Jump to content

Մի գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԻ ԳԻՇԵՐ.


Ես անյոյս մինչև լոյս նստեցի
Լերկ ու մերկ ժայռերի գագաթին,
Քեզ, Մանտաշ, սրտամաշ դիտեցի–
Տեսայ քեզ ցաւակէզ, սև, մթին:

Մտածկոտ ու ծաղկոտ քո կրծքին
Ծեր Մորփէն դալկադէմ կը շրջէր.
Քո հոգուն՝ միշտ անքուն, ցաւագին,
Զով քամին իր մեանին կը սուլէր:

Կարկամած Արագած վերևից,
Ա՜խ, կուլար միալար ու տրտում,
Իր բոլոր հին ու նոր ցաւերից
Կ’ոլորէր սև ամպեր զենիտում:

Ես տեսայ ադամայ մութն իջաւ.
Լուռ հանգան լուսնկան, ջինջ աստղեր
Եւ կաթ-կաթ շաղակաթ ցողն իջաւ,
Դողացին, տեղացին վառ շողեր:

Ես տեսայ ամպի պէս վեր ելան
Անփրկանք տառապանք քո սրտից.
Քեզ ժպտաց լուսաբաց վաղօրդեան
Բոլորակ-արեգակ լեռներից:

Պճնուած, յոյս առած դու վստահ.
Գգուեցիր լայն, անծիր եթերին.
Ա՜խ, այդպէս, մանկան պէս կըժպտայ
Շղթայուած ու խափուած խեղճ գերին:

Ես երկա՜ր վշտահար նստեցի
Լերկ ու մերկ ժայռերի գագաթին.
Քեզ, Մանտաշ, սրտամաշ դիտեցի
Խոկերով, մտքերով՝ սև, մթին...