Jump to content

Մշակ/1873/9/Խառն լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խառն լուրեր

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ


Կարծես թէ հայերը (թէ ռուսիաբնակ թէ թիւրքիաբնակ) սկսում են հասկանալ այնպիսի մի եւրօպական և նրա լեզուի հետ ծանօթութիւնը, ինչպէս գերմանիան է և գերմանական լեզուն։ Բայց մինչև այժմ այդ լեզուն ուսումնասիրելու համար հայերին մի գլխաւոր նպաստող միջոց պակաս է, այն է՝ հայ-գերմանական բառարան... Մի՞թէ մեր Վիէննայի մխիթարեան հայրերը չեն կարող յանձն առնել այդ տեսակ գրականական աշխատանք։

Նորերումս Շվէյցարիայից աքսորվեցաւ սրբ. Մէրմիիլիօ եպիսկոպոսը։ Նա բնակվում է այժմ Ֆրանսիայի Ֆէրնէ ամրոցի մէջ, որտեղ մի ժամանակ երևելի Վօլտէրն էր բնակվում։ Այդտեղից էր յարձակվում Վօլտէրը Շվէյցարիայի կղերականութեան յետադէմ և գարշելի գործերի վրա, անթիւ ծաղրական և յեղափոխական գրվածներ տարածելով, իսկ այժմ նոյն ամրոցում բնակվում է ծայրայեղ կղերականութեան, խաւարասէր պապութեան ներկայացուցիչ սրբազան Մէրմիլիօ եպիսկոպոսը։

Վերջին ժամանակներս մեր աղջիկների մէջ մօդա է ընկել Ցիւրիխ գնալ, բժշկութիւնը սովորելու նպատակով...։ Նորերումս Թիֆլիսի ընտանիքներից մինի մէջ 9 տարեկան մի աղջիկ յանկարծ սկսում է սաստիկ լաց լինել։ Ծնողները երկար ժամանակ չեն կարողանում երեխայի լացի պատճառը իմանալ... վերջապէս աղջիկը իր ծնողների հարցերից ստիպված, խոստովանում է, որ կամենում է Ցիւրիխ գնալ...

„Kӧlnische Zeitung“ լրագրում կարդում ենք, որ Շվէդիայի Շտօկհօլմ քաղաքի գիմնազիայում մի 18 տարեկան հրէայ օրիորդ Եօհաննա Լէվիզօն, երիտասարդների հետ միասին հարցաքննութիւն է տուել համալսարան մտնելու համար։

Դարձեալ մեր քահանաների քաջագործութիւններից

Քահանայի մէկը, իւր քարոզի մէջ սուրբ Աւետարանից (?) զանազան վկայութիւններ բերելու հետ, յիշում է և այն խօսքը, թէ «կնիկների մազերը երկայն են լինում, իսկ խելքը՝ կարճ»։ Թէև տէր հօր մազերը իւրեանց երկայնութեամբ պակաս չէին կնիկների մազերից, այսու ամենայնիւ այդ խօսքը այն տպաւորութիւնը ունեցաւ քնքուշ սեռի վրա, որ շատերը վշտանալով թողեցին քարոզը և դուրս գնացին եկեղեցուց։

Մի քահանայ, եկեղեցւոյ բակումը կանգնած ժամանակ, տեսնում է մի մանկահասակ այրի կին որ ժամ էր գալիս։

— Ուֆ... ո՜ւֆ... ինչ որբևերի է։ Ասում է նա խորին կերպով հոգւոց հանելով։

— Էհ, հողե՛մ քու գլուխը։ Պատասխանում է կինը և մտնում է եկեղեցին։

Մի քահանայ կնիկների մէջ գանձանակ ման ածելու ժամանակ մի կին ձգում է մի սպիտակ աբասանոց և կամենում է սև փող վեր առնել։

— Չի՞ս ամաչում, խուրդայ էլ իս վիր առնում։ Գոռում է տէր հայրը։

— Ապա մէկէլներին ի՞նչ պիտի տամ։ Պատասխանում է կինը։

Տէր հայրը բռնելով կնոջ մախմուրի սալօփի օձիքից, ասում է.— էդ սալօփդ մունդրէկ (անտէր) մնայ, քի՞չ ունիս։

— Քա՛, մունդրէկ մնայ քու փիլօնը։ Պատասխանում է կինը վշտանալով։