Մշակ/1873/1/Թարգմանական գրվածները բեմի վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
թարգմանական գրվածները բեմի վրա

Մշակ

թարգմանական գրվածները բեմի վրա

Երբ առաջին անգամ Յունաստանում ծագեց թատրոնի գաղափարը, դերասանները նկարագրում էին բեմի վերայ ժողովրդի մէջ պատահած մի յանցանք, կրելով իւրեանց վերայ յանցաւորի անունը, զգեստը, դիմակը և այլն։ Փոքր ինչ յետոյ այլ ձևի անյարմարութիւնը տեսնելով, որոշեցին բեմի վերայ ներկայացնել մրայն պատահած դէպքը առանց դիպչելու անձնաւորութեանը։ Ուրեմն դեռ հին Յունաստանում թատրոնի առաջին գաղափարը կայանում էր նորա մէջ, որ կրթողական ազդեցութիւն ունենալ ժողովրդի վերայ հրապարակ հանելով նորա լաւ և վատ կողմերը, նորան յատկանիշ պակասութիւնները և արժանաւորութիւնները։ Այդ կազմում է և այսօր թատրոնի գլխաւոր նշանակութիւնը։

Այս տեսութիւնից ինքն ըստ ինքեան հետևում է, որ մեր ժողովրդի պահանջներին լիապէս կարող են համապատասխանել նորա առօրեայ կեանքից առած պիեսաները։ Այդ բանը մի կողմից ապացուցանում է և նոյն իսկ ժողովրդի համակրութիւնը։ Նորանից մի քանիսը (Պեպօ, Խաթաբալա և այլն) այնքան գրաւիչ են ժողովրդի համար, որ սա երրորդ, չորրորդ անգամ նոցա տեսնելուց յետոյ ևս դուրս է գալիս թատրոնից նոր տպաւորութիւններով, նոր հիացմունքով։

Բայց այսպիսի ինքնուրոյն պիեսաները, որոնք քննում են ժողովրդի մինչև այժմ անյայտ մնացած կողմերը, երևան են հանում նորա մինչև այժմ քօղարկած յատկութիւնները,— այդպիսի պիեսաները սակաւ են մեզանում և շատ շատ երկու-երեք հատ հազիւ են դուրս գալիս ամբողջ տարուայ ընթացքում։ Սահմանափակել մեր թատրոնական բեմը այդ սակաւաթիվ պիեսաների անդադար կրկնողութեամբ, կը նշանակէ զրկել նորան կենդանութենից և շինել միջոց ժողովրդին ձանձրացնելու։ Եթե մենք ցանկանում ենք նորա յարատև գոյութիւնը, որ անհրաժեշտ է թէ ժողովրդին կրթելու և ազնուացնելու համար և թէ իբրև միջոց նորան նախապատրաստելու առաւել բարձր օտար պիեսաները ըմբռնելու համար, ուրեմն մենք պետք է մտցնենք նորա մէջ նոր տարրեր, առաջուց ընտրելով նոցա մէջ աւելի յարմարները։

Պէտք է խոստովանել, որ այդ ընտրութիւնը բաւական բարակ հարց է։ Աւելորդ է ասել, որ մեզ համար առանձին խորհուրդ չեն կարող ունենալ այն եւրոպական պիեսաները, որոնք այնքան սերտ կապուած են իւրեանց տեղական կեանքի հետ, որ առանց սորա ծանօթութեան անկարելի է նոցա հասկանալ։ Բայց չը պէտք է մոռանալ, որ կան և այնպիսի գրուածներ, որոնք մարդկային հոգու ճիշդ ճանաչողութեամբ կարող են ընդհանուր մարդկութեան սեփականութիւն համարուել (ինչպէս, օրինակի համար՝ Շէկսպիրի, Շիլլերի և այլոց աշխատութիւնները)։ Առնենք նոյն իսկ „Թուղթ խաղացողի կեանքը”, որ վերջին անգամ ներկայացրեց Հայ-դերասանական խումբը։ Թէպետ և մենք չենք կարող ասել, որ այդ ախտը մեր մեջ այնպիսի ծայրայեղութեան է հասել, ինչպէս, օրինակի համար, Փարիզում, բայց և չենք կարող բոլորովին հերքել նորա գոյութիւնը։ Միւս կողմից այդ պիեսայի մէջ կայ այն ընդհանուր—մարդկային գաղափարը, որ մարդը կուրացած իւր կրքով, զոհելով նորան իւր ընտանեկան, հասարակական և մարդկային պարտականութիւնները հասնում է արագիքային վախճանի։ Հայը կարող է մի այդպիսի երևոյթ ուրիշ յանցանքի վերաբերութեամբ տեսած լինել։ Երկու դիպուածքում ևս հոգեբանական արտայայտութիւնները մի և նոյն են։—

Միակ անյարմարութիւնը, որ կարող է պատահել եւրոպական ընտիր պիեսաները հայկական բեմի վերայ ներկայացնելու ժամանակ, այդ այն է, որ ամբոխի ճաշակը դեռևս այնքան զարգացած չէ, որ նա կարողանայ հասկանալ նոցա բոլոր նրբութիւնները և արժանապէս գնահատէ նոցա։ Ուրեմն սոցանից հարկաւոր է ընտրել այնպիսիները, որոնք մինչև վերջը կարողանային կապած պահել ժողովրդի գրգռուած ուշադրութիւնը։ Պետք է նկատել, որ այդ պահանջին բոլորովին համապատասխանում էր „Թուղթ խաղացողի կեանքը”։

Մեր կեանքից առած պիեսաները շատ գեղեցիկ և օգտակար են, բայց որովհետև նոքա սակաւաթիւ են, ուստի և չը պէտք է հրաժարուել այն գանձերից, որոնք կազմում են ընդհանուր մարդկութեան սեփականութիւնը, ընտրելով սոցանից այնպիսիները, որոնք յարմար լինէին մեր ժողովրդի ճաշակին և հասկացողութեանը և օգտի հետ միասին և զուարճութիւն պատճառէին նորան։

Ն․ Լ․