Jump to content

Մի օր, աշնանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի օր, աշնանը

[ 202 ] Մի օր, աշնանը, Պետրոսը կառքով բժիշկ էր տանում հիվանդ կնոջ համար։ Մոտ քառասուն տարեկան տղամարդ էր արդեն, բոլորովին սպիտակահեր գլխով, գաջի պես գունատ դեմքով, խոհուն, տխուր աչքերով։ Օրը կիրակի էր, աշնանային այն թխպոտ օրերից մեկը, երբ ցերեկվա դալուկ լույսի մեջ ամեն ինչ թվում է ծեծված, ճմլկված, տխուր։ Երկրորդ օրն էր արդեն բարակ անձրև էր մաղում սրտամաշ, միալար։ Օդը հագեցած էր մինչև ոսկորները թափանցող անախորժ ցուրտ խոնավությամբ։ Կառքի գլուխը ծածկված էր և այնքան ցածր էր առջևից, որ Պետրոսը ամբողջ մեջքով կռացած՝ տեսնում էր փողոցների անձրևի ջրերով ծածկված սալահատակները և մեկ էլ անցուդարձ անողների ոտները միայն։ Նա առհասարակ շատ անհարմար դրության մեջ էր [ 203 ] զգում իրեն բժշկական այդ նեղ ու ցածրիկ կառքի մեջ, որը հարմարեցրած էր մի հոգու համար, և աշխատում էր նստել այնպես, որ իր հարևանությունը չխանգարի բժշկին իր սեփական կառքի մեջ ազատ տեղավորվելու:

Իսկ բժիշկը, չորիկ-մորիկ, ըստ երևույթին, սակավարյուն մի երիտասարդ, վերարկուի մորթե օձիքը մինչև մորթե փափախը բարձրացրած՝ պարզ ակնոցների միջով կողքից նայում էր Պետրոսի մազակալ կիսադեմքին և երկար ժամանակ նրան տանջում էր մի համառ միտք՝ թե ո՞րտեղ էր տեսել գաջի գույն ունեցող այդ դեմքը։

— Ես ձեզ կարծես թե տեսել եմ մի տեղ,— ասաց վերջապես բժիշկը:

— Այո, տեսել եք,— պատասխանեց Պետրոսը։— Անցյալ ամսին, որ ինժեների հետ դիտում էիք այն տունը։

— Ո՞ր տունը։

— Այն մեծ տունը... Թամազյանները որ շինում են։ Այն ես էի, որ ոտս չբռնեց, տախտակամածից ընկա, ուշաթափվեցի, և դուք ինձ ետ բերիք։

— Հա՜, այ, որտեղ եմ տեսել ձեզ,— բացականչեց բժիշկը վերջապես հիշելով։— Դուք այնտեղ ի՞նչ էիք շինում։

— Բանում եմ։

— Այսի՞նքն։

— Մշակություն եմ անում։

— Ինչպե՞ս թե մշակություն,— զարմացավ բժիշկը։

— Դե մշակությունն ի՞նչպես կլինի. հող եմ թափում, ցեխ եմ շաղախում, քար եմ կրում...

— Սպասեցեք։ Դուք ախր մշակի նման չեք, կարգին էլ խոսում եք։

Պետրոսը մի ծանր թառանչ քաշեց։

— Ինչ արած,— ասաց նա։— Կարիքը մարդու ամեն բան անել կտա։ Կար ժամանակ, և այդ ժամանակը հեռու անցյալ չէ, ես ինքս կարող էի մշակ բանեցնել, բայց հիմա... Խանութ ունեի բազարում։ Լավ թե վատ, ապրում էի ինձ համար, ականջս դինջ։ Կարոտություն չեմ քաշել իսկի... Բայց անցյալ տարի[1] կազակները բազարը որ ավերեցին, ուրիշների [ 204 ] հետ իմ խանութն էլ գնաց ձեռքիցս։ Ապրանքս՝ ո՛րն այրվեց, ո՛րը թալանեցին տարան, ինձ էլ քիչ մնաց՝ սպանեին։ Գիտեք, էլի, ի՜նչ զուլում էր սարքել կառավարությունը հեղափոխությունը ճնշելու համար։ Փախչելիս մի գնդակ եկավ դիպավ այստեղից (Պետրոսը ցույց տվեց աջ ոտի ազդրը), ծակեց, անց կացավ։ Երկու ամիս պառկած մնացի հիվանդանոցում։ Կինս էլ այդ օրվանից սկսեց արյուն թքել և հալվում էր ոտի վրա, մինչև որ անկողին ընկավ։ Հիվանդանոցից դուրս եկա և չորս ամիս ման էի գալիս պարապ-սարապ. գործ չկար։ Ոտս էլ իմաց էր տալիս։ Թե մի բան ունեի հոգեպահուստ, այն էլ կերանք պրծանք։ Հետո սկսեցինք տան ավելորդ իրերը ծախծխել։ Այդ էլ պրծավ։ Հետո... է՛հ, գիտեք, է՛լի... տանտերը դուրս արավ։ Վերջը... մուրացկանություն խո չէի անելու։ Ո՛ւր էր թե որևէ արհեստ գիտենայի։ Սկսեցի մշակություն անել։ Կապալառուն հին ծանոթ է, չմերժեց ինձ ընդունել։

— Ինչո՞ւ պիտի մերժեր։

— Որովհետև ոտիցս դեռ էլի թույլ եմ։ Մշակը պետք է առողջ ոտներ ունենա։

— Հա՜,— երկարացրեց բժիշկը, ըստ երևույթին, նոր մտածելով, որ այդպիսի բան էլ է եղել։— Որքա՞ն եք ստանում,— հարցրեց նա կարճ լռությունից հետո։

— Յոթանասուն կոպեկ։

— Ի՞նչ,— բացականչեց բժիշկը, կարծելով թե սխալ լսեց։

Պետրոսը կրկնեց.

— Եվ դա բավականանո՞ւմ է։

— Ո՞րտեղից։ Կինս քանի անկողին չէր ընկել, էլի օգնում էր ինձ. լվացք էր անում, կար էր անում... բայց հիմա...

Պետրոսը նորից մի թառանչ քաշեց և լռեց։

— Զավակներ ունե՞ք,— հարցրեց բժիշկը։

— Երեքը։ Երկուսը — մի տղա, մի աղջիկ — դպրոց են գնում. շատ ընդունակ երեխեք են. երրորդը վեց ամսական է, աղջիկ։ [ 205 ]

* * *

Փողոցի լճացած ցեխը դեսուդեն շպրտելով՝ կառքը գնաց կանգ առավ մի խարխուլ տան ընդարձակ բակի դռան առջև, որը հնությունից մի կողմ թեքված՝ կարծես ասում էր՝ պառկեմ հանգստանամ։

Բժիշկը Պետրոսի հետ իջավ կառքից և, աշխատելով անցնելու հարմար տեղ գտնել, մտավ բակը, որտեղ կավային ցեխի մեջ երևում էին ձիերի սմբակների բազմաթիվ հետքեր քրեղանների պես՝ անձրևի ջրով լի։ Մի անկյունում անասունների աղբի, դարմանի և խոտի լճացած շաղախի մեջ խռխռացնելով թավալգլոր էին գալիս երկու վտիտ խոզ՝ կանաչավուն ցանցառ ջագարները ասեղների պես ցցած։

Պետրոսը բժշկին առաջնորդեց բակի պարսպի տակ հետևե-հետև շարված փտած տախտակների վրայով դեպի տան ներքին հարկը, իջավ աղյուսի ծուռտիկ-մուռտիկ աստիճաններով մի երկար անցք՝ վերին հարկի պատշգամբի տակ, բաց արեց այդտեղ գտնված դռներից մեկը և ետ քաշվեց, որ բժիշկը մտնի։

Բժիշկը մտավ սենյակի նմանություն ունեցող կիսախավար մի նկուղ՝ աղյուսե հատակով, գաջով սվաղած խիստ խոնավ պատերով և գերանածածկ առաստաղով։ Նկուղը լուսավորվում էր տան հետևի փողոցի կողմից երկու փոքրիկ պատուհանով, որոնք դրսից կիսով չափ գտնվում էին գետնի մեջ, իսկ ներսից իրենց վերին մասով համարյա կպած էին առաստաղին։ Դռան դիմացը անկյունում դրված էր հիվանդի մահճակալը ձուլածո երկաթից, մաքուր անկողնով։ Մահճակալի առջև հատակին դրված էր մանկան օրորոցը, որի ծոպից բռնած օրորում էր հիվանդը՝ ոսկրացած ձեռքը կիսով չափ վերմակի տակից հանած։ Մեջտեղը դրված էր հասարակ մի սեղան, որի այս ու այն կողմը իրար դեմուդեմ նստած էին Պետրոսի փոքրիկ տղան ու աղջիկը և գրում էին աշակերտական տետրակների վրա։ Պատուհաններից մեկի տակ վառվում էր թիթեղյա մի վառարան, որի խողովակը դուրս էր տարված պատուհանից։ Վառարանի մեջ ճրթճրթում էին, ըստ երևույթին, տաշեղներ. չաղ կրակի բոցը վառարանի դռնակի ծակոտիներից գիշերվա պես լուսավորում էր մութ հատակը, [ 206 ] որի վրա պատուհաններից լույս չէր ընկնում գրեթե: Սենյակի օդը հագեցած էր խոնավության, քրտնքի և թիթեղի վրա այրված ճարպի հոտով։

— Փո՛ւհ, այս ի՞նչ օդ է,— բացականչեց բժիշկը։— Բայց թողեք, բաց թողեք դուռը,— դիմեց նա իր հետևից մտնող Պետրոսին։

Պետրոսը դուռը բաց թողեց։ Ներսի սաստիկ տաքացած գաղջ օդը սկսեց դուրս հոսել բաղնիքի գոլորշու պես։

Երկու երեխաները բժշկին տեսնելուն պես վեր կացան: Հիվանդը, որի երեսին միայն մաշկն ու ոսկորներն էին մնացել, թողեց օրորոցի ծոպը և շտկվեց անկողնում։

Բժիշկը մեկ ուզեց կրկնակոշիկները հանել դռան մոտ, բայց տեսնելով, որ հատակը թաց է, չհանեց, այլ միայն վերարկուի օձիքը ետ ծալեց, մորթե գլխարկը դրեց սեղանի վրա և մոտեցավ հիվանդին:

Պետրոսը մահճակալի առջևից վերցրեց օրորոցը, դրեց հեռու, աղջկան գլխով արավ, որ գնա օրորի, իսկ ինքը հեռու-մոտիկ կանգնեց հիվանդ կնոջ մահճակալի մոտ:

— Նստեք տեսնենք,— դիմեց բժիշկը հիվանդին։

Հիվանդը տաքությունից այրվող իր ահագին աչքերով մի վախկոտ հայացք ձգեց բաց դռան կողմը։

— Հա, մի քիչ ետ դրեք,— դիմեց բժիշկը Պետրոսին,— չի կարելի հիվանդին այսպիսի օդում պահել։

Պետրոսը դուռը կիսով չափ ետ դրեց։

Հիվանդը զոռ տալով իր կմախքացած բազուկներին՝ նստեց. շնչում էր ծանր ու հատու, երկար տեղ վազած մարդու նման։

Բժիշկն սկսեց իր խողովակով քննել նրա կուրծքը, կողերը, թիկունքները։ Այդ միջոցին ինչ-որ տարօրինակ խուլ դրնգդրնգոց, որ շարունակ լսվում էր հաստ պատի հետևից, գրավեց նրա ուշադրությունը:

— Այս ի՞նչ ձայներ են,— հարցրեց նա, խողովակը հեռացնելով հիվանդի թիկունքից։

— Ձիեր են,— շտապեց պատասխանել Պետրոսը։— Մեր կողքին գոմ է։

— Հա՛։ Ուրեմն ձեր հարևաններն անասուններ են եղել,— սրախոսեց բժիշկը, ծիծաղեց և խողովակը նորից դրեց հիվանդի [ 207 ] թիկունքին։— Շունչ քաշեցեք... Խորը... Էլի... Էլի... խորը, խորը... Հազացեք... Էլի... Հիմա ասեք՝ մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք...

Հիվանդը, իր ջերմոտ մեջքի մերթ այս, մերթ այն կողմը զգալով խողովակի սառն հպումը, առանց այն էլ խոշորացած աչքերը բացել էր լայն, շնչում էր կարելույն չափ խոր, հազում, սաստիկ հոգնած մարդու նման արտասանում իրար հետևից «մեկ, երկու, երեք... մեկ, երկու, երեք» և ամբողջ ժամանակ ժպտում, ըստ երևույթին, զվարճանալով իր կատարած այդ տարօրինակ գործողության վրա։

Օրորոցն օրորող փոքրիկ աղջիկը, նայելով մորը, հանկարծ փռթկացրեց և ազատ ձեռքի ափով պինդ ծածկեց բերանը։

Հայրը աչք-ունքով սաստեց նրան։

— Դե հիմա պառկեցեք,— ասաց բժիշկը, ինքն իր ձեռքով ծածկեց վերմակը, գնաց նստեց սեղանի մոտ և թուղթ պահանջեց։

Փոքրիկ տղան իր տետրակից պատռեց մի թերթ, գրեց բժշկի առջև և այն միջոցին, երբ բժիշկը գրում էր դեղատոմսը, իր խելացի աչքերով նայում էր նրա ձեռքի շարժումին և երկու ձեռքով մեքենայաբար հետևն էր հավաքում բլուզի ծալքերը։

Դեղատոմսը գրելուց հետո բժիշկն ասաց, թե ի՛նչպես պետք է գործադրել դեղերը, մի քանի խորհուրդներ տվեց հիվանդի պահպանության վերաբերմամբ, գլխարկը ծածկեց, վերարկուի օձիքը բարձրացրեց և, երբ դուրս էր գնում, ձեռքի մեջ զգաց Պետրոսի ձեռքի շոշափումը։

— Հարկավոր չէ,— ասաց նա, ձեռքը ետ քաշելով և արագ դուրս գնաց։— Հիմա կարող եք դուռը փակել,— կանչեց նա դրսից,— աշխատեցեք օդը շուտ-շուտ մաքրել։

Պետրոսը ձեռքի դրամը նորից գրպանը դրեց և դուռը ետ արավ ծանր ու մտախոհ։ «Քիչ համարե՞ց, թե խղճաց»,— մտածեց նա։ Թե՛ մեկ, թե՛ մյուս ենթադրությունը անտանելի ծանր թվաց նրան։

1907

  1. 1905-ի հեղափոխության տարին: