Jump to content

Մի կռունկ անցավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻ ԿՌՈՒՆԿ ԱՆՑԱՎ


Մի կռունկ անցավ։
Իմ մեջ հեռավոր
Մի ցավ խլրտաց,
Հայո՜ց «Կռունկը»
Հիշեցի հանկարծ,
«Խաբրիկ մը չունի՞ս»
Հարցումը եկավ
Ու... բկիս մնաց,
Թեկուզ հայրենի
Պարզ ու մեղմօրոր
Երկինքն է այսօր
Իմ վրա փռված։

Մի կռունկ անցավ։
Ու միտս ընկան
«Ողբը», «Անտունին»։
Թեկուզ աշխարհի
Կողմերից բոլոր
Գեղեցիկ, բարի
Խաբրիկ մը ունիմ,
Թեկուզ տուն ունեմ
Ժայռերի վրա՝
Ժայռից էլ ամուր,
Չգիտեմ ինքս էլ,
Թե ինչու համար՝
Տխրեցի հանկարծ...

Մի կռունկ անցավ,
Եվ իմ աչքերը
Նորից թացացան։
Շրջում եմ դեմքս՝
Մայրս քիչ հեռու
Լալիս է անձայն...

Մի կռո՜ւնկ անցավ...