Jump to content

Մշակ/1873/8/Իսպանիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իսպանիա

ԻՍՊԱՆԻԱ


Կրկին հին պատմութիւնն է սկսվում, կրկին քաղաքական բեմի վերա առաջին դեր խաղացող հանդիսանում է Իսպանիան, կրկին զրկվում է գահից և աքսորվում է թագաւորը ու հրատարակվում է հանրապետութիւնը,— բայց արդեօք երկա՞ր ժամանակով։ Միշտ ամենքից մոռացած, Իսպանիան այս րօպէիս ներկայացնում է ամենահետաքրքիր օրվայ խնդիրը, ամենքը նրանով են պարապած,— բայց գուցէ անցաւոր հետաքրքրութեան վերջը այն կը լինի, որ քանի մի ժամանակից յետոյ, դարձեալ կը մոռանան անգամ նրա գոյութեան մասին։

Այդպէս է այդ երկրի վիճակը, կարծես նա երբէք չը պիտի ազատվի այդ կախարդական շրջանակից, որի մէջ նա ինքն իրան գերի է բռնել՝ յեղափոխութիւնը յարուցանում է մի հակա—յեղափոխութիւն, փոխվում են մինիստրութիւնները, տէրութիւնները բռնում են նախընթաց տէրութիւնների տեղը, որ երբ իրանց հերթը անցնէ, դարձեալ իջնեն ասպարիզից ու հետևեալին տեղ տան...

1868 թուին աքսորվեցաւ Իզաբելլա թագուհին։ Կազմվեցաւ մի ժամանակաւոր տէրութիւն, գումարվեցաւ Ազգային ժողովը (կորտէսներ), սկսվեցան անվերջանալի վիճաբանութիւններ թէ ինչ քաղաքական ձև պիտի ընդունի պետութիւնը՝ հանրապետական կամ միապետական, և եթէ միապետական լինի, ո՞ւմ հրաւիրել, թագաւորութիւն անել։ Ցանկացողներ շատ կային և իւրաքանչիւրը իր կուսակիցներ ունէր։ Ֆրանսիան և Պրուսիան մինչև անգամ նրանցից մէկի համար կռւեցան, կամ գոնէ սկզբում ձևացնում էին, որ նա էր պատերազմի առիթ տուողը։

Երկու տարվայ ընթացքում Կօրտէսները մտածում էին այդ հարցի վերա և վերջապէս վճռեցին՝ հրաւիրել Իսպանիայի գահը Իտալիայի Վիկտօր- Էմանուէլ թագաւորի որդուն Ամէդէյին։ Դեկտեմբերի 30-ին 1870 թ. Ամէդէյ ոտքը կոխեց Իսպանիայի հողի վրա,— և դարձաւ Իսպանիայի թագաւոր։ Բայց նրա առաջին քայլերը այդ նոր ասպարիզում, հանդիպեցան անյաղթէլի արգելքներին։ Նրա դէմ էր կաթօլիկ-մոլիռանդ հոգևորականութիւնը, չը կարողանալով նրան ներել, որ նա Իտալիայի թագաւորի որդին է, այն մարդու, որ զրկեց պապին աշխարհական իշխանութիւնից, բոլոր երկիրներից և վերջը սեփականացրեց իրան Հռօմ քաղաքը և սուրբ հօրը գերի բռնեց Վատիկան պալատի մէջ։ Նրա դէմ էին այն ամենքը, որք իրանց վիրաւորուած էին համարում, տեսնելով գահի վրա ոչ թէ մի իսպանացուն այլ մի օտարազգիին, մի իտալացուն,— կարծես թէ Իսպանիան մի և նոյն դրութեան մէջ չէր լինի, եթէ գահի վրա մի իսպանացի լինէր, կարծես թէ ֆրանսիացիք շատ բաղդաւոր էին, որ Նապօլէօնը ֆրանսիացի էր։ Նորա դէմ էին հանրապետականները, որք նրան չէին կամենում ոչ իտալացի լինելու, կամ իսպանացի չը լինելու պատճառով, այլ նրա համար միայն, որ նա թագաւոր էր,— „մեզ ոչ մի թագաւոր հարկաւոր չէ,“ ասում էին նոքա։ Նրա դէմ էին այն ամենքը, որք իրանց կանդիդատներ ունէին։ Մինչև որ աստիճան զարգացած էին զանազան կուսակցութիւնները, նրանից է երևում, որ նրանց թիւը հասնում էր 15-ի, իսկ ո՜ր աստիճանի զօրեղ էր նրանց ընդիմադրութիւնը թագաւորի վերաբերութեամբ,— երևում է հետևեալ դէպքից՝ նորերումս թագուհին երեխա է բերել, բայց ահագին դժուարութիւնով կարողացան գտնել մի իսպանացի քահայնաին, որ համաձայնէր մկրտութիւն տալ նոր ծնվածին։

Այդ տեսակ արգելքներին էր պատահում ամեն քայլի վրա երիտասարդ թագաւորը, և պէտք է ասած, բաւական ճարտարութեամբ պահպանում էր երկրի մէջ հաւասարակշռութիւնը։ Հէնց որ մի մինիստրութիւն հասարակական կարծիքի և կօրտէսների թերահաւատութիւն էր զարթեցնում, իսկոյն նոր մինիստրութիւն էր նշանակում, այնպէս որ 25 ամսվայ ընթացքում 8 մինիստրութիւն էր փոխել,— բայց վերջինի վրա ընկաւ։

Մանրամասնաբար դեռ յայտնի չէ ինչ է եղել թագաւորի և մինիստրութեան մէջ երկպառակութեան պատճառը, բայց դատելով երկրի նախընթաց դրութեան հիման վրա, չնչին առիթ պիտի լինէր, իսկ անբաւականութեան հիմնական պատճառները երկար ժամանակ դիզվում էին։ Ամէդէյը վաղուց էր հասկացել որ երբէ՛ք հասնելու չէ կատարեալ հանգստութեան Իսպանիայի գահի վրա, որ իր ամբողջ կեանքը պիտի նուիրէ մանր և ողորմելի թշնամութիւններին և կռիւներին այս կամ այն կուսակցութեան կամ մինիստրութեան հետ, որոց կամքին ընդիմադրելուց յետոյ, նա դարձեալ պիտի ենթարկվի։ Ահա մի օրինակ՝ մինիստրութիւնը կամենում էր յանձնել գեներալ Հիդալգօին զօրքի մի մասի կառավարութիւնը, թագաւորը չէր համաձայնում, լաւ գիտենալով, որ նշանակելով այդ պաշտօնի ժողովրդից չը սիրած մի անձն, նա ինքն էլ պիտի կորցնէր իր ժողովրդականութիւնը, բայց ստիպեցաւ ենթարկվել մինիստրութեան պահանջողութիւններին և երբ Հիդալգօն նշանակվեցաւ, նորան ստորադրեալ բոլոր օֆիցէրները յանկարծ բողոք ներկայացրին տէրութեանը և ամենքն էլ ծառայութենից հրաժարական տուին։ Օֆիցէրներին զիջումներ անել, կը նշանակէր խայտառակվել, կը նշանակէր ցոյց տալ իր թուլութիւնը, իսկ ուրիշ կողմից ընդիմադրութիւն անելու համար, հարկաւոր է ոյժ ունենալ։ Իսկ այդ ոյժը պակաս էր թագաւորին։ Մի և նոյն ժամանակ, կարլոսեան շարժումը օրէց օր աճելով, երկրի մէջ խռովութեան առիթները անդադար բազմանում էին։ Կարծում են որ նոյն իսկ այդ անցքերը պատճառ եղան նորա անկման։ Այդ տեսակ դրութեան մէջ թագաւորին ուրիշ աւելի խելացի և ազնիւ ելք չէր մնում, եթէ ոչ հրաժարվել գահից։ Երեկ, փետրվարի 11-ին նա հրաժարվեցաւ գահից իսկ այսօր առաւօտը թողեց Իսպանիայի սահմանները։ Կօրտէսները և Սենատը (ծերակոյթը) կազմեցին բարձրագոյն ժողով և յայտնեցին Իսպանիայի մէջ հանրապետութիւն, 266 ձայների բազմութեամբ 32-ի դէմ։ Ընտրվեցան նոր մինիստրներ 9 թուով, որոնցից մինը մինիստրութեան նախագահ։ Ահա անունները՝ Ֆիգվերաս (նախագահ) Պի Ի Մարգալ (ներքին գործերի) Կօրդօվա (զինուորական),Նիկ. Սալմէրօն (արդարութեան) Ֆրանցիսկ Սալմէրօն (գաղթականութեանց) Բէրանժէ (ծովային) Կաստէլար (արտաքին) Բէսերա (հրապարակական աշխատութեանց) Էչէգէրզյ (ել և մտից)։ Ֆիգվերասը իր ճառախօսութեան մէջ յայտնեց թէ հանրապետութիւնը հաստատվեցաւ Իսպանիայում մշտնջենականութեան համար (վատ նշան է, երբ հարկաւորութիւն է լինում այդ տեսակ բանի մէջ համոզելու), և որ նա օրինակ կը լինի և մնացած Եւրօպայի համար։ Մադրիդը դրօշակներով զարդարվեցաւ և լուսաւորվեցաւ։ Բայց հիւսիսում Ֆրանսիայի հետ յարաբերութիւնները կտրված են, որովհետև ահա տասն և մէկ ամիս է որ Կարլօսեան ապստամբութիւնը չէ թուլանում։ Ի՞նչ պիտի դառնայ խեղճ Իսպանիան։ Որքա՞ն կիրագործվի Ֆիգվերասից ցանկացած յաւիտենական հանրապետութիւնը։ Եւ մի՞թէ Իսպանիայի քահանաները այս անգամ կը հրաժարվին ներգործելուց... Ապագան ցոյց կը տայ, իսկ առ այժմ երևի թէ նորահաս հանրապետութեանը սպասում են անթիւ կռիվները Կարլօսեան շարժման մէջ կերպարանաւորված հնացած կաթօլիկութեան հետ։ Իզաբէլլայի որդի Ալֆօնսը իր կողմից թողեց Վիէննայ և տեղափոխվեցաւ Փարիզ՝ հարկաւոր է որսորդին միշտ պատրաստ լինել և ո՞վ գիտէ, մտածում է նա, գուցէ մի բան ինձ էլ կը ընկնի...

Ժէնէվ. 12 փետրվ.

Պ. Իզմ.