Jump to content

Մի հստակեցման անհրաժեշտություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱԿ-ը մեղադրում է Լիբիայի իշխանություններին՝ մարդկության դեմ հանցագործություն կատարած լինելու մեջ:
Ազգ on-line, 2011-03-03

Մտքերն արտահայտվում են բառերի միջոցով: Հետևաբար, ճիշտ բառի կամ բառակապակցության գործածումը վճռորոշ է մտքի ճշգրիտ ընկալման համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է բառերի նկատմամբ այնպիսի զգայուն ոլորտների, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները կամ միջազգային իրավունքը:

Օրերս Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ հետաքննելու է Մուամար Քադաֆիի ու նրա շրջապատի գործունեությունը և պատասխանատվության է ենթարկելու «քաղաքացիական բնակչության ջարդերի համար»: Դատախազը նշյալ անձանց գործունեությունը որակել է որպես “crime against humanity”:

Չնայած “crime(s) against humanity” բառակապակցության թարգմանությունը հաճախ է գործածվում հայերենում, քանի որ առնչվում է նաև ցեղասպանություն հանցատեսակի հետ, այսուհանդերձ, գրեթե միշտ, սխալ է թարգմանվում: Այն թարգմանվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն/ներ/», թեև ճիշտ թարգմանությունն է «հանցագործություն/ներ/ ընդդեմ մարդկայնության» կամ «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն/ներ/»:

Մարդկության և մարդկայնության միջև էական տարբերություն կա: Մարդկությունը բոլոր մարդկանց ամբողջական, ըստ էության վերացական, համախումբն է (humankind, mankind, человечество), իսկ մարդկայնությունը մարդուն բնորոշ հատկանիշ, վարքականոնային պահվածք է (humanity, человечность): Վերջինիս շարքում հայերենում ունենք մարդկային, անմարդկային բառերը:

Անգլերեն “humanity” բառը հայերենում կարող է նշանակել և՛ մարդկություն, և՛ մարդկայնություն: Նույնը ռուսերենում՝ человечество և человечность: Կարծում եմ, որ բուն սխալը հայերեն է սպրդվել ռուսերենից, քանի որ ռուսերենում էլ են այն մեծ մասամբ սխալ գործածում: Արդարության համար պետք է նշել, որ սխալը հիմնականում լրագրության որոլտում է, իսկ որակյալ իրավաբանները (օրինակ՝ ՌԴ նախագահ Մեդվեդևը) կամ բարձրակարգ դիվանագետները (օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը) գործածում են ճիշտ՝ «преступление против человечности» ձևը: Օրինակ, “Действия ливийских властей по разгону демонстрантов могут рассматриваться как преступление против человечности. Уничтожение гражданского населения должно быть прекращено”, – говорится в специальном заявлении президента России Дмитрия Медведева, опубликованном 25 февраля.[1] Կամ՝ “Для деяний, квалифицированных трибуналом в Нюрнберге как преступления против человечности, срока давности нет и быть не может”, – подчеркнул Лавров.[2]

Միջազգային իրավունքին վերաբերող բոլոր ամենահեղինակավոր և ուղենշային հրատարակությունները humanity բառը միանշանակորեն թարգմանում են՝ մարդկայնություն, человечность: Դրանցից որպես կարևորագույն օրինակներ կարելի է նշել երկու աշխատություն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո պատրաստված Զինված հակամարտությունների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների օրենքի եզրաբանական ձեռնարկը (14(B)¢161)[3] և Միջազգային հանրային իրավունքի (խաղաղության) և միջազգային կազմակերպությունների եզրաբանական ձեռնարկը (6(B1)¢273):[4]

Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ «մարդկայնության դեմ հանցագործություն» (crime against humanity) բառակապակցությունն առաջին անգամ գործածվել է 1915թ. մայիսի 24-ին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման քաղաքականությունը որակելիս:[5]

Հուսանք, որ այս բացատրությունից հետո հայ լրագրողները, ինչպես նաև քաղաքագետներն ու դիվանագետները, կգործածեն միայն ճիշտ՝ մարդկայնության դեմ հանցագործություն/ներ/ ձևակերպումը:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Действия ливийских властей – преступление против человечности. Голос России, 25.02.2011, rus.ruvr.ru/2011/02/25/46193001.html
  2. www.er-portal.ru/about/text.shtml? 16/9965, 110991, 21.11.2010.
  3. Paenson I. Manual of the Terminology of Armed Conflicts and the International Humanitarian Organizations. Brussels, 1989, p. 413.
  4. Նույն տեղում, p. 331.
  5. Gaeta P. The UN Genocide Convention: A Commentary. Oxford, 2009, p. 5.


3 մարտի, 2011թ.