Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search

* * *


Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: