ճանապարհին նրան պատահեց յուր խոհարարը, որ սովորություն ուներ շաբաթ գիշերները ընտանյաց մոտ գնալու։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց նրանից։

— Տուն, պարոն,— պատասխանեց խոհարարը, գլխարկը առնելով և այնպես բաց գլխով կանգնելով։

— Ի՞նչու այդքան ուշ։

— Աղջիկ-պարոնը հրամայել էր, որ սպասեմ, մինչև ինքը կվերադառնա։

— Ո՞ւր էր գնացել աղջիկ-պարոնը։ Վերադարձա՞վ։

— Վերադարձավ։ Գնացել էր Նատոյենց տուն։

— Լավ։ Հիմա դու կարող ես գնալ։

Խոհարարը գլխարկը ձեռին հեռացավ, երբ բավական անցավ, ծածկեց և ապա շարունակեց յուր ճանապարհը։

«Գնացե՜լ էր Նատոյենց տուն․..», մտածում էր Սերգեյ Եգորիչը, կրկնելով խոհարարի խոսքը։ Չէ՞ որ Նատոյենց տունը հենց նույն փողոցումն էր, ուր գտնվում էր և իրանց տունը։ Եթե կինը հրավիրած էր այնտեղ, դուրս գալուց հետո բավական էր մի քանի քայլ փոխել, և կհասներ իրանց տանը։ Այլևս ի՞նչ գործ ուներ հեռավոր և անհայտ փողոցներում։— Այդ միտքը սկսեց նորից տանջել Սերգեյ Եգորիչին։

Մեր ծանոթ քարվանսարան, որի մեջ գտնվում էր Աղա-Պարոնովի խանութը, բաղկացած էր մի քանի հարկերից։ Բոլորովին ներքին [ 284 ] հարկը ներկայացնում էր նրա ստորերկրյա ներքնատունը, որ մի առանձին ծածկամտությամբ ընկղմված էր գետնի խորքում, կարծես յուր կասկածավոր բովանդակությունը դրսի աշխարհից թաքցնելու համար։ Օրվա լույսը անզոր էր թափանցելու նրա բազմաթիվ մթին նկուղներում, որոնց մեջ՝ առանց ճրագների առաջնորդության՝ անհնար էր մտնել։ Զանազան ոլոր-մոլոր նրբանցքներ, ծածկված սևացած կամարներով, տանում էին դեպի այդ ստորերկրյա լաբիրինթոսի զանազան կողմերը, ուր թագավորում էր մշտական մռայլը՝ մշտական փտության հետ։ Դա նման էր այն գետնափոր դամբարաններին, ուր մի ժամանակ պահվում էին մարդկանց կմախքները կամ զմռսած դիակները։ Իսկ այժմ դիակների փոխարեն պահվում էին այնտեղ վերին հարկերում գործող վաճառականների մթերքները։— Մի ամբարանոց, ուր դարձյալ ամբարված էր խավարի իշխանության խավար հարստությունը։

Ներքնատան մի մասը բռնել էր մի ասիական հյուրանոց։

Մի առանձին տարակուսանք էր հարուցանում, թե ի՞նչու այդ տարօրինակ հյուրանոցը խույս էր տվել լույս աշխարհից և ապաստան էր գտել գետնի խորքում։ Նա ոչ մի ընդհանուր սեղանատուն չուներ։ Ամբողջ հյուրանոցը բաղկացած էր մանր, միմյանցից անջատված օթյակներից, ուր հաճախորդները առանձնանում էին, և, դռները կողպելով, այնպես էին ճաշում։ Օդի և լույսի շարժում չկար այնտեղ։ Կար միայն մի մռայլ հասարակություն, որ ուրվականների նման խլրտում էին մթին խորշերում։

Ցերեկով մարդիկ ամաչում էին մտնել այնտեղ. հաճախում էին միայն գիշերով։ Հաճախորդների թվում կարելի էր գտնել ամեն տեսակ հասարակություն, որոնց խելքին փչում էր գոնե մի անգամ ասիական հյուրանոցում ասիական «քեֆ» անել։ Կերակուրները ասիական էին, սպասավորները ասիական էին,— ասիական էր և սոխի ու սխտորի անախորժ հոտը, որ փոքր-ինչ մեղմանում էր թամբաքուի կծու մուխից, որը լցրել էր բոլոր մուտքերն ու անցքերը։

Այդ հյուրանոցի գլխավոր հարմարությունը նրանումն էր, որ հաճախորդները միմյանց չէին տեսնում, որովհետև ամենի համար գաղտնի մուտքեր կային, ամենի համար առանձին օթյակներ կային։ Այդ էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր, թե ով ո՞ւմ հետ է «քեփ» անում։ Այստեղ պահպանվում էր մի տեսակ հարեմական դրություն, մի տեսակ կարգ, որ բոլորի համար նպաստավոր էր։

Կարծես մի ներքին ավանդություն, մի աներևույթ հարաբերություն [ 285 ] կար այդ հյուրանոցի և վերին հարկերում գտնվող խանութների մեջ։ Ամբողջ օրը յուր արշինով զբաղված վաճառականը մի առանձին բավականություն էր զգում, երբ գիշերը ներքևում ազատություն էր տալիս յուր կամքին և կրքերին։ Վերևում՝ ցերեկը անց էին կացնում փող որսալով, իսկ ներքևում՝ գիշերը անց էին կացնում սեր և հաճույք որսալով։ Վերևում դժոխք, ներքևում — Սոդոմ...

Օթյակների թվում կար մի առանձնացած և մեկուսացած սենյակ, որի դռները բոլոր այցելուների համար միշտ փակ էին։ Այնտեղ յուրաքանչյուր շաբաթ գիշեր հայտնվում էր մի պարոն, որ բանալին յուր հետ ուներ։ Մյուս բանալին պահվում էր հյուրանոցի տիրոջ մոտ։ Պատրաստ սեղանը ամեն շաբաթ գիշեր սպասում էր յուր սովորական հյուրին, որ գալիս էր, մի որևէ հյուր ևս յուր հետ քերելով։ Պատահում էր, որ նա ամենևին չէր գալիս, բայց սեղանը նշանակած ժամին պետք է անպատճառ պատրաստ լիներ։

Այս գիշեր նույնպես պատրաստ էր։

Այդ ամեն փափկություններով քնքուշացրած հանգստարանը սպասավորների լեզվում հայտնի էր անունովս «կարմիր սենյակ»։ Եվ իրավ, կարմիր գույնը նրա սարք ու կարգի մեջ մեծ տեղ էր բռնում։ Նա բոլորովին լուսամուտներ չուներ, բացի միակ դռնից, այնուամենայնիվ, չորեքկողմից պատած էր կարմրագույն կեղծ թավշի թանձր վարագույրներով, որ լայն ծալքերով առաստաղից իջել էին մինչև հատակը։ Այդ շռայլությունը ոչ այնքան զարդարանքի համար էր, որքան արգելք դնելու համար սպասավորների խորամանկ հետաքրքրությանը, որոնք սովորություն ունին պատերի կամ դռների մեջ աննկատելի ծակեր բաց անել գաղտագողի կերպով նայելու համար, թե ի՛նչ է գործվում ներսում։ Մի կողմում դրված էր ասիական թախտ, որ ծածկված էր գեղեցիկ գորգով։ Նախշուն մութաքաներն ու բարձերը իրանց պատշաճավոր տեղն էին բռնում թախտի վրա։ Հատակը պատած էր նույնպես նախշուն կապերտներով։ Վարագույրների միջից երևում էին զանազան պատկերներ՝ նկարված վառ գույներով, որ ներկայացնում էին մերկ կանայք խիստ հրապուրիչ դիրքերով ու ձևերով։ Նրանց թվում սխալմամբ ընկել էր Նապոլեոն 1-ի պատկերը։ Արհեստական ծաղիկներով պսակած փոքրիկ հայելին զարդարում էր փոքրիկ սենյակի ճակատը։ Տեղ-տեղ պատերի վրա նշմարվում էին մատիտով գրած արձանագրություններ։ Չնայելով ծառաների մեծ ջանքերին, որ գործ էին գրված նրանց եղծելու համար, դարձյալ կիսով չափ կարդացվում [ 286 ] էին։ Այդ արձանագրությունները նույն անհամեստ բովանդակությունն ունեին, որոնց նմանը կարելի է տեսնել «Մուշտալիդի» խուլ ճեմելիքներում դրված նստարանների վրա, կամ բուսաբանական այգու մենավոր հովանոցներում։ Պատի ժամացույցից քաշ ընկած ճոճանակը անհանգիստ կերպով շարժվում էր դեպի աջ և դեպի ձախ, և յուր մելամաղձական ձայնով ընդհատում էր տիրող լռությունը։ Նրա հետ շարժվում էին սև խափշիկի սպառնական բիբերը, որ Յագոյի աչքերով դիտում էր, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։

Օթյակում սպասում էր մի մանկահասակ կին։ Մի քանի անգամ մոտեցավ նա սեղանի վրա դրած ընտիր ճաշակելիքներին, մի քանի անգամ փորձեց գույնզգույն հոտավետ օղիները, որ մի առանձին հրապուրանքով ախորժակ էին հրավիրում, վերջը ձանձրացավ, և, մերձենալով պարսկական թախտին, ընկողմանեցավ նրա վրա։ Գեղեցիկ և վճիտ երկնքի նման կապուտակ աչքերը, որպես մի ախտաբորբոք կիրք և աշխույժ, թափառում էին օթյակի շուրջը։ Նայում էր դեպի հայելին, նայում էր պատկերների վրա։ Նրա ուշադրությունը գրավեց պատկերներից մեկը, որ ներկայացնում էր ո՛վ գիտե սուլթանի կանանոցի զարդը։ Փափուկ, մետաքսային օթոցի վրա հանգչում էր արևելքի գեղեցկուհին։ Նա արթուն էր, դեռ չէր քնած։ Հոլանի թևքը նեցուկ էր տվել սիրուն դեմքին, իսկ մտահույզ աչքերով խորասուզված էր յուր քաղցր հափշտակության մեջ։ Գլխի հարուստ գիսակները արձակ ծուփերով սքողում էին հրաշալի կուրծքի մի մասը միայն. մյուս մասը երևում էր որպես մի անդիմադրելի հրապուրանք, որի առջև ամենայն ջերմեռանդությամբ ծունր կխոնարհեցներ յուրաքանչյուր մահկանացու։ Մի ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհարի կոթը, որ մոռացված, ընկած էր կիսամերկ ազդրի վրա, և յուր փայլուն, գույնզգույն հյուսվածքով ծածկում էր մարմնի այն հրապուրիչ մասը, որը ծածկելու համար Եվան թզենու տերև գործ ածեց։ Սենյակը, որի մեջ հանգչում էր նա, դատարկ էր, ուրիշ ոչ ոք չկար։ Նրա դատարկությունը լցրել էին արևելքի անհուն ճոխությունները իրանց սքանչելի զարդարանքներով։ Մի կողմում դրած էր արծաթյա լվանալիքը, որ ամենայն հոժարությամբ սպասում էր մինչև յուր տիկինը քնե, արթնանա և ապա լվացվի յուր անուշահոտությամբ։ Մի կողմում դեռ մխում էր գոհարազարդ նարգիլեն, որ յուր երկար, օձապտույտ ծխաքարշով դրած էր նրա մոտ։ Մի անկյունում մեղմ ապակիներով նույնպես ծխում էր գեղեցիկ բուրվառը, և որպես սիրո և բորբոքման [ 287 ] անշեղ տոչորումն, յուր կնդրկային բուրմունքը տարածում էր դեպի գեղեցիկ սենյակի դատարկությունը։ Նույն բուրվառի նման ծխում էր և հարեմի գեղեցկուհու սիրտը։ Տխուր էր նա և անհանգիստ։ Կարծես մեկի մասին մտածում էր, սպասում էր․․․

Սպասում էր և նա, որ այժմ գտնվում էր «կարմիր սենյակում»։ Միայնակությունը ձանձրացրեց նրան։ «Անգործությունից չգիտեր ի՛նչ անել։ Միակ արարածը, որ զբաղեցնում էր նրան, այն լի փափկությամբ պատկերն էր, որի վրա նայում էր։ Հարեմի կնոջ հրապուրիչ դիրքը, պառկելու հեշտախտական ձևը դյուր եկավ նրան, մտածեց նմանվիլ: Նայեց գլխին։ Ի՞նչպես և ի՞նչով հորինել այն գույնզգույն ապարոշը, որ զարդարում էր նրա սիրուն գլուխը։ Նա յուր մազերն ևս արձակեց որպես նա արձակած ուներ, կուրծքը բաց արեց և ոսկեփայլ գիսակները սփռեց մերկ լանջաց և ուսերի վրա։ Այդ բավական նմանեցրեց, բայց ափսո՜ս, յուր մազերն ևս այնպես սև և այնպես գանգրահեր չէին, որպես նրանը։ Մնում էր ապարոշը։ Վեր առեց սեղանի վրա դրած սպիտակ անձեռոցիկներից մեկը, փորձեց, հարմար չգտավ։ Հետո վեր առեց յուր մետաքսյա շալը։ Փաթաթեց գլխին։ Դա շատ հարմար էր և մինչև անգամ սիրուն։ Թիկն տվեց թախտի վրա դրած մութաքաներին, ձեռքը դրեց ծնոտին և ընդունեց նույն դիրքը, որ նա բռնած ուներ։ Նայեց հայելու մեջ, որ քաշ էր ընկած հանդիպակաց պատի վրա։ Մի աննմանություն գտավ։ Նրա ոտները, սրունքները, մինչև ծնկներից բավական վերև, բոլորովին մերկ էին, իսկ իրանը՝ ծածկված շրջազգեստի երկար ծալքերի ներքո։ Բոլոր հաճույքը հենց այն մերկության մեջն էր։ Ինքն ևս կոշիկները հանեց, գուլպաները մի կողմ ձգեց և, շրջազգեստը վեր քաշելով, յուր մարմարիոնի նման ճերմակ ոտներին նույն գրավիչ ձևը տվեց։ Կրկին նայեց հայելու մեջ։ Մի թերություն ևս գտավ։ Նա ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհար, որ յուր լայն բացվածքով սքողում էր ծնկներից վերևի մասի մերկությունը։ Ինքը ևս վեր առեց յուր հովհարը, բաց արեց և նույն կերպով ձգեց յուր հոլանի ազդրի վրա։ Այժմ բավական նման էր։ Նայում էր հայելու մեջ և ինքն իրանով հիանում էր։

Գեղեցիկ լամպան, որ ծածկված էր վարդագույն լուսարգելով, սփռում էր յուր վարդագույն շառավիղները նրա հարուստ մարմնի վրա, և բենգալյան կրակի նման՝ երևան էր հանում մի կենդանի պատկեր, որ խիստ հազիվ անգամ ի ցույց է դրվում թատրոնների բեմի վրա։ Նույն վարդագույն լույսը, ցոլանալով «կարմիր [ 288 ] կարմիր վարագույրների վրա, ամբողջ շրջակայքը վառում էր վարդագույն լուսավորությամբ։

Դրսի դռան բանալին զգուշությամբ շարժվեցավ։ Լսեք նա ևս պահպանելով իր ծիծաղելի դիրքը, իրան ձևացրեց իբրև քնածդ: Ներս մտավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովը — Թիֆլիսի պատվավոր քաղաքացին և պատվավոր վաճառականը։


Նա դուռը կրկին կողպեց յուր ետևից և, մի ըղձալի ակնարկ ածելով «կարմիր սենյակի» շուրջը, ապա կամաց մոտեցավ պարսկական թախտի վրա կեղծ քնով ընկողմանած կնոջը։ Նայեց, և նրա կարճ խուզած շրթունքները շարմվեցան ինքնաբավական ժպիտով։ Մի քանի րոպե այնպես կանգնած, խորին հոգեզմայլությամբ նայում էր և մի թեթև շշունջ անգամ չէր հանում, մի գուցե նրան զարթեցնե և իրան զրկե այն հաճելի տեսարանից։ Լամպայի վարդագույն լուսավորության մեջ՝ ավելի սքանչելի կերպով երևան էին գալիս հարուստ մարմնի հրապուրիչ գծերը։ Կիսամերկ կուրծքը թեթև կերպով բարձրանում էր և մեղմ շնչառությունը թափանցում էր Սերգեյ Եգորիչի մինչև հոգու մեջ։ Նա դեռ շարունակում էր նայել։ Բայց երկար դիմանալ չկարողացավ, խոնարհվեցավ և կամաց համբուրեց մերկ ոտքի ծայրը։ Հետո անցավ դեպի գլխի կողմը։ Ձեռքը տարավ դեպի սիրուն կուրծքը, կամենում էր շոշափել, բայց վախենալով, կրկին հետ քաշեց։ Դժվար է նկարագրեջ այդ պառավ տարփածուի տարօրինակ շարժումները, նրա ախտաբորբոք դեմքը, թե ո՛րպիսի ծիծաղելի արտահայտություն էր ստացել։ Նա անդադար կռանում էր, կրկին պարզվում էր և հոտ քաշելով պտույտ էր գալիս պարսկական թախտի շուրջը: Այդ րոպեում նմանում էր նա մի կատվի, որ խորին հրճվանքով պտտվում է թակարդի մեջ ընկած մկան շուրջը, որ երեխաները զվարճության համար դնում են նրա առջև։ Սերգեյ Եգորիչը նույնպես անդադար թաթը մեկնում էր և կրկին հետ էր քաշում: Խորամանկ կինը դեռ պահպանում էր իր դիրքը: Նա կամենում էր փորձել Սերգեյ Եգորիչի սիրո աստիճանը և յուր մեջ ծիծաղել նրա հիմարություններով։ նա սկսեց կամաց շոշափել շառագունած երեսը։ Կոշտ մատնեքի խտտանքը իբր թե արթնացրին նրան, քնաթաթախ գլուխը վեր բարձրացրեց, ինչ-որ մրմնջաց և կրկին դրեց բարձի վրա։ Սերգեյ Եգորիչը զգուշությամբ անցավ ոտների կողմը և աչքերը զլած [ 289 ] սպասում էր, մինչև դարձյալ քնե։ Մերկ մարմնի վրա նայելը, այն ևս գեղեցիկ կնոջ փափուկ մարմնի վրա, մի աոանձին զվարճություն էր պատճառում ցամաքած սրտին։ Նա կրկին իր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց ոտներին։

— Թո՛ղ, մայրիկ... թո՛ղ, մի քիչ էլ քնեմ...— լսելի եղավ պատրվակյալ քնողի քնքուշ ձայնը:

«Նա կարծում է, որ իրանց տանն է, — մտածեց Սերգեյ Եգորիչը,— և պառավ մայրը հանգստություն չէ տալիս իրան»:

Սերգեյ Եգորիչի ծնկները արդեն սկսել էին դողդողալ։ Աթոռը մոտ քաշեց, նստեց պարսկական թախտի մոտ։ Անհամբերությունը դարձյալ սկսեց խռովել նրան։ Ձեռքը մեկնեց, կամենում էր բարձրացնել հովհարը, որ սքողում էր նրա մարմնի ավելի հրապուրիչ մասը։ Ձեռքը դողդողաց և իր ծանրությամբ ընկավ հովհարի վրա։ Անզգուշությունը իբրև, թե արթնացրեց քնած կնոջը։ Աչքերը բաց արեց և, տեսնելով Սերգեյ Եգորիչին, պառկած տեղից վեր թռավ, փաթաթվեց նրա պարանոցին։ Սերգեյ Եգորիչը գրկեց նրան և, նստեցնելով յուր մոտ, թախտի վրա, սկսեց ամենայն սիրով փայփայել գեղեցիկ գլուխը։ Նա կամեցավ հագնել։ Իայց Սերգեյ Եգորիչը արգելեց, ասելով.

— Ինչո՞ւ զարթնեցար, մի քիչ էլ քնեիր, այնպես լա՞վ էր. շատ լավ։

— Մի՜թե,— ծիծաղելով հարցրեց կինը։ — Ի՞նչ անեի, երկար սպասեցի, մինչև բոլորովին ձանձրացա։ Չգիտեի՝ ինչով զբաղվել։ Սկսեցի հիմարություններ անել։ Մտածեցի նմանվել այն պատկերին (նա ձեռքը տարավ դեպի պատկերը)։ Այնպես պառկեցի, քունս տարավ։ Նա կամեցավ գլխի ապարոշը արձակել, Սերգեյ Եգորիչը դարձյալ արգելեց, ասելով. — Ոչ, ոչ, այսպես թող մնա, այսպես ավելի գեղեցիկ ես երևում ինձ։ — Ասիական հյուրանոցում պետք է ասիական կերպարանք ստանալ, — նկատեց կինը, զիջանելով նրա խնդիրքին։ Սերգեյ Եգորիչին խիստ դյուր եկավ նրա զիջումը, մտածեց իսկույն ուրախացնել նրան։ Գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տալով հարցրեց.

— Դե իմացիր, ի՞նչ կա դրա մեջ: [ 290 ] — Մատանի է:

— Ոչ:

— Ժամացույց է։

— Ոչ:

— Քորոց է։

— Ոչ:

— Ապարանջան է։

— Իմացար, — ասաց Սերգեյ Եգորիչը և բաց արավ տուփը։ — Դրանք նույն ապարանջաններն են, որ դու տեսել էիր մի հայ վաշխառուի մոտ։ Գրավ էին դրված։ Տերը չկարողանալով փողը վճարել, թույլ էր տվել, որ ծախե:

— Ո՞րքանով գնեցիր։

— Շատ աժան։ Հինգ հարյուր ռուբլիով:

Ուրախացած կինը խլեց նրա ձեռքից թանկագին ընծաները և իսկույն հագավ բազուկների վրա:

— Ո՜րքան բարի ես դու, Սերգեյ Եգորիչ, — ասում էր նա, հիացմամբ նայելով խոշոր ադամանդների վրա:

— Քեզ համար ես ոչինչ չեմ խնայի, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը։ — Այդ ապարանջանները Վարանցովի ժամանակներում կրում էր մի վրացի իշխանուհի, երբ պալատում բալի էր հրավիրվում: Իսկ այժմ պետք է կրես դու:

— Թանկագի՜ն Սերգեյ Եգորիչ, աննմա՜ն Սերգեյ Եգորիչ, — կրկնում էր հիացած կինը։

Փոքրիկ սենյակում օդը լամպայի ջերմությունից սաստիկ բորբոքման մեջ էր։ Բորբոքման մեջ էր և Սերգեյ Եգորիչը։ Նա վեր կացավ, սերթուկը հանեց, մի կողմ դրեց, ժիլետի կոճակները արձակեց, շապկի թևքերը վեր քաշեց և այնպես մոտեցավ սեղանին, հրավիրելով, որ օրիորդն ևս նստե, մի բան ուտեն։

— Ինչո՞ւ այդքան ուշացար, Սերգեյ Եգորիչ, — հարցրեց օրիորդը, մոտենալով սեղանին։ — Որքան սպասեցի ես, որքան տխրեցի ես, մի խոսքով, փոքր էր մնում, որ լաց լինեի։

— Ճշմարի՞տ ես ասում, Սոֆի,— հարցրեց Սերգեյ Եգորիչը առանձին ուրախությամբ նայելով նրա երեսին։ — Մի՞թե այդքան կարոտել էիր ինձ։ Ոչ, սուտ ես ասում, Սոֆի։ Եթե մի փոքր ևս ուշանայի, երևի կգնայիր, չէիր սպասի ինձ։

— Չէի գնա, Սերգեյ Եգորիչ, աստված է վկա, չէի գնա։ Կսպասեի, մինչև լույս կսպասեի քեզ։ [ 291 ] Սերգեյ Եգորիչը մատով կամաց զարկեց նրա քթի ծայրին՝ ասելով.

— Շա՜տ լավ աղջիկ ես, Սոֆի։

Ախորժակը բաց անելու համար՝ մինը մյուսի հետևից խմեց նա երկու րյումկա օղի, իսկ օրիորդին առաջարկեց քաղցր և հոտավետ ըմպելիքներ, որոնց մի քանի տեսակը դրած էր սեղանի վրա: Ճաշելիքները նույնպես բազմատեսակ էին։ Սերգեյ Եգորիշր ընտրում էր անուշ պատառները և իր ձեռքով դնում էր նրա պնակի մեջ:

Սոֆիա Իվանովնան — այսպես էին կոչում նրան — արդեն իր հասակի երեսուն տարեկանին հասած, մի պառավ օրիորդ էր, ազգով ռուս։ Հայրը մեռավ բարակացավից, իսկ մայրը աղքատության կսկիծից։ Յուր կյանքի դեռ նոր ծաղկած Ժամանակը նա մնաց բոլորովին որբ և անխնամ, երբ դեռ նոր էր ավարտել ուսումը մի օրիորդական դպրոցում Անփորձ աղջիկը չգիտեր ի՞նչ անել, որ քաղցած չմնա։ Միակ եղբայրը նրան չէր օգնում, զբաղված էր թղթախաղով։ Հոր ծանոթներից մեկը, մի վաճառական, վեր առեց նրան յուր տանը, որպես դաստիարակ յուր փոքրիկ որդիների։ Իբր և վաճառական (որովհետև փող և հաց էր տալիս), աշխատեց նա օգուտ քաղել և օրիորդի միամտությունից։ Օրիորդը թողեց այդ տունը, բայց այն ժամանակ, երբ արդեն դժբախտացած էր։ Այնուհետև նա ընկավ ձեռքից ձեռք, մինչև հասավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովին։

Երկուսն էլ ուտում էին, երկուսն էլ խմում էին։ Բացի Կախեթու գինուց, դրած էին և եվրոպական գինիներ։ Բայց Սերգեյ Եգորիչը որքան խմում էր, փոխանակ ուրախանալու, այնքան ավելի տխրում էր։ նա չէր կարողանում մոռանալ յուր կնոջը և նրա գիշերային արշավանքը սպասավորների հետ։ Որքան մտածում էր, այնքան ավելի դժվարանում էր լուծել յուր համար բոլորովին անբացատրելի գաղտնիքը։ Կնոջ մասին կասկած չուներ նա, բայց չէր էլ կարողանում փարատել յուր տարակուսանքը, թե ինչու էր գիշերով թափառում նա այն խուլ և դատարկ փողոցներում, ուր ցերեկով անգամ օրինավոր մարդիկ ամաչում են մուտք գործել։ Օրիորդը նկատեց Սերգեյ Եգորիչի թախծությունը, մտածեց զվարճացնել նրան։ Բայց զվարճացնել կարելի էր միայն գինիով։ Սրտի և զգացմունքների քաղցրության համար բոլորովին բթացած էր նա։

— Ի՞նչպես են կոչում այն մարդուն,— հարցրեց նա — որ սեղանի վրա կառավարում է։ [ 292 ] — Դոլուբաշի։

— Դալիբաշի,— կրկնեց օրիորդը չմոռանալու համար:

— Դոլուբաշի,— ուղղեց Սերգեյ Եգորիչը:

Օրիորդը դարձյալ կրկնեց նույն արտասանությամբ։

— Միևնույն է՝ «դոլուբաշի» թե «դալիբաշի»,— նկատեց Սերգեյ Եգորիչը ժպտալով։— Երկուսն էլ միևնույն պաշտոնն են կատարում։

Օրիորդը չհասկացավ Սերգեյ Եգորիչի արտասանությունը։

— Բայց այն պայմանով,— ասաց նա,— որ «կենացները» մեր օթյակի սահմանից դուրս չպիտի անցնեն։

— Ի՞նչպես,— հարցրեց Սերգեյ Եգորիչը։

— Կամենում եմ ասել, որ այս օթյակը մի գեղեցիկ աշխարհ է, սիրո և զվարճության աշխարհ։ Ունի յուր բախտավոր և անբախտ արարածները, ունի յուր երևելի և աներևույթ ոգիները, որ թևատարած հովանավորում են այցելուներին։ Կխմենք նրանց կենացը։ Ես սկսում եմ առաջինից։ Նայիր դեպի այն պատկերը։

Սերգեյ Եգորիչը նայեց դեպի այն կողմը։

— Տեսնո՞ւմ ես, անտառ է։ Ծառերը դեռ պատած են վաղորդյան մշուշով։ Արևի առաջին ճառագայթները ոսկեջրել են մի կողմը միայն։ Մյուս կողմը դեռ ընկղմված է անսահման մթության մեջ։ Անտառի միջից աղմկելով վազում է լեռնային գետակը, արծաթափայլ ալիքները շողշողալով ժպտում են երկնային ճառագայթների առջև։ Մի խումբ գեղուհիներ լողանում են սառն ալիքների մեջ։ Ջուրը փրփրում է, ջուրը փոթորկվում է նրանց ուրախ խաղերից։ Դրանք անտառային հավերժահարսունք են, ծառերի և ծաղիկների ոգիներն են։ Մի քանիսը, այնպես կիսամերկ, գետից դուրս գալով, նրա ափերից ծաղիկներ ու կանաչներ են փնջում իրանց գլուխը պսակելու համար։ Մի քանիսը փունջերը ձգել են ջրի երեսին, ջուրը տանում է, և նրանք լողալով շտապում են, որ բռնեն։ Մի քանիսը քաշ են ընկած գետի եզերքը հովանավորող ծառերի ոստերից, պտուղներ են քաղում։ Նայի՛ր, ինչպես սքանչելի կերպով նկարված է այն մարմինը, որ ձեռքերը մեկնել է դեպի վայրենի շլորենու ոստը։ Նայի՛ր ուսերին, նայի՛ր սրունքներին։ Յուրաքանչյուր անդամը, յուրաքանչյուր մասը մերկ մարմնի, բովանդակում է յուր մեջ անսպառ երանություն։ Աչքդ դարձրու դեպի այն կողմ, ուր թուփերի մթության միջից հազիվ նշմարվում է մի գանգրահեր գլուխ։ Նա ընկած է կուրծքի վրա և ագահ աչքերով նայում [ 293 ] է դեպի լողացող գեղուհիները։ Աչքերը վառվում են և հեշտախտությունից բորբոքված շրթունքները ուռչում են։ Նայի՛ր նրա երեսին, որքան ուրախություն կա այդ մանուկ դեմքի վրա։ Դա մի սիրախնդիր պատանի է, անտառի որսորդ պատանիներից մեկը: Խմե՛նք նրա կենացը։

— Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

— Նայի՛ր դեպի մյուս պատկերը, — շարունակեց օրիորդը։ — Դրանից ես առի այն օրինակը, այն պառկելու ձևը, որին հանդիպեցար դու իմ քնած միջոցին։ Դա, ո՞վ գիտե, ո՛ր շահի, ո՛ր սուլթանի կանանոցի զարդն է։ Բայց տեսնում ես ո՜րքան տխուր է, ո՜րքան թախծալի է։ Կարծես բանտարկված լինի յուր անհուն հարստության մեջ։ Կարծես այն բոլոր գեղեցիկ պճրանքները նրան խեղդելու համար լինին հորինված, այո՛, նա մի անբախտ զոհ է, մի թշվառ գերի է յուր ոսկով ու մետաքսով զարդարած շրջապատի մեջ։ Տեսնո՞ւմ ես, մեկին սպասում է, ինչպես ես սպասում էի քեզ։ Դու եկար, ես ուրախացա։ Բայց ո՞վ թույլ կտա նրա սիրո և քաղցր երազների առարկային ոտք դնել կանանոցի անմատչելի շեմքի վրա։ Խմե՛նք այդ անբախտի կենացը։

— Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

— Նայի՛ր դեպի այն պատկերը։ Եդիպտոսի արևակեզ անապատների միջով, յուր սպիտակ նժույգի վրա նստած, անցնում է մի հերոս։ Նրա ետևից դնում են նրա լեգեոնները։ Հեռվից երևում են փարավոնների հսկա բուրգերը և մի քանի ֆենիքսյան արմավենիներ, որ իրանց երկար ու մերկ բուներով և փնջաձև կատարներով ցցված են անապատի դատարկության մեջ...

— Դա ո՞ւմ պատկերն է,— ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

— Նապոլեոն առաջինի։ Բայց գիտե՞ս ով էր Նապոլեոնը։

— Մեր բանկի դիրեկտորն է, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը։

Օրիորդը սկսեց ծիծաղել:

— Այդ թողնենք, — ասաց օրիորդը։ — Նապոլեոնը մի պատերազմասեր մարդ էր. ես չեմ սիրում խմել այդպիսի անձանց կենացը, որ միշտ արյունով են ողողում իրանց փառքը։ Ահա նրա պատկերի մոտ քաշ է ընկած մի այլ պատկեր։ Տիկինը պատրաստվել է, դուրս գալու։ Գեղեցիկ, սենեկային ծաոան մի ձեռքով տալիս է [ 294 ] նրան հովանին, իսկ մյուս ձեռքի մատով շոշափում է յուր տիկնոջ սիրուն այտերը։ Լուսամուտից գաղտագողի կերպով նայում է աղջիկը, ու ձեռքով համբույրներ է ուղարկում յուր մոր տարփածուին։ Նրան տեսնում է ծառան և ամենայն բավականությամբ ժպտում է։ Խմե՞նք այդ բախտավորի կենացը։

— Ես չեմ խմի, — ասաց Սերգեյ Եգորիչը հրաժարվելով։

— Ինչո՞ւ,— հարցրեց օրիորդը։

— Մի ծառա, որ այնքան լրբություն ունի, որ սիրահարվում է յուր տիկնոջ վրա և միևնույն ժամանակ սիրում է նրա աղջկան,— ես շեմ խմի մի այդպիսի անզգամի կենացը։ Սերգեյ Եգորիշը մտաբերեց յուր կնոջը և ծառային։ — Ինչո՞վ է մեղավոր ծառան,— պատասխանեց օրիորդը,— երբ տիկինը ինքն է սովորեցնում նրան այգ լրբությունը։ Վերջապես, այս քաղաքում մի բոլորովին բացառիկ երևույթ չէ, որ օրիորդները իրանց առաջին սիրահարությունը սկսում են ծառանեբից, իսկ տիկինները զվարճանում են իրանց ծառաներով, կարծելով, թե դրանք ավելի խորհրդապահ կլինեն, կամ նրանց ասածին ոչ ոք չի հավատա։

— Այդ դու ո՞րտեղից գիտես։

— Գիտեմ։ Շատ փաստեր գիտեմ։ Աամենո ւմ ես, մի ըստ միոջե կպատմեմ, թև ի՞նչ պաշտոն են կատարում այն առողջ իմերել ծառաներր, մանավանդ հայ վաճառականների տներում, ուր ես դժբախտություն եմ ունեցել մուտք գործել։

— Մի՛ պատմիր, այգ մասին լսել անգամ չեմ կամենում,— ասաց Սերգեյ Եգորիշը, երեսը շուռ տալով։

Օրիորդը ուշադրություն չդարձրեց։

— Նրանցից մեկն էլ ձեր տանր կա,— նկատեց նա։

— Դու կարծո՞ւմ ես, իմ կի՞նը, իմ աղջի՞կը,...գսչեց Սերգեյ Եգորիշը, առանց խոսքը ավարտելու։

— Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ.․․

Սերգեյ Եգորիշը ձեռքը տարավ դեպի բորբոքվող ճակատը և մի քանի րոպե մնաց լռության մեջ։

Ոչ ոք այնպես պարզ և այնպես հանդուգն կերպով համարձակություն չունի տղամարդի երեսին զարկելու նրա ընտանեկան կեղտերը, որպես սիրուհին։ Դրանով նա կարծես կամենում է վրեժխնդիր լինել, կամենում է թեթևացնել այն հանցանքը, որ գործում է և ինքը։ Եվ այդ դեպքում, տզամ արդը ոչ ոքի առջև այնպես [ 295 ] զինաթափ չի չինում պաշտպանելու յուր ընտանեկան պատիվը, որպես սիրուհու աոջև, որովհետև ինքը ևս նույն մեղքի մեջն է գտնվում, որով դատապարտում են յուր կնոջը կամ աղջկան:

— Ինչո՞ւ ես վրդովվում, Սերգեյ Եգորիչ,— հարցրեց օրիորդը։ — Կինը առանց սիրո չէ կարող ապրել. դա նրա կենսական ամենամեծ պիտույքն է։ Երբ նա իր ամուսնուց բավականություն չէ գտնում, աշխատում է մուրալ օտարներից։

— Ինչպես դու,— ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

— Այո՛, ինչպես ես,— պատասխանեց օրիորդը դառնացած կերպով։— Բայց զանազանությունը նրանումն է, որ ես երբեք ամուսին չեմ ունեցել և այժմ չունիմ։

— Սիրեկաններ ունեցե՞լ ես։

— Ունեցել եմ։ Բայց ինձ հետ չէ կարելի համեմատել ոչ քո կնոջը և ոչ նրա ամբողջ դասակարգը։ Նրանց դիրքը, նրանց կոչումը զանազան խոչընդոտներ են հարուցանում նրանց առջև։ Իսկ աշխարհային կարգերը դնում են նրանց անխուսափելի դժվարությունների մեջ։ Իբրև բարձր շրջանի տանտիկիններ, ստիպված են հավասարների աոջև իրանց բարձր պահել։ Կամենում եմ ասել բարոյական երևալ։ Եվ կամա-ակամա ընկնում են ծառաների գիրկը։

— Ինչո՞ւ անպատճառ ծառաների գիրկը։ Եթե մի կին կամենում է անբարոյական լինել, կարող է ավելի լավին ընտրել։

— Նրա համար, սիրելի Սերգեյ Եգորիչ, որ փոքրիշատե ընտիր մարդկանց սերը գրավելու համար որոշ զարգացում, որոշ կրթություն է հարկավոր, որից զուրկ են ձեր կանայք։ Բացի դրանից, ընտիր մարդկանց առջև ձեր դռները միշտ փակ են: Դուք եվրոպական, այլ խոսքով, լուսավոր աշխարհի կենցաղավարության մեջ պահպանում եք մի տեսակ հարեմական դրություն և ձեր կանայքը պահպանում եք ծառաների հսկողության ներքո, ինչպես հին աշխարհը պահում էր ներքինիների հսկողության ներքո։ Բայց ներքինու և իմերել ծառայի մեջ մեծ զանազանություն կա։— Հիմա կխմե՞ս այդ բախտավոր ծառայի կենացը։ Նա ձեռքը կրկին մեկնեց դեպի վիճաբանության առարկա եղող պատկերը:

— Չե՛մ խմի,— պատասխանեց Սերգեյ Եգորիչը նախկին համասությամբ:

— Լավ, այդ թողնենք,— ասաց օրիորդը զարմանսում, թե ինչու յուր առաջարկությունը այնպես զայրացրեց Սերգեյ Եգորիչին:— Սկսենք մնացյալները։ [ 296 ] Նրանք խմեցին բոլոր մերկ և կիսամերկ կանանց կենացները, մինչև հասան մեկին, որ հայտնի չէր, թե ի՞նչ հիմարությամբ պանդոկատերր դրել էր մյուսների կարգում։

— Տեսնո՞ւմ ես այդ պատկերը, Սերգեյ Եգորիչ, դա ընկած և վերստին կանգնած կնոջ պատկերն է։ Մի ժամանակ նրա սիրտը լցված էր յոթ դևերով, իսկ այժմ հրեշտակներն ամենայն քնքշությամբ թևապարում են նրան։ Տխո՜ւր է նա, և որպես մի անմխիթար սգավոր, հերարձակ գլուխը խոնարհած, ողբում է ցավալի մահը այն էակի, որ, յուր աստվածային ձեռքը մեկնելով, դուրս քաշեց նրան ընկած դրությունից և կանգնեցրեց կնոջ ամենաբարձր արժանավորության վրա։ Խմենք այդ սիրելի կնոջ կենացը, որի օրինակը պետք է խրատական լինի մեզ բոլոր ընկածներիս։

— Ո՞վ էր նա, — հարցրեց Սերգեյ Եգորիչր բոլորովին սառնությամբ։

— Մարիամ Մագթաղենացին։

— Հա՛, Մարիամ Մագթաղենացի՞ն, — կրկնեց Սերգեյ Եգորիչր մի այնպիսի ձայնով, որ կարծես իրանց լվացարար Մարիամի մասին լիներ խոսքը։

— Ոչ, Մարիամ Մագթաղենացին,— ուղղեց օրիորդը Սերգեյ Եգորիչի սխալը։

Սերգեյ Եգորիչը արտասանեց դարձյալ նույն ձևով։

— Լսի՛ր, Սերգեյ Եգորիչ, մի ժամանակ, երբ ես դաստիարակ էի, վարժուհի էի, այն երանելի ժամանակներում, մի անգամ ինձ հրավիրեցին իբրև քննիչի օգնական մի օրիորդական դպրոցում, որ գտնվում էր քաղաքիս ամենաաղքատ թաղերից մեկում և պահպանվում էր բարեգործական օժանդակություններով։ Այնտեղ իշխում էր մի վարժուհի, որի մասին պատմում էին, թե զարմանալի ընդունակություն ունի աշակերտուհիների համար միշտ նորանոր պատիժներ հնարելու։ Մի անգամ մի փոքրիկ աղջկա երեսին մեղր էր քսել տվել և, թևքերը կապելով, կանգնեցրել էր դասատան մեջ այնքան ժամանակ մինչև ճանճերը հավաքվելով բոլորովին լիզել էին մեղրը խեղճ դատապարտյալի երեսից։ Դու երկու սխալ գործեցիր. նախ չիմացար, թե ո՞վ էր Նապոլեոն առաջինը, իսկ այժմ չես իմանում, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Աոաջին սխալը կներեմ քեզ, բայց, իբրև քրիստոնյա, պետք է գիտենաս, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Դու ինձ այն ասա, դոլուբաշին ունի՞ իրավունք ամեն տեսակ պատիժներ տալու։ [ 297 ] — Ունի:

— Ես քեզ կտամ այն հիմար վարժուհու պատիժներից մեկը, այստեղ մեղր չկա, բայց մի ուրիշ բան կքսեմ ես քո երեսին։

Սեղանի վրա դրած էր մի պնակով մածուն։ Սերգեյ Եգորիչը առանց մածունի ոչ ճաշ կուտեր և ոչ ընթրիք։ Օրիորդը վեր առեց մածունը և քսեց նրա երեսին։ Սերգեյ Եգորիչին խիստ ախորժելի թվեցավ օրիորդի կատակը։

— Այստեղ ճանճեր չկան, — ասաց նա, — հիմա ո՞վ պետք է լիզի այդ մածունը

— Ես, — պատասխանեց օրիորդը։

Սերգեյ Եգորիչը ուրախացավ։

Օրիորդը վեր առեց անձեռոցիկր և սրբեց նրա երեսը։

Երկուսն էլ արդեն հարբած էին, երկուսն էլ գտնվում էին հոգու այն տրամադրության մեջ, երբ խելքըը այլևս չէ իշխում կրքերին։ Նրանք խմել էին փոքրիկ սենյակի համարյա բոլոր առարկանների կենացը, սկսյալ պատկերներից, մութաքաներից մինչև...

Փոքրիկ սենյակում օդը այժմ ավելի խեղդուկ էր։ Լուսամուտներ չկային։ Պետք էր միայն դուռը բաց անել, փոքր-ինչ թարմ օդ ներս թողնելու։ Բայց դուռը բաց թողնել նրանք չէին ցանկանում։ Օրիորդի դեմքը թե՛ խմելուց և թե սենյակի տաքությունից բոլորովին շառագունել էր։ Սերգեյ Եգորիչը այժմ մի առանձին կարոտությամբ էր նայում նրա վրա։

Պատի ժամացույցը զարկեց երկուսը։ Ստորերկրյա հյուրանոցը այդ պահուն գտնվում էր յուր խորին, սանդարամետական ուրախության մեջ։ Ամեն կողմից լսվում էր մի խուլ դղրդյուն, որ նման էր կատաղի արբշռոտության։ Ամենուրեք տիրում էր մի խորհրդավոր իրարանցում, որ ծածկվում էր մթին խորշերում։ Մարդիկ ուրվականների նման հայտնվում էին խավար նրբանցքներում և դարձյաք անհայտանում էին։ Սոլոր օթյակները բռնված էին, և բոլորի դռները ներսից կողպված էին։ Նրանք կիսով չափ բացվում էին այն ժամանակ, երբ սպասավորներր զգուշությամբ մոտենում էին և կամաց բախում էին։ Այդ միջոցին միայն վարագույրի ետևից հայտնվում էր մի ձեռք և ներսից ընդունում էր սպասավորի բերած նոր ըմպելիքը կամ ուտելիքը:

Սերգեյ Եգորիչը կուշտ ուտելուց և կուշտ խմելուց հետո մի աոանձին բավականությամբ ձեռքը քսեց կոճակներից արձակ [ 298 ] փորին, կարծես փորձելու համար` արդյոք այլևս տեղ մնացե՞լ էր լցնելու, և ապա հեռացավ սեղանից, ձգվեցավ թախտի վրա։ Օրիորդը նույնպես հեռացավ սեղանից, նստեց կողքին։ Մի քանի րոպե լուռ նայում էր նրա երեսին, և նրա թախծալի աչքերում կարդացվում էին հետևյալ տխուր խոկումները, «Ո՜րտեղից ո՜րտեղ... ես ու՞ր, և այդ ամեն զգացմունքներից զուրկ ծերուկն ո՛ւր...դա ի՞նչ իմ զույգն է»...

Օրիորդը իսպառ փշացած չէր: Նրա մեջ դեռ մնացել էին շատ մաքուր և շատ անարատ կայծեր, բայց թաղված խորտակված սրտի մոխրի մեջ: Մի շունչ, մի հրաբորբոք շունչ բավական էր կրկին վառելու նրանց։ Եվ դա կարող էր լինել անկեղծ սիրո բարերար շունչը, որին կարոտ էր նա։ Բայց ամենքը խաբեցին, ամենքը դավաճանեցին նրան։ Ամեն ոք յուր սիրո խոստումներով մի ուժգին աքացի տվեց նրան, մինչև գլորվեցավ տիղմի մեջ, անբարոյականության անդունդը։ Այժմ նույն անդունդի մեջ էր գտնվում, մի ստորերկրյա կասկածավոր հյուրանոցի օթյակում, մի զզվելի վաճառականի կողքին, որի բոլոր արժանավորությունը բովանդակվում էր յուր ծանր քսակում: Վաճառական էր նա՝ այդ բառի լիակատար նշանակությամբ: Նա ամեն ինչ սովոր էր գնել փողով, մինչև անգամ գեղեցիկ կնոջ սերը:

Օրիորդը մտածեց կատակներ անել նրա հետ և, թևքով հենվելով արձակ կուրծքի վրա, սկսեց յուր քնքուշ մատներով խաղալ նրա գլխի կարճ խուզած, ալեխառն մազերի հետ:

— Ծերացա՜ր, Սերգեյ Եգորիչ, ծերացար դու,— անդադար կրկնում էր նա, փայփայելով յուր Կրեսոսի ճակատն ու գլուխը։— Ե՞րբ պետք է վերադառնա քո մանկությունը։

— Մազերս թող չսխալեցնեն քեզ, Սոֆիա Իվանովնա,— պատասխանում էր Սերգեյ Եգորիչը։— Ես դեռ չեմ ծերացել, սիրտս բոլորովին թարմ է մնացել, իսկ հոգիս՝ լի սիրով քեզ համար, միայն քեզ համար, Սոֆիա Իվանովնա:

Օրիորդի դեմքի վրա երևաց մի երկբայական ժպիտ։

— Ճշմարի՞տ ես ասում, միայն ի՞նձ համար,— հարցրեց նա, ավելի պինդ կերպով շոշափելով յուր պառավ հերոսի բորբոքված երեսը, որ շատ խմելուց բոլորովին աղյուսի գույն էր ստացել:

— Թո՛ղ որդիքս մեռնեն, թո՛ղ աստված ինձ տասը պատիժ տա, եթե սուտ լինիմ խոսում:

Այս երդումների միջոցին Սերգեյ Եգորիչը ձեռքը մեկնեց և, [ 299 ] օրիորդի գեղեցիկ գլուխը մոտեցնելով յուր շրթունքներին, համբուրեց և մի ինչ-որ խոսք փսփսաց նրա ականջին:

— Այդ չէ կարելի, Սերգեյ Եգորիչ,— ասաց օրիորդը, աշխատելով հեռանալ նրա մոտից:

— Ինչո՞ւ չէ կարելի,— թախանձում էր Սերգեյ Եգորիչը,— պինդ կերպով բռնած ունենալով նրա ձեռքից։

— Անամո՜թ մարդ...

Սերգեյ Եգորիչը ամոթից թե խղճի մի այլ խայթից մնաց ապշած, քարացած դրության մեջ, յուր թախտի վրա։

Օրիորդը շտապով հագնվեցավ և, բազուկներից դուրս հանելով այն գիշեր ընծա ստացած թանկագին ապարանջանները, նետեց «բարի» և «սիրելի» մարդու երեսին, և ապա կողպված դռները բաց անելով, դուրս փախավ:

Սերգեյ Եգորիչը դեռ գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Մոռանալով սերթուկը հագնել, միայն ծածկեց ցիլինդրը, և այնպես կիսամերկ, ժիլետի կոճակներն արձակ, վազեց անակնկալ փախստականի ետևից: Բայց արդեն ուշ էր։ Հեռվից, Երևանյան հրապարակի վրա, լսվում էր նրա սուր ձայնը «ֆայտո՜ն»...

Սերգեյ Եգորիչը չլսեց այդ ձայնը և յուր արբած դրության մեջ՝ դեռ այնքան տիրապետում էր իրան, որ մտածեց, որպեսզի իրան չտեսնեն, մի այլ ճանապարհով հետամուտ լինի փախստականին: Նա շտապեց անցնել հյուրանոցի այն կողմով, որ կոչվում էր «ետևի մուտք»: Այդ կողմումն էր խոհանոցը: Այդ կողմում թափված էին թե՛ խոհանոցի լափը և թե արբած բազմության ապականությունները։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում, միայն վազում էր։ Այդ տեսակ տեղերը սովորաբար վատ լուսավորված են լինում, իսկ այդ միջոցին, գիշերից բավական անցած լինելով, միակ լապտերը բոլորովին մարած էր։ Մի անկյունում, պատի մոտ, դրած էին հասասների ավելները, որ կապել էին երկար ձողերի գլխին: Առավոտյան նրանցով պետք է մաքրեին տիրող ապականությունը: Մթության մեջ Սերգեյ Եգորիչի ոտրը դիպավ ավելների խուրձին, և երեսի վրա ցած գլորվեցավ: Գլուխը սաստիկ զարկվեցավ սալահատակին, իսկ ցիլինդրը գլխից թռչելով ընկավ ապականությունների մեջ: Մի քանի րոպե մնաց նա ուշակորույս անշարժության մեջ: Հետո սկսեց թավալվիլ, անկարող լինելով կրկին վեր բարձրանալ։ Երկար տանջվում էր նա, երկար թավալվում էր, և միևնույն ժամանակ պատվավոր վաճառականի երեսը լողում էր մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած էր սալահատակի [ 300 ] վրա: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ, արբեցողներից մեկի փսխունքը, որ ներկված էր կախեթու կարմիր գինով:

Նրա հառաչանքը արթնացրեց պատի մոտ քնած հասասին, որ խարխափելով մոտեցավ և վեր բարձրացրեց ընկածին:

Հասասը ճանաչեց նրան։

— Այդ դո՞ւ ես, աղա,— ասաց նա և զարմացած կերպով սկսեց նայել քարվանսարայի ամենանշանավոր մարդու վրա։

(Ավարտ)
  1. Բնագրի մեջ հեղինակը գրքի խորագրի տեղը բաց է թողել։ Հրատ․։