Մշակ/1873/2/Խառն լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խառն լուրեր

Մշակ

Նոր լուր, հին գործերից։ Մենք լսում ենք որ Սրբ․ Ս․․․ արք-եպիսկոպոս Ջ․․․․նի ճանապարհորդութեան երկրորդ հատորի․․․․․․․․․․․ վերաբերեալ բոլոր նկարագրութիւնները, որ պարունակում է համարեա գրքի ութերորդ մասը,— ուրիշ մի պարոնի աշխատութիւն է, որ սրբազանի անունով տպված է և ասում են, իբր թէ այն պարոնի ազգանուան գլխատառերն են Յ․ Բ․ իրաւ է արդեօք․․․։

Մի պարոն գրում է մեզ Շուշուց․ „Մեր հոգևոր ուսումնարանից հարցնես, փառք Աստուծու շատ աջողակ է գնում, ամեն կիւրակի օր երեխայքը սալդաթների պէս շարուած հայոց փողոցի միջով յուրախութիւն ամենեցուն գնում են եկեղեցի, լի օրերն էլ նստում են նորակառոյց ուսումնարանի մէջ լուռ ու մունջ,— միայն ձայնաւոր ասելիս բաւական զօռով են աղաղակում, որ ձայներնին հասնի մինչև հեռու տեղերը․․․։ Ժողովրդից կարող եմ գանգատել որ անհոգ են, ոչ ուսումնարանի և ոչ հասարակաց գործի համար մտածել չունեն։ Հոգաբարձու մոգաբարձու չը կայ,— ինն էլ աւելորդ է։ Ես ինքս էլ մէկ ժամանակ հոգաբարձու էի (կարելի է հէնց հիմիկս էլ եմ, հաստատը, չեմ իմանում)։ Մեր ժողովուրդը միայն լաւ անմեղ բանբասանքներ գիտէ։ „Արի խայտառակենք“ յօդվածիդ համար մինչև իմ հաւաքիլս որ շնորհակալութիւն գրեմ, Ղադր-Բէկը (Նոր-Նախիջևանից) առաջ ընկաւ․․․ երևի բոլոր հայ հասարակութեան սազական յօդված էր․․․։

Լրագիրները հաղորդում են, որ Եապօնիայի կայսրը տեսնելով որ եապօնական լեզուն աղքատ ու անմշակ է, հրամայել է որ ամբողջ երկրում, մայրենի լեզուի տեղ մտցնվի անգլիական լեզուն․․․։ Որքա՛ն կաջողի այդ եապօնական նորաձևութիւնը 30 միլիօն ժողովրդի մէջ մտցնել օտար լեզուն,— ցոյց կը տայ ապագան․․․։

Մեզ գրում են Ն․․․ քաղաքից։ „Սրտով խոստովանվում եմ, որ ես երբէք յոյս չունէի, թէ „Մշակն“ այնքան ճանաչած լինէր հայ ժողովրդի բոլոր դասերից, որ կարողանար նոցա ցանկացած լրագիր դառնալ,— տալ նոցա առողջարար կերակուր։ Սա կարող է պատասխանել միւս լրագիր կամ օրագիր հրատարակիչներին և խմբագիրներին, որք զուր գանգատում են, իբր թէ հայ ժողովուրդն կարդալ չէ սիրում“․․․։

Գերմանական „Illustrirte Zeitung“ շաբաթագիրը հաղորդում է, որ անցեալ տարվայ սեպտեմբերի 18-ին վախճանվեցաւ Ամէրիկայում տիկին Աննա Կէմբէլլ։ 130 տարեկան հասակում։ Նա ծագմամբ շօտլանդացի էր։

Ինչպէս յայտնի է Գերմանիայում ամեն տարի լինում են օրագրողների ընդհանուր ժողովներ։ Մեզ գրում են Գերմանիայից որ այս 1873 թուին գերմանական օրադրութեան ընդհանուր ժողովը կը հաւաքվի Համբուրգ քաղաքի մէջ։

„Մէղու Հայաստանի“ լրագիրը այս տարի պահպանելով 7 ռուբլի բաժանորդութեան գինը, մի և նոյն ժամանակ մեծացրել է իր դիրքը․․․։ Առաջին համարի նոր թխած ֆէլիէտօնիստը զարմանում է թէ մէր դարում հրաշքներ են գործվում։ Կամայ ակամայ մենք էլ ստիպվում ենք հաւատալ հրաշքներին․․․ այդ հրաշք չէ մի՞թէ որ երբէք մտաւոր աշխատանքին չընտելացած մարդիկը, մտրակի զօրութեամբ յանկարծ ստիպված են լինում աշխատել․․․։

Մեզ հաղորդում են որ այս օրերս պիտի հրատարակվի Միւնխէնի մէջ պրօֆէսօր Պէտէնհօֆէրի մի նոր գրվածքը „Ueber den gegenwärtigen Stand der Cholerafrage“, որտեղ հեղինակը ցոյց է տալիս քօլէրայի այժմեան դրութիւնը և հետազօտում է նորա պատճառները։

Մի Թիֆլիսցի վաճառական ստիպված լինելով ամեն օր գիշեր ժամանակ Ալէքսանդրեան այգիով անցնել,— բռնում է մի մշակ, դնում է նրա ուսին մի բեռ ու հետը ման է ածում․․․։ Ծանօթներից մինը հարցնում է նրան այդ զարմանալի վարմունքի պատճառը։ „Ինչպէս յայտնի է գողութիւնները շատ են լինում Թիֆլիսում վերջին ժամանակներս, պատասխանում է մեր հնարագէտ վաճառականը, ու եթէ ինձ կողոպտեն, ես ապահով եմ, որ մի վկայ կունենամ ինձ համար“․․․։

Մեզ հաղորդում են որ մեր անցեալ համարում տպված Շուլաւէրի բաղանիքի մասին տեղեկութիւնը ճիշդ չէ։ Շուլաւէրցիք, համառակ մեզ հաղորդած տեղեկութեան, մեծ թուով և կամաւոր կերպով յաճախում են նոր շինած բաղանիքը, այնպէս որ բաղանիքի տէրը, կալվածատէրերից մինը, իր հիմնարկութենից նիւթական օգուտ է ստանում մինչև անգամ։

Գանձակից հաղորդումեն մեզ, որ նորերումս մի թուրք կին ծնել է միանգամից երեք զաւակ, երկուսը կենդանի, մինը մեռած։ Այս տղայաբերութիւնը նորա համար առաջինը չէ, նա մի քանի անգամ էլ զոյգ է ծնել․․․