Jump to content

Մի բան պիտի ասվեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՍՎԵՐ


Հասկանում-ըմբռնում եմ
արեւը՝ դաշտի մուգ-կանաչ
շշուկներում։ Ծառի
ջարդված ճյուղը վթարի
ենթարկված կամուրջ է։
Ճահճացել է երկնքի
կապույտը, եւ մի աստղ, ինչ
անի-չանի, չի կարողանում
ոտքն այնտեղից դուրս դնել։

Դարձերես, դիմերես լույս,
տեսնես ինչո՞ւ է Մուշեղ
Գալշոյանը իր մահկանացուն
կնքել այնքան վաղ, կամ՝
այդ ինչ լարում էր ձգանի մեջ։

Մի բան պիտի ասվեր, բայց
ի՞նչ։ Լսում ենք խոտերին, կամ՝
չենք լսում։ Ահա ամբողջը։