Jump to content

Մշակ/1873/7/Պարսկաստան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պարսկաստան

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ


Հետազօտելով Պարսկաստանի խիստ մօտաւոր անցեալը, մենք նշմարում ենք մի տխուր երևոյթ.— ժողովուրդը ստրկացած աւատական իշխանների հարստահարութեանց ներքոյ, գաւառական դատաւորների մենավաճառութիւն, այս կամ այն նահանգը կաշառքով վարձել կառավարութիւնից, և ծծել բնակչաց արդիւնաբերութեան բոլոր ոյժը։ Հալածմունք իսլամին չը պատկանող ազգերի։ Բարձրագոյն Դրան վէզիրների, անընդհատ միմեանց հետ ինտրիգայներ և դարանագործութիւնք միմեանց ձեռքից զանազան օգուտներ խլելու։ Եւ Շահի անձնավորութիւնը, այդ բոլոր անկարգութեանց մէջ երևում է որպէս խաղալիկ, հրապուրուած շողոքորթող և խաբեբայ դրանիկներից։

Մի այդպիսի հոգևարք դրութիւնը Պարսկաստանի անշուշտ կը տանէր նորան դէպի կործանումն, եթէ Պարսկաստանի գահի վերայ չերևար նորին Մեծ. Նէսրէդդին-Շահը։ Նա առաջին եղաւ, որ մօլլաների մոլեռանդութեան ընդդէմ, սկսաւ պաշտպանել քրիստոնեայների, հրէաների և մահմէտականութեան չը պատկանող այլադաւանների իրաւունքը կարգելով նոցա պահպանութեան համար առանձին պաշտօնակալներ, որք կոչվում էին սարփարաստներ։ Նա առաջին եղաւ, որ իւր դեսպանների և հիւպատոսների միջնորդութեամբ, սկսաւ մօտ յարաբերութիւններ ունենալ եւրօպական պետութիւնների հետ, և այդպիսեաւ տուեց նա արտասահմանեան վաճառականութեանը ընդարձակ շրջան, մտցրուց իւր տերութեան մէջ մի քանի եւրօպական հիմնարկութիւններ, որպիսի են ուսումնարաններ Թէհրանում և Թաբրիզում, հեռագրութիւն, կաւագործութեան գործարան Թէհրանում, երկաթուղի և նոտարիուսական կարգ (սափթ դիվանխանայ) գլխաւոր քաղաքներում։ Վերջապէս նա առաջինը եղաւ, որ մի խումբ պատանիներ Ֆրանսիայ յուղարկեց ուսանելու և եւրօպական գիտութիւնները և արհեստը իւր աշխարհը բերելու։ Նորին Մեծութեան Շահի մի այդպիսի ձգտօղութիւնները դէպի քաղաքակրթութիւնը և վերանորոգութիւնը իւր տէրութեան, թէև շատ անգամ հանդիպում էին զանազան արգելքների և ընդդիմադրութեան մօլլաների և նոցանից գրգռուած խաւարասէր ամբօխի կողմից, բայց վերջինները մեծ մասամբ կորուսին իւրեանց ուժը, երբ անցեալ տարում առաջին վէզիրի տեղը բռնեց Սադրէզամը և հայազգի Միրզայ-Մելքօմ-խանը բարեկարգիչ տէրութեան կարգուեցաւ։

Վերոյիշեալ 2 հանճարների առաջին ջանքն եղաւ, որքան կարելի էր և ժողովուրդի դրութեանը տանելի, մտցնել տէրութեան մէջ մի քանի նոր սահմանադրութիւններ և մաքրել բարձր Դուռը հին վէզիրներից։ Դոցա օրով շատ գաւառներից վերացաւ թուվուլաթը, այն ժողովրդին մաշող և նորա արիւնը ծծող սիստեման, որով մի պաշտօնակալ իւր ռօճիկի տեղ ստանում էր մի գիւղի կամ մի ամբողջ մահալի հասոյթը, անխնայաբար կողոպտելով բնակիչներին։ Դոցա օրով կնքուեցաւ Հնդկա-Պարսկական երկաթուղու պայմանը անգղիացւոց հետ։ Դոցա օրով իւր հարեմի պատերի մէջ փակուած Պարսից Արքան, շառիաթի կանոններին հակառակ,[1] համոզուեցաւ ոտքը դուրս դնել իւր երկրի սահմանից օտար հողի վերայ և եւրօպական լուսաւոր աշխարհին այցելութիւն գործել։

Թէհրանի „Իրան“ լրագիրը իւր 51 համարի մէջ տուեց մեզ մի քանի այլ ուրախացուցիչ տեղեկութիւններ, այն է, որ վսեմափառ Սատրէզամը, հիմնելով Թէհրանում կառավարութեան խելացի և մտածող պաշտօնակալներից մի կենդրօնական խորհրդարան (կաբինետ) տէրութեան գլխաւոր գործերի մասին խորհելու, և նոցա գործունէութեան ծրագիրը Ն. Մեծ Շահին ներկայացրաւ։ Նորին Մեծ հաճութեամբ ընդունելով ծրագիրը և նորան իւր արքայական կնքով վավերացնելէն յետոյ, գրում է այդ տողերը Սէտրէզամին „Սէդրէզամ! նախարարաց խորհրդարանի ծրագիրն, որ հաղորդեցիք ինձ, շատ հաւանեցայ, և Աստուծով շուտով ’ի գործ դնելու կը ջանաք այն, զի որքան յետաձգուի, այնքան վնասաբեր կը լինի տէրութեանը։“ 20 շաբանի 1289 հիճբէթի։

Բացի սորանից Շահը բարեհաճել էր գրել հետևեալ հրովարտակը. „Արդէն սադրազէմութեան վերաբերեալ կանոնադրութիւնքը մենք հրամայեցինք ’ի գործ դնել, վասն զի մեր յաւիտենական տէրութիւնը մի որոշ պաշտօնական կառավարութեան ձևի հարկաւորութիւնը ունէ, մի այնպիսի ձևի, որ պետական տէրութեանց (եւրօպական) համապատասխան է, մանաւանդ այս ժամանակ, որ մեր թագավորութեան պաշտօնայքը պատրաստվում են ուղևորուել դէպի Եւրօպայ“։

Նորին Մեծ Շահի Վիեննայի աշխարհահանդէսին այցելութիւն գործելը առիթ տուեց իւր վուզարաթի (մինիստրութեան) մէջ նոր փոփոխութիւնների։ Այսինքն իւր տէրութեան կառավարութեան գործերը ինն վէզիրների մէջ բաժանել.— 1. ներքին գործոց վէզիր. 2. արտաքին գործոց. 3. զինուորական վէզիր. 4. ելևմտական. 5. արդարութեան. 6. լուսաւորութեան. 7. շահուց (ֆէվաիդ). 8. վաճառականութեան և երկրագործութեան. 9. արքունի նախարար։

Վերոյիշեալ ինն վէզիրների գլխաւորութիւնը յանձնվում է Սէդէրէթին, որի ներկայացուցիչն է Սէդրէզամը։

  1. Շառիաթի օրէնքով իսլամի թագաւորին արգելուած է ոտք կոխել օտար հողի վերայ, որ չէր պատկանում նորան։