Մշակ/1873/7/Առևտրական դատարանի մասին
ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Յիշելով „Մշակի“ 4-որդ համարում մի և նոյն վերնագրով տպված առաջնորդող յօդվածը, դարձնում ենք այս անգամ ընթերցողի ուշադրութիւնը այս համարի Ներքին տեսութեան մէջ տպված պ. Գ. Մեհրաբեանցի յօդվածի վրա։ Այդ տեսակ յօդվածները մեզ համար թանգագին են, որովհետև ապացոյց են, որ երևոյթի հետ միայն գործնական կերպով ծանօթ մի անձն դարձեալ իր յայտնած իրողութիւններով հաստատում է մեր տեսական հայեացքները գործի էութեան վրա։
Մենք չենք կարող չը համաձայնել յօդվածագրի խօսքերի հետ, որ մեր առևտրական դասը, համեմատելով նոյն դասի հետ, Եւրօպայում դեռ ևս անչափ տգէտ ու անզարգացած է։ Նա ոչ թէ միայն մտաւորապէս անզարգացած է, բայց և մեր առուտուրը համեմատելով եւրօպական ընդարձակ և բարձր նշանակութիւն ունեցող առուտուրի հետ,— չնչին է և աւելին՝ նմանում է մանրավաճառութեան...
Բայց այդ չէ նշանակում որ՝ նոյն իսկ այդ պատճառով մենք պիտի աշխատենք, ենթարկելով նրան ընդհանուր քաղաքական դատարաններին, աւելի էլ սեղմել և արգելք դնել նորա ազատ և ընդարձակ զարգացմանը։
Իսկ մեր բերած փաստերը պարզ հաստատում են մեր այդ խօսքերը, և մենք դեռ ևս յոյս չենք կորցրել կրկին և կրկին անթիվ իրողութիւններ առաջարկել մեր ընդհանուր յայտնած դրութիւնները գործնական կեանքից առնված երևոյթներով հաստատելու։
Բավական է վաճառականութեան պատմութեան վրա նայելու[1] որ համոզվենք, թէ որքան զարգանում էր և ընդարձակվում էր մի երկրի առուտուրը, այնքան աւելի բաղադրեալ էին դառնում առևտրական յարաբերութիւնները, այնքան ուրեմն արգելք էին լինում անթիւ ձանձրացնող և սեղմող կանօնները, այնքան պահանջմունք էր զգացվում բաժանել առևտրական օրէնսդրութիւնը ընդհանուր օրէնսդրութենից։ Արդէն XVI դարի, Ֆրանսիայի Հէնրի IV-ի Ֆինանսների մինիստրը Մաքսիմիլիան դը Բէթիւն, դուքս դը Սիլլի անվանված, հասկացել էր որքան վնասակար և արգելառիթ է լինում ժողովրդի տնտեսական կեանքի կանօնաւոր զարգացման համար՝ դանդաղ և ձանձրացուցիչ օրէնսդրութիւնը։[2]
Այդ է պատճառ, որ մի երկրի տնտեսական զարգացման ժամանակ, երբ սկսում է ընդարձակվել երկրի առուտուրը և նրա յարաբերութիւնները աւելի բաղադրեալ են դառնում,— հարկաւորութիւն է զգացվում մշակել և մտցնել մի առանձին առևտրական օրէնսդրութիւն, և առևտրական դատարանները ձանձրացնող ընդհանուր դատարանների օրինական կանօններից բաժանել։
Սա բոլոր երկիրների համար հասարակ երևոյթ էր և առևտրական դատարանի հիմնելու իրողութիւնը ամեն երկրի մէջ զուգընթաց էր գնում ազգի առևտրականութեան զարգացման իրողութեան հետ։
Միայն այդ գաղափարի իրագործումը, նայելով երկրի կազմակերպութեան և յատկութիւններին, տարբեր է եղել այս կամ այն երկրի մէջ:
Առևտրական օրէնսդրութեան տեսական էութեան անհրաժեշտութիւնը և նրա գործնական կերպով ընդհանուր քաղաքական դատարաններից բաժանվելը առևտրական դատարանների միջոցով, ամեն տեղ մի և նոյն էր, բայց գաղափարի գործնական իրագործման ձևը տարբեր էր:
Մէկ տեղ առևտրական դատարանների դատաւորները միայն վաճառականներն են, ուրիշ տեղ միայն իրաւաբանները, որք ծանօթ են առևտրական իրաւունքի հետ, մէկ էլ երկրում առևտրական դատարանը կազմվում է թէ առևտրական մարդիկներից թէ իրավաբաններից։
Այժմ հարցը հետևեալ կերպով է դրվում՝ ի՞նչ ձև աւելի ձեռնտու, օգտաւէտ և անհրաժեշտ է մեր երկրի մէջ հիմնվող առևտրական դատարանի համար։
Մենք չենք կամենում նախագուշակել յիշեալ հիմնարկութեան կազմակերպութեան ձևը, չենք կարող տեսական կերպով կատարելապէս հաստատել այն, որ պիտի ցոյց տայ գործնական փորձը, բայց, թող ներվի մեզ կարծել, որ ըստ սկզբին, ճանաչելով մեզ համար առևտրական դատարանի անհրաժեշտութիւնը, աչքի առաջ ունելով մի կողմից՝ մեր իրաւաբանների թէ տեղային առևտրական պայմանների, թէ տեսական ճշմարտութիւնների անտեղեակ լինելը, իսկ մյուս կողմից՝ մեր վաճառականների առհասարակ դատաստանական պրակտիկայի մասին տգիտութիւնը,— թող ներվի մեզ կարծել, որ նրանք կարող են առևտրական դատարանի կանօնաւոր և յարմար գործունէութեան մէջ միմեանց լրացնել՝ առաջինները՝ իրանց իրաւաբանական ընդհանուր հմտութիւններով, վերջինները վաճառականութեան վերաբերեալ գործնական պահանջների և նրա պայմանների մօտիկ ծանոթութեամբ։
Չը պիտի մոռանանք մի բան՝ այն է որ եթէ Ֆրանսիայում այդքան աջողվում են առևտրական դատարանները միայն առևտրական մարդիկներից կազմված, այդ այն պատճառով է, որ նրանց կազմող վաճառական—դատաւորները մի և նոյն ժամանակ կատարելապէս տեղեակ են երկրի առևտրական օրէնսդրութեան՝ (կօդ դը կօմմէրս) հետ:
Եթէ առևտրական դատարանի մասին խնդիրը փոքր ’ի շատէ, իրագործելու վրա լինի,— մենք խօստանում ենք դարձեալ յայտնել մեր կարծիքը այդ առարկայի մասին, նայելով թէ ինչ ձև կը ստանայ յիշեալ հիմնարկութիւնը։