Jump to content

Մինչև հաջորդ առավոտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԱՌԱՎՈՏ

Դրախտի գոյության ապացույցը միակ, դա
դժոխքն է։ Ինչ էլ որ նվագեն, թվում է,
թե ես Ուիլյամ Ֆոլքների
«Սեւ երաժշտությունն» եմ լսում։

Ես համաձայնում եմ լույսի հետ, -
թեեւ միշտ չէ, որ նա լույս է։
Ցավը` մկրտության ավազան, բուրում է
Հորդանան գետի մաքրությամբ։

Մութի մեջ արմատ լինել,
լույսի մեջ՝ ճամփա,
հույսի մեջ՝ ճամփորդ։
Մութի վրա իմ սպիտակ ոտնահետքերն են։

Թշվառություն՝ մահի ու ագռավի։ Միայն թե
լուսինը սպասի թփուտներում եւ, վռազելուց, չշարժի
տերեւները աղմուկով, ես աննկատ կհասնեմ քո պատուհանին։

Հեռու - նշանակում է՝
ճանապարհ։
Տղամարդ չտեսած,
կարոտի աղջիկներ,
գաղտնիքը հոգու մեջ հրեշտակ է,
հոգուց դուրս՝ սատանա։

Հետաձգելը սուտ է, որովհետեւ Գյոթեն, որքան էլ՝ Գյոթե,
այնուամենայնիվ, պահը կանգ չի առել եւ
Մեֆիստոֆելի քրքիջը մինչեւ հիմա ականջներիս մեջ է։

Դրախտի գոյության միակ ապացույցը
դժոխքն է։ Թեեւ լույսը բացվում է, բայց
գիշերն ամեն օր շարունակվում է մինչեւ հաջորդ առավոտ։
Ես լիովին մասնակցում եմ քարերի լռությանը եւ, այդպիսով, նրանց
մասնակից եմ անում իմ խոսքին։ Իսկ տիեզերքը, որ
սկսվում է ամեն կետից,
ոչ մի կետում չի վերջանում։ Երաժշտություն բացարձակապես
գոյություն չունի,
որովհետեւ ամեն ինչ երաժշտություն է։ Եվ ես միշտ դիմացից եմ գալիս։