Jump to content

Մշակ/1873/2/Նամակ Մեծ Շուլավերից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Մեծ Շուլավերից
ՆԱՄԱԿ ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐԻՑ

Նկատելով ձեր ուշք դարձնելը գաւառներից տեղեկութիւններին, ես մտաբերեցի Մեծ Շուլավէրու և նորա շրջակայ գիւղերու նկարագրութեան յարաբերութիւնների անտեղեակ լինելը մեր ներկայ հրատարակութիւններին, ուստի պարտաւորութիւն համարեցի նկարագրել նորանց, որքան կարելի է ճիշդ և մանրամասն տեղեկութիւններով։

Մեծ Շուլաւէր գտնվում է 56 վերստ հեռաւորութեամբ Թիֆլիզից դէպ ի Հարաւ։ Եթէ Թիֆլիզից ուղևորուած ճանապարհորդը գտանի իւրեան 5-6 հեռաւորութեամբ Մեծ Շուլաւէրից, և մի հայեացք ձգի դէպ ի Հարաւ, նա կարող է նկատել մի երկայնաձիգ հովիտ խիտ այգիների ծառերով ծածկուած, որպէս մի անբնակ խիտ անտառ, Արևելեան, նա մանաւանդ, Արևմտեան կողմից, որ խիտ անտառներով է պատած, այդ երկու կողմերը պատում են նորան շղթայակապ, ոչ այնքան բարձր կանաչազարդ ծառերով ծածկուած սարերով, որոնք գնալով Հիւսիսից Հարաւ կարծես կամենում են միանալ Լալուար ասուած սարի հետ, կազմելով իբրև մի ձուաձև եռանկիւն, ուր տեղից և առնում է իւր սկիզբը տեղի միակ գետակը։ Փոքր ինչ յառաջ գնալով, ճանապարհորդի առաջ իսկոյն լոյս կընկնի խորը ցած ընկած Խրամ գէտը։

Այս գէտը յայտնի է արդէն իւր համեղ խրամուլի ասուած ձկներով, որ մեծ քանակութեամբ ծախվում է Թիֆլիզում, բայց ո՛չ Շուլավրեցիներից, այլ հէնց իսկ Թիֆլիզեցիներից, թէև ըստ դիպուածքին Շուլաւրեցիները ևս տանումեն երբեմն Թիֆլիզ ծախելու․ ջուրը ո՛չ այնքան համեղ է, որքան վնասակար․ իսկ դեղնաւուն գոյնը և Պղնձէ-Մադան ասուած գիւղի ջրի խառնուրդը առիթ է տալիս հանքային ջուր կարծելու, ուր և իսկ անյայտանում է աղի ջրերը, սկսած Կումիս ասուած գիւղի շրջականերից։ Այդ տեղ կայ մի աղի լիճ մի ահագին ընդարձակ փոսում, (Կումսի փոս)։ Այդ լճի ափերումը միշտ լինումեն սաստիկ մոխրագոյն և փայլուն ցեխեր։ Հենց այս լճի շրջականներից, մանաւանդ, մինչև Խրամը կարելի է հանդիպել փայլուն մոխրանման հողերի։ Խրամ գետի ափերը առատ է ուռենի ծառերով, իսկ հարթ ափերումը ցանում են ագարակին պատկանուածները սեփ, ձմերուկ, թամբաքու, կաղամբ, վարունգ և ուրիշ սորանց նմանները։ Խրամի այն ափը, որտեղ գտանվում է այդ ափի պատկանողի ջրաղացը, այն է Սոփիա-խանումի ջրաղաց, որտեղ և մեծ և փոքր Շուլաւրեցիները ցորէն են բերում աղալու, ջրի պակասութեան ժամանակը, և այն տեղից Թիֆլիզ ծախելու, հենց այդ տեղից բարձրանալով՝ սկսվում է Մեծ Շուլաւրեցւոց վարելա-հողերը, որ ցանում են միայն ցօրեն և գարի։ Այդ տեղից դէպի արևելք, որտեղ Խրամը թէքվում է դէպի Հարաւ, գտնվում է ներքի Շուլաւէրը կամ Փոքր Շուլաւէրը։ Բնակիչները Հայ-լուսաւորչականներ, 7 տնով միայն, պարապումեն երկրագործութեամբ, ունեն մի հնացած եկեղեցի, չունեն տեղային քահանայ, այլ մեծ Շուլաւրեցւոց քահանաներից մինի հովվութեան տակ են, լեզուի հնչիւնները ապացուցանում են, որ Մեծ Շուլաւրեցիներից չեն։

Մեծ Շուլաւէրը պատկանում էր վրաց Սօմխէթիայ ասուած նահանգին, Հայոց պատմութիւնից յայտնի է այդ կողմերը, որպէս Ծօփաց գաւառ․ որ և Լալուար սարի կողմերումը մինչև այս օր կայ, ինչպէս ասում են տեղացիները Ծօփաց ձօր անունով մի աւերակ, այժմ պատկանում է Թիֆլիզի ուեզդիային։

Մեծ Շուլաւերու բնակիչները 100 տարիից առաջ Պարսից բարբարոսութեան պատճառաւ գաղթած են Շամշադինի գիւղերից, այդ պատճառաւ և բնակիչները բաժանուելով զանազան մասների (թաղ) կրում են այն անունները, ինչ գիւղից նորանք գաղթած էին։ Այսպէս Մեծ Շուլաւերը բաժանվում է երկու բաժանումների․ Զագեամ և Ղամուրադ։ Զագեամը բաժանվում է, Քեամանդար, Կարխ Մրեջուր թաղերի Ղարամուրադը բաժանվում է․ Մելիք-Զադէ, կրկին Ղարամուրադ, Աղբուլախ, Շմեղ և Մմրթլու թաղերի։ Այս ամէն մի թաղը ունի որպէս մի կառավարիչ, որ գործակատար է լինում հարկապահանջութեան ժամանակ, կամ մի ընտրողութիւն անելու ժամանակը և այլն։ Բնակիչները հասանում են մինչև 400 տան, բոլորեքեանք իսկութեամբ Հայ-լուսաւորչականներ են, ունեն երկու եկեղեցի․ Ղարամուրադինը Սուրբ Պօղօս և Պետրոսի եկեղեցի, իսկ Զագեամինը Սուրբ Աստուածածնայ եկեղեցին։ Առաջինի փակ լինելու պատճառաւ քահանաները մի միաբանութիւն են կազմում Զագեամի եկեղեցումը։ Զագամի, այն է Սուրբ Աստուածածնայ եկեղեցու գեղեցկութիւնը չէ կարելի դուրսը տեսանել, որքան ներսը․ կոկած քարայատակով, շքեղ զարդարած սեղանով, և քանի մի գեղեցիկ պատկերներով․ կանանց համար որսշած է առանձին տեղ իւր փայտեայ վերնատնով․ եկեղեցին սագաշէն, կանգնած չորս հաստ սագաշէն սիւների վերայ, միջակ մեծութիւնով և բարձրութիւնով, ունի փոքրաձև մի գմբէթ կանանց դրան շէմքի վերայ կանգնած, որ նայում է դէպ ի Արևմուտք, նոյնպէս ունի և զանգակատուն մեծ գմբէթով, որ սովորականին չէ կարելի նմանացնել, շինած է տղամարդկերանց դրան մուտքի վերայ։ Այդ դրան ճակատի վերայ ուշադրութեան արժանի է Մարիամ Աստուածածնայ գեղեցկանկար փորագրած պատկերը, որի տակր տողաչափով գրուածքը յայտնում է եկեղեցւոյ հիմքի 1844-թ․ և նոյն իսկ պատկերի 1864 թ․ տեղիս արժանապատիւ Աւագ քահանայ Պօղոս Սահակեանցի ծախսով, որով, և պայծառացել է եկեղեցին հարուստ պատկերներով։ Ղարամուրադայ Սուրբ Պօղոս և Պետրոսի եկեղեցին որի բարձրագոյն դիրքը, մարմարիանման, կոկած սպիտակ քարերով պատերը, նորա չորս ահագին հաստութեամբ քարեայ սիւները, նորա ահագին մեծութիւնը, որ Թիֆլիզու Վանքի եկեղեցուն կարելի է հաւասարացնել, կարող են ափսոսել տալ ամէն նորա բաց կտուրը տեսնողին, որ ահա մօտենում է 20 տարիի լրանալը նորա հիմքի գցելուց։ Ինչ պատճառաւ չէք կարողանում վերջացնել դորա շինութիւնը հարցրեցի ևս մեր ծերունու Ղ․․․․ին․ „ընդիւր վեր, վենց վեր ըրեւուն ա Քեըրիստոսը դէսը անցկցած չբդի ըլիլ, վէր ըստեղ սէր չի հիլ արել (թողել), հլէ հենց տեըրայ հմար ա վէր Զըգեըմեցիք մեզ քեօմակ չեն անում, վեր էս էս․․ պատուական ժամի կեըլէօխը կարենանք ծածկի․․․ բա ընդիւր էլ Աստոծ կլխներիս խռովել ա, վէր էս տարուան տարին տուպ չը կաթեց․․․․ բաղերն էլ չրացան պրծան, էլ խէր ու բեըրեաքեատ չի մբացել․․․ եարաբ էս ղայդի էլ կեղ կեըլի“։ Մեծ Շուլաւերը ունի հինգ քահանայ։ Բայց մօտ օրերս լսեցի, որ տեղիս տիրացուներից երկուսը տեսնելով մկրտութեան շատանալը, նկատելով մեռնողների աւելանալը յիշել են Քրիստոսի ասած „հունձքբազումք են և մշակք սակաւք ուստի կասեցնել“ են ձեռնադրուիլ, որպէս հոգևոր հովիւներ, որոնք կամէին զարթեցնել ժողովրդին մթութեան մէջ։ Դորանցից մինը ուսել է կարդալ և գրել տեղային ուսումնարանումը, իսկ միւսը կարդալ միայն ճաշոցը տեղիս քահանաների մինի մօտ։― Նորերումս լսեցի որ ժողովուրդը կոյր համաձայնութիւն է տուել, բայց յոյս կայ, որ դիմելով դէպի մեր հոգևոր հայրերը ձեռնադրուելու կը խղճան մեր այստեղի ցաւալի ժողովրդի վերայ, ուստի ցուցանելով մի այլ ապրուստի ճանապարհ, կամ նորից ուսանելու ճանապարհ՝ կը բաւականացնի մեզ հինգ քահանայով։

Կայ և այստեղ միակ տղայոց ուսումնարան, այո ուսումնարան, որին մինչև այսօր մեր ամբողջ Շուլաւէրը մի կոպէկով անգամ չէ կամեցել վարձատրել, ինչ պատճառաւ, գիտեմ կը հարցանէք ինձանից․ ես կը պատասխանեմ, գիւղի այն վերոյիշածներին,― Քրիստոսի ասածը յիշողներին համաձայնութիւն տուողների պատճառաւ, գիւղի Բէգերի և Մէլիքների ուշք չը դարձնելու պատճառաւ, տեղիս գիւղական կառաւարութիւնը, իւր պարտաւորութիւնը գիտակցաբար չը հասկանալու պատճառաւ, վերջապէս մի քանի շատ և այլն և այլն․․․ երի պատճառաւ։ Այս բոլորը վերջիս և այլների հետ նայում են Մեծապատիւ Ստատսկի սովետնիկ բժիշկ Ռոմանոս Պօղոսեան Նադիրեանցի հայրենասիրութեան խնամքի վերայ, որ ինչպէս յայտնի է կառուցել է այս ուսումնարանը 1858 թ․ հենց իւրեանից գնած գետնր վերայ, որ և մինչև այսօր ըստ իւր հայրենասէր խնամքի չափ կառավարել է և կառավարում է։ Ուսումնարանը բաղկացած է երեք սենեակից, ունի, կարելի է ասել վայելուչ սեղաններ։ Ուսուցիչները են երկու, մի տանից քահանաներ, մինը վերոյիշած Պօղոս Աւագ քահանայ Իսահակեանցը որ աւանդում է հայերէն լեզուն, վարժ կարդալ և գրել ոչ աւելի գրաբարի թարգմանութեամբ, Սրբազան պատմութիւն Հին և Նոր կտակարանի, Քրիստոնէական վարդապետսւթիւն, միւսը, Իսահակ քահանայ Իսահակեանցը որ, որպէս Թիֆլիզու Ներսիսեան դպրոցի աւարտած և ժամանակաւոր Թիֆլիզու պ․ Տէր-Յակովբեանցի մասնաւոր գիմնազիումը աշակերտ եղած՝ աւանդում է ռուսական լեզուն, վարժ կարդալ և գրել մասնաւոր թարգմանութեամբ, մատեմատիկան մինչև կոտորակը, մասնաւոր աշխարհագրութիւն և երգեցողութիւն։ Թէև ստանում են ո՛չ այնքան գումար, բայց աշխատում են սրտառուչ։

Բայց չէ՛, կարող ենք պարծենալ մեր պտղաբեր այգիներով, անտառներով, տափերով նախադասելու նորակառոյց աւազակների բանտով․ նորակառոյց բաղնիքով․ հաշտարար դատաւորով, ցորենի շտեմարանով, մեր գետակի վառ բնութիւնով, մեր ուրախալի տօներով, նա և մեր ծերունի Ղ․․․․ով, և ուրիշ սորան նման բարի և չար, նախանձ և աննախանձ մարդկերանցով, որոնց կռիւների, բարեկամութեան, ուրախութեան, սիրոյ և նախանձութեան, գործունէութեան և աշխատասիրութեան, բայց ո՛չ ծուլութեան, հարսանիքի և վերջապէս մեր քաղցրահնչիւն բարբառների մասին յետոյ կը գրեմ․ իսկ առ այժմ մնում եմ խմբագրութեանդ յառաջադիմութեան ցանկացող

Արշակ Ծատուրեանց։

1-ն յունվարի