Մշակ/1873/7/Էս էլ քեզ կրիտիկայ
Է՜Դ ԷԼ ՔԵԶ ԿՐԻՏԻԿԱՅ
Արարատ ամսագրի անցեալ տարուայ ժա. և ժբ. երրորդ համարներում կարդացի „թէ ո՞ւր են Աւարայր և Տղմուտ“ վերնագրով պ. Գալուստ Շէրմազանեանի մի երկար և ձիգ քննադատութիւնը պարոն Րաֆֆիի Պարսկաստանի ուղեւորութեան երկրորդ նամակումը յայտնած մի կարծիքի դէմ, որով պարոն ճանապարհորդը յիշում է մի քանի ժողովրդական աւանդութիւններ Վարդանի, նորա պատերազմի և Աւարայրի դաշտի մասին։
Պարոն կրիտիկոսը,— իւր միտքը հաստատելու համար, անխտիր կերպով իւր քննադատութեան մէջն է կոխում բոլոր ուսած և սերտած խօսքերը Խորենացիէն, Ղազար Փարպեցուց, Ինճիճեանից, Եղիշէից, Այսմաւուրքից, Չամչեանից և այլ պատմագրութիւններից։
Յիշեալ պատմագրութիւններից բերած վկայութիւնները այնքան խառնիխուռն և միմեանց հակասական են, որքան չէ վերաբերում և ոչինչ կապ չունի նորա քննադատութեան հետ պարոն՝ կրիտիկոսի կեանքի ամբողջ պատմութիւնը, այսինքն 1865 թուի Թիֆլիսի անկարգութիւնը, Մաքուայ Ալիխանի որդւոյ հարսանիքը, իւր որսորդութիւնը խանի որդւոյ հետ, Ջաւօի և Գասպարի վիրաւորուիլը, պար եկող Մութրուֆի սպանուիլը, Սէմէօն վարդապետի հէքիաթները, Ռուսաց և Պարսից պատերազմ... և այլն և այլն... պարոնը դեռ ևս շատ բաներ է ունեցել գրելու, ափսո՜ս որ շատն մոռացած է եղել...
Իսկ մեք կը բաւականամք այնքանով միայն, որքան պարոն կրիտիկոսը կարողացել է գրել, թէև նորա գրուածքի խաօսի մէջ ոչ միայն շփոթուիլ կարող է ամէն մի ընթերցողը, առանց մի որոշակի գաղափարի ամբողջութիւն դուրս բերելու նորա խօսքերէն, այլ շփոթվում է ինքը գրողը, երբ նկատում ենք, որ նա շատ տեղերում ինքն հակառակում է իւրեան, որը կաշխատենք ցուցանել մեր ընթերցողներին։
Միայն պէտք է խոստովանած, թէ մենք շատ հեռու ենք այն նպատակից, որ աշխատենք ապացուցանել, թէ որքան ուղիղ, կամ սխալ է պարոն Րաֆֆին իւր կարծիքի մէջ, Աւարայրի դաշտի Խօյ քաղաքի, այսինքն Դուղլաղի մօտ լինելոյ մասին։ Որովհետև ինքը ճանապարհորդը վճռականապէս չէ հիմնվում իւր կարծիքի վերայ, այլ նա յայտնում է մի քանի կենդանի աւանդութիւններ, ասելով „Ես նայեցայ, խիստ հաւանական է մտածել, թէ Վարդանանց պատերազմը, կամ սրբոյն Վարդանայ նահատակուիլը եղել է վերոյիշեալ մատուռի մօտակայքում, այսինքն Ղօթուր գետի ափերու մօտ, որ կարծվում է պատմական Տղմուտը։ Թէպէտ Հայերի շատերի կարծիքն այդ է, պատերազմի Մագուայ դաշտերում լինելը, բայց այդ կարծիքը տարակուսական է։ Որովհետև այնտեղ ոչ մի ընդարձակ դաշտ չէ յիշեցնում մեզ Աւարայրին, և ոչ մի գետ Տղմուտը։ Բայց առաւել հաւանական է, թէ գլխաւոր պատերազմը եղել է Դուղլաղի հարաւային կողմում, այն նուերական աղբիւրների, և այն ըստ աւանդութեան նետերով ծածկոտեալ քարաժայռի մօտակայքում, ուր փոքր ինչ Ղօթուր գետը, իւր պղտոր ջրով, լիլային և ցեխոտ յատակով, ձեւացնում է մի հեղեղատ, որին այլ անուն անհարմար էր տալ, քան անունս Տղմուտ։ Եւ ընդարձակ դաշտը, այնպէս ցամաք և անապատ, յիշեցնում է ողբալի Աւարայրը...։
Պարոն Շէրմազանեանը, վերոյիշեալ խօսքերի ճշմարտութիւնը հերքելու համար, թափ տալով ամբողջ Հայ պատմագրութիւնը, դուրս է բերում զանազան վկայութիւններ, իբր թէ իւր միտքը հաստատելու Աւարայրի դաշտի պարոն Րաֆֆիի ցոյց տուած տեղում չը լինելու մասին, չը նայելով որ նոյն իսկ վկայութիւններով նա հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը։
Պ. Շէրմազանեանը, հիմնուելով Ղազար Փարպեցու (երես 8) և Չամչեանի (հատ. բ. երես 67) խօսքերի վերա, ասում է. „մեր պատմիչներն յայտնի ասում են թէ Պէնտէկօստէի մեծ տօնի ուրբաթ օրը Արտաշատ քաղաքէն այսինքն խորվիրաբէն սուրբ Վարդանը վեր առաւ Հայերի գունդն և հասավ Արտազ գաւառի Աւարայր գիւղը կամ դաշտը, և շաբաթ օրը պատերազմը արին, այսինքն մին օրվան ճանապարհ“։
Ընդունելով առ ժամանակ յիշեալ խօսքերը իբրև ճշմարտութիւն, մեք հասանում ենք մի այդպիսի եզրակացութեան, թէ պ. կրետիկոսը Հայոց բանակի արշաւանքի երկու ծայրերը դնում է Արտաշատէն կամ Խորվիրաբէն սկսեալ մի օրուայ ճանապարհի հեռաւորութեամբ մինչև Արտազ գաւառի Աւարայր գիւղը, որ համարում է վերջին կէտը, ուր վերջացած է պատերազմը։
Այժմ հարցը նորանումն է, թէ Խորվիրաբի մօտէն ճանապարհ ընկնելով Հայոց բանակը, նոյն ուղղութեամբ, որով տանում է նորանց պ. Շէրմազանեանը, մի օրուայ մէջ մինչև ո՞ւր կարող էին հասնել։
Երկաթուղու գաղափարն անգամ այն դարումը ծանօթ չէր Հայերին։ Եթէ ընդունեմք Հայոց բանակը մի օրուայ մէջ անդադար յառաջ տանելու լինէր իւր արշաւանքը, նա կը հասնէր միայն մինչև Մասիս լերան արեւելեան ստորոտը, այսինքն այժմեան Մագուայ դաշտին։ Ուրեմն պարոն Շէրմազանեանի խօսքերից եզրափակելով, այստեղ պէտք է համարել Արտազը կամ Աւարայրին։
Բայց Մագուայ դաշտը, ասում է պարոն կրիտիկոսը, չէ Արտազը և ոչ Աւարայրին, այլ նորան կոչում է պատմական Գերատայ դաշտը։
Եւ այդպէս, շեղուելով իւր հիմնական փաստից, պարոն ՇԷրմազանեանը թողում է այժմեան Մագուն (Արտազը) անցնում է մինչև Ղարա-Զիադին (սխալմամբ կոչելով նորան Ղարա-Չիադին) գիւղը, և այնտեղ Չօրսի դաշտը ցոյց է տալիս պատմական Աւարայրի դաշտի լինելը, որը Խորվիրաբից ո՛չ թէ մի օրուայ, այլ 3 օրուայ ճանապարհորդութեան հեռաւորութիւն ունի։
Մեր ընթերցողներին ցոյց տալու համար, թէ պարոն Շէրմազանեանը ինքն չը գիտէ թէ ինչ է գրում, այլ միմիայն լոկ անուններ է շարում միմեանց պոչից, և պատմական խառնիխուռն, անկապ վկայութիւններ է թափ տալիս, ավելորդ չեմք համարում յիշել նորա խոսքերից մինը, որ ո՛չ միայն հակառակում է իւրեան, այլ բոլորովին հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը։
Պարոն Շէրմազանեանը բոլորովին շփոթուելով իւր երկար և անկապ գրուածքի խաօսի մէջ, և մօռանալով իւր միանգամ, Աւարայրի դաշտի Խորվիրապից մի օրուայ ճանապարհի հեռաւորությամբ ցոյց տալը, միւս անգամ, ընդհակառակն նորա այժմեան Ղարա-Զիադինի մօտ Չօրսի դաշտումը ցոյց տալը,— ասում է „որպէս զի ընթերցօղներին աւելի շուտով կարողանամ հասկացնել, յարմար եմ համարում սկսել ուղեւորութիւնը Խորվիրապէն դէպի Հեր և Զարևանդ գաւառն, որոց մէջին պէտք է որոնած Աւարայրը և Տղմուտը“։
Հիմնուելով պարոնի վերջին խօսքերի վերայ, պէտք է վճռել, թէ Աւարայրը և Տղմուտը գտանվում են Հերի և Զարեանդի մէջ տեղում։
Շա՛տ լաւ։
Համարելով Հերը՝— այժմեան Խօյը, Չարևանդը— այժմեան Սալմաստը, (որոց մասին պարոն Րաֆֆին և պարոն Շէրմազանեանը համաձայն են միմեանց հետ)— ուրեմն Աւարայրին և Տղմուտը պէտք է որոնել, ո՛չ թէ Ղարա-Չիադինի կամ Չօրսի դաշտերումը, այլ այդ երկու մահալների, այսինքն Խօյի և Սալմաստայ մէջ տեղում։
Կալով մի այդպիսի եզրակացութեան, ստիպվում ենք հարցնել պարոն Շէրմազանեանին,— Մի՞թէ պարոն Րաֆֆիի ցոյց տուած տեղը Խօյի և Սալմաստայ մէջ տեղումը չէ՛։
Մենք չեմք կարծում որ պարոնը չը համաձայնի մեզ հետ, երբ ինքը խոստովանում է պարոն Րաֆֆիի ցոյց տուած տեղերի Խօյի և Սալմաստայ մէջ տեղում լինելը[1]։
Ուրեմն պարոն Րաֆֆին ի՞նչով է սխալ իւր կարծիքի մէջ։
Վերջին հարցը թողում ենք նորից մտածել պարոն Շէրմազանեանին...
Միայն կաւելացնենք այդքանը, որ պարոն կրիտիկոսը ցանկացել է իւրեան ցոյց տալ ո՛չ միայն հմուտ Հայոց պատմագրութեան, այլ և Պարսից և Արարացւոց։ Պ. Րաֆֆիի Ղազանֆարի յիշատակարանի մասին նա ասում է, իբր թէ Արարացի Մահամադ Հանըֆին է պատկանում և ոչ Ղազանֆարին։ Պարոնը լ„սել է զանգի ձայն, բայց չը գիտէ ուր է այն“։
Մահմատ Հանըֆի յիշատակարանը գտանվում է ոչ թէ Խօյի մոտ, այլ Ուրմիոյ և Սալմաստայ մէջ տեղում, Իսի—Սու կոչուած գիւղի հանքային տաք ջրերի մօտի գերեզմանատնում, ուր տեղային սուննիների ուխտատեղին է։
Իսկ պարոն Րաֆֆին այդ տեղի մասին ոչինչ չէ գրել։
Ախ, ես մոռացայ ասել, որ պարոն Շէրմազանեանը իւր քննադատութիւնը, այնքան բազմասնեայ նիւթերից խառնած, թէև կատարեալ թուրքի հարիսայ է շինել, այսու ամենայնիւ պէտք է խօստովանած, որ նա մի նշանաւոր բնագիտական գիւտ է արած, որն է արդիւնք նորա երկարամեայ Պարսկաստանի աշխարհի հետազօտութեանը,— այն է անուշահոտ մշկի իւր ցոյց տուած Աւարայրի դաշտումը արածող այծեամների պօրտի վերայ գոյանալն։ Եթէ լուսաւոր Եւրօպան իւրեան թոյլ կը տար հաւատալ այդպիսի առասպէլին, մեք խորհուրդ կը տայինք պարոնին իւր արած գիւտը Լօնդօնի արքունական երևելի բնագիտական ագադեմիային յայտնել, ի փառս հայ գիտութեան։
- ↑ Տե՛ս Արարատ հարմար ժա. 426 երեսի երկրորդ էջի 17-երրորդ տողից սկսեալ մինչև 37-երրորդ տողի վերջը։