Jump to content

Մի անգամ հոկտեմբերի 25-ին ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի անգամ հոկտեմբերի 25-ին ...

ՄԻ ԱՆԳԱՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ...

«Ավրորա»-ն խարիսխ էր ձգել Բալթիկ գործարանի առաջ: Ավելի հեռու «Իմպերատոր Պավել» հածանավն էր, նրա մոտ՝ նշանավոր «Վիոլա»-ն, որտեղ հուլիսյան օրերին Ցենտրոբալթիկ շտաբն էր, և ապա կազմերի մի ամբողջ անտառ օրորվում էր գորշ-կապարագույն ծովի վրա։

Ստեֆան Բորգան՝ «Ավրորա»-ի ծերունի նավաստին, վախտայի հերթապահն էր. նա ծծում էր ծխամորճը և անշարժ նայում քաղաքի կողմը: Արև էր, հյուսիսի սառն արև, որի սպիտակ շողերը հրդեհել էին Իսաակիի տաճարի գմբեթը։ Տախտակամածի պղնձե ճաղերը փայլում էին արևից։

Վախտայի կամրջակից նա դիտում էր քաղաքը։ Փողոցներում սովորական շարժում էր. կամուրջների վրայով անցնում էին տրամվայներ, ավտոներ: Չուխոնցի երկու նավավար, հասարակ նավակները տակառներով բարձած, հանդարտ թիավարում էին: Երբեմն երևում էին փոքրաթիվ զորամասեր, որ անհայտ էր, թե ո՞ւր էին գնում։ Կազակների մի էսկադրոն անցավ արքայական կամ արջի վրայով: Հեռվից նկատելի էր նրանց թրերի փայլը։ Եվ նույնիսկ նրանց երգը հին էր, կարծես Պիտերում ոչինչ չէր փոխվել։ Ամեն ինչ առաջվանն էր, ինչպես Նևան, ինչպես նրա գրանիտյա ափերը: Բորգան շրջվեց դեպի «Իմպերատոր Պավել» նավը, և նրա դեմքի վրա շողաց ժպիտը։ Ահա կայմերից բարձր ծածանվում է կարմիր դրոշը, առաջին կարմիր դրոշը, որ բարձրացրին Բալթիկ ծովի նավաստիները։ Եվ Բորդան հիշեց այն օրը, երբ լողացող սառույցները ձովի խորքը տարան միչման Բուլիչի արյունոտ դիակը։ Միչմանը հայհոյել էր կարմիր դրոշի առաջին պահակին, պահակը կրակել էր նրա վրա, և նրա ծանր մարմինն ընկել էր բորտից ներքև։

Վախտայի կամրջակի վրա ծանր քայլում էր Ստեֆան Բորգան, ծծում էր ծխամորճը և քթի տակ երգում էստոնական անուրախ «Ձասմա»-ն։ Ներքև՝ տախտակամածի վրա եռում էր նավաստիների սովորական առօրյան։ Ոմանք ավազով և ծանր խոզանակով լվանում էին տախտակամածը, մյուսները խաղում էին ոսկորներով, ոմանք թնդանոթների շղթաների մոտ կանգնած խոսում էին։

— Ասում են արդեն տպում են հայտարարություններ, որ իշխանությունը մեզ է անցնում։

— Իսկ Կերենսկին ֆրոնտից կազակներ է կանչել, երկու դիվիզիա․..

— Ձեռքերը կարճ են... Չի հասնի:

— Ախ, եթե մեզ ուղարկեին Ձմեռային պալատի դեմ, ես գիտեի ի՜նչ կանեի...

— Ի՞նչ կանեիր։

— Ես... Կանանց բատալիոնից տասը հոգու գերի կառնեի և, հասկանո՞ւմ ես... Մանավանդ այն հաստլիկ Ֆենյային։

Նավաստիները հռհռացին։ Նույնիսկ Բորգան, որ կամրջակից լսում էր նրանց զրույցը, ժպտաց։ Նա կամեցավ միջամտել խոսակցությանը, բայց նկատեց ծանոթ ավտոն, որ շրջվեց դեպի ափը, ուղիղ «Ավրորա »-ի դիմաց։ — Գալիս են,— կանչեց նա, և տրապը հանդարտ նստեց գրանիտի վրա։

Եկողները Ռազմահեղափոխական կոմիտեի և Կարմիր նավատորմիզի ներկայացուցիչներն էին։

* * *

Թանձր ծուխը լցվել էր կամարակապ սենյակը, որ նման էր գետնահարկ խուցի։ Ճրագը ծխի մեջ ավելի աղոտ էր լուսավորում, և նրանք, որոնք կռացել էին Պետրոգրադի քարտեզի վրա, ստիպված էին գործածել նաև մոմ և լուցկի, ավելի պարզ տեսնելու փողոցները, կառուցվող բարիկադները, կամուրջները, որ հարկավոր էր ըստ կարիքի բարձրացնել, և վերջապես շենքերը՝ փոստի, հեռագրատան, բանկերի, մինիստրությունների և մանավանդ զորանոցները, որ պետք էր անհապաղ գրավել։

— Ուրեմն նորից եմ հիշեցնում Ցեկայի կարգադրությունը,— խռպոտ ասաց Պոդվոյսկին,— առանց խուճապի, առանց երկյուղի... մենք պիտի բանտարկենք ժամանակավոր կառավարությունը, Կերենսկուն, գլխավոր շտաբը... Պետք է գրավենք Ձմեռային պալատը, այնտեղ են նրանք բոլորը: Պա՞րզ է...

— Պարզ է,— պատասխանեցին այս ու այն կողմից:

— Ընկեր Պոդվոյսկի, գիշերապահները կարո՞ղ են խարույկներ վառել,— հարցրեց մեկը։

— Դու էլ ինչի՞ մասին ես հարցնում,— կշտամբեցին նրան։

— Հանդա՛րտ, ընկերներ։ Ժամանակը թանկ է։ Խարույկ չվառեք, որովհետև տաքանալու համար կրակի մոտ կհավաքվեն զանազան քաղքենիներ, իսկ այդ հարկավոր չէ։

Անընդհատ ներս ու դուրս էին անում գնդացիրի ժապավեններ կապած և ձեռքի նռնակներով զինված նավաստիներ, բանվորներ, կարմիր գվարդիականներ։ Նրանք ծանրախոհ մտնում էին այս և այն սենյակը, որոնք միանման էին, ինչպես խուցեր, և հաղորդում էին լուրեր, ստանում հրահանգներ և զենք։ Բակում անընդհատ աղմկում էին մոտոցիկլետներ, ավտոներ. սուրհանդակների ձիերր դոփում էին փողոցներում։

Գալիս էին զորամասերի պատվիրակներ, որոնք հայտնում էին իրենց կամքը՝ կռվելու ապստամբող բանվորների հետ կողք-կողքի։ Ոմանք միայն չեզոքություն էին խոստանում։ Նրանք հեռանում էին ընկճված և իրենց հետ դեպի զորանոցներն էին տանում լուրեր ապստամբության մասին։ Երբեմն գիշերային հետախույզները տեղեկություններ էին բերում քաղաքի շրջակայքում թշնամու կասկածելի զորաշարժերի մասին:

— Իսկույն ուժեղացնել հսկողությունը կամուրջների վրա... Կարմիր գվարդիականներին ուղարկել երկաթաղու կայարանները... Զինաթափել «Աստորիայի» սպաներին։ Դիմադրության դեպքում անխնա եղեք։ Ընկեր Մոկշին, ստուգեցեք ժամանակը։

— Տասնմեկից տաս պակաս:

Եվ երկուսն էլ նայեցին ժամացույցներին:

— Տասներկուսին ինձ զեկուցեք, որ «Աստորիա»-ն մեզ այլևս չի խանգարի: Շտա՛պ։

Խավար միջանցքների քարերի վրա լսվեց սապոգների մետաղյա ձայն, ապա աղմկեցին երեք բեռնատար մեքենա, և զինված նավաստիների խմբերը սլացան դեպի «Աստորիա»:

— Ուրեմն օղակել Նևայից մինչև Մարսյան դաշտը, ապա Մոյկայից մինչև Մարինսկի պալատը։ Հրետանին խփում է պալատի հրապարակի ուղղությամբ։ Գրեցի՞ր, Վասյա... Հետո զրահապատները...

Բայց հանկարծ ներս մտավ մեկը, որին երկու ժամ առաջ ուղարկել էին շտապ հանձնարարության։

— Նրանք փակեցին դարպասները... Բայց պատուհանների վրա գնդացիրներ կան։ Սպասում են կոզակների երկու էսկադրոնի։

— Փակել Միլիոննի փողոցը և Նևայի գետափը մինչև կամուրջ։ Դադարեցնել տրամվայների երթևեկությունն այդ փողոցներով։ Զինաթափել էսկադրոնները, եթե մոտենան կամուրջին։ Ովքե՞ր են «Ավրորա»-ի հետ կապ պահպանողները։

— Ներկա են, — ոտքի ելան երեք երիտասարդ և մի ծեր նավաստի` Ստեֆան Բորգան։

— Կրեյսերը մոտեցնել կամրջին... Հետևել ազդանշանին և անհապաղ կրակել Ձմեռային պալատի կողմը: Քսան նավաստի ուղարկել ընկեր Անտոնովին՝ պալատի վրա արշավելու...

— ЕСТЬ,— ասաց Բորգան, առաջին անգամ՝ առանց կապիտանի: Դռան մոտ մեկն արագ նշանակեց նրանց ազգանունները և տրված հանձնարարությունը:

Մթին պալատների առջևով անխոս գնում էին չորս նավաստի։ Ցուրտ էր. ծովից փչում էր խոնավ ու սառը քամի, փողոցներում հատ ու կենտ լապտերներն օրորվում էին, և նրանց հետ օրորվում էին տների մութ ստվերները։ Կողպ էին դարպասները, պատուհանների փեղկերը, և ձայն չէր լսվում բարձր հարկերից։ Երբեմն նրանք հանդիպում էին զինված գիշերապահների, որոնք նշանաբանից հետո թողնում էին նրանց։

Փոթորկվել էր ծովը։ Վիթխարի ալիքները արշավում էին Նևայի հոսանքին հակառակ, գետն ուռչում էր, խփում ափերի գրանիտին: «Ավրորա»-ն բոլոր լույսերը հանգցրել և զգույշ լողում էր դեպի արքայական կամուրջը:

Միաժամանակ նավաստիները մթնում հանում էին թնդանոթների պղնձե երախակալները և նրանց պողպատյա փողերը դարձնում դեպի Ձմեռային պալատը...
***

Առաջին զրահապատները գրոհեցին Սենատի հրապարակից։ Նույն ժամին, տաճարի առաջ դաշտային հրետանին հրաման ստացավ կարճ ճանապարհով միանալ պուտիլովցիների զորամասերին։ Ապստամբ զինվորների զորասյուներն արշավում էին Մանեժի և Ինժեներական դղյակի կողմից։ Կարմիր գվարդիականները Ալեքսանդրյան այգուց գնդակոծում էին Ձմեռային պալատի դարպասները։

Պալատի ներսից և հարևան շենքերի կտուրներից գնդացիրային կրակով պատասխանում էին յունկերները։ Գնդակները շառաչով դիպչում էին ցուցանակների թիթեղներին, մայթի քարերին և աղմկով փշրում հաստ ապակիները։

Վախեցած քաղքենիները փակել էին դուռ ու լուսամուտ, նրանց հետևը շարել բարձեր, սեղաններ, գրքեր: Եվ դողում էին ահավոր երկյուղից. դողում էին, անիծում և աղոթում։

Մոտ երեք-չորս հարյուր հոգու մի բազմություն սպիտակ դրոշը բռնած մոտեցավ կարմիր գվարդիականների դիրքերին։

— Կանգնեցե՛ք,— և զրահավոր մեքենան դանդաղ մոտեցավ։

— Ճանապա՛րհ,— բազմությունից բղավեցին մի քանիսը։ Նրանց մեջ կանացի մի ձայն կանչեց ամենքից բարձր. — Մենք Պետրոգրադի Դումայի և հասարակական հաստատությունների ներկայացուցիչներն ենք և գնում ենք խնդրելու ժամանակավոր կառավարության, որ դադարեցնի այս արյունհեղությունը։

— Չկա՛ ժամանակավոր կառավարություն, նա տապալված է։ Կա՛ հեղափոխություն...

— ճանապարհ տվեք մեզ։ — Հեռացեք կամ ուրջից, թե չէ կրակում եմ։

— Ավազակներ, հայրենիքի դավաճաններ,— հիստերիկ ճիլով բղավեց այն կինը, որ կոմսուհի Պանինան էր...

— Հեռացեք կամուրջից,— և գնդացիրը կրակեց օդի մեջ։

— Հեռանանք, պարոններ... Տեղի տանք բռնության ուժին և աղոթենք աստծուն մայր Ռուսիայի փրկության համար,— երկյուղած ձայնով ասաց դավանության մինիստր Կարտաշևը։

Բազմությունը հետ նահանջեց։

— Կանգնի՛ր,— բղավեց երիտասարդ պահակը և ուղղեց հրացանը։ Մի ավտո կանգնեց։

— Իջեք ցած...

— Սա ի՞նչ անկարգություն է,— զայրացավ ավտոյի մեջ նստած պորտֆելով մարդը։

— Դուք պետք է ոտքով գնաք Սմոլնի,— հանդարտ պատասխանեց պահակը։— Իսկ մեքենան կմնա...

— Գիտե՞ք ես ով եմ,— ձայնը բարձրացրեց նա,— ես մինիստր Պրոկոպովիչն եմ... Ինչպե՞ս եք հանդգնում ձեռք բարձրացնել կառավարության անդամի վրա: Սա անկարգություն է։ Ձեր ազգանո՞ւնը, պարոն,— և գրպանից հանեց բլոկնոտը։

— Գնացեք Սմոլնի, այնտեղ ձեզ կասեն...

Եվ մինիստր Պրոկոպովիչր, որպես կալանավոր, ոտքով գնաց Սմոլնի։

Ժամը երեքից անց բոլոր զորամասերը հրաման ստացան. — Ուժեղացրեք գրոհը, գրավեցեք պալատը... Շուտով Իլյիչը ելույթ կունենա Խորհուրդում։ Բանտարկվածներին և գերիներին ուղարկել Սմոլնի։ Ձմեռային պալատը գրավող առաջին կոմիսարին հրամայում եմ անմիջապես ներսը սահմանել խիստ կարգ և առանց խուզարկության ոչ ոքի դուրս չթողնել։ Հրամանից hինգ րոպե հետո հանկարծ որոտացին «Ավրորա»-ի թնդանոթները` մե՛կ, երկու, ապա որոտացին Պետրավլովկայի կողմից։ Դաշտային հրետանին, որ արդեն մնացել էր պուտիլովցիներին, հրապարակից զարկեց արքաների ձմեռային տան դարպասներին։ Լսվեց մի հուժկու ուռռա, և բոլոր փողոցներից արշավեց զինված բազմությունը։

Ձմեռային պալատում գնդացիրները լռեցին։

Նավաստիների և կարմիր գվարդիականների մի զորասյուն խիզախ գրոհով մտավ բակը և ռումբերը պատրաստ բարձրացավ մարմարյա սանդուղքներով։ Առաջին գրոհայինների մեջ էին «Ավրորա»-ից տասնյոթ նավաստի, որոնց թվում ծերունի Ստեֆան Բորդան։

Գրոհողները մեծ եռանդով փնտրում էին Կերենսկուն:

Արդեն բանտարկել էին ժամանակավոր կառավարության անդամներին, զինաթափ էին արել յունկերներին և շարքի էին կանգնեցնում նրանց պալատից դուրս տանելու,— սակայն բանվորների և նավաստիների առանձին խմբեր Ձմեռային պալատի բազմաթիվ սենյակներում և ներքնահարկում դեռևս փնտրում էին անփառունակ «Բոնապարտին»։

Մեկը հանկարծ ներքևից կանչեց. — Բռնել ենք, բռնել ենք...

Մի քանի նավաստիներ Ստեֆան Բորգայի հետ միասին ներքնահարկի մութ միջանցքում բանտարկել էին երկու հոգու սև վերարկուների մեջ փաթաթված,— և ոգևորված գոռում էին, դղրդացնելով կամարները։

Կոմիսարը նրանցից վկայական պահանջեց։

Ծերունի նավաստու սուր աչքը սև վերարկուի տակ տեսավ էպոլետի ոսկե երիզը։ Նա հետ քաշեց վերարկուի օձիքը: Նույն րոպեին կոմիսարը կարդաց նրա վկայականը. — Գեներալ-մայոր Բագրատունի, Պետրոգրադի մարզի շտաբի պետ... Ստեֆան Բորգան պոկեց գեներալի բրաունինգը և ոսկեզօծ էպոլետները։

Իսկ դրսում, Ձմեռային պալատի բակում, լսվում էր հոմերոսյան քրքիջ։ Հռհռում էր զինված բազմությունը, ծիծաղում էին և սրախոսում։

Զինաթափ էին արել Կերենսկ ու վերջին հույսը՝ կանանց բատալիոնը։ Նրանց շարքի էին կանգնեցրել և սպասում էին հրամանի՝ որևէ տեղ տանելու։

— Նու, Ֆենյա, հանիր բրյուկդ։

— Իսկ էն տյոտյան նրանց հրամանատարն է:

— Ախ դուք Կեբենսկու հարսներ... Գնանք մեր զորանոցները...

Կոմիսարը կարգադրեց առանձնացնել կանանց բատալիոնը։ Ապա հարցրեց.

— Ո՞ւր ուղարկեմ ձեզ...

— Ընկեր կոմիսար, նրանց ուղարկիր իրենց կազարման... Այնտեղ նրանք սնդուկների մեջ կունենան իրենց դեյրաներն ու կոֆտաները: Կհագնեն և կկորչեն տները,— միջամտեց Բորգանը:

Մեկը բղավեց:

— Պատգամավորները դեպի Խորհուրդների շենքը...

Ստեֆան Բորգան հեգնանքով նայեց գերի ընկած կանանց և հեռացավ։ Իսկ մյուս նավաստին չդիմացավ գայթակղության և ծածուկ կսմթեց Ֆենյայի հաստլիկ թևը...

Պետրոգրադի Խորհրդի նիստի ժամանակ անսպասելի կերպով ներս մտավ գորշ վերարկուով մի մարդ: Նա մի վայրկյան նայեց ոգևորությունից հուզված պատգամավորների բազմությանը, որոնց վրա թանձր ծուխը ծփում էր, և օրորվում էին ջահերի ոսկե ժանյակները։ Գորշ վերարկուով մարդը նայեց մի վայրկյան, ապա հաստատ քայլերով մոտեցավ ամբիոնին։ Դահլիճում աղմուկը դադարեց։

— Ընկերներ,— զրնգաց նրա ձայնը,— բանվորական և գյուղացիական հեղափոխությունը, որի անհրաժեշտության մասին միշտ ասում էին բոլշևիկները, կատարվեց ․.. Ճնշված մասսաներն իրենք են ստեղծում իրենց իշխանությունը... Այսօրվանից սկսվում է պատմության մի նոր շրջան...:

Դահլիճը դղրդաց ծափերի որոտից, և նույն րոպեին Ծովային շտաբի գավիթից, «Ավրորա» կրեյսերից և Պետրոպավլովկայի հեռուներից ողջունեցին թնդանոթները, գործարանների հազարավոր սուլիչներն ահեղագոչ արձագանքեցին, և արձագանքը, որպես նոր պատգամ, սլացավ քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ...

— Այսօրվանից ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդներին ...

Խոսում էր Լենինը։