Մի գերդաստանի պատմություն/Հեղինակի կողմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՐԾԻՔ Մի գերդաստանի պատմություն

Ազիզ Թամոյան

ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

«Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան Թուրքիայում։ Մի գերդաստանի պատմություն» պատմավավերագրական-փաստագրական ուսումնասիրության մտահղացումն իմ մեջ ծագել է շատ տարիներ առաջ, որի իրագործման համար հարկ է եղել ոչ միայն ծանոթանալ հրապարակի վրա եղած գրավոր աղբյուրներին ու հիշատակարաններին, այլեւ անձնական շփումներ ունենալ տեղեկատու աղբյուրի դերում հանդես եկող տասնյակ ու հարյուրավոր մարդկանց հետ՝ պատմական ու ազգագրական կարեւոր նշանակություն ունեցող կնճռոտ հարցերը ճշտելու, 1915 թվականի Եղեռնի սարսափները, հասարակական կյանքում առանձին անհատների էական դերակատարումներն իրատեսորեն վերհանելու համար։ Ընդ որում, հանձին Ղազոյե Ռամոյի գերդաստանի ու նրա հետնորդների, ես իմ առջեւ նպատակ եմ դրել նրանց միջոցով, որպես եզդի անհատների կատարյալ ներկայացուցիչների եւ ազգի համար եռանդուն ու նվիրյալ ժառանգներ պարգեւած մեծ անհատների՝ անդրադառնալ պատմությունների, որոնք, իմ խորին համոզմամբ, անգնահատելի մեծ դեր ու նշանակություն կարող են ունենալ ինչպես այսօրվա մարդկանց, այնպես էլ եզդի ժողովրդի ապագա սերունդների ճշմարիտ գոյատեւման, ազգային ավանդությունների պահպանման եւ ազգի մեծերի պատվիրանները սրբությամբ կատարելու համար։

Այն նպատակները, որ սույն աշխատության մեջ դրել են իմ առջեւ, շատ սրտամոտ են եզդի ժողովրդի ամենատարբեր խավերի ներկայացուցիչների համար։ Եվ, եթե տա Աստված, իրականանան գրքի հետ կապված հույսերս, այն է՝ իմ մեկնաբանություններով սերունդներին ներկայացնել առանձին օրինակի դերն ու նշանակությունը, ես ինձ բարոյապես լիովին բավարարված կզգամ։