Jump to content

Մշակ/1873/8/Էլի ջրանցք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էլի ջրանցք

ԷԼԻ ՋՐԱՆՑՔԸ[1]


Քաղաքական տնտեսութիւնը ճանաչում է երկու տեսակ ձեռնարկութիւններ՝ մի քանիսի իրագործումը աւելի յարմար է յանձնել մի վարչութեան (տէրութեան քաղաքին, համայնքին), միւսները աւելի ձեռնատու է յանձնել մասնաւոր անձին, կամ ընկերութեան (կապիտալիստին կամ ընկերակցութեանը)։ Առհասարակ այն հասարակական ձեռնարկութիւնները, որք ներկայացնում են ընդհանրութեան համար առաջին հարկաւորութեան պիտոյք, գիտութիւնը յարմար է համարում որ յանձնվին մի վարչութեան, որովհետև առաջին հարկաւորութեան պիտոյք լրացնող մի հիմնարկութիւն ներկայացնում է ընդհանուր օգուտ և նրանից պէտք չէ և կարելի չէ սպասել նիւթական շահը։ Իսկ երբ մի մասնաւոր անձին կամ ընկերութեան յանձնվում է մի որ և է ձեռնարկութիւն,— հասկանալի է, որ նրանք աշխատում են ձեռնարկութիւնից որքան կարելի է աւելի շահ ստանալ...։

Մի՞թէ, օրինակ, փօստի հիմնարկութիւնը մի մասնաւոր ընկերութեան չէր կարելի յանձնել։ Բայց ընկերութիւնը մի յայտնի դրամագլուխ ծախսելուց յետոյ կը ցանկանայ վարձատրել իրան արած ծախսերի համար, յետ դարձնել տոկոսով ծախսած գումարը։ Իսկ ամեն կրթված հասարակութեան համար, փօստը առաջին պահանջներից մինն է, հեշտացնելով մեծ հեռաւորութեան վրա քաղաքացիների միմեանց մէջ յարաբերութիւնները։ Այդպիսի հիմնարկութենից պահանջելով միայն օգուտը, անարդար կը լինէր, եթէ նրան մի ընկերութեան յանձնէինք, որ երբէք բաւականանալու չէ իր արած ծախսերը ծածկելով, այլ կաշխատէր և շահ ստանալ։

Մի ուրիշ ձեռնարկութիւն կայ՝ այն է մի քաղաքի բնակիչներին ջուր բաժանելը։ Եւրօպայի բոլոր նշանաւոր քաղաքները վայելում են, ջրանցքի միջոցով, ջրի կանօնաւոր բաժանման բոլոր յարմարութիւնները։ Բայց այդ ձեռնարկութեան գլուխ բերելու ձևը տարբեր է զանազան երկիրներում և քաղաքներում։

Որովհետև այս րօպէիս խօսք կայ Թիֆլիսի ջրանցքի վրա, հետաքրքիր է քննել եւրօպական գլխաւոր քաղաքներում եղած այդ տեսակ ձեռնարկութիւնների սիստեմաները։

Ջուրը, ինչպէս յայտնի է, մարդի առաջին պիտոյքներից մինն է՝ նրա գործադրութիւնը ծագում է մարդի անթիւ պահանջներից և շատ բազմակողմանի է։ Նա անհրաժեշտ է՝ տնային տնտեսութեան, առողջապահութեան, տնային և հրապարակական մաքրութեան և կրակի դէմ ապահովութեան համար։

Այժմ հարցնում ենք՝ ու՞մ պիտի յանձնվի մի բազմամարդ քաղաքի մէջ ջուր բերելը և բնակիչներին բաժանելը,— մասնաւոր մի ընկերութեան, կամ վարչութեանը։

Այդ երկու սիստեմաները այժմեան ժամանակին գործ դրվելով, երկուսն էլ իրանց կուսակիցներ ունեն, ուստի նրանցից իւրաքանչիւրն էլ ներկայացնում է թէ արժանաւոր, թէ վնասակար կողմերը։

Քննենք այդ սիստեմաների թէ լաւ թէ վատ կողմերը։

Երբ մի քաղաքային վարչութիւն իր վրա է առնում բնակիչներին ջրի մատակարարելը,— ջուրը միշտ աւելի մեծ քանակութեամբ, աւելի առատ է բաժանվում բնակիչների մէջ։ Քաղաքային վարչութիւնը (մունիցիպալիտէտ) ձեռնարկութենից ստանալու շահերի յետևից չէ ընկնում, այլ գլուխ է բերում ջրանցքը աչքի առաջն ունենալով մարդասիրական և հասարակական օգուտը։ Բացի սրանից, վերցնելով քաղաքացիներից այնքան, որ գլխաւոր ծախսը ծածկվի, քաղաքային վարչութիւնը առատութեամբ առաջարկում է ջուրը բնակիչների ոչ թէ միայն տնային պիտոյքների համար, այլ աւելորդ վարձատրութիւն չէ պահանջում փողոցներ և կլօակներ (անմաքրութեան խողովակներ) իստակելու համար։ Ընդհակառակն, մասնաւոր ընկերութիւնը յանձն առնելով ջուր բաժանելու, չէ կարող բաւականանալ գլխաւոր ծախսը ծածկելով, չէ կարող քաղաքային վարչութեան պէս վնասվել,— բայց կամենալով արած ծախսերին համեմատ վարձատրվել, անպատճառ կաշխատէ շահվել։

Փարիզ և Լօնդօն քաղաքները, ասում է ֆրանսիացի ճարտարապետ Ժ. Դիւպիւի (J. Dupuit), ներկայացնում են այդ երկու սիստեմաների ծայրերը։ Փարիզում ջրի մասին քաղաքն է հոգում, Լօնդօնում մասնաւոր ընկերութիւնը։ Փարիզում 75 ֆրանկ (20 ռուբլի) տարեկան բաժանորդութեան գին վճարողը, բացի իրան հարկաւոր ջրի բաժինը վայելելուց, գտնում է անվարձ ջուր հրապարակական ջրբուղխներում,[2] նրա փողոցները և կլօակները անվարձ են մաքրվում։ Լօնդօնում, ընդհակառակն, նա միայն որ վճարում է, վայելում է ջուրը,— և հասկանալի է, որ մասնաւոր ընկերութիւնը չի կամենայ ոչ անվարձ ջրբուղխներ շինել[3], ոչ էլ անմաքրութեան խողովակներ իստակել։[4]

Սակայն արդարութիւն է պահանջում խոստովանել, որ Լօնդօնում ջրին բաժանորդ չը գրված տուն գտնելու չէք։

„Եթէ քաղաքային վարչութիւնը, ասում է պ. Դիւպիւի, ծախսում է դիցուք տարեկան 200 հազար ֆրանկ ջրանցի վրա, իսկ յետ է դարձնում իրան միայն 100 հազար ֆրանկ,— այն ժամանակ նա ստիպված է լինում լրացնել պակասորդ գումարը ուրիշ աղբիւրներից՝ բարձրացնելով ուտելիքների և խմիչքների հարկը։ Ինչ օգուտ որ բնակիչքը աւելի արժան կը վճարէ ջրին, բայց նրա տեղ աւելի թանգ կը գնէ գինին, միսը և այլն“...[5]

Բայց եթէ ջրանցքի գործը մասնաւոր ընկերութեան ձեռքը ընկնէր, որ և կը պարտաւորէր բնակիչներին աւելի թանգ վճարել ջրի համար, եթէ տարեկան 75 ֆրանկ վճարելու տեղը, Փարիզի բնակիչը, ստանալով իր ջուրը մասնաւոր ընկերութենից, ստիպված լինէր վճարել 80, 90, 100 ֆրանկ,— մի՞թէ այդ աւելորդ արած ծախսերը նա չէր պակասեցնի իր ուրիշ պիտոյքներից, չէր զրկի իրան այսքան մսից, այսքան գինուց և այլն...

Ջրի գործը այնպիսի մի ձեռնարկութիւն է, որ ջրանցքը շինելու և ջուրը քաղաքի մէջ բաժանելու վրա ահագին ծախսեր անելուց յետոյ դարձեալ չէ կարելի առաջին հարկաւորութեան մի պիտոյքը շռայլութեան առարկայի պէս թանգ ծախել...

Մենք կարծում ենք, որ պ. Դիւպիւից յայտնած արգելքը քաղաքային վարչութեանը ջրի գործը յանձնելու,— ինքն իրան կը վերցնվի, եթէ քաղաքային վարչութիւնը մի ներքին քաղաքային փոխառութիւն անէ։

Այս առարկայի մասին դարձեալ կը խօսենք։

  1. Ուշադրութիւն ենք դարձնում այս համարի Ներքին տեսութեան մէջ տպած Օդէսսայի նամակի վրա։
  2. Ֆօնտան,— որոց թիւը 25-ից աւելի է Փարիզում։
  3. Լօնդօնում երկուսը կան։
  4. Իսկ եթէ Լօնդօնում խողովակները լաւ են մաքրվում, այդ այն պատճառով է, որ անմաքրութիւններ հաւաքելուց և ծախելուց մեծ շահ է ստացվում։
  5. „Dictionnaire de l’ Economie politique“— Coquelin et Guillaumin, 1864.