Jump to content

Միք. Նալբանդյանը որպես պամֆլետիստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Միք. Նալբանդյանը որպես պամֆլետիստ

ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՄՖԼԵՏԻՍՏ

Միք. Նալբանդյանի «Երկու տողը»[1] թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ պամֆլետ է, ուղղված հայ կղերականության դեմ։ «Հասարակաց իրավունքի պաշտպանության» համար գրված այս պամֆլետի յուրաքանչյուր բառը իր ժամանակ ռումբի նման է պայթել, սարսափեցել կղերին ու ժամանակի կղերամիտ մամուլը («Պոլսի «Երևակը[2] Այվազովսկու[3] «Մասյաց աղավնին»[4] և այլն)։

Պամֆլետի առիթ ծառայել է հետևյալ դեպքը։ Պոլիս եղած ժամանակ Միք․ Նալբանդյանը տեղեկանում է, որ ոմն Պողոս վարդապետ[5] բռնաբարել է իր աղախին՝ վանեցի մի որբ աղջկա, ապա առևանգածին ամուսնացրել է «մանուկ փոքրավորի» հետ, հինգ հարյուր ղուռուշի համար պսակը լուծել, կնոջն ուրիշին տվել և շարունակել կենակցել նրա հետ։ Հղիանում է կինը, վարդապետը կապում է նրան, մերձիմահ ծեծում երիտասարդ կնոջը, կինը վիժում է, ապա ինքնասպան լինում[6]:

Մ. նալբանդյանը զայրացած՝ պահանջում է Պողոս վարդապետին դատի տալ[7]: «Երևակ» ժուռնալի 1861 թ. հունվարի համարում, նույն ժուռնալի «տեր և տնօրեն» Տերոյենցը[8] լուտանքներով լի մի հոդված է զետեղում Միք. նալբանդյանի բողոքի դեմ, անվանելով նրան «սոցիալիստ, կարմիր հասարակապետական, հերետիկոս և անհավատ»[9]։ Նրան ձայնակցում է Գաբրիել վարդ. Այվազովսկին «Մասյաց աղավնու» էջերում[10]։

Ոռնոց է ելնում կղերամիտների բանակում։ Գործադրում են բոլոր զենքերը՝ մամուլը, մատնությունը, պրովոկացիան և... եկեղեցական նզովքը, «այդ խավար դարերի խավար մնացորդը, ջախջախ եղեգը, որ շատ անգամ գավազան են կարծում ողորմելի՜ մարդիկ»[11]:

Եվ, որպես ծանր մեղադրանք, թշնամիները նրա երեսին են շպրտում Օուենի[12], Պրուդոնի[13], Ֆիհտեի[14], Կանտի[15], Հեգելի[16] և այլ «հերետիկոս» մարդկանց հետևող լինելը։ Այվազովսկի եկեղեցականն ավելի կտրուկ և կարճ միջոցի է դիմում և Ռուսաստանի ներքին գործոց մինիստրի առաջ ամբաստանում է Միք․ Նալբանդյանին որպես «անբարոյականի, ապստամբի և խռովեցուցիչ ժողովուրդյան»[17]:

Այվազովսկին առաջարկում է «օրենքի բովանդակ խստությամբ» Նալբանդյանին դատի տալ։ Ու թունոտ հեգնանքով Մ․ Նալբանդյանն ավելացնում է․ «Գուցե Այվազովսկին հայրական հոգածությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ... Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)»[18]։

Այս պրովոկատոր եկեղեցականը ցարական ժանդարմերիային մոտ մարդկանցից է եղել։ Մ. Նալբանդյանը հայտարարում է, որ Այվազովսկին իր «Մասյաց աղավնու» մեջ «ազատ է ամենայն բան գրելու, նաև զրպարտելու, նաև հայհոյելու, ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ[19], մյուս կողմից՝ մեր բոլոր գրվածքը քննվում են և, մանավանդ, խիստ, եթե հարաբերություն ունին պ․ Այվազովսքիին (ապացույցները մեր ձեռքում պակաս չեն)...»[20]։

Բայց և այնպես, 60-ական թվականներին Այվազովսկիների և նրանց շեֆ ժանդարմերիայի «հայրական հոգացողությունն» է հաղթում։ Այս տողերը գրելուց մի քանի տարի անց Միք․ Նալբանդյանի ջերմությունն ընդմիշտ սառչում է ո՛չ թե Սիբիրում, այլ Սարատովի նահանգի Կամիշին քաղաքում...

***

Միք․ Նալբանդյանի համար Տերոյենցի, Այվազովսկու և նմանների ոռնոցն է առիթ լինում գրելու իր պամֆլետ-պատասխանը՝ նշանավոր «Երկու տողը», որի մեջ բերած փաստերը բուռն զայրույթ և դժգոհություն են առաջացրել եկեղեցու դեմ։

Պամֆլետի հենց սկզբում նա շատ շտապ և կտրուկ ռադ է անում իր գլխից Տերոյենցներին ու նրանց արգումենտացիան՝ բերելով Չ․ Ֆոքսի[21] պատասխանն անգլիական մի լորդի․ «Սըր, ձեր նամակը ստացա[22]։ Այդ նամակը առջևս է այժմ, քառորդ ժամից հետո կլինի քամակումս, որի մասին շնորհ ունիմ տեղեկություն տալ ձեզ»։ Նալբանդյանը դիտմամբ է այսքան գռեհկացնում. Այվազովսկու և Տերոյենցի գրաբար լեզվով երկնամբարձ ոճով գրածի կողքին վերև բերված պատասխանը կատարյալ սենսացիա է, մի ապտակ, որի ձայնը շատ հեռվում էլ լսելի է։

Համառոտակի հիշեցնելով պամֆլետի դրդապատճառը՝ Մ. Նալբանդլանը զայրացած հարցնում է իրեն՝ Տերոյենցին. «Ի՞նչ բանով ավելի իրավունք ունի Տերոյենցի պատվելի դուստրը կամ ամուսինը, քա՛ն թե մի վանցի լլկված և բռնաբարված անմեղ աղջիկ, քա՛ն թե մի նահատակված կին, քա՛ն թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է Տերոյենցի վարդապետի ձեռքով և մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման»[23]։

Տերոյենցը և մյուսները դեմ են, որ «աշխարհական» մարդը քննե եկեղեցականի արարքը։ նրանք այդ համարում են հայոց եկեղեցու ոգուն հակառակ։ Կղերականները պարծանքով են հայտարարում, «թե նոցա արդյունքն է, որ հայոց ազգն ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին»[24]։

Միք․ Նալբանդյանը բուռն ցասումով, փրփրած, ատելությամբ բացականչում է. «Ո՛չ երբեք», ո՛չ բնավ...»։ Այդ արգումենտները «կարկատած աբեղայական խոսքեր են, որ ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում»[25]:

Ի՞նչ է եղել հայոց եկեղեցին, հարցնում է Մ. նալբանդյանը և քրքրում պատմությունը։

«Ո՛րտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական... Տերութենական լրտես՝ եկեղեցական», «մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից՝ եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող եկեղեցական...»[26]։ «Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում ենք ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ ստրկության մեջ հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության»[27]։

Հնում էլ եկեղեցին չի եղել «ազգի պահպանիչը»։ Պամֆլետն ավելի համոզիչ դարձնելու համար՝ Մ. նալբանդյանը պատմական էքսկուրսիա է անում, իրար ետևից շարում «ֆակտեր» այն մասին, թե հայ եկեղեցին չարաչար հալածել է Խորենացուն[28], նրան մահադեղ տալով սպանել, և դրանով էլ չբավականանալով` «ոսկերքը փորեց, հանեց գերեզմանից ու գետը թափեց»[29]։ «Ղազար Փարպեցուն»[30] աղանդավոր հռչակեցին, «ոտքը բոբիկ քշեցին վանքից... նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև հունարեն գրքերը, թեև մարդ չկար վանքում հունարեն կարդացող»[31]։

Պամֆլետի ցասումը հասնում է իր գագաթնակետին, երբ Մ.Նալբանդյանը մեջ է բերում 1860 թ. հոկտեմբերին էջմիածնում տեսած մի դեպքը. «Արյունով մկրտվածի» պատմությունն այժմ էլ դժվար է կարդալ առանց զայրույթի։ «Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ։ Մի առավոտ սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա պատճառն իմանալու։ Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարդիկն առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աշխատել։ Խեղճ և անպաշտպան հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստել, որովհետև նոցանից մինը, Կարապետ անուն, անպատկառապես և միանգամայն կատաղած՝ ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի։ Քիթը֊բերանը արյունաթաթավ, մազապուր փախավ դահճի ձեռքից ողորմելի պատանին...»[32]։

Ընթերցողի ատելությունն ու ցասումը եռման աստիճանին է հասցնում վերջին տողը այն մասին, թե այդ աբեղա—գազանը, որ եղել է պատանուն մկրտողը, երկրորդ անգամ թշվառ զոհին արյունով է մկրտում։ «Այդ հոգևորականություն չէ, այլ անարգ դահճություն...»[33]։

«Թող Տերոյենցը,— բացականչում է Մ.Նալբանդյանը,— կամեցածի չափ մաշտոցի խոսքերը քաշքշի...»[34], «Ազգը հոգևորների համար չէ...»[35], «և հասարակաց բողոքը լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը եկեղեցու բեմի վերայից չքանալու համար»[36]։

***

Նալբանդյանին քաջ հայտնի էր, որ այդ մթնոլորտում դժվար է աներկյուղ մնալ։ Նա չի սարսափում բանտից ու աքսորից։ Նրան սարսափեցնում է այն «հավիտենական լռությունը», մտքի այն լեթարգիան, որի մեջ պահել է եկեղեցին «վսեմական աքսորականին»՝ ազատությանը։

«Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան։ Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե, միգուցե, մինչև հայը կշտանա յուր մահվան քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև... Եղու՜կ ձեզ, Հայաստանի սարեր։ Այրարատից մինչև Տորոս ստիպված եք դուք հնչեցնել միայն հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակներին հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից»[37]։

Ո՞ւր է ելքը, հարցնում է Մ․ Նալբանդյանը և հայտարարում, որ ելքը խավարամիտ սկզբունքների և սոփեստական գաղափարների, պարզ ասած՝ հայ եկեղեցու քարացած դոգմաների պատնեշները փշրելու մեջ է։ Որպես նոր տրիբուն, Մ. Նալբանդյանն իր պամֆլետում կտրականապես պահանջում է «չբռնաբարել ուրիշի խղճմտանքը և սրտի ազատ խոստովանությունը»: Մ. Նալբանդյանն այստեղ հանդես է գալիս որպես «Հյուսիսափայլի» գաղափարախոսության արտահայտիչ և պահանջում է եկեղեցու ոտից մինչև գլուխ ռեֆորմը։ «Ավելի լավ է,— ասում է նա,— հերետիկոս և անհավատ լինել, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալ...»[38]

Ո՛չ մի զիջում, հաշտության և ո՛չ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»:

«Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը... գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա...»[39]։

Բայց այդ հինը դատապարտված է անկման, կղերականության «վերացականը և միստիքականը» ջարդվում է «իրական աշխարհի» երկաթե գավազանի անողոք հարվածների տակ։ «Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին, համբուրելով մի սևագլխի քղանցք կամ, շատ անգամ, <զոշաքաղությամբ և> պոռնկությամբ ապականված մի ձեռք...»[40]։ Ելքը և միակ ուղիղ ճանապարհը՝ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելն է[41], որին Մ. Նալբանդյանը նվիրվում է իր ողջ էությամբ։

«Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։ Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայը... ճնշված իր հարուստներից, իր հոգևորներից և կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից,— ահա այն հայն ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը... Եվ այս նպատակին հասնելու համար չէ պիտո ընկրկենք ոչ բանտի և ոչ աքսորի առջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրբել մեր արյունով...»[42]:

***

Այսպես է իր դիրքը որոշում Միք. Նալբանդյանը «Երկու տողում»։ Շատ կարճ ժամանակից հետո պամֆլետագիրը Պետրոպավլովսկի բերդում առիթ է ունենում մի անգամ էլ ապացուցելու, որ «հարստահարվածը, աղքատն ու մերկը» իր սրտին ավելի մոտ են, քան թե բռնակալների իշխանությունն ու հարուստների արծաթյա թումբերը։

Մոտ յոթանասուն տարի է անցել այն օրից, երբ Մ. Նալբանդյանը գրել է իր պամֆլետը, նրա գնահատականը եկեղեցու և կրոնի մասին մեզ ոչ մի դեպքում բավարարել չեն կարող։ Պամֆլետագրի լեզվով ասած՝ «անդարձ կերպով անցան այն ժամանակները», երբ պայքարը տարվում էր եկեղեցականների և ոչ թե կրոնի դեմ, երբ եկեղեցու «ոտից մինչև գլուխ ռեֆորմի» խնդիրն էր դրված։

Այժմ եկեղեցին հակահեղափոխության ֆրոնտում կարևոր մարտկոց է։ Մ. նալբանդյանի «հարստահարվածի, մերկի և աղքատի» շահը պահանջում է կրոնի ու եկեղեցու իսպառ վերացումը։ Իհարկե, ոչ մի աբեղա այժմ չի հանդգնի մշակին «արյունով մկրտելու»։ Բայց մնում է դեռ պայքարն՝ իսպառ անհետացնելու աբեղային էլ, նրա մկրտելն էլ։ Կրոնը դեռ կա, կրոնական ավանդությունները տեղ-տեղ մնում են: Սակայն, դրան զուգընթաց, Հայաստանի բանվորն ու գյուղացին սովորում են մարտնչող անաստվածներ դառնալ, շուտով մեզ մոտ հիմք է դրվելու հակակրոնական անդրանիկ համալսարանին։

Թո՛ղ հանգիստ ննջի Կամիշինի «վսեմական աքսորականը»[43]... Հորիզոնից ներքև անդնդասույզ գնում է հայ կղերականության լուսինը, և բարձրանում է «հարստահարվածի, մերկի ու աղքատի» արևը...

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43