Jump to content

Մկրտիչ Էմինին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մկրտիչ Էմինին

1886

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆԻՆ

Նորա հիսնամյա հոբելյանին



   Քըսանութամյա ժիր երիտասարդ,
Բանիբուն, անխոնջ, և հավետ զըվարթ,
Գիտակ շատ լեզվաց, սիրող պատմության,
Իմաստասիրող հայկաբանության,
5 Վերծանում էիր միշտ Խորենացի,—
— «Բարի հույսերով լի ես»,— ասացի։

   Արբուն տարիքիդ երբոր դու հասար,
Գերդաստանի հոր բաղդը լի տեսար...
Բայց ի՞նչ փույթ, մինչ Դու երջանիկ էիր,
10 Որ հոգեպարար զբաղմունք ունէիր.
Ձեռքումըդ դարձյալ կար Խորենացի,—
— «Օգտաբեր գիտուն Հայ ես»,— ասացի։

   Գլորվեցան ուղիղ հինգ տասնյակ տարի,
Դու գըլխեն անցան շատ չար ու բարի,
15 Ամուր մընացիր Դու քո համոզման —
Դու իդեալն էր վիճակ Հայկազնյան։
Ձեռքեդ վայր ընկած չէր Խորենացի,
— «Խընկելի Հայ-մարդ ես Դու»,— ասացի։