Մշակ/1873/2/Ներքին լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ներքին լուրեր

Մշակ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Մեզ գրումեն Ղզլարից որ նոյեմբերի 26-ին այդտեղի երկսեռ ուսումնարանի հոգաբարձուքը կատարեցին տղայոց ուսումնարանի տարեդարձը։ Նամակագրի խօսքերից երևումէ որ Ղզլարի հասարակութիւնը շատ գոհ է դօկտօր Սուլթան-Շահի, (որ տեսուչ է) պ․ Քուչուբէզեանի գանձապահ) և պ․ Կաճկաճեանի գործունէութիւնից։

Իշխ․ Բէրուտօվից խմբագրած Тифлисской Вѣстникъ լրագրի երկրորդ համարում կարդում ենք մի առաջնորդող յօդված թատրոնի վերա, որտեղ հեղինակը ասում է թէ մեծ նշանակութիւն ունի և տեղական լեզուներով թատրօնը մի կողմից մտցնելով ժողովրդի մէջ ընդհանուր մարդկային մտքերը, միւս կողմից ռուս ծառայողներին էլ հեշտ միջոց ներկայացնելով տեղական լեզուները ուսումնասիրելու։ Բայց յօդվածի վերջին մտքերը չը հասկացանք․․․ այնպէս է երևում որ յօդվածագիրը պահանջում է կառավարութենից դրամական օժանդակութիւն տեղական թատրոնի համար․․․։

Վաղարշապատից գրում են մեր լրագրին յունվարի 3-ից՝ մինչև այսօր ոչ ձիւն, ոչ անձրև և ոչ ցուրտ տեսանք․ եղանակը կարծես աշնանային է։ Առաջին հարկաւորութեան մթերքը, օրինակ գարին և դարմանը մինշտ թանկ են, իսկ ցորենի խալվարը 20 մանէթի իջաւ։

Յունվարի 2-ին 1873 թ․ Ս․ Պետերբուրգում տիրաժ է եղել 1 ներքին 5% փոխառութեան և ահա դուրս եկած տոմսակների գլխաւորները։

Սէրիայի

Տոմսակի

Տարած

գումար

13.031 23 200.000
8.040 40 75.000
13.104 36 40.000
13.043 31 25.000
7.001 50 10․000
4.240 11
16.140 29
7.254 30 8.000
1.732 4
19.517 6
10.139 47
7.820 9
6.254 36 5.000
12.709 16
16.041 32
12.558 8
1.164 4
7.260 28
2.157 43
9.074 3

Մենք լսում ենք որ Թիֆլիսի օրիորդաց Ս․ Մարիամեան ծխական ուսումնարանը նորերումս տիկին Եկատէրինէ Սօղօմոնեան Ռօտինեանցից 50 ռուբլի նուէր ստացաւ։ Շնորհակալութիւն այդպիսի տիկիններին։

Նուխուց գրումեն մեզ, որ այդտեղ առուտուրը այժմ թոյլ է։ Թելը Կ․ Պօլսի համար քաղցր առնումեն, իսկ Մօսկվայի համար ոչ։

Մեծ Շուլաւէրի թղթակիցը հաղորդումէ մեզ հետևեալը․ նորերումս կարծես մեր գիւղացիք հասկացան ընկերութեան օգուտը, յիշելով իրանց ջրի ամիսներով ցամաքելը, ուստի կամենումեն մի ջրանցք բանալ Բորչալուի գետի կէսը բերելով․ այդտեղից մինչև գիւղը ասումեն որ 13 վէրստ է։

Մեր Զաքաթալի նամակագիրը հաղորդումէ մեզ որ Զաքաթալի պէս փոքր տեղում ստանումեն հայոց պարբերական հրատարակութիւնները հետևեալ համեմատութեամբ․ „Մշակ“ լրագրի 14 օրինակ, „Դաստիարակ” ամսագրի 6 օրինակ, „Արարատ” 4 օրինակ և „Մեղու Հայաստանի” 4 օրինակ։

Հետաքրքիր կը լինէր իմանալ միւս քաղաքներում ինչ հեմամատութեամբ ստանումեն հայոց պարբերական թերթերը։ Յոյս ունենք որ մեր թղթակիցները զանազան քաղաքներից կը հաղորդեն մեզ սորա մասին։

Թիֆլիսի Գիւղա-տնտեսական ընկերութեան մէջ յուվարի 13-ի նստում, քննվեցաւ այն խնդիրը՝ թէ ընկերութենից նշանակված դրամական օժանդակութիւնը վրաց „Գիւղական լրագրին” հարկաւոր է նուիրել մի նոր լրագրի հրատարակելուն։ Դօկտօր Գրիգոր Արծրունին առաջարկելով գործ դնել յիշեալ օժանդակութիւնը հայ-վրաց գիւղական լրագրին, ընդարձակեց իր միտքը ցոյց տալով մօտաւորապէս թէ ինչ ձևով կարելի կը լինի իրագործել հայ-վրաց գիւղական լրագրի խմբագրութիւնը։ Ի նկատի ունելով այդ առաջարկութիւնը, ընկերութիւնը յանձնեց պ․ Արծրունուն գրաւոր կերպով ներկայացնել ժողովի խորհրդին իր կարծիքը։