Jump to content

Մշակ/1873/7/Նամակ Շուշուց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Շուշուց

ՆԱՄԱԿ ՇՈՒՇՈՒՑ


«Մշակ» լրագիրը մի տարուայ միջոցում իւր ընթերցողներին գործքով ցոյց տուեց իրա ազգօգուտ ընթացքը։ Մեզ այստեղ հարկաւոր չէ նրա գլխին գովեստներ կարդալ. պատճառն որ այժմ ներբողները արժէք չունին և ամէն փոքր ի շատէ հասկացողը իմանում է սուրբ գրքի այն վսեմ խօսքը, թէ «գործք քո զքեզ օրհնեն»։ Ուրեմն թէ այժմ և թէ ապագայում «Մշակի» գործքը, թո՛ղ կամ պարսաւէ կամ գովաբանէ նրան։ Մենք, այդ մասին ուրիշների գլխին քարոզ կարդալ չուզելով՝ լռում ենք, բայց չենք էլ կամենում դէպի նա ունեցած կատարեալ համակրութիւններս ծածկել։ Միայն մեր կամքը այդ բանի վրա խօսել չէ, մենք իբրև Շուշեցի կամենում ենք Շուշվայ վրա մի քանի խօսք ասել. թէև նրա վրա զանազան ժամանակներ շատերը խօսեցան, վնաս չունի, թո՛ղ մէկն էլ մենք լինենք։ Միայն թէ էս վերջին երկու տարուայ մէջ մի քանի Շուշեցիների ստորագրութիւններով Շուշվայ վրա խօսող յօդվածները շատ էքստրէննի էլան, բայց մեր և այդ էքստրէննի յօդվածների զանազանութիւնը շատ կլինի, որովհետև նոցա ստորագրողները էլած են անգամ, տիրացու, քահանա, հոգաբարձու և վերջապէս դեռ նոր ստեղծվելու Գէորգ Պարտիզպանեան։

Մեր այս խօսքերով յիշյալ պաշտօնների մէջ գտնուածներից առաւել ամենաազնիւները գուցէ շատ թէ քիչ կվիրաւորուին, սակայն մենք խնդրում ենք նրանց, որ փոքր մտածեն և կտեսնեն որ ուղիղ ենք ասում, կտեսնեն, որ փոքր պաշտօնեաները քիչ բացառութեամբ դէպի իրենց մեծաւորները ինչ որ ասում են, անում են և գրում են, բոլորը լիքն է կեղծաւորութիւններով, շողոքորթութիւններով և հազար տեսակ կողմնապահ զրոյցներով։

Մեր կարծիքով ընթերցողը արդէն գուշակեց, որ մեր միտքն է Հոգևոր դպրոցի վրա միայն մի խօսք ասել։ Շուշվա վերջին աստղը[1] խաւարելուց, այսինքն մեծապատիւ Շանշեանի գնալուց յետոյ, շատ վարժապետներ, անդամներ, հոգաբարձուք, քահանայք, ժամկոչներ, և ամենատեսակ դատարկ խօսքերով մարդոյ գլուխ ցաւեցնող ու այբուբէնից զուրկ մնացած անձինք՝ ճշմարտութեան այնքան կատարելագոյն աստիճանը հասան, որ այդ աստղի հետ Շուշվա դպրոցի երբեմն ունեցած երջանիկ ժամանակն էլ պախարակեցին։

«Մեղուն» սրանք ամէնն էլ գիտէ։ Նա հէնց իւր շապիկը փոխելուց փոքր առաջ Շուշվա վրա քարոզում էր «այս դարի մէջ Չամուրճեանի ուղղութեամբ դաստիարակութիւն չի լինիլ։ Շուշվա վարժապետները մութ տեղ են սիրում, որ մարդկանց աչքին չերևան։ Հոգաբարձութիւնը իւր պաշտօնը չի ճանաչում։ Տիգրան թագաւորը Հայ քրիստոնեայ է (Շանթարարձակեանի յօդուած)։ Չամչեան և Սալլանթեան քերականութիւնները շատ թանկ են վաճառվում այնտեղ, մի խօսքով, դպրոցը ոտից մինչև գլուխ անկարգութեան մէջ է»։ Այս և սրա նման մտքերից շատերը, նա ոչ թէ ուրիշների բերանով էր քարոզում, այլ մեծ մասամբ ինքը իւր կողմիցն էր յայտնում։ Բայց դու ընթերցո՛ղ միտք բե՛ր, եթէ Արարատ կարդում ես, տե՛ս Շուշուց նրա գլխին ինչ կայծակներ ու շանթեր թափեցին որոնցից մենք ցանկանում ենք մի քանիսը առաջ բերել այստեղ. այն յօդուածները խօսում էին «Մեղուի» վրա, թէ նա բերանը մեղր առնող և ադան մէջ թոյն ունեցող մեղուներու է նմանվում. զրպարտութեան խնձորները ցաւակցական խրատներով է ոսկեզօձում, զանազան դիմակ երեսն առնելով ստութիւնը ճշմարտութիւն է հրատարակում, սնոտի տղայամտութիւնն է անում. նրա լրագիրը ստութեանց և զրպարտութեանց հանդիսարան է. ինքը դպրոցին առանձին նպատակաւ ոխերիմ թշնամի է և ազգին մէջ այսօր Արշակաւան է հանդիսանում և այլն»։ «Մեղուն» ինչպէս ասեցինք, շապիկը փոխեց, բայց Շուշվայ ուսումնարանը անփոփոխ մնաց։ Լաւ թէ վատ, ինչ որ անցեալ տարի էր, էսօր էլ մի և նոյնն է։ Սակայն մի նոր զարմանալի երևոյթք ևս,— «Մեղուն» իւր շապիկի հետ միտքն էլ է փոխել։ Երեկ իւր բերանով վատ քարոզածը այսօր լաւ է հրատարակում։ Այս նրա բարձրագոյն բարոյականին հարկաւոր է տալ։ Նա եթէ բախտի բերմամբ Տիբեթումը ծնուած լինէր, անկասկած դալայլամայ կընտրուէր։ Բայց երէկ ինձ հետ խօսող պարոնին մէկը ասում էր, թէ Մեղուն հաշտուած չի լինիլ իւր վրա շանթ թափողների հետ, թէ նա անպատճառ «Մշակին» կռթելու համար տպած կլինի (ըստ խնդրանաց իւր բարեկամաց) իւր լրագրի 40 համարում վարագուրեալ Գէօրգ Պարտիզպանեանցի նամակը իւր ծանօթութիւններով։ Սակայն թէ այսպէս և թէ այնպէս մենք նրանից գոհ ենք, ըստ որում եթէ նա այլապէս վարուէր մեր Շուշվա մասին, դեռ շատ կուշանար այժմ մեր նպատակը այս է, որ ընթերցասէր ազգայինք հասկանային իսկապէս, այս վերջին երկու տարուա մէջ, Շուշվա ուսումնարանի մասին հրատարակուած նամակների մէջ էլած տարաձայնութեանց և հակաճառութեանց հակասութիւնները։

Մենք կրկնում ենք, որ մեր նպատակն է մասնաւորապէս ցոյց տալ մեր համազգիներին ուսումնարանի լաւ թէ վատ դրութիւնը. ուստի հրավիրում ենք խաւարի մեջ թագնուած ուսուցիչներից մէկին այսինքն պ. Պարտիզպանեանցին, հանդէս դուրս գալ։ Ճշմարտախօսին հարկաւոր չէ Եգիպտական քրմերի նման վարագուրի տակ ծածկուել։ Ինչ կնշանակէ, նիւթի հեղինակը լինի Պ...եանը, իսկ ստորագրութեամբ անուն վաստակողները լինին հոգաբարձուք, անդամք, տիրացուք, ժամկոչի տղերք և վերջապէս դեռ նոր ստեղծվելու Գէօրգ Պարտիզպանեանցը։ Սա արդարութիւն չի։ Կարելի է շատերին այս ճշմարտութիւնը անհաւատալի երևի, բայց մենք էդպիսի պարոններին մի շատ հեշտ ճանապարհ ցոյց կտանք։ Թո՛ղ այդ կասկածող պարոնները նախ և առաջ աշխատեն 1870 թուի Արարատին մէջ գտնել պ. Պ...եանի յօդվածը, յետոյ միւս յոդվածները համեմատեն խոհէմ կերպով նորա հետ, եթէ չգտնեն որ բոլորն մի գրչից է դուրս եկել, չտեսնեն մի և նոյն խօսքերը ամէն տեղ կրկնուած, մի և նոյն ձևերը, ոճերը, դարձուածները բացի մի քանի զօռով եղած փոփոխութիւններից, մենք մեր խօսքը յետ կառնենք։

Երկրորդ անգամ հրաւիրում ենք պ. Պարտիզպանեանցին հանդէս դուրս գալ, լոյս աշխարհ մտնել և պատռել իւր վրա գցած ծածկոյթը։ Մենք շատ ունինք նիւթեր, ուսումնարանից, Հոգաբարձութիւնից և նրա գործունէութիւնից պ. Շանշեանից յետոյ, 35-ից մինչև 40 վարժապետ փոխվելուց յետոյ և այլն։ Եթէ պ. Պարտիզպանեանը մեր ասածը կարողանայ փաստերով հերքել և ցոյց տալ հետևաբար որ 280 աշակերտ ունեցող մի ուսումնարան լաւ դրութեան մէջ է, մենք պատրաստ եմք մեր խօսքն յետ առնել։ Բայց եթէ այսպես չլինի, ուսուցիչները յատուկ եղած սահմանից թո՛ղ չդուրս գան, ժամկոչի տղէն իւր տիրացութիւնը, թո՛ղ շարունակէ, Հոգաբարձութիւնը, իւր եռանդը թո՛ղ բազմապատկէ, պ. Գէորգ Պարտիզպանեանը թո՛ղ նոր ստեղծուի. իսկ «Մեղուն» նոր տարուա սկզբից, եթէ կամենում է, իւր սերտուկն էլ թող փոխէ, ժամանակը ամէն բան կպարզէ...։

Անտօն Մէլիք-Դադայեանց
  1. Աստղ խօսքը ընթերցողը եթէ չափազանցութիւն համարէ, խնդրում ենք, թող վեր առնէ 1871 թուականի Արարատայ մայիսի ամսատետրը և կգտնէ այնտեղ Սիմէօն քահանայ Տէր Իսրայելեանցի ստորագրութեամբ մի յօդված, որտեղ Շուշվայ այժմեան վարժապետներից մէկին կենսատու արև էր կօչում։