Մի թարգմանության առթիվ
ՄԻ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅԱՆ ԱՌԹԻՎ
Գյուղատնտեսական գրականությունը մեզանում զգալի ծավալվում է․ եղած հրատարակչական մարմիններին ավելացել է և մեկը՝ Հողժողկոմատը, որ գուցե հետագայում կարևոր մասն է առնելու իր վրա` գյուղատնտեսական գրականության։ Մի թերի կա, որ, ըստ հնարավորության, պետք է վերացնել. եղած գրքույկների 90 տոկոսը թարգմանություն է, ըստ մեծի մասի` ռուսերենից։ Ճիշտ է, աշխատում են «հայացնել», հարմարել մեր պայմաններին ու գյուղացու տնտեսության, սակայն շատ քիչ դեպքում է այդ լրիվ հաջողվում։ Լավ թարգմանած գրքերի արժեքն իմացվում է այն ժամանակ, երբ այդ գիրքն ընկնում է գլխավոր ընթերցողի՝ գյուղացու ձեռքը։ Այդ դեպքում ավելի շուտ է երևում գրքի թերին կամ առավել կողմը։
Գյուղատնտեսական մեր գրականությունն աստիճանաբար նվաճումներ է կատարում գյուղում, նույնիսկ շատ հեռու անկյուններում։ Եվ մեր գրքույկներն ավելի ուշադիր պիտի թարգմանել ու կազմել, որ գյուղացին համոզվի, նրան մատչելի լինի գրքում գրածը։
Շատ հաճախ է պատահում կազմակերպել գյուղատնտեսական զրույցներ, նաև ընթերցում։ Գյուղացիների համար կարդում եք մի գրքույկ (իհարկե, գյուղատնտեսական) և մեկնում։ Հետո հարցեր են տալիս, գրքի պակաս-պռատը լրացնում։ Եվ այդ բոլոր խոսքերն ու նկատումները դարավոր փորձից են, անթիվ սերունդների դիտումից։ Դրա համար էլ նոքա արժեք ունեն։
Նման թարգմանություններից է և Ա. Յուրմալյատի գրքույկը «Հորթերի կերակրելն ու խնամքը» (32 էջ), ագիտբաժնի № 7 սերիայի գրքույկներիցս[1]։ Խմբագրողը՝ ընկ․ Խ. Երիցյանը, և թարգմանիչը՝ Ա. Աթայանը, հայացրել են, բայց ոչ այնքան հաջող։
Մեր գոմերը ձմեռը տաք են լինում, նրանց գլխավոր պակասը լույսի բացակայությունն է։ Գրքույկում գոմի տաքության վրա ավելի շատ է ուշք դարձրած (ինչպես բնագրում), իսկ ոչ մի խոսք չկա լուսավոր գոմերի առավելության մասին։ Ընթերցող գյուղացու համար մի ծանոթություն էլ պիտի դնել, թե այդ վերաբերում է Ռուսաստանի գոմերին։
Ամենևին պարզ չէ, թե ո՞րն է «չոր հարդը» (ծղնոտ) (եր․6) և դարմանը։ Թարգմանիչը շփոթել է դարմանը (հարդ) «քյուլաշի» (ծղնոտ) հետ։ Թարք» (եր. 10) ասում են միայն ձիու համար. թարքը մարմնի մասի անուն չէ, ուրեմն և շատ անտեղի է գործածվում։ Գյուղացին ծիծաղում է, երբ կարդում է հորթի «թարքի» մասին։ Գոմի օդահանության համար եղած խողովակի նկարագիրը անասելի խրթին է, բնագրում նկարը կա, որ շատ է օգնում հասկանալու։ Եթե հնար չկար այդ նկարն արտատպելու, ավելի լավ կլիներ, որ այդ պարբերությունը կրճատվեր, մանավանդ որ գոմերի այդ ձևի օդահանումը շատ հարցական է մեր գյուղերում։
Հորթին չեն «թիմարում» (եր. 13), այդ էլ անսազական մի բառ է, սարքովի մի խոսք: «15 արշին հատակին 1 արշին լուսամուտ ընկնի» պարբերության մեջ մոռացված է քառակուսի բառը։ Արդյո՞ք մի քիչ վաղաժամ չէ մեզ համար «ամեն ամիս հորթին պետք է տաք ջրով ու կանաչ սապոնով լվանալու» խորհուրդը այն ժամանակ, երբ գյուղացու մարմինը տարիներով տաք ջրի երես չի տեսնում։ Նման առաջարկը, որքան էլ գիտականորեն հիմնավորված լինի, ընթերցող գյուղացուն խրտնեցնում է գրքույկի մեջ եղած շատ օգտակար և, որ գլխավորն է, հենց այսօրվա մեր գյուղին մատչելի արժեքավոր խորհուրդներից։
«Առաջին կաթը կոչվում է «դալամա» (դալ) (եր․ 14). նույն էջի ծանոթության մեջ ասված է, որ մեր մի քանի գավառներում առաջին կաթին «խիժ» են ասում։ Այդ այնքան էլ ճիշտ չէ, «դալման» առաջին կաթը (որին Զանգեզուրում «աղուզ» են ասում) եփելուց հետո են ստանում, իսկ «խիժը» կամ «խեժնը» (Զանգեզուր)՝ առաջին կաթը մակարդելուց։ Քանի դեռ որոշ տերմին չկա, ավելի լավ էր գործածել միայն «առաջին կաթ», քան ընթերցողին մոլորեցնել ոչ ճիշտ տերմիններով։
Գրքի մատչելիությունն ավելի շահված կլիներ, եթե ասեին «հինգից մի մասը» («մի հինգերորդի», «կամ 1/2֊ի» փոխարեն. գյուղացին պարզ թվերը հազիվ է ջոկում)։ Նույն բանը կարելի է ասել և հորթի կերակրման աղյուսակների մասին (եր․ 19 և 21)։ Ո՞րն է «լափը» (երես 12. «...Չորրորդ ամսից լափը կտրում են»)։ Դրա փոխարեն կարելի ասել «կեր», և ոչ մի գյուղացի գլխի չի ընկնի, թե այդ լափել բայի արմատից է կազմած։ Շատ խրթին է «ստերժ կովեր» կոչվածը, այդ խոսքը եթե դուրս հանվեր, միտքը ավելի պարզ կլիներ։ Երես 20֊ում խոսվում է «զուգավորվելու» մասին, բայց հենց իսկույն շուռ տալիս՝ «բուղով գալու»։ Այս շատ լավ, հաջող և հասկանալի բառը միշտ պիտի գործածել և դեն ձգել «զուգավորվելը»։ Նման գրքից «բանվորացու» ցեղը դժվար է հասկանալ, լավ է ասել (ինչպես ասում է գյուղացին) լծկան կամ եզնացու։ «Մորթելու հորթի» (եր, 24) փոխարեն վատ չի լինիլ, եթե գործածենք «մսացու հորթ»։ Ո՞րն է «գարնան դարմանը» (եր, 24)։ Բնագրում ասվում է գարնանացանի դարմանի մասին, տարբերությունը խիստ զգալի է։ Ի՞նչ են ասում այդ սխալները կամա թե ակամա։
Այդ գրքույկների միջոցով մեր գյուղերում գյուղատնտեսական գիտելիքները հանրացնելուց բացի, մենք աննկատ, բայց շատ հաստատ ստեղծում ենք գյուղատնտեսական տերմիններ, ընդհանրացնում ենք այս կամ այն բառը և աստիճանաբար գրքի մեջ մտցնում այդ՝ իբր ընդունված ու ճշմարիտ։ Թարգմանելիս շատ անգամ ստիպված են լինում հնարել բառ, իրար կցել ու նոր խոսք ստեղծել այն ժամանակ, երբ մեր գյուղերում հազար տարիներ գործ են ածվում որոշ տերմիններ ու բառեր։ Շատ բաներից զուրկ մեր գյուղը այդ մի կողմից ետ չի մնում։ Բառեր շատ ունի նա պահած, բառեր, որոնք շատ ճիշտ տալիս են գաղափար այս կամ այն գործողության, հատկության, մարմնի մասի, բույսի և այլնի մասին։
Որովհետև մենք ստեղծում ենք և հանրացնում գյուղատնտեսական տերմիններ, վատ չէր լինի գյուղացու ունեցած փորձն օգտագործել։ Այդ գործն անելու միջոց ունենք։ Հարկավոր է կազմել յուրաքանչյուր ճյուղի այն բառերի ու դարձվածքների ցանկը, որոնց հայերենը դժվարանում ենք կազմել։ Այդ ցուցակը կուղարկվի մեր գավառական գյուղատնտեսներին, տեղերում հարցուփորձի միջոցով ստուգելու այս կամ այն բառն ու դարձվածքը։
Տեղական անուններն ու դարձվածքները հավաքելուց հետո այդ ամենը կարելի է ի մի գումարել, ջոկել ավելի շատ գործածականը և հարմարը ու աստիճանաբար հիմք դնել մի ժողովածուի՝ գյուղատնտեսական բառերի տերմինների հավաքածուի։
Այդ կլինի պարտադիր ամբողջ երկրի համար, միևնույն ժամանակ և անսպառ աղբյուր՝ գալիք գյուղատնտեսական գրականության համար: Այդ դեպքում էլ չեն կրկնվի անճիշտ թարգմանությունների դեպքերը, կհեշտանա գյուղատնտեսական գիտելիքների հանրացման գործը։
- ↑ 1